Որոնել

четверг, 18 октября 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Երբ ձմեռն ինձ բերի ձեր բակ

      
                                                                                 


Նվիրվում է Սաթենին

Հետո քաղաքի դեղնաթախիծ աղմուկներին
կիջնի կախարդանքի դեկտեմբերը:
Մարդիկ կսայթաքեն հիշողության սահադաշտին,
տանիքներին կդարսվի ափսոսանքի ձյունը:
Մաշված վերարկուիս գրպանում
կտեղավորեմ մի մեծ նարինջ ու կգամ ձեր բակ:
Ձնեմարդները, որոնց չեմ տեսնի
հրապարակում անշուք շենքերի`
թաքուն կպատմեն մանկության մասին,
որ այստեղ չկա:
Պատուհանիդ ասեղնագործ արծաթից
կճանաչեմ նախորդ գիշերվա անքնությունդ,
տխուր կժպտամ ու երեք փաթիլ ափիս մեջ առած
կթակեմ դուռդ` շքամուտքին թողնելով լքված շների թախիծը:

Մի բաժակ թեյով կփրկես անտարկտիդան սրտիս,
կասեմ` հյուսիսում մասուր չեմ տեսել,
կասեմ` երեկ էր... Ցուրտ էր... Սուտ էր -
կժպտաս անձայն ու ներսիդ աստվածը կարտասվի անլաց...
Հետո ծիծաղի զրնգուն գիշեր կիջնի քաղաքին,
մեզ կմոռանան ամեն փողոցում, ամեն պատի տակ ,
ու մենք չենք հիշի, ու մենք չենք գրկի անգամ երազում,
ու մենք կլինենք, ու մենք կմնանք այս ձյան պես սպիտակ...

Ես քեզ կպատմեմ սերերիս մասին` արդեն սևագիր,
դու կնվիրես ինձ կարմիր շրթներկ,
կհաշվենք սառույցներին ոտաբոբիկ պարող մարդկանց,
կերազենք հրաշքների ձմեռ:
Դու կխոսես վերքոտ լեզվով հողի, դու կլինես միշտ բացարձակ,
կթափառենք թանաքագույն մայթերով Երևանի,
կկիսենք սառած նարինջը`
շքամուտքի մոտ աշխարհը կորցրած տխուր շների հետ,
կհիշենք մեր առաջին հանդիպումը, կլռենք բացականերին,
ձնագնդի կդարձնենք կյանքն ու կնետենք ամենամութ փողոցի
յոթերորդ հարկի պատուհանին`
կոտրելով ապակիները մենության,
կեսգիշերին հետ կբերենք մանկությունը`
լուսաբացը անփութորեն կորցրած ձեր բակ...

















Комментариев нет:

Отправить комментарий