Որոնել

пятница, 1 февраля 2019 г.

Արդակ Նուրգազի․ «Ասես չի եղել» շարքից

Արդակ Նուրգազի (1972 Ղազախստան)






















Հստակություն և թափանցիկություն

Իբրև քար՝ անհատակ ջրհորի մեջ 
փլվեց
սենյակը։
Լեզուս չի պտտվում ասելու՝ դու մեռար։
Եթե նույնիսկ տիեզերքի դռները
մինչև վերջ բացվել են քո ճառագող դեմքի առաջ։

Կյանքի ճչացող շողերով
քո տողերը ներթափանցեցին
արքայության պատերից ներս։
Ես գիտեմ՝ խավարը քեզ չի վախեցնում։
Եվ, ուրեմն, դու վերադարձել ես այնտեղ՝
քո իսկ հետքերին հետևելով։
Կոկորդումս քարեր են,
և դրանց տակ ջղաձգվում են քեզ համար գրված
բանաստեղծություններս։

Հստակությունը երբեմն կոչում ենք թափանցիկություն,
քամին անտառում քշում է տերևները
և նրանք վեր են թռնում տեղից։
Երբ անպիտան, անհեթեթ աշխարհը մոլորվեց ու կորցրեց քեզ՝
դու վայր նետեցիր դիմակդ։
Քո ափից թռավ հյուսիսային կոլիբրին։

*
Անձրևի տակ

Անգույն անձրև։
Կաթիլը շրխկաց
ոտքի տակ ընկած
տերևին։
Քո արցունքն է արդյո՞ք․ ես չեմ հասկանում։
Անձրևի ներքո
ճանապարհելով հայացքով դանդաղ հեռացող ուրվագիծը՝
դատարկված,
օրորվելով թափառում եմ ես։

Սառած առուն ծածկված է տերևներով։
Ափիս մեջ ճմրթում եմ մեկը
և ինքս կուչ եմ գալիս ցավից։
Տրորված է՝ թաց և ոսկեգույն։
Մթնշաղը
անձայն կուլ է տվել
ձեռքիս վրա 
վստահորեն քնած թիթեռին։

Կանգնած եմ անձրևի տակ։ Հիմարների հիմար։

 *
Անհետացում

Նայեցի հայելուն՝
գտա ինձ։
Լույսն ու ստվերը՝ թաքնվելով իրարից,
կուլ են տվել
թևերը թափահարող չղջիկին։
Ընկել են ծովը,
խավարի մեջ՝
որոտներով կայծակ,
ալիքներով փոթորկվող։

Լույսով երիզված
մերկ բլուրին
հազիվհազ բարձրացած
մրջյունը հանկարծ բացեց իր թևերը
և նետվեց անդունդ՝
ձայնելով ալիքվող քամուն՝ մնաս բարով ․․․
Եվ հայելում ասես
երբեք չէր էլ եղել իմ արտացոլանքը․․․























Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий