Որոնել

пятница, 21 сентября 2018 г.

Հայաստան` իմ սեր. անկախության պոեզիա

Նկարը՝ Արտավազդ և Աղասի Թալալյանների





















Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։

Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի՛ արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը:


Հրաչյա Սարուխան

***
Եվ աշունը դանդաղ
սափրում է գույները քո,
քամին կրկնում է անվերջ
անավարտ պարտիտուրը մինորի:
Ես գողացա տխրությունդ, քաղաք,
սեթևեթ իմ աղջիկ:
Ինձ կորցրու փեշերիդ մեջ դեղնած
շրջանցիկ:

Վարդան Սմբատյան

***

Հայաստան

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

Հովհաննես Գրիգորյան


***

Հայաստան

Մարտիրոս Սարյանի հիշատակին
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Սա այն երկիրն է, որ նորից գտանք:
Սա այն երկիրն է ուր բարձրյալը
Նախաստեղծ կավից արարում էր կյանք:

Ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում…
Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:
Հեռվում սքողված արարման ակունք,
-Արոր ու ակոս հերկած կտավին։

Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–
Հողն իրենով է Լույսը երիզել…
Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,
Հասունացել ու կաթում է թուզը:

Ձորի պռնկից կախված խաչքարեր,
Այրվող խնկի ծառ դեղին կտավին։
Բերդապարսպին՝ մեսրոպյան գրեր,
Բերդապարսպին՝ քանդակված տավիղ:

Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Երկիրն այն, որ մենք փնտրեցինք երկար:
Սա այն երկիրն է ուր մեր անցյալը
Հավերժից հառնում, դառնում է ներկա:

Արտաշես Ղազարյան

***

Նկարը՝ Մարտիրոս Սարյանի
"Գարունը՝ Հայաստանում"














«Հայաստան» շարքից

Մեր սիրավեպը սկսվեց,երբ ես ծնվեցի։
Այսօր քո ձեռքի վրայով էի քայլել,ու նուռ էի գցել ջրի մեջ,
Հայաստան
Խրամատիդ վրա արևը ջուր է խմում։
Մոռացիր ամեն բան,որ կսպանի ինձ -
մի երեխայի շորերը հագցրու։
Արի մրգերի տակ՝
քո ստվերը որ մայրս տեսնի.
ես կկանչեմ իրեն։
Քո նուռը երկիր է,
ու իր հետ մատներով խաղում է այն երեխան,
ում շորեր էիր հագցրել։
Քեզնից շատերը հեռու են,
բայց նկար են պահել ծոցագրպանում,
որտեղ դու երգում ես օրորոցի մեջ։
Փոքրիկ-փոքրիկ են մատներդ,
որ քայլեմ վրայով ու շուտ հասնեմ ցորենի վրա։


***

Մայրս էլի կույս մնաց,Աստվա՛ծ,-
ես ծնվեցի միայն։
Արի իմ տնակ,երկիր.
ես գիտեմ՝ կանաչ ձորի վրայի աղջիկն ես,
որի վարսերը քամին հանում է վեր։


Մի խալ կա սրտիս վրա,
ներսում մի աղջիկ - նա դուռը բացի,ծաղիկը կընկնի կրծքից։
-Նման բաներ գրելու ժամանակներն են իմ։

Իմ ձեռքերը երգել էին.
լուսամուտների վրա երջանկություն դնեի,
միայն անտուն երեխաների համար երգ գրեի՝ տիեզերքի վրա։
Բարեկամս,մի մտածիր աղքատ եմ միայն։
իմ տողերի վրայով կարող են միայն անցնել հղի կանայք -
գիրքս կայրես,բարեկամս,եթե ձմեռը ցուրտ լինի Ձեր տանը։

***



Մի թարմ ծիրանի ծա՞ռ ես դու -
երկի՛ր,քեզ այսօր մտցրել եմ մորս թխած հացի մեջ։


Իմ երակների վրա էիր.
երկու որբ երեխաներ էիր,ու խաղում էիք մի անծանոթ մայրիկի հետ։
Դուք ծաղկամանի մեջ մոշ էիք գցում։

Ծիրանի վրա մի ծաղիկ դրած երկիր...

Անշտապ երջանկացնում ես մայրիկիս -
գանգրահեր տղա ես,ով ֆուտբոլ է խաղում,
մի աղջկա ծամերն է հյուսում։
Քեզ համար եմ ապրել - եթե մեծ,մեծ մարդ ես՝
ուսերիդ վրա նստել են Մոնթեն ու Աշոտ Ղուլյանը,
ու իրենց ուսապարկերն ընկել են մատներիդ վրա։
Ուսապարկերի մեջ Աստվածաշունչն է ու հացը։

Փոքրիկի բարուրը եթե կապեմ նռան ծառից ու ծիրանի ծառից,
ու փոքրիկի մատները եթե չհասնեն բարուրի միջից հացը վերցնեն
և իրեն օգնի մի տատիկ՝ անծանոթ -
կասեմ՝ այսպիսի տեսք ունես,երկիր։

Մի պատմություն էլ պատմեմ.
մանկատնից որդեգրված երեխան ես երկիր,
ով գիշերը տանը կքնի՝
մատների մեջ մոր վարսեր նկարած։

Սմբատ Բաղդասար
***

Նկարը՝ Ցոլակ Շահինյանի




















«Երկիր և Երկրիս»  շարքից

Ծիրանահասցե իմ փշոտ երկի՛ր,
նստի՛ր ծնկներիս,
որ արնաքամ և մագաղաթյա
հոգեցավերդ հոսեն
սրտումս առանց անձրևի
դու կուտակվել ես
իմ քչության մեջ
որպես մի մամուռ
ժայռերից քերված,
որ մշուշածով
հոգեալիքում սիրտը
չխեղդեց
Արցունքաերկինք
հասկերի երկիր
մկրտվի՛ր հույսի
տաք երկինքներում
դու կարմրագորգ
մեր կարոտների
Աստվածանախշ
վերջին երազն ես

***

Հոգեբիբերդ փշրեցինք, Երկի՛ր,
աղավնակտուց հույսի վանքերդ՝
նկարելով մեր դիմակաերես
հայելիներից ներս
և մարմինը քո
երկնաերազի,
Ավետյաց վաղվա
մկանը եղավ,
որ ճրագեցինք
մի պատարագում,
ուր հավատ չկար.
մեր միայնության
մահճակալի մոտ
դու կծկվեցիր
իբրև հոգեխաչ
լեռնաեդեմի,
որ հոսեց դանդաղ
քարաժայռերից
մեր աղոթատան….
չեմ լռի, Երկի՛ր,
այլ կքարկապվեմ
ձայնալարերիդ,
որ համրացան
ծամվող օրերի
ուշաթափությամբ,
չքնե՛ս հանկարծ
տառապանքների
կարմիր սավանով,
մի՛ մրսիր, Երկի՛ր
իմ փշալարված
միակ հոգեհող

Հաս Չախալյան

***

Նկարը՝ Բաժբեուկ-Մելիքյան Զուլեյկայի
" Հայկական համայնապատկերներ" շարքից
















«Ազատության Հրապարակ» շարքից

Այլևս բառ չես
Բառարանում գրված բառ էր ազատությունը,
մենք նրա մասին գիտեինք գրքերից
և հեքիաթանման ասքերից հեռվից եկող ասկետների:
Մենք որ լսել էինք նրա անունը միայն
և անգամ երկտող չէինք ստացել,
հիմա ստույգ կարդում է մեր հասցեն,
ամեն մի մանրուքը,
ու մանրամասն գիտի մեր օրը:
Նույնիսկ, թվում է, թե երկու ես ու մի մարմին ենք,
երբ լռում է մեկս, մյուսն է հսկում,
և անհնար է ձայնը լույսից տարբերել:
Ափիս մեջ նարնջագույն երիզներով
ծննդյան վկայականն է կնքված.
«Նաիրյան երկրի Նոր Հայաստան.
Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ,-
ու մի մատ խորքից գրված է
փոքրիկ ծանուցում բացիկի նման,-
մեր սպասման սիրուց ծնվեցիր,
հավատից համբերատար
ու վազեցիր մեր մեջ խայտալով,
ինչպես մեր հնագույն երկրի մանուկ աստվածն էր,
որ ծիրանագույն ծովում էր երկնել.
կրակ էր, և աչքերն էին արեգակներ»:
Մանր տառերով
այլ մանրամասներ էլ է գրված լուսանցքում.
«Այլևս բառ չես, ազատություն,
ոչ էլ ասկետի պատմած հեքիաթ.
սեպտեմբերյան թավշե օր ես,
ուր արևախառն ձյուն կա փետրվարից,
և որպես լույսից փքված առագաստ`
պարզվել ես հող ու արևին»:
 ***

Հանուն քեզ էր
Սարսուռով եմ արտաբերում քեզ,
ինչպես Աստծու անունը.
ծիրանագույն բառ ես, ազատություն,
այրում ես շուրթերս:
Մեր աչքերի երազները վառեցինք՝ զույգ ջահեր,
քո սպասման երկար գիշերին.
մեր մարմինը մեր ոգու չափ էր
ու մատաղ էր ամեն անգամ քո ծեսին,
մինչևիսկ կենաց ջուրը՝ մեր մեջքի մեջ քլքլթացող:
Եվ ի՜նչ տղաներ` հպարտ ու պայծառ,
որ հայացքով արևն էին շրջանակել,
քեզ հասնելու մեր ինքնության մարտում կյանքը տվեցին:
Հենց առաջին օրն էր` մեզ հետ էիր հանրահավաքում,
երբ փոթորկվում էր միասնական մեր ոգին.
կրակի սյունը բարձրանում երկինք
և լույսի տոն էր տիեզերքում,
իսկ լեռներից վեր հորիզոնն էր լայնանում
ճախրանքից Ազատության հրապարակի:
Օդը, ջուրը, կրակն ու հողն էլ,
մինչև իսկ մեր շնչելու իրավունքն էր քեզ համար,
և ամեն բան` շահած երազ, սիրած աղջիկ, թե կորցրած սեր,
քո անունն ուներ ու հանուն քեզ էր:
Իմ բառի թռիչքն էլ հյուսվեց
փետուրներին քո հավաքական ճախրանքի.
բանաստեղծի ճակատագրով ինձ էր տրված`
լինել վկան իմ ընդվզող երկրի անկախության,
և օրհներգեր ներբողել քեզ, ազատություն:
Հուսիկ Արա

 ***

«Բանավոր երկիր»


Երկրի ձայնը անկեղծ,
երկրի սերը անեղծ –
խմորվում են նրա հոգու մառաններում.-
թող խստամբեր հնչի ձայնը երկրի,
թող անհամբեր լինի սերը երկրի,
երբ սատանան է ժպտում հորիզոնից,
երբ կինտոներն ու փափկասուններն են
ուղենշաններ քմծիծաղով խրում երկրի ճամփեքին:-
Ոչ մի աղաղակ քեզ չի ընծայի բեղուն անդորր ու թռիչք տեւական՝
լինի ցնծության թե խավարումի ,
քանզի դեռ տիրում է նույն պատկերն անխախտ –
անբան՝ հույլ ոգին է պատռում հատորը Նախագծերի,
անբան՝ անխոս ուրուն գրասենյակներ է բացում տանիքներիդ,-
բանավոր երկիր, բանաստեղծ ամբոխ:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, երկիր իմ ուշիմ…
***
Սերը իջնում է երկրի ձեռնափերին:
Սեւը փռվում է երկրի մեջքի վրա:
Ամեն հուսալքվող որջ է աղետի:
Հիացքը երկրին Աստծո մոտ է տանում ու ետ բերում ցած`
լսելու ձայնը կորած սերունդների.
– Մեղավոր է նա, ով զորավոր ու հարուստ-շռայլ չէ,
մթին հանցանք է` ապիկար լինել թեւատարած,-
եթե չեն սիրում քո երաշտահար վերջին բացատն, անգամ`
քո անձնագրի գունատ պատճենը –
դժբախտ ես, երկիր իմ, եռապատիկ…
Հրանտ Ալեքսանյան
***

Նկարը՝ Մինաս Ավետիսյանի















Հայրենիք

Դու կլինես այնքան,
քանի դեռ ﬔնք
քեզ կընկալենք
որպես հերթական
կենաց
կամ զինվորի աճյուն,
կամ զոհված հերոս՝
ոչ կենդանի երբեք,
կամ հանճարի մատյան,
բայց չընթերցված երբեք,
կամ ձյունածածկ լեռ,
կամ կորսված հող,
որպես էգնահողի
պաշտոնական շոր,
կամ հարսանյաց՝
ըստ ճաշակի արդեն
քանի դեռ քեզ
ﬔնք կունենանք,
ինչպես
պատահական
պոռնիկի՝
նախ ﬔր գլխին դրած,
ապա գետնաքարշ
ու անարգ
քանի դեռ քեզ
ﬔնք կտիրենք,
ինչպես օտարի կին,
նախ տարփանքով,
ապա պարտադրված
հաճույքով դժնի

Դու կլինես այնքան,
քանի ﬔնք կանք
ու կխաղանք քանի
քո դարերի վրա
ﬔր դերերը փնթի,
ﬔր սերերը տռուզ
ու ﬔր վարքը լկտի
դու կլինես այնքան,
քանի դեռ կանք
ու կլվանք քանի
ﬔր ձեռքերը կեղտոտ
քո լերդացած արյան
վաղեմության հուշի
ծովերի ﬔջ հոտած
դու կլինես այնքան,
քանի դեռ կանք
ու կսպանենք քանի
քեզ ﬔր ինչքի համար
ﬔկ է՝ այլ կերպ
Չկաս ու չես լինի այնքան,
քանի դեռ չես վիժել
ﬔզ վերջնական։

Դավիթ Մշեցի

***

Այն Երկիրը, որը նման է
ուրիշ երկրների, Հայաստանը չէ,
եւ Հայաստան չէ առհասարակ.
բանաստեղծություն է, որը, գուցե,
գրել են ներշնչանքից առաջ կամ հետո,
ստվեր, որը չի ճանաչում իր լույսը,
խաղաղություն չընդգրկող պատերազմ,
ցերեկվա խավար, գիշերվա բնազդ,
մարգարե, որ ժամանակների մեջ պարապ
թափառելով՝ անհուսորեն հետ է ընկել
Ժամանակից, պարտություն է կամ
հաղթանակ, երբ ճակատամարտ չկա էլ,
մահ է, որ հասու է յուրաքանչյուրին,
ու փորձություն՝ որը չի կրելու ոչ ոք…
Իսկ բառերը – եթե նույնիսկ գրված են
քարերի վրա – ծփում են ալիքների պես
(քանզի ծնվել են առաջին ջրերից),
ուրեմն վաղուց վերեւում բերված
հերթականությունն այլեւս չունեն…

Ավագ Եփրեմյան 

***
Հայրենիքը — (ծառից կախված զղջում ու մեղք),
զառանցում էր լռության մեջ իր անունի,
իսկ մենք նստած երգում էինք երգերը մեր,
երկու պղտոր գետերի մոտ Բաբելոնի:
Եվ մեր երգերն ակունքների մոտ Եփրատի
մի աստված էր մթության մեջ լսում մենակ,
իսկ մի քամի պոկվում կողից Արարատի,
խառնում էր մեր մորուքները — ծեր ու ճերմակ:
Երգում էինք երգերը մեր — և մի լուսին
լեռնաշխարհը թաքցնում էր լույսի քողով…
Այդ մեր ձեռքն էր, որ երգի մեջ կառչած հույսին,
հայրենիքի մեռած դեմքն էր ծածկում հողով:
Հենրիկ Էդոյան
***
Ես չեմ կարող առանց քեզ,
Մի օր գալու եմ
Եվ պատգամ եմ բերելու,
Նույնքան արժեզուրկ
Ու նույնքան իմաստուն,
Որոնք եղել են անցյալում…
Հետո ի՞նչ,
Թե նորից քո փողոցներում
Անիմաստ ապրող
Անիմաստ պպզող
Ու անիմաստ երեսիդ թքողներ են
Լինելու:
Հետո ի՞նչ.
Որ Կոմիտասիդ
Սադրողը
Թքողների համքարության
Վաստակավորն է:
Հետո ի՞նչ,
Թե ես պատգամ եմ բերելու…
Աշոտ Գաբրիելյան
***

Նկարը՝ Գաբրիել Գյուրջյանի
















Հայաստանը
Մագաղաթյա փոքրիկ ու խունացած մի թերթ,
որի վրա առաջ Հիսուսն ինքն է խաչվել,
հիմա՝ իմ աչքերը:
 Արմեն Մարտիրոսյան
***
«Նաիրյան էլէգիաներ» շարքից
Տղամարդու չեղած դառը արցունքներով,
Որ մրմուռ են դառնամ, այրում կոկորդն ի վար,
Անթիվ կորուստներից իմ պաշարված սիրով
Ուզում եմ քեզ հիմա ամուր գրկել ու լալ։
Սովից ընդարմացած, հիվանդ հայացքներից,
Որոնք չեն ընկալում տեսանելի ոչինչ,
Կսարսափեր անգամ այն Հոբ Երանելին՝
Ուրանալով և Տեր, և փառք, և ամեն ինչ։
Ահա, այդ խելագար հայացքների առաջ,
Որ սրերի նման փորոտիք են թափում՝
Արնոտում են բառերն իմ շուրթերը սառած՝
Որպես մահվան նվագ՝ ցնդող հայրենիքում։
Խաչիկ Մանուկյան

***

Նկարը՝ Մհեր Չատինյանի

















Հայրենիք

Քո քարերից պոկվում են թռչունները ,
դղրդում է հողը անտառներիդ,
տիեզերքը լողում է ջրերիդ մատուռներում,
որովհետև ամենամեծ ձուկն է.
ես դեռ մեկուկես միլիոն կյանք լռելու եմ,
երբ արտաբերեն անունդ,
երբ կոչեն քեզ կին կամ սիրուհի,
վերջին սեր կամ հայրենիք.
դեռ մեկուկես միլիոն կյանք ապրելու եմ,
երբ աղաջրով թերթեմ մանկությանս գրերը`
նվիրված միայն քեզ` բլուրահոտ իմ ծաղրածու,
երբ պոետներից, նկարիչներից, քանդակագործներից,
աշխարհից ծածուկ կրծոտեմ մատներիցդ ցատկող ծառերը.
դեռ մեկուկես միլիոն կյանք լինելու եմ գրկումդ,
երբ փորձեն հայհոյել պատիվդ,
երբ ցեխագունդ նետեն հարսնաշորիդ վրա,
պատառոտեն մորուքն Աստծո,
որ քողն է քո,
որովհետև քեզանից հեռու ապրելը
միայն մահ է ու ԲԱՌ…


Սաթեն Վարդանյան

***

Նկարը՝ Արամազդ Սահակյանի
















«Քաղաք» շարքից 

Դու անլաց մեռնում էիր, հայրենիք,
ու սևսիրտ կանայք 
իրենց պարանոցին տանում էին
երակը հողի,
ու մռնչացող տղամարդիկ
իրենց մեջքին տեղավորում էին
երգեհոնը Աստծու.
ինձ ու քեզ փորձեցին բաժանել
կենսավարտով ձանձրալի՝
մենք ծիծաղեցինք, հայրենիք,
որովհետև կապված էինք
ամենասովորական 
անզատելի պորտալարով...

***

Թախծախեղդ քաղաք իմ, Երևա'ն, 
որդեկորույս մայր` սև գլխաշորով`
ասեղնագործված մարգարիտներով
բյուր արցունքների ու հառաչանքի,
բիբերիդ խաչված լուսաբացներով,
որ չեկան երբեք ու չփրկեցին
քո հավատների օրը յոթերորդ, 
և լուսինն ընկավ աստղաջրերիդ...

Դու իմ մեջ լռած բանաստեղծություն`
ծեր հիշողությամբ, մշտարթուն սպասում,
և' սեր երդվյալ , և' կարմիր կարոտ ,  
Աստծո մենության չափ տխրած
իմ քաղաք` վարդագույն սրտով, 
ստվերներով գունատ ու թափառական,
ես լուսնիդ ճամփան` հրե աստղերով,
դու` հավատներիս օրը յոթերորդ...

***

Տար իմ կարոտը, Հո'ղ, 
ջրիր դեղին ծաղիկների
հոգեպահուստ լացով,
գրկիր արյունած ծնկներս,
և օրորիր չարչարված
հավատս երգով մայրական, 
քանզի իմ հիշողության
հաստաբուն կաղնու
լինելիության արմատները 
պարարտացված են
առասպելներով կապույտ...

Պատմիր լույսին, Հո'ղ,
որ իմ աչքերը
ուխտատեղին են
հրացոլ արևների,
և հոգնատանջ սիրտս 
հազարամյա սպասումի
լքված վանք է,
որ մնացած ամեն բան 
փոշիացած թախիծ է,
և սերը` անփույթ մեկի
ցեխոտ ոտնահետքն է` 
օրերի դեմքին հյուծախտավոր...

***

Ոսկեծամ հեքիաթի դյութական քաղա'ք,
որ հմայում ես իմ հոգնած սրտի կարոտը անբառ,
քո կտուրներին ես բաց եմ թողել
լուսինը արծաթ,
քո փողոցներում ես իմ հաշտության
երգն եմ կորցրել...

Հրեղեն ձիեր են անցնում դոփյունով անսանձ,
ու պատուհանիդ տակ 
մի տաք գիշեր է` կարմիր հեքիաթի,
մազերիս իջնում է հեզ սոսափյունը քո քամու արձակ,
երկնքից թափվում է մի ոսկեանուրջ  
կապույտ կախարդանք...

Մոռացումների գանգրահեր քաղաք`
ծուռ տանիքներով,
որ մի օր տեսել ես դիվային ցոլքը
հրատ աստղերի,
Բե'ր հոգնած սրտիս մի դեղին սփոփանք,
հաշտության երգով 
իմ կարոտների ցավը օրորիր...


Մարգարետ Ասլանյան

Նկարը՝ Արամազդ Սահակյանի
"Աշունը հին Նորքում"





Комментариев нет:

Отправить комментарий