Որոնել

среда, 19 сентября 2018 г.

Սաթեն Վարդանյան․ Թ․Գ․- «Թարսգրություն» շարքից

Սաթեն Վարդանյան (1992)






















Րետիպույ Երակներումս խշշում են եղեգները, ես բաց նյարդ եմ, ամբողջովին կակտուս` փշախիտ աչքերով. պարանոցիս հացի փշրանքներ են, ես բաց նյարդ եմ, ամբողջովին լուսին ու ինձ երկինքը քերծել է մի քիչ. հոնքամիջումս քնում է կաթե ակացիան, ես բաց նյարդ եմ, ամբողջովին սիրտ, որ փսխում է Բառը և թռչում Րետիպույ:


Նյաիմ զեք Արցունքներով ջրիր լեռնավարդ սիրտս, ուզում եմ քնել աստղի մեջ Բեթղեհեմի. օրորիր, օրորիր, իմ սեր… Կարդա վերջին բանաստեղծությունդ, ուզում եմ տեսնել` ինչպես են համբուրվում ծղրիդներն ու ծառերը, աչքերս ու Աստված… Ձեռքերիս առագաստներին գրիր, որ կհիշես ապրելը, երբ մի օր չլինեմ և փախիր, փախիր այս քաղաքից, իմ սեր…

***






















Ադիմեֆ
Երկնքում փոխհրաձգություն էր, ես երակներս սեղմել էի թաց ընկուզենուն և թարգմանում էի փայտաբույր շնչառությունը նրա, համբուրում տերևներն աստղափոշոտ, շոշափում` խորդուբորդությունը դարավոր` աղաչելով, որ արթնանա. երկնքում միայն կրակոցներ էին, ես բաց էի թողել իմ մեջ արտասվող հրե հովազներին, քաղել` ոտքերիս աճած արնակակաչները և մնացել մորեմերկ` շամբուտներում տառապանքիս, ճանկռել էի ամրոցը հողի` գրկելով սիրտս թռչնաբույն, ու սպասել միայն քեզ, իմ Կանաչ Ֆեմիդա…

***

Նույթուժրեվահ Ես լսում եմ ղողանջը Յուպիտերի, կրծքերից ժայռի թափվում է կաթը, մանուշակները դառնում են տատրակներ, հրեշտակները փաթաթվում են փետուրներով լռության, ցորենը վերադառնում է տիեզերք, երկնքի երգեհոնից ցած գլորվող ձայնը չի փշրվում գեղեցիկ աչքերով տղան, ում հետ ծերանալու եմ` պատահաբար գտնում է բանալին… Սիրտը երջանկություն է…

***

Քլիսետ Թախիծն ապստամբում է, ճարպիկ լարախաղացն ուր որ է կհասնի արևին, ես տեսնում եմ մահը տերևների, աշունը բորբոսի պես տարածվում է, ոչինչ, ոչինչ չեմ հիշում. կանայք , ովքեր ունեին գեղեցիկ պատյան` մերկացել են մինչև հոգի և սարսափազդու է տեսարանն այս, որովհետև նա, ում աչքերը կապել էին` արթնացել է թմբիրից…


Комментариев нет:

Отправить комментарий