Որոնել

среда, 26 сентября 2018 г.

Ռուզաննա Սուքիասյան․ Հիմա, երբ Իթակեում նորից աշուն է

Ռուզաննա Սուքիասյան






















հիմա, երբ Իթակեում նորից աշուն է,
հավերժության չափ երկար, չավարտվող աշուն,
ես գիտեմ՝
նրանք այստեղ են՝
ֆոն Թրիերի երեք մուրացկանները՝
քո տարածության ամեն անկյունադարձին:
հիմա, երբ կեսգիշերը կիսամերկ ծառերին է թափվում՝
վառ թողնելով միայն
ճյուղին նստած բուի անթարթ հայացքը
ու լույսը այն աստղերի,
որ վաղուց արդեն գոյություն չունեն,
դու որոշեցիր հետևել Նրան՝
բարբարոսների ընկեցիկ սրբին,
դեպի խավարը հավիտենական՝
մեկ առ մեկ հավաքելու
յոթ մահացու մեղքեր դարձած
յոթ հանդերձները Նրա:
հիմա, երբ էլ փախուստ չկա հայելիների մեջ,
մարդկանց գծային ժամանակը քեզ լքեց
երազների սահմանագծին,
որտեղից անդին մղձավանջներն են,
որտեղից անդին գալիքը միայն
անցած Եդեմի արտացոլումն է,
որից փախչում եք անվերջանալի դարերի միջով
շամանը, քուրմը, կախարդը և դու:
հիմա, երբ Իթակեում նորից աշուն է,
հավերժության չափ երկար, չավարտվող աշուն,
դու դուրս ես էվկլիդյան տարածությունից,
դու տուն չունես,
դու թափառական ես,
ու երեք մուրացկանները քեզ սիրում են
առավել, քան երբևէ,
հավատարմորեն,
մինչև որ ճահճանման այս հողը քեզ կուլ տա…
խոնավ ու մութ հողի երախը,
ես գիտեմ՝
դուք այստեղ արդեն եղել եք՝
շամանը, քուրմը, կախարդը և դու.
դուք Նրա յոթ հանդերձներն էիք հավաքում…

***

միֆական գարուն:
երկնքի խորքը մխրճվող ծառերը
Պերսեփոնեի հազարավոր ձեռքերն են`
անդրաշխարհից աճած:
մութն ու լույսը շուտով կհամբուրեն իրար:
ավարտից հետո հերթական սկիզբն է,
և դու նորից բովանդակ Իթակեի արքան ես:
մենք դուրս ենք ժամանակից,
մենք գոյություն չունենք
անծիսակարգ այս դարում:
երկու լռությունների միջակայքում հնչող
մի քանի նոտա.
սա է կյանքը և ուրիշ ոչինչ`
քաոտիկ ռապսոդիա կամ վիեննական վալս,
ինչպես ցանկանաս կամ ինչպես ստացվի:
պարզապես գտիր ու ապրիր քո միֆը:
դա առավելագույնն է,
ինչ թույլ է տալիս
մեր կաղապարված
գոյության սահմանը:
որպես տիեզերական սարդոստայնի
երկու մանրաթել`
գրեթե անտեսանելի,
մենք կախված ենք հարատևության
զույգ նժարներից:
երբ անցյալն ու գալիքը
փակ են ու խավար,
սովորենք, ուրեմն,
սիրել ճանապարհը,
որ մի ակնթարթ մերն է լինելու:
մինչդեռ չարախինդ Քրոնոսը
ջնջում է մեր հետքերը
գոյության մյուս ծայրից:
թաքցրու իմ մասին հիշողությունը
դեգերումներիդ վերջին հանգրվանում:
անշարժացումը նույն ինքը` մահն է,
սակայն նույն կետից
միաժամանակ,
և նույն ուղղությամբ
սլանալ չի կարող երկու նետ:
այս հավերժական լաբիրինթոսից
ելքը դեռ չի գտել ոչ ոք,
գուցե հենց այն պատճառով միայն,
որ ելքի մասին մոռանալն է ելքը:
փորձենք, ուրեմն, մոռանալ:
Դեմետրան, թանձր քամի դարձած,
համբուրում է դստեր հազարավոր ձեռքերը.
Դեմետրան հարության հրաշք է խոստանում:
տիեզերքը սպասում է,
տիեզերքը լուռ է:
ես եմ վերադարձը,
ես եմ Իթակեն` քո միակ տունը`
քսանչորսերորդ գարնան անձրևներով արբած:
ապրիր ինձ հետ, իմ կողքին, իմ մեջ,
քանի դեռ մերն է միֆական այս գարունը:

***
վալպուրգյան գիշեր

ես ճանապարհ եմ, որով դու
չքայլեցիր երբեք,
ես քո փշրած հայելին եմ,
քո կոտրած խաղալիքը…
իսկ հիմա արտահերթ
վալպուրգյան գիշեր է,
նորոգումի գիշեր,
իսկ հիմա նրանք գալիս են,
նրանք շատ են ու
սև,
խավարի տերերը:
նայեք, պարոնայք,
ես կնոջ մարմին եմ՝
ջահել ու անբիծ,
փառաբանեք ինձ,
բաց արեք կուրծքս,
հպվեք ազդրերիս,
ճաշակեք մարմինս ու արյունս խմեք,
որ հաց ու գինի չեն,
այլ հենց միս ու արյուն:
շարունակենք, պարոնայք,
հոգու սթրիփթիզը,
թողեք վիրահատեմ,
բացեմ ձեր հոգին,
ու ոչինչ,
եթե չափազանց տգեղ եք:
բաց թողեք իրականությունն
ու արտաշնչեք աշխարհը,
ոչինչ իրական չէ և գոյություն չունի,
սա անկանոն խաղ է,
սոսկ մտավարժանք,
չարքերի անարխիկ գրոհ ու նահանջ:
ես հերթական միակն եմ,
ես կամ ու չկամ,
մտապահեք ինձ՝
որպես վերջինը Իշտարի տոհմից
կամ, ավելի լավ է,
մոռացեք իսպառ:
գիշերվա սլաքները կանցնեն իմ միջով
ու կմաքրեն ինձ,
ես մտապատրանք եմ,
որը դու պահել չկարողացար…

***

շուտով կեսգիշեր կլինի,
սև կատուն կթռչի տանիքից տանիք՝
իր կեռ պոչի հետ
չլուսացող գիշերների անեծքը քարշ տալով:

այստեղ հազարամյա անձրևներ են բնակվում,
սա լուսնամահիկի հավերժությունն է՝
իմ ու քո խոնավ տարածությունը,
որ ուրիշ ոչ ոք, ոչ մի տեղ չունի:

խոստացիր ինձ փախչող ակնթարթի վայելքը.
դու Ծիր Կաթինը տեսածի աչքերն ունես,
ու ես մերկ եմ քո հայացքի առաջ՝
թափանցիկ երազներով:

մնա ինձ հետ,
անքնությունից հոգնած գլուխդ դիր իմ ծնկներին,
ես քեզ կթաղեմ աստղափոշու մեջ,
իմ տեղատվության խավար ջրերում կսուզեմ հոգիդ:

ես աստղածովի աստվածուհին եմ՝
ծովախեցու ձայնով,
դու սիրում ես մարգարիտներ հավաքել իմ ափերից,
դու իմ ալիքների թաց համբույրն ես սիրում:

լուսնամահիկը կիսաժպտում է,
հաշվիր մինչև ութը,
սուզվիր քայլ առ քայլ.
միայն իմ միջով կարող ես հեռանալ ինձնից:

***

Պարզապես նոյեմբերը մնաց քո փոխարեն,
որ ժպիտդ պահի
լիալուսնից հետո ապրող դատարկի մեջ:
Իմ նոյեմբերը գույներ չուներ,
ու դեղնակարմիր տերևներ չկային ծառերից իջնող,
ինչպես արցունքները,
որ ժամանակից շուտ վրա հասան:
Երբ երազներդ փաթաթվեցին ոտքերիդ`
շղթայելու ինձ քո նվիրած ազատությամբ,
նոյեմբերը զարկերակիս մեջ մաքրվեց
ու արյուն դարձած նստեց շուրթերիս`
գույնի փոխարեն:
Գուցե շուրջս ամեն ինչ կարմիր ներկեմ,
որ նոյեմբերն ինձ մոռանա: 


***

իմ և քո միջև ժամանակի վիհեր են,
որ ոչնչով չես լցնի այլևս:
փորձիր երեկոյի դատարկը մեղմել
մի բաժակ սուրճով.
չի ստացվի, թերևս:
ու ոչինչ տեղում չէ,
ոչինչ տեղին չէ:
տեղահան են բառերն անգամ`
ցաքուցրիվ,
ֆրագմենտացված,
պատառոտված երբեմն:
իմ և իմ միջև ժամանակի վիհեր են,
ես փորձում եմ հավաքել ժամանակն
ու սեղմել անցյալի մեջ,
համայնապատկեր ստանալ
կամ ֆիլմաշար`
հաջորդական ու հստակ:
չի ստացվի,
չի ստացվում, թերևս:
հատուկենտ, ցրված`
գույն,
բառ,
շարժում,
հայացք,
որ չեն դառնում պատկեր:
«ես և դու»,
որ չի դառնում «մենք»,
որքան էլ սոսնձես:
չի բացվում շրջանը,
սկիզբն ու ավարտը
նույն ուրվագիծն ունեն,
ու ոչինչ տեղում չէ,
ոչինչ տեղին չէ`
կարոտելն անգամ
կամ սիրելը:
ապրիր ինձ,
որպես ինքն իր մեջ սպառվող ակնթարթ,

ու բաց թող:   

                                    

Խաչիկ Մանուկյան․ Մենակության մեջ վազում է սարդը

Խաչիկ Մանուկյան
















Լաց մի լինիր, աշու՛ն,
Առաջվա պես քոնն է
Ամենալավ օրը
Իմ խռոված կյանքի,
Եվ հայացքս նորից
Քո գույների զոհն է՝
Անվերջ խշխշալով
Քամու կոնքին։
Քո քղանցքներն ի վեր
Իմ երազի տոնն է-
Տերևատառ շարված
Վառ հմայիլ,
Իմ հոգու մեջ, իմ շուրջ՝
Քո հորինած թոնն է,
Աշու՛ն, հարազա՛տս,
Լաց մի՛լինիր։


***
Հիմա փնտրում եմ այնտեղ` ուր չկա–
Այդպես ավելի հեշտ եմ գտնելու։
Մեծ Արջն է փռվում քնած աղջկա
Արթուն պահերի տենչանքին հլու։
Թեև ասելու բան չէր մնացել,
Բայց թալանումը տարիներ տևեց,
Մոտեցող ձմռան հմայքը կարծր
Հերթով կգետնի անցորդներին ծեր։

Մենք սայթաքումին հազիվ թե հասնենք,
Բան ենք կորցրել ու շտապում ենք,
Ամփոփումը կա` երկնքի մասն ենք,
Թեև միջանկյալ օտար ափում ենք։

Աստղերի վրա սառույցներ չկան,
Ճերմակ փաթիլներ այնտեղ չեն իջնում,
Այրող կարոտն է մեր վաղընջական
Նրանց հրեղեն խորքերում ննջում։

***
Մորս թխած փախլավայի հետ քեզ շփոթեցի,
Բոլորը գիտեն, 
Որ քո երակով մեղր է ծորում,
Եվ քեզ տեսնելով,
Առաջին անգամ 
Աստվածները Մարդ ուզեցին լինել,
ՈՒզեցին գգվել ինքնասույզ լույսիդ երանգների մեջ։
Թափանցիկ ես դու.
Ես քո միջով եմ աշխարհը տեսնում։
Նայիր՝
Կիսամերկ պարուհու նման
Ժամանակն էլի հետույքն է ժշխում
Սերը շրջանցած հայացքների դեմ։
Ափսոս, որ քեզ տաք բառեր չասացի,
Եվ երջանկության բոժոժների մեջ
Չթրթռացին սրտիդ դողերը։
Հիմա մի՛ փնտրիր հրեշտակներին՝
Վերապատրաստման՝
Վե՜ր եմ ուղարկել՝
Աստվածների և մեր արանքով
Ավելի սահուն անցնելու համար։

***
Ես այլևս չեմ մոտենում,
Ես հեռանում եմ միայն՝
Լեռներից, 
Ծովերից, 
Քաղաքներից։
(Անցվոր էի,
Մի բուռ լույս թողեցի
Էս կողմերում)։
Հիշում եմ՝
Ցորենի արտի մեջ քեզանից հաց թխեցի
Աստղերի հրապար թոնրում,
Աստվածներն ուտելով չէին կշտանում։
Ես գրողի ծոցն եմ ուղարկել սերը
Եվ գինու կարմիր կաթիլներն եմ կլլում՝
Ամպերից վեր սահելուց առաջ...
Ես գումարում եմ քեզ ու քեզ՝
Դու նորից քիչ ես,
Ես քեզանով քեզ բազմապատկում եմ՝
Դու քիչ ես էլի...
Եվ հիմա
Քեզ դուրս եմ շպրտում մոլորակից,
Որ հայացքս ետ չշրջեմ..․

***

















ՈՒշացա,
Գետն արդեն գնացել էր,
Ափի քարերն աղի արցունք էին,
Պատմում էր, թե քանի՜ դար է անցել՝
Մի ծեր պատմիչ՝
Մատը պրկած քունքին։
«Բարի գետ էր,- ասաց,- միշտ գնում էր
Քելեխներին ցմքած առուների,
Ճանապարհին հոգնում ու քնում էր,
Ամիսներով տեղը չգիտեինք»։
Բա ե՞րբ կգա՝ ասի պատմիչին ծեր,
ՈՒշ ասացի... արդեն նա էլ չկար.
Խեղճ պատմիչը մի բուռ ջուր է դարձել,
Թե ծարավ ես՝ գնա ափիդ մեջ առ...

***
Մենակության մեջ վազում է սարդը՝
Կրքի արնակալ պատերի վրա,
Եվ ոստայնազարդ դիմակի տակ է
Անցնում օրերի շքերթը մռայլ։
Սեր չհանդուրժող սրտի սառույցին
Պորտաբաց հարճն է խինդով բարձրանում-
Եվ խրխնջու՜մ է ջահել քրմի ձին,
Եվ աստվածուհու աչքն է քաղցրանում։
Օ՜հ, խրախճանաց ակունք-կավատներ,
Ոսկիս կբավեր,
Չբավեց հոգիս-
Արծաթներ տվեք՝ թող ի՛նձ էլ մատնեն
Իմ խորհրդավոր վերջին ընթրիքին։

***

Գոյամարտ

1
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։
2
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։
Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։
Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։
3
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։
Լույս– մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի։


Նարինե Ավագյան․ Prelude

Նարինե Ավագյան


Ասում ենք՝
Աստղ է ընկնում,
Իսկ վերևում
ընդամենը գինարբուք է,
Որից հետո աստվածները
Գավաթներ են կոտրում...


***

Երբ ուզում եմ գրել,
տողս հեռանում է դեպի ինձ,
մտնում եմ ինձնից ներս`
այնտեղի աստվածներին աղոթելու...


***

Այրիր աչքերս...
Թեկուզ...
Մթությունից
Ես վախենում եմ,
Կուրությունից՝ ոչ...
Մոխրացրու աչքերս,
Շապկիդ փոխարեն
Լույս հագիր նորից...
Այրիր աչքերս...
Թող ծխան նրանք
Որոնումներիս
Խնկե զմուռսով,
Թող փայլատակեն,
Ինչպես սառնաջինջ
Արևալույսը…
Այրիր աչքերս...
Թեկուզ ես մթությունից
Վախենում եմ,
Կուրությունից՝ ոչ…


***
Էքսպրոմտ

Չեմ մոռացել քեզ…
Հիշում եմ դեռ…
Զգում եմ, ինչպես մատնեմատը
Իր պարանոցին մատանին կզգա,
Կամ ոտնաթաթը՝ բրդյա հաստ գուլպան
Սառույցի վրա…
Զգում եմ քեզ, ինչպես
Տաք վարագույրը
Ցրտից կուչ եկած բաց պատուհանը,
Եվ գիշերային աստղոտ երկինքը՝
Լուսնի համբույրը:
...և զգում եմ քեզ, ինչպես աչքերը
Վերստին գտած լույսի ցոլքն են զգում,
(ես աչքերով եմ հոգիդ շոշափում՝
պիրկ հայացքիս տակ…)
Սպասում եմ քեզ,
Ինչպես քառատրոփ վարգելուց հետո
Նժույգն է սպասում առվի վշշոցին,
Ինչպես ծաղիկն է կարոտում ջուրը,
Սառած մատներն են կարոտով տենչում
Փոքրիկ խարույկի սպասված ալհուրը:
Չեմ մոռացել...
Շնչում եմ քեզ,
Ինչպես հեղգ օդը՝ անձրևից հետո
Թաց հողի բույրը:

Զգում եմ,
Շնչում եմ,
Դեռ կամ…

***



















Երջանկությունը

Երջանկությունը...
լուսադեմին սկուտեղի վրա արթնացող
սուրճի գավաթն է,
որ զուգընկեր ունի...
երկտեղանի մահճակալի ամբողջ լայնքով
ճմռթված անկողինը,
նախընտրած երաժշտության տակ
անխնա գալարվող ծխախոտի ծուխն է
այն դեպքում, երբ դու չես ծխողը...
Երջանկությունը...
ուշ երեկոյան մեքենայի շարժիչի
բակը լցնող աղմուկն է,
որն ընդհատում է ընթերցանությունդ,
բերում քեզ իրականություն`
սեփական կյանքով ապրելու...
ավելի շատ տալն է, քան առնելը`
առանց որևէ ակնկալիքի...
Երջանկությունը...
տուն է, որի միայն մեկ պատուհանի
անունն է սեր...
Երջանկությունը երկուսի մեկանալն է,
ապա երեքի, չորսի, հինգի`
իմ պարագայում...

***
ճշմարտությունը
չի լինում տխուր,
և ոչ էլ ուրախ...
այն չունի տրամադրություն...
գույն ունի...
թերևս...
խելագարության...

***
հիշողությունս
գանգրագիսակ
մի աղջնակ է...
ամեն առավոտ
արթնանում է նա,
շապկի փոխարեն
լույսն հագնում հնի,
աչքերս այրում...
Հիշողությունս՝
քայլում է ինձ հետ,
լցվում բիբերս
որպես խնկահոտ
հավատի զմուռս..

***
եվ կիրակին այս
ասես շաբթի լինի...
հանգստյան օրերը սպասվում են,
չապրվելով..

***
Հենց այսպես եղավ՝
արեցինք ոչինչ
ապրելու համար,
չապրելու համար
մենք ուժ չունեցանք։
դու ծերացար
ինձանից հեռու,
ես քեզնից հեռու,
անքեզ մեծացա...


***
Prelude
մայրամուտի ոսկելույսը
սքողել է սերդ,
աչքերիդ փայլով...
երկինքներդ հանձնել ես
արևի քմայքին.
մի խուլ հառաչ է
տաքուկ մրմնջում
դալարի մեջ...
անհույս կրքի աղաղակներ,
որ լցնում են երկինքներդ.
նրանք չունեն արև...
բոցավառ հոգի՝
կնոջ կուսական շղարշի ներքո,
հավատա նրան՝ իբրև
փոթորկի ուժգնացող պահին
սուր փայլատակող մի ելևէջի,
որ տրոփում է երկինքներիդ
կապարե ծովի վրա...
աչքերիդ փայլը՝ իբրև տեսլական
սիրո, որ հարափոփոխ լինելու
խենթ հռչակն ունի...
թաց խոտի բույրը...
այն շոշափում է գունատ հավատս
մատներով իր տաք...
լսվում է նորից մրմունջը ջրի...
և մայրամուտը իր ոսկելույսով
սքողում է սերդ
փայլով աչքերիդ...

***
















Ներիր

Ներիր ինձ, իմ սեր` խաղաղ խելագարիս,
Ծածուկ արցունքներիս ու կարոտիս համար,

Քեզ փնտրելու կանչիս, սիրատոչոր լացիս,
Համբերությամբ սպասած ամեն օրվա համար...

Իմ թարթափուն հույսի, իմ կարկառուն լույսի,
Քեզ այնքան շատ տալու և չուզելու համար...
Իմ բորբ սիրո լույսի, անգայթ ճշմարտության,
Անսահման սպիտակի, ոչ թե սևի համար...
Հարազվարթ լացի, տխրադեմ ծիծաղի,
Անմար երջանկության, լուռ տանջանքիս համար...
Գերմարդացած հոգու, նրա հզոր կանչի,
Սիրո կանչող ձայնի ու տենչանքի համար...
Թե կարող ես` ներիր, ներիր դու ինձ դարձյալ,
Ու մի ջանա նորից ինձ` անմիտ սպասողիս,
Խաղաղ խելագարիս, հոգին դու հասկանալ...
Թե կարող ես` ներիր...

***
-Այս ծուխը, Տեր իմ, ու՞ր է բարձրանում,
Տես, թե ինչպես է օդը թանձրանում,
-Ինչ-որ տեղ, որդի՛ս, մոմեր են վառվում,
Եվ ծուխը նրանց երկինք է հառնում:
Մարդկային հոգու աղոթարանում
Դեռ չիրագործված նպատակներն են
Հավատո՜վ ծխում...

***
Ձմեռային չուն
փախուստ է՝
վերջաբանից...
Նրա նախերգը
հառաչն է մեռնող կրքի...

***
Երբ հեռաչու ինչ-որ թռչուն
պատուհանիդ տակ կրկին բույն է շինում,
գարունը դադարում է տարվա եղանակ լինելուց։
Նա դառնում է ապրելակերպ...

***
Հրաշափառ կիրակի է այսօր
նստած ես բազմոցին
գինու ու հացի անուշահոտությունը
մի բուռ արև է ուզում,
տաք ձեռքի հպում...
բարեխնամ պարտեզ,
ուր նորից ծաղկելու են
անցյալի ճերմակ ասպիրակները...




Ռազմիկ Գրիգորյան․ Հիմա ոչ ոք չի կարողանում հիշեցնել ինձ բառը լռության

Ռազմիկ Գրիգորյան















Չգիտեմ գնացքն էր քեզ տանում
թե դու ես հեռանում տանելով երկու ժամանակ միանգամից,
իսկ վերադարձի ճանապարհին
ես լսում եմ բառերի մեջ խճճված
լռության ճիչը:


***

Առավոտվա զարկերակի մեջ պառկած արևը
հորանջում է սուրճիս բաժակի գոլորշահոտ շուրթին,
կում-կում ըմպում եմ մոտալուտ աշունը,
հետո երկնքի կապույտ ծոցագրպանից
անձրևն հանում է իր թաց սրինգը,
ու նոտաները թափվում են կտուրներին, փողոցներին, պատուհաններին...
Ու նոտաները լալիս են խրամատում
աղվամազե արցունքի մեջ:


***

Քո գնալուց հետո
օրերս փողոցից տուն չեն գալիս,
իսկ դրսից անհնար է ներսի մասին հիշել,
կամ լուռ նայել պատուհանից
թե ինչպես է ուրիշը քո փոխարեն ապրում:


***

Ոտնահետքդ ցավեցնում է
եղյամի խոնավ աչքերի մեջ
թուխս նստած գարնանը...


***

Մենք ամեն օր 
նույն ճանապարհն ենք ընտրում,
և ամեն երեկո`
նույն սրճարանը,
որ չհանդիպենք իրար:


***

Հիմա ոչ ոք չի կարողանում հիշեցնել ինձ
բառը լռության,
արևը անխնա տրորում է խոտը`
ոչ մի ծիլ չխնայելով,
և հրդեհը բողոքն է
շնչահեղձ եղած անտառի
որ բարձրանում է վեր
ու թաքնվում ամպի կապույտ փեշի տակ...
Հիմա ոչ ոք ինձ չի հուշում
բառը լռության,
նրանց հետ երկար խոսում
կամ վիճում եմ լռության մասին...
Դու` նվագում էիր լռությունը
ինձ համար:


***















-Պետք է փրկել անտառը:
Ու փայտ էր գցում վառարանի մեջ:


***

Գիշերը ընկնում ես
դաշնամուրի ստեղներին,
և նվագում եմ ճանապարհի մասին,
անհնար է նոտայագրել լռությունը
որ հնչում է քո մասին երգելիս:


***

Դեռ վեճը չես ավարտել,
բայց արդեն երկու
տարբեր ճանապարհներ
անցնում են մեր միջով,
վաղուց չեմ տեսնում
թե ինչպես է արևը հորանջում
արևածաղիկի դեղին աչքերի մեջ:


***

Այդ օրը
որքան բառեր թառամեցին
փշաքաղված շուրթերիդ,
գլխարկդ էիր ուղղում հեռանալիս:


***

Ճանապարհը` որով անցել ես
ցավում է ուսապարկիս մեջ,
հերթով քանդվում են բոլոր կամուրջները,
երկար ժամանակ է արդեն ոչ մի տեղ չեմ հասել:


***

Պատուհանիս տակ
ամառը հանել է դեղին կոշիկները
և արևի հետ պառկել`
փողոցի փոշոտ սրտի մեջ,
հեշտ չէ օրը կիսել,
դուրս գալ պատշգամբ
և առաջվա պես սրճել երկուսի փոխարեն:


***
















Իմ կողոսկրից շինված մեկը,
հիմա էլ ըմպում է սրտիս բաժակից,
ու՞մ հետ է կիսել ինձ կյանքը...


***

Հիմա
երբ դու ես պտտվում
աշխարհի շուրջը,
չեմ կարողանում շրջվել,
տեսնել...


***
Ամենինչ փոխվել է,
ձեռքս չի հասնում աչքերդ սրբեմ
որ անձրևը կտրվի:


***

Քեզանով պակաս եմ,
չեմ կարողանում ինձ գտնել
և տուն տանել փողոցից...
Դու Աստծու կատարյալ ներդրումն ես
օրերիս մեջ,
տող առ տող վրիպում եմ ընթերցումը
երկնքի արձանագրության:


***
Լուսինը դեղին երազ է ասեղնագործել
իրիկվա սև թարթիչներին,
քամին թափանցիկ իլիկով մանում է
քնած քաղաքի գունատ լռությունը,
փողոցի յասամանը քո հայացքով
թեքվել է դեպի պատուհանս,
և ոչ ոք չի հասկանում մեր զրույցը:


***

Այն օրվանից ինչ չես պատասխանում զանգերիս,
ամեն իրիկուն մեկ ծիրան քաղելու պատրվակով
ձեռքերս թողնում եմ ձեր ծառի տակ:


***

Անձրևը թաց մատներով
լռությանդ ստեղներին
մանուշակի մասին է նվագում,
...Լսում եմ:


***

Ցորենի հատիկի պես
մանր ես,
սեղանիս դառնում ես
հաց:



«Հուշեր Կոմիտասի մասին»

Նկարը՝ Միքայել Հարությունյանի


















Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»
1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…
Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:
Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:
Անգամ մը ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան:
Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսու ցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…
Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը:
Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:
Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:
Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»:
Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»:
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա¯ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:
Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:
Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:
Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը:
***
Նկարը՝ Երվանդ Քոչարի
Եղիշե Չարենց․«Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»


Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ՝ ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։
Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցը այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։
Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.
-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։
***

Մարտիրոս Սարյան

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝  պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…

***

Նկարը՝ Սուրեն Պիպոյանի․ «Ճանապարհ»






















Ավետիք Իսահակյան․ «Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը»


Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
***
Մանուկ Աբեղյան
Ամեն անգամ, որ Կոմիտասի ձայնագրած ու դաշնակած ժողովրդական երգերը լսում եմ, կենդանանում է իմ աչքի առաջ նա իր ոգևորությամբ. ես զգում եմ և գիտեմ նրա կատարած գործը վաղանցիկ չի լինի և երկար, շատ երկար ժամանակ մեր բնիկ երաժշտական հնչյուններով սիրելի կդառնա շատ սերունդների։
***
Արամ  Խաչատրյան 

Կոմիտասը մեծ ժողովրդի մեծագույն կոմպոզիտորն է, մեր երաժշտության հոգևոր հայրը: Եվ ամեն մի հայ երաժիշտ պետք է խորն ուսումնասիրի Կոմիտասի երգը, որպեսզի չկտրվի մեր ժողովրդի երաժշտության ակունքներից։


Նկարը՝ Սարգիս Մուրադյանի․ «Անցած գիշեր»
Նկարը՝ Էդվարդ Սասունի