Որոնել

четверг, 18 октября 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Երբ ձմեռն ինձ բերի ձեր բակ

      
                                                                                 


Նվիրվում է Սաթենին

Հետո քաղաքի դեղնաթախիծ աղմուկներին
կիջնի կախարդանքի դեկտեմբերը:
Մարդիկ կսայթաքեն հիշողության սահադաշտին,
տանիքներին կդարսվի ափսոսանքի ձյունը:
Մաշված վերարկուիս գրպանում
կտեղավորեմ մի մեծ նարինջ ու կգամ ձեր բակ:
Ձնեմարդները, որոնց չեմ տեսնի
հրապարակում անշուք շենքերի`
թաքուն կպատմեն մանկության մասին,
որ այստեղ չկա:
Պատուհանիդ ասեղնագործ արծաթից
կճանաչեմ նախորդ գիշերվա անքնությունդ,
տխուր կժպտամ ու երեք փաթիլ ափիս մեջ առած
կթակեմ դուռդ` շքամուտքին թողնելով լքված շների թախիծը:

Մի բաժակ թեյով կփրկես անտարկտիդան սրտիս,
կասեմ` հյուսիսում մասուր չեմ տեսել,
կասեմ` երեկ էր... Ցուրտ էր... Սուտ էր -
կժպտաս անձայն ու ներսիդ աստվածը կարտասվի անլաց...
Հետո ծիծաղի զրնգուն գիշեր կիջնի քաղաքին,
մեզ կմոռանան ամեն փողոցում, ամեն պատի տակ ,
ու մենք չենք հիշի, ու մենք չենք գրկի անգամ երազում,
ու մենք կլինենք, ու մենք կմնանք այս ձյան պես սպիտակ...

Ես քեզ կպատմեմ սերերիս մասին` արդեն սևագիր,
դու կնվիրես ինձ կարմիր շրթներկ,
կհաշվենք սառույցներին ոտաբոբիկ պարող մարդկանց,
կերազենք հրաշքների ձմեռ:
Դու կխոսես վերքոտ լեզվով հողի, դու կլինես միշտ բացարձակ,
կթափառենք թանաքագույն մայթերով Երևանի,
կկիսենք սառած նարինջը`
շքամուտքի մոտ աշխարհը կորցրած տխուր շների հետ,
կհիշենք մեր առաջին հանդիպումը, կլռենք բացականերին,
ձնագնդի կդարձնենք կյանքն ու կնետենք ամենամութ փողոցի
յոթերորդ հարկի պատուհանին`
կոտրելով ապակիները մենության,
կեսգիշերին հետ կբերենք մանկությունը`
լուսաբացը անփութորեն կորցրած ձեր բակ...

















суббота, 13 октября 2018 г.

Գիվի Ալխազիշվիլի․ «Ամենատես երկինք» գրքից

Գիվի Ալխազիշվիլի (1944 Թբիլիսի, Վրաստան)
«Դեկտեմբերի ծառերը» շարքից















Ճարճատող փայտի տաքով կգա ձմեռը,
դեկտեմբերի ծառերը կօրորվեն հիշողության պաղ քամուց։
Գեղեցիկ կմեռնի աշխարհը և մենք չենք հանդիպի այս տարի։
Դաղձով թեյի մեջ կփնտրեմ անտառը,
ճնճղուկները տխուր կծլվլան չլինելդ,
ես կերազեմ դառնալ բլուր։
Ճռճռան ձյան մեջ կթաղվեն ոտնհետքերս,
տունս կկարոտի երիցուկներով օծված մարմնիդ բույրը,
շունս կփնտրի շոյող ձեռքդ։
Ես վախենում եմ մեռնել առանց քեզ՝
այստեղ՝ դեկտեմբերի ծառերի արտասուքներում անսփոփ...

*

Մի կին՝ թիկնած հորանջող արևին,
պարզաջրում է հիշողության գետում
բարդիների տակ թողած սերը։
Տարիները վերափոխում են դառնությունները
քաղցր վերհուշների
և մենք գտնում ենք մեր մարմինը
հաշտվածության բրդե շալի մեջ փաթաթված․
նայում եմ կնոջն այդ՝ հիշում Աստծուն։















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Թարգմանչաց տոն․ Երբ Աստված խոսեց հայերեն

















Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, 
թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով 
օժտվածների, դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել  հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:
 Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային գիտաժողով:

*
Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը. զենքից բացի` հավատ, միտք ու գրիչ:


387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը և Աստծո պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հավատքը:

301 թվականին առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը սկսել էր կատարել առաջին քայլերն Աստծուն լսելու, ճանաչելու և հասկանալու համար: Սակայն մինչև 5-րդ դար հայկական եկեղեցիներում Աստծո խոսքը հնչում էր տարբեր լեզուներով` հունարեն և ասորերեն, ուստի անհրաժեշտ էին անհատներ, ովքեր կկարողանային մեկնել, թարգմանել Աստծո խոսքը:

Ահա այս պայմաններում էր, որ Ս. Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը, այնուհետև Աստվածաշնչի թարգմանությանը:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։

Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Դա բեկումնային դարձավ հայ ժողովրդի թե՛ կրոնական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կյանքի հետագա ընթացքի համար:

Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով:

Առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որը տևեց ընդհանուր առմամբ 30 տարի և ֆրանսիացի գիտնական Լա Կրոզի կողմից համարվեց «Թարգմանությունների թագուհի»:

Աստված խոսեց հայերեն, խոսեց հարազատ ու կենդանի լեզվով: Սուրբ թարգմանիչները ստեղծեցին այն ճանապարհը, որով Աստված մոտեցավ մեզ, և մենք մոտեցանք Աստծուն: Աստված մեզ հետ խոսեց հայերեն:

Նրանք եղան Աստծո թարգմանիչները և «թարգմանեցին Աստծուն»: Եվ այս անփոխարինելի ներդրման համար Հայ Առաքելական եկեղեցին սահմանել է հատուկ տոն՝ Ս. Թարգմանչաց տոն, որը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
5-րդ դարով , սակայն, չավարտվեց թարգմանչաց շարժումը: Ամեն տարի այս տոնը հիշեցնում է Աստծո խոսքը լսելու, հասկանալու և այն հասանելի դարձնելու կարևորության մասին:






















Իզուր չէ կարևորվում առաջին թարգմանված նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:

Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը: Վռամշապուհ արքայի աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Հովսեփ Պաղնացին, Ղևոնդ Վանանդեցին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և ուրիշներ:
Առաջինը թարգմանվել է Աստվածաշունչը և այնքան կատարյալ, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) այն համարել է «Թարգմանությունների թագուհի»: Առաջին նախադասությունը, որ թարգմանվել ու գրվել է հայերեն՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո», Սողոմոն Իմաստունի «Գիրք առակաց»-ից է: V դարում հունարենից և ասորերենից թարգմանվել են բազմաթիվ երկեր՝ Աթանաս Աղեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Պորփյուրոսի, Արիստոտելի, Պլատոնի և ուրիշների գործերից: Հետագայում այդ հեղինակներից մի քանիսի՝ Փիլոն Աղեքսանդրացու, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և ուրիշների որոշ երկեր պահպանվել են միայն հայերեն թարգմանություններով.  հունարեն և լատիներեն բնագրերը կորել են:
V դարի թարգմանական գրականությունը հիմք է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրականության ստեղծման համար: Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցին նշում է տարին 2 անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը:
Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին ձոնվել են ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Թարգմանչաց շարժմանը և թարգմանիչներին է նվիրված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը, որտեղ գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Հայոց մեջ տարածված են Սբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի ենթաշրջանի Այգեշատ գյուղի Սբ Թարգմանչաց եկեղեցին, Կոստանդնուպոլսի Թարգմանչաց վարժարանը և այլն):






















Աղբյուրը՝ Qahana.am

четверг, 11 октября 2018 г.

Մարգարետ Ասլանյան․ Վաղը ձյուն կգա

















Ես թարթում եմ մահը քաղաքների, ուր չվերադարձավ Աստված,
հայելացող թախիծը արտասվող ծառերի,
հեկեկանքի օղակները ջրափոսերի պաղության մեջ,
ահագնացող ցուրտը՝ ապակիներին պատուհանի,
ծխնելույզներից բարձրացող հուսահատության փոշեամպը,
սերը՝ յոթ կողպեքով դուռ։

Սենյակների մթության մեջ կուչ եկած մեղեդիները պատմում են ինձ
կրակված հիշողության ցավը,
վիրակապված լուսաբացների ցրված հայացքը՝
արվարձաններին թափուր,
հեռացող աշնան հետքը գորգին նոյեմբերի,
գնչուների տխուր ասքը՝ ներս լցվող բաց երդիկից։

Ես հիմա ապրում եմ զրոյից․ 
ջրում եմ ծաղիկս, շտապում աշխատանքի,
կեսգիշերին թեյ խմում պատուհանագոգին՝
փաթաթված իմ սիրելի կանաչ շալով, 
երազում եմ մի օր քնել արևածաղիկների դաշտում,
փրկվել նավաբեկությունից 
ու տարիներ անց թակել իմ հին տան դուռը,
ու վերադառնալ անփութորեն մորեմերկ,
ու կարողանալ լաց լինել՝  ինձ մի օր կորցրած մորս ուսին,
ու երջանկանալ այն մտքից, որ տատս խոստացածի պես ողջ է․․․

Դու մի օր կհիշես մահը քաղաքների, ուր չվերդարձավ Աստված,
պողպատե թախիծներն անլաց ծառերի,
չվող թռչունների ողբերգությունը,
հայացքիս անճեղքելի ցուրտը՝ մղոններում ցավի, որ պատ էր,
լռությանս իջած ձյունը դեկտեմբերի,
բաց պատուհանից ներս լցվող դեղին ասքը գնչուների,
մատներիս լացը բռնակին դռան,
սիրտս՝ արգելված բանաստեղծություն․
վաղը ձյուն կգա, ձյուն կգա վաղը,
հիշողությունը զառիթափերով կվերադառնա,
հիշողությունը՝ միակ փրկվածը
նավաբեկության ահեղ աղետից․․․





среда, 10 октября 2018 г.

«Արցախ գնալուս հենց առաջին օրն ինձ կրակել է սովորեցրել Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»․ Ենթասպա Աղավնի Սահակյանի պատերազմական հուշերը

Արայիկ Խանդոյանը և Աղանվի Սահակյանը 
մարտի դաշտում                                                  

















Երբ սկսվեց արցախյան շարժումը, աշխատում էի «Նաիրիտ» գործարանում: Ինչպես շատ գործարաններում, մեր մոտ եւս օգնություն էինք հավաքում Արցախի համար: Բերդաձորին պետք է օգնեինք՝ երբ դրամն ու օգնությունը տարանք օդանավակայան, որ ուղարկենք Արցախ, տեսա, որ ուղղաթիռի մեջ ազատ տեղ կա: 

Ասացի՝ հենց այս պահին պատրաստ եմ ես էլ մեկնել այնտեղ, բայց մերժեցին՝ պատճառաբանելով, թե կցուցակագրեն ու անհրաժեշտության դեպքում կկանչեն:
Իհարկե, չհավատացի, բայց երբ տեսա, որ հավաքված իրերը շատ են, մտածեցի, ավելի լավ է տեղ չզբաղեցնեմ, իրերն այդ պահին ավելի կարեւոր են:

Որոշ ժամանակ անց գնացի «Արցախ կոմիտե»-ի շենք ու ասացի, որ այնտեղից դուրս չեմ գա, մինչեւ ինձ Արցախ չուղարկեն:

1992 թվականի ապրիլի 3-ն էր, ես գնացի պատերազմ: Նույն օրն ինձ տարան «26-ի» դիրքեր, որոնք Շուշիի դիմաց էին գտնվում՝ Շուշիի ու Ստեփանակերտի մեջտեղը: Որպես կամավոր ներկայացա Արկադի Տեր-Թադեւոսյանին:

***

44 տարեկան էի, երբ գնացի պատերազմ: Ընտանիքս վատ չէր կարող ընդունել պատերազմ գնալու որոշումս, որովհետեւ գիտեր, որ հասուն մարդ եմ ու, եթե ինչ-որ բան ասում եմ, ուրեմն պատրաստ եմ: Վստահ եմ, եթե ծնողներս ողջ լինեին, իրենք էլ կգային ինձ հետ:

Ծնողներս գաղթականներ են եղել, մեծացել են Գյումրիի մանկատանը, նրանցից շատ բան էի լսել կորցրած հայրենիքի ու թուրքերի մասին:

***

Պատերազմի ավարտից հետո էլ Արցախը չեմ լքել, շարունակել եմ ծառայել Մարտակերտի գնդում՝ որպես բուժակ: Երբ զոհվեցին իմ ընկերները՝ «26-ի» հրամանատար Յուրի Հովհաննիսյանն ու Կարինե Գեւորգյանը, Եռաբլուրում նրանց շիրիմի մոտ երդում տվեցի, որ պատերազմից հետո 10 տարի շարունակելու եմ նրանց գործը: 

 Զինադադարից հետո 10 տարի ծառայեցի Մարտակերտի գնդում, արդեն թոշակի պետք է անցնեի, բայց չլքեցի բանակը, քանի որ երդմանս ժամկետը չէր լրացել:

Արայիկ Խանդոյանը, Աղավնի Սահակյանը, 
Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ Սասուն Միքայելյանը՝ 
Յուրի Հովհաննիսյանի նկարով

















***

Պատերազմից խամրած հիշողություններ չունեմ. ե՛ւ լավը, ե՛ւ վատը մնում են: Պատերազմում ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, ոչ ոք չի կարող կեղծել, թաքցնել. այնտեղ ամեն ինչ շղթայված է, վաղ թե ուշ բացահայտվում է:

***

Պատերազմում կնոջ ներկայությունը կարեւոր է, բայց ամենից առաջ կարեւոր է մարդ ու հայ լինելը: Հայրենիքը միայն տղամարդունը չէ. կանայք էլ են օգտվում հայրենիքի բարիքներից, ուրեմն մենք էլ պետք է պաշտպանենք մեր հայրենի հողն ու ջուրը:

Միշտ ասում էին՝ «իզուր չէ անունդ Աղավնի. եկար ու խաղաղություն բերեցիր», ասում էի՝ անունս կապ չունի՝ ես եկել եմ հաղթելու, հետո հաղթանակած խաղաղություն ունենալու համար:

Իհարկե, շատ շնորհակալ եմ իմ հայրիկից, որ ինձ Աղավնի անվամբ է կնքել, բայց երբ անհրաժեշտությունը կա, աղավնիները պետք է արծիվ դառնան, հատկապես՝ պատերազմի դաշտում: Ես այն բուժքույրերից եմ եղել, որ միշտ կռվող զինվորի հետ մարտի դաշտում եմ եղել:

***

Շրջապատն ինքին ինտեգրում է քեզ իր միջավայրում: Թուրքի ապրանքից օգտվելու բարդույթ ունեի.  երբ տարածք էինք ազատագրում ու ավար էր մնում, բնական է, որ բոլորն օգտվում էին նրանց սննդից, բայց ես, որքան էլ քաղցած լինեի, ոչինչ չէի ուտում: Իհարկե, օգտվողներին երբեք չեմ մեղադրել, բայց մինչեւ հիմա էլ թուրքական արտադրության ոչինչ չեմ գնում կամ օգտագործում:

***

Ես ու իմ ընկերները նման Հայաստանի մասին չենք երազել, մենք ազատ ու անկախ՝ միացյալ Հայաստանի համար ենք կռվել: Մենք այսպես երկիր ենք կորցնում՝ կեղծ մտավորականներ, իշխանավորներ… Մեր հողի ուժն է մեզ շնորհ տալիս, մեզ մարդ ու արվեստագետ դարձնում, երբեք չպետք է մոռանաք դա:

Արժանապատվությունից բարձր ու վեհ բան չկա այս կյանքում, տաշտակը, որից սնվում են շատ դավաճաններ, անվերջ լի չի լինելու: Պետք չէ անտեսել մայր հողի ուժն ու կարեւորությունը՝ այն դիտելով միայն սանտիմետրերով ու ռազմավարական նշանակության հանգամանքով: Ժողովուրդը պետք է ուշքի գա, այսքան տարի հաղթել ենք ու պահել մեր հողը, հիմա իրավունք չունենք դրա հետ անզգույշ վարվել:
***

Պատերազմն ինձ հաղթանակ տվեց՝ հայրենիքի ազատագրում: Դա մի վեհ զգացողություն է, որ ոչ ոք չի կարող վերցնել մեզանից:  Այն մնայուն արժեք է, որ դաջվում է հոգուդ ու սրտիդ մեջ ու որեւէ բանով դրա առկայությունն ապացուցելու կարիք չկա:

***

Նախորդ տարվա հունվարին՝ Բերձորի դեպքերից հետո, երբ իմ շատ հերոս ընկերներին՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, նման անբարո ձեւով ընդունեցին, ես մամուլի ասուլիս հրավիրեցի ու հետ հանձնեցի իմ մարտական պարգեւները, որոնք միշտ հաճույքով եմ կրել: Այդ դեպքից հետո, երբ շատ ավելի արժանի շքանշանակիր հերոսների հանդեպ նման վերաբերմունք տեսա, այդ պարգեւներն իմ աչքին արժեզուրկ դարձան:

Աղավնի Սահակյանը եւ լուսանկարիչ 
Զավեն Խաչիկյանը

















Զինվորական համազգեստս միշտ շատ եմ սիրել: Ինձ թույլ էի տալիս այն կրել միայն տոնական օրերին ու հատուկ միջոցառումների ժամանակ, որը միշտ զարդարված էր լինում իմ պարգեւներով: Հիմա համազգեստս չեմ կրում՝ առիթը չկա:

Համազգեստին վայել եմ ինձ միշտ պահել: Շատերն, այդ թվում՝ կին ոստիկանները, այսօր համազգեստ են կրում, բայց չեն գիտակցում դրա պատիվն ու տված պարտավորությունը:

***

Արայիկ Խանդոյանը եւ Աղավնի Սահակյանը
















Հրաշալի ընկերներ եմ ունեցել: Արցախ գնալուս հենց առաջին օրն ինձ կրակել  է սովորեցրել Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը:  Առաջին փամփուշտը Շուշիի ուղղությամբ եմ կրակել, այդ ժամանակ Շուշին դեռ ազատագրված չէր: 

Պատերազմն ինձ ազնիվ  ընկերներ տվեց, ովքեր պայքարեցին ու դեռ պայքարում են իրենց հողի համար:

Մինչ Շուշիի ազատագրումը՝ ապրիլի 29-ին, շատ մեծ մարտ եղավ, Արայիկը հիվանդ էր, ուղարկել էին թիկունք: Չեմ հիշում՝ դիրքում ինչ էի անում, շրջվեցի՝ տեսնեմ կողքս կանգնած է: Ասաց՝ «Բա ուզո՞ւմ էիք մենակ կռվի գնայիք»:

 Արայիկի հետ շատ մտերիմ էինք: Նա յուրահատուկ մարդ է, ինքը կռիվն էր գտնում, կռիվը՝ իրեն: Ամեն ինչի ելքն ինքնուրույն գտնում էր, դրա համար էլ Միայնակ գայլ էին դրել անունը: Ինձ շատ էր խնայում, գնում էր կռվի գալիս, ասում՝ 
«Քուր, գիտես գնացել էի էստեղ», ասում էի՝ անպետք երեխա, բա ինձ ի՞նչի չես ասել: Արայիկը 19 տարեկան էր, որ եկել էր պատերազմ… դուք նրա խոսքն ու գործը տեսեք ու էն մարդկանց, ովքեր հիմա որոշում են նրա ճակատագիրն ու նրան «ահաբեկիչ» անվանում:

Անգամ այն ազատամարտիկները, ովքեր տեսել են մեր տղաների նրանց հերոսությունը, հիմա ուրանում են: Ցավալի է, որ Հայաստանը շատերի համար բարիքի անսպառ աղբյուր է դարձել, որն օգտագործում են միայն իրենց օգտին: 

***

Պատերազմը խլեց իմ լավ ընկերներին. նրանցից շատերն այսօր ֆիզիկապես ինձ հետ չեն: Հիմա էլ, ցանկացած իրավիճակում, զուգահեռ եմ անցկացնում անցյալի հետ ու մտածում՝ որ դեպքում ինչպես կվարվեին իմ ընկերները, ինչպես կգնահատեին իմ այս կամ այն քայլը: Մեր բոլոր զոհերի առջեւ ինձ հաշվետու եմ համարում, որովհետեւ այդ մարդիկ լուսավոր Հայաստանի համար են իրենց կյանքը տվել


Պատերազմի ժամանակ մարդիկ ամեն մի լավ նպատակ կապում էին Շուշիի հետ: Շուշիի ազատագրումն իսկապես բեկումնային հաղթանակ էր մեզ համար: Մեր՝ «26-ի» ջոկատը, Քյոսալարի կողմից մասնակցել է այդ գործողությանը, բայց ինձ համար Շուշիի ազատագրման իմաստն ավելի ազդեցիկ դարձավ, երբ շոշափեցի Ղազանչեցոց եկեղեցու պատերը՝ համոզվելու համար՝ իրո՞ք իրականություն է…

Շուշիի ազատագրումից հետո Արայիկ Խանդոյանի ու Շահումյանից 14 ամյա մի տղայի՝ Արսենի հետ, երեք օր այծիկների նման ուրախությունից վազում էինք այդ սարերի վրայով: Յուրահատուկ տոն էր. Շուշին ազատ էր, մերն էր ու այնտեղից մեր վրա կրակող չկար:

***

Ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցակագրվել էի Արկադի Տեր-Թադեւոսյանի մոտ, բայց մեզ չուղարկեցին Արցախ: Արցախում ինձ շատ լավ եմ զգում, այնտեղ հիանալի ընկերներ ունեմ, հիշողություններ իմ մարտական ընկերներից…

***

Գոհ եմ նրանից, որ ծանր վիրավոր ու զոհ ունենալն ինձ համար սովորական չդարձավ: Երբեք չեղավ, որ այդքան շատ վիրավոր ու կորուստ տեսնելն ինձ կարծրացներ, ինձ համար միեւնույն լիներ: Ո՛չ ծանրը, ո՛չ էլ թեթեւ դեպք ինձ համար սովորական չի եղել:


Լուսանկարը` Ա. Սահակյանի արխիվից

















Հատկապես մի դեպք է վրաս շատ ազդել: Ծանր մարտեր էին, ձորից վիրավոր հանեցինք՝ սրտի շրջանի եւ գլխի վերքեր ուներ: Բուժօգնություն էի ցույց տալիս՝ գիտակցելով, որ կյանքը փրկելու շատ փոքր հավանականություն կա: 
Մի տղա եկել, ընկել էր նրա վրա, ամուր փաթաթվել ու լացելով «վայ-վայ» էր բղավում: Մի քանի անգամ խնդրեցի, որ հեռացնեն այդ տղային. ես վիրակապում էի, սրսկում, 
նա խանգարում էր… Կարճ ժամանակ անց վիրավորը մահացավ: Մյուսը կրկին մոտ եկավ, ընկավ վրան ու սկսեց «ախպե՜րս» բղավելով լացել: Իմացա, որ որ նրանք եղբայրներ էին, երկար ժամանակ, ես էլ, մղկտալով լաց էի լինում ու մեղավոր զգում, 
որ ասել էի հեռու տանեն նրան եղբորից…

***

Մի անգամ էլ ես եմ վիրավորվել. 1992-ին էր: Ալի Աղալիի մարտերն էին:  Շատ վիրավորներ ունենք: Նրանից մեկին դուրս էի բերում մարտի դաշտից, երբ ես էլ վիրավորվեցի՝ թիկունքից ու թեւից: Ինձ Ստեփանակերտի հոսպիտալ տարան, բայց մի քանի օր անց հրամանատարս ու Ամարասի Արթուրը եկան, հոսպիտալից ինձ առաջնագիծ տարան: Եղբայրս, իմանալով որ վիրավորվել եմ, եկել էր, որ ինձ տուն տանի, բայց չգնացի: Կոմանդոսին էլ խնդրեցի, որ թույլ չտա ինձ տանեն:

Թեւիս բեկորը դեռ չենք հեռացրել:

***

Մարտի դաշտում կինը մեծ դեր ունի: Նա շատ հարցերում զսպում է տղամարդկանց, իր ներկայությամբ նրանց ճշգրիտ ու զուսպ պահել սովորեցնում: Շատ դեպքերում, երբ թուրքին հայհոյում էին ու տեսնում, որ իրենց կողքին կանգնած եմ, կիսատ էին թողնում խոսքն ու ներողություն խնդրում: Կային նաեւ աղջիկներ, որոնք իրենք էին հայհոյում, ինչը երբեք ընդունելի չի եղել իմ համար:


Աղավնի Սահակյանը մարտական ընկերների հետ















Կնոջ կոկիկությունը, ուշադրությունն ու հոգատարությունը շատ բան էր փոխում տղաների մեջ: Դեմ եմ, երբ ասում, են թե պատերազմը կոպտացնում է: Ընդհակառակը, այդքան վիշտ տեսնելուց հետո, այդքան զոհ ու վիրավոր ունենալուց հետո ավելի ես փափկում, իսկ երբ տեսնում ես, որ քո բուժած մարդը ոտքի է կանգնում ու կռվի դաշտ մտնում, ավելի հուզառատ ես դառնում:

***

Մի շատ լավ նկարիչ ունեինք՝ Արշակը, Մարսելից էր եկել: Երբ առաջին անգամ եկել էի «26-ի» դիրքեր, տղաներն ասել էին, որ իրենց բուժքույրը ֆրանսերեն գիտի ու Արշակին բերել մեզ մոտ: Նրա հետ ֆրանսերեն էինք խոսում, տղաներն էլ ինձ նախատում էին, թե՝ «մինչ այդ մեզ վրա զայրանում էիր, որ գրագետ հայրենով չենք խոսում կամ օտար բառեր ենք օգտագործում, հիմա ինչո՞ւ ես ֆրանսերեն խոսում»:

Արշակը մարտի դաշտում կենդանի կադրեր էր ֆիքսում: Ինձ էլ շատ էր նկարում:  

***

Պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում, բայց վստահ եմ, եթե այն չլիներ, իմ հայ լինելը չէր տուժելու. ես էլի նույն հայրենասերը, իմ հողը, լեզուն ու մշակույթը սիրող մարդն էի լինելու:

Համալսարանն ավարտելուց հետո դպրոցներում եմ աշխատել՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ, հետո՝ «Նաիրիտ» գործարանի գրադարանի վարիչն էի: Այնտեղ գործի էի անցել, երբ շարժումը սկսվեց, սկսվեցին գործադուլները: Դրանից հետո աշխատեցի նաեւ կրթության նախարարության ծրագրամեթոդական բաժնում, որտեղից էլ գնացի պատերազմ: 

Երբեք չեմ ափսոսել արածիս համար: Անխոս, հիմա էլ նույնը կանեի ու նորից մարտի դաշտ կգնայի: Հայրենիքն ամենակարեւոր բանն է, այն միակն է, որը փոխել հնարավոր չէ, որի համար պետք է կյանքդ տալ… Ոնց, որ իմ ընկեր Ժիրայր Սեֆիլյանն է ասում, «մինչեւ քո մեծ տան համար զոհողություն չանես, քո փոքր տունը պաշտպանելն իզուր է»:

***

Ես հերոս չեմ: Սովորական հայուհի եմ, ով կատարել է իր պարտքն իր հայրենիքի հանդեպ: Դրա դիմաց երբեք որեւէ մեկից ոչինչ չեմ պահանջել, քանի որ ինձ ոչ ոք չի դրդել այդ քայլին. գիտակցաբար գնացել եմ հայրենիքս պաշտպանելու: 

Աղավնի Սահակյանը

















Պարգեւներս վերադարձնելուց էլ եմ ասել՝ տվել եք, լավ եք արել, բայց եթե այդ պարգեւ տվողը դրա արժեքը չի գնահատում, ու ինձնից շատ ավելի մեծ լումա ունեցող հերոսին նվաստացնում է, ինչի համար ես պետք է կրեմ այդ պարգեւը: Ում համար շքանշանն է կարեւոր, թող մտածի դրա մասին: Իմ համար ամենակարեւոր շքանշանն ու արժեքն Արցախի ազատագրումն է, մեր հաղթանակը, իմ համար ամենամեծ արժեքն այս տղաներն են՝ իմ ընկեր Ժիրայրը, «Սասնա Ծռերը», որ հանուն հայրենիքի ներքին պայքարի են դուրս եկել, ինչն ավելի դժվար ու ծանր գործ է, քանի սահմանին կանգնելն ու հակառակորդի հետ կռվելը:

Աղբյուրը՝ Mediamax.am
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները՝ Աղավնի Սահակյանի անձնական արխիվից եւ Մեդիամաքսի

воскресенье, 7 октября 2018 г.

Բուալեմ Հալֆա․ Անձրևը` իմ քաղաքն ի վար

Բուալեմ Հալֆա ( 1923)

Քո երգած անձրևը, Վեռլե'ն,
Մոխրի հոտ ունի,
Թառամած ծաղկի բույրը վաղեմի`
Ծաղկի ամոթխած, ծաղկի մահացած,
Որ մոռացվել է արանքում էջի:

Իմ քաղաքի վրա, Վեռլե'ն,
Անձրևը մաղում է անվերջ, 
Ինչպես տառապանքները:
Այն շաչում է կորերով բլուրների,
Ինչպես մեր սրտերի ատելությունը`
Լցնելով գետերն այնպես,
Ինչպես սերն է լիացնում 
Սրտերը մեր:

Այն թափվում է ալժիրյան ժայռերին
Հարյուրամյակներով,
Հովիտներին փռված գյուղերին,
Խրճիթների ջարդված կտուրներին,
Թառամած դեմքերին կանանց,
Հյուծված այտերին մանուկների,
Օրիորդական այտերի
Դալկացած հասմիկներին:

Վեռլե'ն, ես հիմա գիտեմ,
Թե ինչու մեր արևն այրեց
Արտասուքները ալժիրյան երկնի,
Թե ինչու են ցոլում աստղերը ժայռին,
Թե ինչու են մեր հովիտներում ապրում
Աղավնիները ճերմակ, և,
Չորացել են արցունքները մանուկների,
Եվ չեն արտասվում մայրական աչքերը,
Եվ օրիորդական այտերին կրկին
Ծաղկում են շքեղ հասմիկներ սպիտակ...

Վեռլե'ն, դու արբեցրիր 
Աքսորյալիս թախիծը,
Տխրությունը որբիս,
Ումից խլել են հայրենիքը:

Դու գիտե՞ս, Վեռլե'ն, 
Որ մեր սրտերը լի են սիրով,
Զայրույթով ցասման,
Քանզի այնքան անհամար
Արցունք էր հեղված,
Որ պայթեց համբերությունը,
Եվ այնքան երկար էին 
Անձրևներ մաղում,
Որ վսեմ ժայռը մերկացած է արդ...















Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի