Որոնել

Показаны сообщения с ярлыком ամերիկյան և անգլիական պոեզիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ամերիկյան և անգլիական պոեզիա. Показать все сообщения

понедельник, 28 мая 2018 г.

Էնն Սեքսթըն. բանաստեղծություններ

Էնն Սեքսթըն (1928-1974 ԱՄՆ, Մասսաչուսեթս)




























Կորսված սուտը

Բերանումս ժանգ կա․
հին համբույրի հետքն է։
Իսկ աչքերս շառագունում են,
բերանս սոսինձ է,
ձեռքերս՝ զույգ քարեր
իսկ սիրտը
դեռ բաբախում է,
այն վայրը, ուր սերն էր բնակվում։
Բայց այն անշարժ է։
Այս տարօրինակության համար խիղճս չի տանջում,
զգացածս, ավելի շուտ, ատելություն է։
Քանի որ իմ միջի երեխան է դուրս ժայթքում,
իսկ ես մտմտում եմ, թե նրան ոնց սպանեմ:

Մի ժամանակ ես կին էի՝
լուսնաթատրոնի պես լի,
ու սիրուց սեր էր ծնվում,
իսկ երեխան, թաքուն նայելով,
ինքն իրեն չէր ատում մի ժամանակ։
Հիմար, հիմար սեր, ի՞նչ արեցիր։
Այսօր ես մեռած տնով եմ շրջում,
սառցե խոհանոցով, ննջասենյակով,
որ գազախցիկ է ասես ։
Մահճակալն ինքը վիրահատական սեղան է,
որի վրա երազներս մասնատում են ինձ։

Օ, սեր,
սարսափը,
այլանդակ կեղծամը,
որ քո գանգուր, սիրելի, սիրելի, սիրելի գլուխն էր։

***

Սիրերգ

Ես շղթայագրերի աղջիկն էի,
դագաղներից ու բանալու անցքերից շատախոսող աղջիկը,
հեռախոսային հաշիվների աղջիկը,
ճմրթված լուսանկարն ու կորցրած կապերը,
նա, որ անընդմեջ կրկնում էր՝
լսի՛ր, լսի՛ր,
մենք չպետք է, չպետք է,
ու նման բաներ․․․
նա,
որ կիսով չափ վերարկուով ծածկված աչքեր ուներ,
բրոնզակապույտ, մեծ աչքեր,
պարանոցով ձգվող վտիտ երակ,
որ թրթռում էր կամերտոնի պես,
շենքերի նման մերկ ուսեր,
նիհար ոտքերին նիհար մատեր,
հին, կարմիր կեռիկ բերանում,
բերան, որ շարունակ արնահոսում էր
հոգու ահարկու դաշտերի խորքում․․․
նա,
որ անընդհատ քնով էր անցնում,
որ քարի պես ծեր էր,
ամեն մի ձեռքը՝ մի կտոր ցեմենտ,
ժամեր ու ժամեր,
և ապա արթնացում
այդ փոքր մահից,
և ահա նա փափուկ էր ինչպես,
ու նուրբ էր ինչպես․․․
փափուկ ու նուրբ, ինչպես
լույսի ավելցուկը,
լիովին անվնաս,
ինչպես մուրացկանն ուտելիս,
ինչպես մուկը տանիքին`
առանց դռնանցքերի,
ու ոչինչ չկա առավել անկեղծ,
քան քո ձեռքը նրա ձեռքի մեջ․
բացի քեզնից ոչ ոք, ոչ ոք,
ու նման բաներ,
բացի քեզնից ոչ ոք, ոչ ոք։
Օհ, անթարգմանելի են
այն օվկիանոսը,
այն երաժշտությունը,
այն թատրոնը,
պոնիների այն դաշտը․․․
***
Անհաղորդության պոետը

Հավանաբար հողը լողում է,
չգիտեմ:
Հավանաբար աստղերը փոքրիկ
թղթե կտրտանք են՝
հսկա մկրատով արված,
չգիտեմ:
Հավանաբար լուսինը արցունքի սառած կաթիլ է,
չգիտեմ:
Հավանաբար Աստված ընդամենը խորունկ ձայն է,
որ լսելի է խուլերին,
չգիտեմ:
Հավանաբար ես ոչ ոք եմ:
Թեև, այո, մարմին ունեմ
ու դրանից չեմ խուսափի:
Կուզեի գլխիցս դուրս թռչել,
բայց անհնար է:
Ճակատագրի տախտակին գրված է,
որ պիտի մարդկային ձևում բանտարկված մնամ:
Քանի որ այդպես է ստացվել,
ուշադրությունը կուզեի իմ խնդրին հրավիրել:
Ներսումս կենդանի կա՝
սրտիս ամուր կառչած
մի հսկա խեցգետին:
Բոսթընի բժիշկներն
արդեն ձեռք են քաշել:
Նշտարներ են փորձել,
ասեղներ, թունավոր գազեր և այլն:
Խեցգետինը դեռ կա:
Այն ծանր է:
Փորձում եմ մոռանալ այն, գործերովս զբաղվել,
բրոքոլի եփել, բացել-փակել գրքերս,
ատամներս մաքրել ու կապել կոշիկներս:
Փորձել եմ աղոթել,
բայց հենց աղոթում եմ,
խեցգետինն ավելի ամուր է կառչում,
ու ցավն ընդարձակվում է:
Մի անգամ երազ տեսա,
հավանաբար երազ էր,
թե խեցգետինն իմ անհաղորդությունն էր Աստծուն:
Բայց ո՞վ եմ ես, որ հավատամ երազների:



























***

Կողպված դռներ

Այս քաղաքում բնակվող հրեշտակների համար,
թեև նրանք անդադար փոխում են իրենց ձևը,
ամեն գիշեր մենք սառը կարտոֆիլներ
ու մի աման կաթ ենք թողնում պատուհանին:
Սովորաբար նրանք բնակվում են երկնքում, որտեղ,
ի դեպ, արցունքներն արգելված են:
Այս ու այն կողմ են հրում լուսինը՝
եփված պալարի նման:
Ծիր Կաթինը նրանց թուխսն է՝
իր բազմաթիվ ճտերով:
Երբ գիշերն իջնում է, կովերը պառկում են,
իսկ լուսինը՝ մեծ ցուլը,
ոտքի է կանգնում:
Սակայն, վերևում մի կողպված սենյակ կա՝
երկաթյա դռնով, որը չի բացվում:
Այն բոլոր տեսակ մղձավանջներն է պարունակում:
Դա դժոխքն է:
Ոմանք ասում են՝ սատանան է դուռը կողպում
ներսից:
Ոմանք ասում են՝ հրեշտակներն են կողպում
դրսից:
Ներսի մարդիկ ո՛չ ջուր ունեն,
ո՛չ հպվելու թույլտվություն:
Նրանք ճաքում են խճաքարի պես:
Նրանք համր են:
Նրանք օգնություն չեն կանչում`
բացառությամբ իրենց ներսում,
որտեղ նրանց սրտերը թրթուռներով են պատված:
Կուզեի բացել այդ դուռը,
ժանգոտ բանալին պտտել
ու ամեն ընկածի իմ գիրկը առնել,
բայց չեմ կարող, չեմ կարող:
Կարող եմ միայն նստել այստեղ՝ Երկրի վրա՝
սեղանի մոտ իմ տեղում:

***

Հիշում եմ

Օգոստոսի մեկին
անտեսանելի բզեզները սկսեցին
խռմփացնել ու խոտը
կանեփի պես հաստ էր ու ոչ
մի գույնի, ոչ ավելի, քան
ավազը գույն ունի ու
մեր մերկ ոտքերը
բոբիկ էին հունիսի
տասներկուսից ու լինում էին օրեր,
որ մոռանում էինք զարթուցիչդ
լարել ու լինում էին գիշերներ,
որ ջին էինք խմում՝ ջերմ, մտերմիկ,
դոնդողի հին բաժակներից, մինչ
արևը մարմրում էր տեսադաշտից
կարմիր լայնեզր գլխարկի նման ու
մի օր ես մազերս հետ էի հավաքել
ժապավենով ու դու ասացիր,
որ գրեթե նմանվել եմ
պուրիտանուհու ու ամենաշատը
հիշում եմ այն,
որ քո սենյակ տանող դուռը
իմ սենյակ տանող դուռն էր:
















Թարգմանությունը՝ Ռուզաննա Սուքիասյանի





понедельник, 21 мая 2018 г.

Սիլվիա Փլաթ. բանաստեղծություններ

Սիլվիա Փլաթ (1932-1963 Բոստոն, ԱՄՆ)























Ոչխարները մառախուղում

Բլուրնեը նահանջում են սպիտակ թաղանթում:
Աստղերն ու մարդիկ
էլ ինձ չեն սիրում:

Գնացքի հետևից՝ արտաշնչման
փափուկ շերտ,
օ՜, հրապուրող
ժանգագույն ձի

Սմբակներ, հեծկլտացող զանգուլակներ...
Ողջ առավոտ՝
մռայլվող լույս:

Մնաց միայն մի ծաղիկ,
ոսկորներիս մեջ՝ անշարժություն,
հեռավոր դաշտերը 
փափկացնում են հոգիս:

Նրանք կարող են
թողնել ինձ երկինք՝
դեպի մութ ջրեր, որտեղ ոչ հայրեր 
կան և ոչ էլ աստղեր:

***

Արիել

Մթության մեջ՝ անդորր:
Հետո աննյութ կապույտը
հեղեղում է լեռնապարն ու հեռուն:

Աստված էգ առյուծ է,
որքան միասնական ենք աճում,
սռնի՝ ներբանների և ծնկի, կնճիռը

Ճաքում-անցնում է և քույրն է
պարանոցի թուխ կամարի,
որն անկարող եմ բռնել

Նեգրաչվի
հատապտուղները նետում են
իրենց խավար
կարթերը՝

Սև և քաղցր՝ բերնեբերան արյուն,
ստվերներ:
Ինչ-որ բան

Տանում է ինձ օդով՝
ազդր և մազեր.
փաթիլներ՝ ներբաններիս:

Սպիտակ
Գոդիվա, ես բացվում եմ՝
մեռյալ ձեռքեր, մեռած խստություններ:

Եվ հիմա
ես փրփուր եմ և ցորեն,
ծովերի ցոլանք:
Երեխայի ճիչը

Հալչում է պատի խորքում,
ես նետն եմ,

Ցողը, որ թռչում է
ինչպես ինքնասպան,
միասնական մղվում
դեպի կարմիր

Աչքը՝ կաթսան այգաբացի:


Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյանի


***

Չբեր կինը

Սնամեջ, ինչպես արձագանքը չնչին ոտնաձայնի,
թանգարան, ուր չկան արձաններ ու սյուներ, կամարներ, սրահներ բոլորակ:
Իմ բակում մի շատրվան է թռչում վեր ու վար՝ սուզվելով ինքն իր մեջ՝
սրտով՝ միանձնուհի, աչքով՝ կույր, աշխարհի հանդեպ: Մարմարե շուշաններ,
որ արտաշնչում են գունատությունը, ինչպես բույր:

Ես պատկերացնում եմ ինձ մեծ ամբոխի առաջ.
Մայրն եմ ճերմակ Նիկեի և Ապոլոնների ճաղատաչք:
Եվ միայն մեռածներն են ինձ խոցում ուշադրությամբ, ուրիշ ոչ մի բան չի լինում:
դեմքով՝ չլրացված հարցաթերթիկ, և մոր պես կամ բուժքրոջ:

1961, փետրվարի 21

Թարգմանությունը՝  Հասմիկ Սիմոնյանի

***

Տիկին Ղազարոս

Նորից դա արեցի:
Տասը տարին մեկ
Հասցնում եմ...
Ոնց որ քայլող հրաշք, մաշկս
Նացիստական լուսամփոփի պես պայծառ է,
Աջ ոտքս`
Թղթաճնշիչ,
Դեմքս` հրեայի անկերպարան, բարձրորակ
Սպիտակեղեն:
Կճպիր անձեռոցիկը,
Ով իմ թշնամի:
Զարհուրելի՞ եմ:
Քի՞թս, աչքերիս փոսե՞րը, ատամնաշա՞րս:
Բերանի թթվահամը
Կանցնի մի օրում:
Շուտով, շուտով մարմինը
Որ գերեզմանի անձավը կերավ
Վրաս կլինի տանը:
Ու ես` ժպտացող մի կին:
Ընդամենը երեսուն տարեկան:
Կատվի պես ինն անգամ կարող եմ մեռնել:
Սա թիվ Երեքն էր:
Ինչպիսի տխմարություն`
Բնաջնջել յուրաքանչյուր տասնամյակը:
Ի՞նչ միլիոնավոր մազմզուկներ:
Գետնանուշ որոճացող ամբոխը
Հրմշտվում է որպեսզի տեսնի
Ինչպես են քանդում բացում ոտուձեռս-
Փառավոր սթրիփթիզ,
Պարոններ, տիկնայք
Ահա ձեռքերս,
Ծնկներս:
Գուցե դեռ կաշի ու ոսկոր եմ:
Այդուհանդերձ, նույնն եմ` հենց այն կինը:
Երբ առաջին անգամ պատահեց` տասը տարեկան էի:
Պատահար էր:
Երկրորդ անգամ` լուրջ էր:
Ուզում էի պրծնեի ու հեչ հետ չգայի:
Փակված` տարուբերվում էի
Ծովախեցու պես:
Մի գլուխ գոռում էին ու ինձնից պոկում
Որդերը ոնց որ կպչուն մարգարիտներ:
Մեռնելը
Արվեստ է, ոնց որ մնացած ամեն բան:
Անգերազանց եմ էդ գործում:
Էնպես եմ անում որ` աշխարհի վերջն է:
Էնպես եմ անում` լրիվ լուրջ է:
Կարող եք ասել` իմ պահանջն է:
Ախր շատ հեշտ է` խցում անել:
Ախր շատ հեշտ է`անել ու տեղում մնալ:
Ինձ սպանողը
Թատերական վերադաձն է օրը ցերեկով
Դեպի նույն վայրը, նույն դեմքը
Նույն անասնական
Զարմացական գոչյունը`
«Ա'յ հրաշք»:
Իմ սպիները տեսնելը
Իր գինն ունի, իմ սիրտը լսելը
Իր գինն ունի:
Հաստա'տ:
Ավելի թանկ է, շատ ավելի թանկ է
Բառը, հպումը,
Կամ արյան մի բիծ,
Կամ իմ մի կտոր ծամը, կամ մի մասնիկ իմ զգեստից:
Բա, բա, Հեռ Դոքտոռ:
Բա, Հեռ Թշնամի:
Ես ձեր մեծագույն երկն եմ,
Ձեր արժեքավորը,
Մաքուր, ոսկե մանկիկը
Որ նվաղում է ճվաղոցից:
Դառնում եմ` վառվում եմ:
Չկարծեք թե թերագնահատում եմ ձեր զիլ մտահոգությունը:
Մոխիր, մոխիր...
Խառնում ես կրակխառնիչով:
Միս, ոսկոր, ուրիշ էլ ի՞նչ...
Մի կտոր օճառ,
Ամուսնական մատանի,
Մի հատ ոսկե ատամ:
Հեռ Աստված: Հեռ Լուցիֆեռ,
Եղիր զգոն,
Եղիր զգոն:
Մոխիրներից
Հառնում եմ կարմիր վարսերով
Եվ ուտում տղամարդկանց օդի պես:

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի



























***


Մեդուզա

Քարոտ բերանից խցանի պես դուրս թքած ցամաքից այն կողմ
Սպիտակ փայտիկների վրա տնկված աչքեր են,
Ծովի անհեթեթությամբ լցված ականջներ,
Քո նյարդազուրկ գլուխն է, աստվածակծի՛կ,
Գթության ոսպնյա՛կ,

Շոշափուկներիդ
Վայրի բջիջները խճճվում են իմ նավի ստվերում.
Կարմիր խարանը ուղիղ կենտրոնում՝
Հրմշտվում են սրտերի նման,
Մակընթացության ալիքը ճողփում դեպի մոտակա կետը մեկնումի՝

Իրենց Հիսուսի մազերը քարշ տալով:
Մի՞թե փրկվեցի:
Միտքս դեպի քեզ է սլանում՝
Պատենավոր, հին պորտալար, ատլանտյան մալուխ,
Որ, տարօրինակ կերպով, միշտ նորոգ ես մնում:

Դու կաս մշտապես՝
Որպես դողացող շունչ գծի մյուս ծայրին,
Որպես ջրի ցայտ
Իմ կարթաձողին՝ շլացնող ու բարեհաճ,
Ներծծող ու հպվող:

Ես քեզ չեմ կանչել:
Չեմ կանչել երբեք:
Բայց մեկ է, մեկ է՝
Դեպ ինձ ես գալիս ծովի վրայով,
Հաստ, կարմիր ընկերք,

Շանթահարում ես խեղճ սիրահարներին:
Կոբրայի լույս,
Որ ֆուքսիա բույսի արյունն ես
խմում: Շնչել չէր ստացվում,
մեռած ու դատարկ էի,

Մերկացված ու բաց:
Քեզ ո՞ւմ տեղն ես դրել:
Հաղորդության նշխա՞ր ես, հապալասե Մարիա՞մ:
Չէ, ես մարմինդ չեմ ճաշակելու,
Ինձ բանտարկող շիշ ես,

Զազրելի՛ Վատիկան:
Սիրտս մահու չափ խառնում է տաք աղից:
Ներքինիների պես խակ ցանկություններդ
Ֆշշոցով են նայում իմ մեղքերին:
Հեռու, հեռու ինձնից, լպրծուն շոշափուկ,
Ոչինչ այլևս մեր միջև չկա:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Սուքիասյանի

* Բանաստեղծության մեջ Փլաթը զուգահեռներ է անցկացնում հունական դիցաբանության հայտնի Մեդուզա Գորգոնայի և սեփական մոր միջև