Որոնել

Показаны сообщения с ярлыком Հալինա Կրուկ. բանաստեղծություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հալինա Կրուկ. բանաստեղծություններ. Показать все сообщения

воскресенье, 15 июля 2018 г.

Հալինա Կրուկ. բանաստեղծություններ

Հալինա Կրուկ (1974 Լվով, Ուկրաինա)






















Ու վաղ աշնանային մի օր,
երբ մտքերիդ կպչուն պարսը
չի արթնացնի քեզ լուսաբացին`
երազի այն վերջին հենակետում մարտական,
որից այլևս փախչելու տեղ չունես,
հետ կշրջվես հանկարծ`
կարծես առաջին անգամ տեսնելով –
տունը բարձունքին`
ամբողջովին մացառների մեջ
վայրի խաղողենու և քրիզանթեմի,
մահճակալը ճգնավոր,
որ հիշում է բոլոր աղոթքները իր լսած,
ծանր բնավորության մարդը` պատի հետևում,
ում հետ կյանքը հեշտ չտրվեց…
ընդունի՛ր պարտությունդ,
վերջ ի վերջո ընդունի՛ր պարտությունդ
այն վիրավոր աշնանը,
որը խմբից հետ մնացած զինվորի պես,
ուժասպառ,
քարշ է տալիս իր հետևից հետքերն արյան –
հեռու մարդկանցից,
հեռու նրանց խզզացող ռադիոընդունիչից,
որ ամեն ժամ
նորություններ է հաղորդում ճակատային գծից,
հեռու ճակատային գծից,
որ չի լինում երբեք ուղիղ, հորիզոնի պես,
դեռ ավելին` միշտ բեկանված,
ինչպես լեզուն` զավթված երկրամասում,
ինչպես կարդիոգրամը սրտիդ,
որ զարկում է դեռ ինքնիրեն,
չզարկվելո՛ւ իրավունքով…


***

Փոքր ծառերի մեր աշունը
Գրիցկո Չուբայի հսկա ծառին

Այսպես, սկսվում է փոքր ծառերի մեր աշունը,

գրականությունը դեղնում է ավելի շուտ,
քան տերևները,
ոմանք նույնիսկ կարծում են,
թե այն հասել է արդեն
ամենայն բարուն, բանականին, հավերժին,
էությանը ճշմարիտ մարդկային գոյի,
մերձեցել հույսերի հորիզոնին
միջին ուկրաինացու,
ուր մարդու գլխին փլվող պատուհաս են գրքերը-կես,
նաև` հույժ խնամվածները
սովետական կոկիկ տարիներից:
Ինչո՞վ կավարտվի փոքր ծառերի մեր աշունը,
երբ նրանցից այնկողմ անտառներ չկան…
Եթե գրողը – պարզապես մարդն է `
անհուսության մեջ,
պարզապես մարդը` հասած ինքնահոսի,
մա՞րդն է պարզապես:


***

Սիլվիա Փլաթին

Օ՛, Սիլվիա, շուրջս ծուղակ է լարել

չթի դաշտերում վանդականախշ,

շուրջս, այո, ծուղակ է լարել
վուշի դաշտերում գծանախշ,

ուզում է բռնել,
օղակ հագցնել, Սիլվիա, ուզում է
դաշտերում բամբակի` թեթև, ինչպես մոռացում,

սահմաններ դնել, ներառել հոգիս ինչ-որ մատյանում`
որպես բնաջնջվող տեսակ, Սիլվիա,

երկու-երեք մանչերով կապել ոտքս,
որ չկարենամ երբեմն լքել իրեն, այլ միայն`

քաղհանել դաշտերը վանդականախշ,

ոռոգել գծանախշ դաշտերը,

ուժասպառ լինել, նստել
դաշտերում բամբակի` թեթև, ինչպես մոռացում…

Օ՛, Սիլվիա, ինչո՞ւ կինն ավելի թանկ պիտի վճարի
ազատության գինը, քան Ամերիկան:


***
Երբեմն այցելում է ինձ չեչեն կինը մահապարտ,
նստում է սեղանի մոտ,
ու մենք երկար զրուցում ենք երեխաներից,
էլ ինչի՞ց կարող են զրուցել երկու
պայծառադեմ կանայք:
– Երեկ որդիս առաջին անգամ հարցրեց
մահվան մասին,- ասում եմ,-
ու ես շփոթված փորձում էի բացատրել`
ինչ է բանը:
– Իմ որդին ինձ հասկանում է առանց մի խոսքի,- պատասխանում է,-
գիտե՞ս, նրանք հիմա այնքան շուտ են զարգանում,
նախքան առաջին կրակոցը…
<<Նախքան առաջին հաղորդությունը>>- մտածում եմ,
բայց դա արդեն հավերժության մեղմ ընկալումից է մեր:
Այնպես ենք ջանում արժանապատիվ
դաստիարակել մեր զավակներին,
որ նրանք ի վերջո մեռնում են սեփական արժանապատվության կորստից…
– A la guerre comme a la guerre,-
ասում է նա` ելնելով ֆրանսիական բանասիրության
ու չեչենական պատերազմի իր փորձից,
ու ես ոչնչով չեմ կարող հակադարձել նրան իմ ուկրաինականից`
ծանրաբեռնված անտեղի փաղաքշական ածանցներով
ու փափկասուն նշաններով…
Այնպես խնամքով ենք սովորեցնում մեր զավակներին` լինել քաղաքավարի,
որ նրանք ի վերջո մեռնում են անվստահությունից…
– Աշխարհն ուրիշ ելք չի՛ թողնում,-
ասում է նա` հրաժեշտ տալիս,
ու ես շտկում եմ նրա դուրս թափված մազերը:
Փարթամ սև մազեր…
Իսկ թանկարժեք զինվորական կոշիկների
կրունկների տակ –
տանուլ տված մոր դերը`
ռուսական դրամարկղային մյուզիքլում…
























Թարգամնությունը՝  Էդուարդ Հարենցի