Որոնել

среда, 26 сентября 2018 г.

Ռուզաննա Սուքիասյան․ Հիմա, երբ Իթակեում նորից աշուն է

Ռուզաննա Սուքիասյան






















հիմա, երբ Իթակեում նորից աշուն է,
հավերժության չափ երկար, չավարտվող աշուն,
ես գիտեմ՝
նրանք այստեղ են՝
ֆոն Թրիերի երեք մուրացկանները՝
քո տարածության ամեն անկյունադարձին:
հիմա, երբ կեսգիշերը կիսամերկ ծառերին է թափվում՝
վառ թողնելով միայն
ճյուղին նստած բուի անթարթ հայացքը
ու լույսը այն աստղերի,
որ վաղուց արդեն գոյություն չունեն,
դու որոշեցիր հետևել Նրան՝
բարբարոսների ընկեցիկ սրբին,
դեպի խավարը հավիտենական՝
մեկ առ մեկ հավաքելու
յոթ մահացու մեղքեր դարձած
յոթ հանդերձները Նրա:
հիմա, երբ էլ փախուստ չկա հայելիների մեջ,
մարդկանց գծային ժամանակը քեզ լքեց
երազների սահմանագծին,
որտեղից անդին մղձավանջներն են,
որտեղից անդին գալիքը միայն
անցած Եդեմի արտացոլումն է,
որից փախչում եք անվերջանալի դարերի միջով
շամանը, քուրմը, կախարդը և դու:
հիմա, երբ Իթակեում նորից աշուն է,
հավերժության չափ երկար, չավարտվող աշուն,
դու դուրս ես էվկլիդյան տարածությունից,
դու տուն չունես,
դու թափառական ես,
ու երեք մուրացկանները քեզ սիրում են
առավել, քան երբևէ,
հավատարմորեն,
մինչև որ ճահճանման այս հողը քեզ կուլ տա…
խոնավ ու մութ հողի երախը,
ես գիտեմ՝
դուք այստեղ արդեն եղել եք՝
շամանը, քուրմը, կախարդը և դու.
դուք Նրա յոթ հանդերձներն էիք հավաքում…

***

միֆական գարուն:
երկնքի խորքը մխրճվող ծառերը
Պերսեփոնեի հազարավոր ձեռքերն են`
անդրաշխարհից աճած:
մութն ու լույսը շուտով կհամբուրեն իրար:
ավարտից հետո հերթական սկիզբն է,
և դու նորից բովանդակ Իթակեի արքան ես:
մենք դուրս ենք ժամանակից,
մենք գոյություն չունենք
անծիսակարգ այս դարում:
երկու լռությունների միջակայքում հնչող
մի քանի նոտա.
սա է կյանքը և ուրիշ ոչինչ`
քաոտիկ ռապսոդիա կամ վիեննական վալս,
ինչպես ցանկանաս կամ ինչպես ստացվի:
պարզապես գտիր ու ապրիր քո միֆը:
դա առավելագույնն է,
ինչ թույլ է տալիս
մեր կաղապարված
գոյության սահմանը:
որպես տիեզերական սարդոստայնի
երկու մանրաթել`
գրեթե անտեսանելի,
մենք կախված ենք հարատևության
զույգ նժարներից:
երբ անցյալն ու գալիքը
փակ են ու խավար,
սովորենք, ուրեմն,
սիրել ճանապարհը,
որ մի ակնթարթ մերն է լինելու:
մինչդեռ չարախինդ Քրոնոսը
ջնջում է մեր հետքերը
գոյության մյուս ծայրից:
թաքցրու իմ մասին հիշողությունը
դեգերումներիդ վերջին հանգրվանում:
անշարժացումը նույն ինքը` մահն է,
սակայն նույն կետից
միաժամանակ,
և նույն ուղղությամբ
սլանալ չի կարող երկու նետ:
այս հավերժական լաբիրինթոսից
ելքը դեռ չի գտել ոչ ոք,
գուցե հենց այն պատճառով միայն,
որ ելքի մասին մոռանալն է ելքը:
փորձենք, ուրեմն, մոռանալ:
Դեմետրան, թանձր քամի դարձած,
համբուրում է դստեր հազարավոր ձեռքերը.
Դեմետրան հարության հրաշք է խոստանում:
տիեզերքը սպասում է,
տիեզերքը լուռ է:
ես եմ վերադարձը,
ես եմ Իթակեն` քո միակ տունը`
քսանչորսերորդ գարնան անձրևներով արբած:
ապրիր ինձ հետ, իմ կողքին, իմ մեջ,
քանի դեռ մերն է միֆական այս գարունը:

***
վալպուրգյան գիշեր

ես ճանապարհ եմ, որով դու
չքայլեցիր երբեք,
ես քո փշրած հայելին եմ,
քո կոտրած խաղալիքը…
իսկ հիմա արտահերթ
վալպուրգյան գիշեր է,
նորոգումի գիշեր,
իսկ հիմա նրանք գալիս են,
նրանք շատ են ու
սև,
խավարի տերերը:
նայեք, պարոնայք,
ես կնոջ մարմին եմ՝
ջահել ու անբիծ,
փառաբանեք ինձ,
բաց արեք կուրծքս,
հպվեք ազդրերիս,
ճաշակեք մարմինս ու արյունս խմեք,
որ հաց ու գինի չեն,
այլ հենց միս ու արյուն:
շարունակենք, պարոնայք,
հոգու սթրիփթիզը,
թողեք վիրահատեմ,
բացեմ ձեր հոգին,
ու ոչինչ,
եթե չափազանց տգեղ եք:
բաց թողեք իրականությունն
ու արտաշնչեք աշխարհը,
ոչինչ իրական չէ և գոյություն չունի,
սա անկանոն խաղ է,
սոսկ մտավարժանք,
չարքերի անարխիկ գրոհ ու նահանջ:
ես հերթական միակն եմ,
ես կամ ու չկամ,
մտապահեք ինձ՝
որպես վերջինը Իշտարի տոհմից
կամ, ավելի լավ է,
մոռացեք իսպառ:
գիշերվա սլաքները կանցնեն իմ միջով
ու կմաքրեն ինձ,
ես մտապատրանք եմ,
որը դու պահել չկարողացար…

***

շուտով կեսգիշեր կլինի,
սև կատուն կթռչի տանիքից տանիք՝
իր կեռ պոչի հետ
չլուսացող գիշերների անեծքը քարշ տալով:

այստեղ հազարամյա անձրևներ են բնակվում,
սա լուսնամահիկի հավերժությունն է՝
իմ ու քո խոնավ տարածությունը,
որ ուրիշ ոչ ոք, ոչ մի տեղ չունի:

խոստացիր ինձ փախչող ակնթարթի վայելքը.
դու Ծիր Կաթինը տեսածի աչքերն ունես,
ու ես մերկ եմ քո հայացքի առաջ՝
թափանցիկ երազներով:

մնա ինձ հետ,
անքնությունից հոգնած գլուխդ դիր իմ ծնկներին,
ես քեզ կթաղեմ աստղափոշու մեջ,
իմ տեղատվության խավար ջրերում կսուզեմ հոգիդ:

ես աստղածովի աստվածուհին եմ՝
ծովախեցու ձայնով,
դու սիրում ես մարգարիտներ հավաքել իմ ափերից,
դու իմ ալիքների թաց համբույրն ես սիրում:

լուսնամահիկը կիսաժպտում է,
հաշվիր մինչև ութը,
սուզվիր քայլ առ քայլ.
միայն իմ միջով կարող ես հեռանալ ինձնից:

***

Պարզապես նոյեմբերը մնաց քո փոխարեն,
որ ժպիտդ պահի
լիալուսնից հետո ապրող դատարկի մեջ:
Իմ նոյեմբերը գույներ չուներ,
ու դեղնակարմիր տերևներ չկային ծառերից իջնող,
ինչպես արցունքները,
որ ժամանակից շուտ վրա հասան:
Երբ երազներդ փաթաթվեցին ոտքերիդ`
շղթայելու ինձ քո նվիրած ազատությամբ,
նոյեմբերը զարկերակիս մեջ մաքրվեց
ու արյուն դարձած նստեց շուրթերիս`
գույնի փոխարեն:
Գուցե շուրջս ամեն ինչ կարմիր ներկեմ,
որ նոյեմբերն ինձ մոռանա: 


***

իմ և քո միջև ժամանակի վիհեր են,
որ ոչնչով չես լցնի այլևս:
փորձիր երեկոյի դատարկը մեղմել
մի բաժակ սուրճով.
չի ստացվի, թերևս:
ու ոչինչ տեղում չէ,
ոչինչ տեղին չէ:
տեղահան են բառերն անգամ`
ցաքուցրիվ,
ֆրագմենտացված,
պատառոտված երբեմն:
իմ և իմ միջև ժամանակի վիհեր են,
ես փորձում եմ հավաքել ժամանակն
ու սեղմել անցյալի մեջ,
համայնապատկեր ստանալ
կամ ֆիլմաշար`
հաջորդական ու հստակ:
չի ստացվի,
չի ստացվում, թերևս:
հատուկենտ, ցրված`
գույն,
բառ,
շարժում,
հայացք,
որ չեն դառնում պատկեր:
«ես և դու»,
որ չի դառնում «մենք»,
որքան էլ սոսնձես:
չի բացվում շրջանը,
սկիզբն ու ավարտը
նույն ուրվագիծն ունեն,
ու ոչինչ տեղում չէ,
ոչինչ տեղին չէ`
կարոտելն անգամ
կամ սիրելը:
ապրիր ինձ,
որպես ինքն իր մեջ սպառվող ակնթարթ,

ու բաց թող:   

                                    

Комментариев нет:

Отправить комментарий