Բարև... Այդ ես եմ...
Իմ քաղաքում սեպտեմբեր է,
Թախիծը մտել է աշնան անկողին,
Աղավնիները վաղու՜ց ինձ լքել են,
Հիշողությունս խոնավ է մի քիչ...
Գիշերապահում է անձրևը մետաքս,
Ու բլուրներին մշուշն է մեռնում,
Վարդաբույր հրդեհ է բիբերում հոգնած,
Ու մերկ ծառերը քամուն են տրվում...
Լիալուսինը` մատնահետք Աստծո,
Ճաղատ աստղերը` սպասման կիսադեմ,
Ես քեզ ներում եմ մեղքերը քո սև
Ու մենակության նժույգը վարգում...
Այդ ես եմ... Բարև,
Դեռ սեպտեմբեր է իմ հին քաղաքում,
Աղավնիներս վերադարձե՜լ են,
Հիշողությունս` որդի անառակ...
Մարդիկ ասում էին,
որ վաղվա աշունը
չվող երամի հետքը կդառնա
երկնքի սրտին, ու դեռ կանձրևի
կանաչաչյա կյանքը՝
հորդող կարոտի դեղին արցունքով,
և գալիք ձմեռը հողմով կողբա՝
հեռուն տենչացող թռիչքը սանձված
ու մահ կբերի՝ մահ համատարած,
բայց ես սիրում էի, ուստի էլ ի՞նչ մահ...
Ես քեզ սիրում էի...
Գրքերիս արանքում
թափթփված կյանքի
բոլոր էջերում սևագրում էի
անգո գարուններ
ու լողացող ամպերի անբիծ սպիտակին
խզբզում անունդ,
որ հետո թրջվում էր
աշուն անձրևող աչքի արցունքից
և արտագրվում հազար անգամներ
իմ սիրած տետրի վերջին էջերում,
թղթերիս արանքում
թափթփված կյանքի
երկուսներ ստացած դասերում խրթին...
Ես քեզ սիրում էի...
Դաշնամուրի ստեղները
հորինում էին քեզ որպես մեղեդի՝
կարոտի մասին,
և գրիչս լացում էր բացակայությունդ՝
մատներիս դողը սեղմող բռունցքում,
ու պատուհանի գոգին թառած ճնճղուկները
ցնցվում էին ապակիները կոտրող
թեյի բաժակից,
դեկտեմբերը լռում էր ամոթից,
մարդիկ ասում էին՝ ամեն բան կանցնի ...
Ես քեզ սիրում էի...
Ճմրթված թղթե նավակներս
լողում էին ջրափոսերում,
ու փողոցների ամայության մեջ
մեռնում էր սպասումս,
չուղարկված նամակներս
Բալզակի գրքի հարյուր ութերորդ էջում
ամեն անգամ ժպիտով կարդում էր
ծեր գրադարանավարուհին,
ու սեր երազում՝ մի քիչ տխրելով,
օդում քարացած մի ճիչ էր խեղդվում.
մոտավորապես ես պիտի ապրեի...
Ես քեզ սիրում էի...
Ձեռքիս ժամացույցը
կանգնում էր երջանկությունից`
թե չեմ սխալվում
երեքին ուղիղ մեկ քառորդ պակաս,
ամանորին ես միշտ պահում էի
մի հին երազանք ու այն տաք ծածկում,
որ էլ չմրսի.
քեզնով հիվանդանալը դարձավ սովորություն,
լեթարգիկ քնով տարվելը՝ որպես հետևանք,
հետո մտքերը սղոցում էին հոգնած ուղեղս
և մի լավ ընկեր տարեդարձիս բացիկում
հիշողության կորուստ
ինձ սրտանց մաղթեց...
Ես քեզ սիրում էի...
Ձմեռային վերարկուիս գրպանում գտա
թաշկինակի մեջ չորացրած
վարդի թերթիկներ
ու անցյալը նորից խեղդեց կոկորդս.
փորձեցի հազալ քեզ՝
բժիշկն ասաց գաղտնի թոքաբորբ է,
ես էլ ժպտացի, որ կրկնվում ես
արդեն որերորդ անգամ ու մնում իմ մեջ՝
դառնալով արյուն,
մայրս թեյ բերեց քո նվիրած բաժակով,
ճնճղուկները նորից
կուչ եկան լուսամուտներին...
Հ. Գ. Հոկտեմբեր է,
ես երջանիկ եմ,
բայց անուղղելիորեն
չեմ կորցնում հիշողությունս...