Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Մարգարետ Ասլանյան. "Կարմիր քաղաքներ" գրքից

Մարգարետ Ասլանյան (1990, Երևան)

"Կարմիր քաղաքներ" գիրք, բանաստեղծություններ
Տպագրությունը` 2017թ





















Դարձիր ինձ համար
երջանկության ամենաերկար 
ճանապարհը, և ես կլինեմ քո
ամենասպասված վերադարձը,
որին չի հավատացել աշխարհում ոչ ոք...

Ընտելացրու ինձ հակառակ դռներին,
և ես կսովորեցնեմ քեզ` 
բոլոր հնարավոր ու անհնարին
ելքերի անտես մուտքերից
դուրս գալ որպես մարդ...

Ցույց տուր ամենավերջին
քավարանը և ես կսերտեմ
ջրերի վրայով քայլելու ամենահին
գաղտնիքը, որ մնացել է 
միակ Խաչյալի ոտնահետքերին...

Նվիրիր ինձ քո մերկությունը,
և ես կպատմեմ ինչպես
չմեռնել տկլորությունից
անկիրք աշխարհի ու ծնվել ծաղիկ` 
վերջին Եդեմում...

Լաց եղիր ինձ հետ
դեղնանկումների մամռոտ քարի մոտ,
և ես քեզ կտամ ոսկե թռիչքի
հրաշեկ թևեր, որ դու հասկանաս`
ոնց են նվիրվում ընկածներն անլաց...

Հավատացրու ինձ,
որ աշխարհին նայելու ամենագեղեցիկ
հայացքը` լռությունն է, և ես կպատմեմ,
թե ինչ էին տեսնում 
Հիսուսի մեղրագույն աչքերը` 
շեղբեր թարթելիս...

Սովորեցրու ինձ համբերել,
և ես կհուշեմ, թե ինչպես ներել
մեռնելուց հետո,
ինչպես ճիշտ ապրել 
ու ինչպես գրկել` առանց ձեռքերի...

***

Այս փողոցներն աշխարհի վրա
թափթփված իմ մենատներն են`
մանկության վերարկուի գրպանում
պահված անանուխի բույրով, 
և վառարանում բոցկլտացող
լռությունը վերջին հացով
փոխանակած ցախ է,
որի կեղևը լքյալ բառերի
մաշկն է խորշոմած,
ուր խզբզել են արևի մասին
բանաստեղծություն, 
և սերը երբեք կիրակնամուտին
չի եղել հաշտ օդ...

Իմ բաժին քաղաքը` 
սև կոշիկների կարմիր հետքերով,
և նորալուսնի երկու օրական
աստղիկով տխուր, որ հրաժարվեց 
տիեզերակաթից` 
կանաչի տենդում
անունս տալով, և ըմբոստությանն 
իմ բախտալույսի լուռ հավատալով`
երկինքը հատեց. 
ի՜նչ ցուրտ էր, Տե'ր իմ, 
ջարդված ամպերի հավասարներում,
երբ սապատավոր էր զգայությունս որբ,
և սեթևեթող կյանքը միջանցիկ 
կոշկավոր օր էր, ես` հավետ բոբիկ...

Ինձ աշխարհից բաժանող դուռը
չունի միջանցք, 
ես հիշում եմ դեպի մուտք ուղեկցողների 
արծաթե արցունքները,
որոնք մետաղադրամի զրնգոց էին, 
և ելքի մոտ դիմավորողն
իր ոսկորներին կարմիր սպի ուներ` 
բոսորաբորբ  հիշողության,
մինչ կատարյալ ճանաչողությունը
եզրին էր, ուր աշխարհն իմ մեջ,
ես` դուրս դրանից,
և սերը երդվյալ` անդունդի ծայրին
քամուց օրորվող վերջին մանուշակ...

***

Անքնության բրաբիոն...
Լուսադեմին սև նժույգներ են անցնում 
ձմռան թանձրամութ կիրճերով,
ես քայլում եմ փշե հիշողության 
թեքերով շրջանցիկ,
ուր ծղրիդների սպանդ է, 
և տիղմե թաթերով խավարը
գրկել է ժամանակի թքից խոնավ
լուսինը, որ առաջին մեղադրանքի
քարն է` նետված Աստծո դեմքին,
և հողի տակ անցած ցնծությունը
ավերչի, որ երակե-երակ հոսում է
միտումնավոր թմբիրներում`
փոխանցվելով շրջապտույտ...

Ձեռքերս փորագրված 
սառույցներ են, որոնց 
անհեկտար հարթությունն 
ինչ-որ ժամանակ ջրել են 
տաք ու այրող արյունով` 
երբեք չհպատակվող 
խառնաշփոթների,
բայց այդպես էլ չեն հաղթահարել 
արմատական ցուրտը, 
որի մի հպումից զարկերակն
անվարժանում է անզոր,
սակայն մեղսաշարժ 
չի կարողանում 
երբեք կանգ առնել, 
որովհետև
դիվային գետեր են 
իմ երակները...

Շուրթերիս արյունած ոչ մի թռչուն
դեռ չի  վերադարձել 
մահե ճամփորդությունից,
և չի թողել փետրահետք անգամ
իմ պարանոցի մետաքսներին,
ուր ֆրիսսոն լռությունը
մանրաքանդակ ճիչ է, 
որ ծպտվել է  թափթփված 
այգերի սավաններին պաղշունչ...



























***

Ոչ մի օր, ոչ մի օր դու չես գալիս...
օրացույցում արյուն է 
դառնում կարոտը,
ծերանում է այգը,
սպասման վտակը 
լցվում է մահվան գետ,
արծաթվում են 
վարսերը հիշողության,
հիվանդանում է բառը,
ճանապարհները
փակուղվում են,
լռությունը խտանում է
երակներում,
գիշերը գրկում է 
մերկությունն իմ,
քամին պարում է
ոսկորներում
անցյալի ...

Ոչ մի օր, ոչ մի օր դու չես գալիս...
կոպերիս թանձրանում է
հորիզոնը,
մոռացության ձյունը
մաղում է բիբերիս,
վերջին 
բանաստեղծության պես
ծանրանում է հայացքս, 
տառապանքը շրջում է
մենության հովիտներով`
փաթաթված ճերմակ
սավանի մեջ,
վայր են ընկնում
հյուսիսի աստղերը,
ամայությունը
սնդիկի պես լցվում է
հատակն աչքերիս.
ես վերադառնում եմ սևին,
որ սրբագրեմ ճակատագիրը...

***

Վերցրու իմ 
մեղավոր աչքերից
անինքնություն 
թախիծները,
և վերադարձրու
կորսված օրերի
ոսկեծամ եզերքը 
թևող անուրջներով,
մեղմիր հիշողության 
սուր հոդացավը,
և դատարկության 
չեզոք դեմքին տնկիր 
ծաղիկը վերածնության`
ազատելով շնչառությունս
հառաչանքի փշերից, 
և ասա, որ սպասումի
ճերմակ նավակները 
չեն խորտակվել
մահվան գետերում 
հրահատակ...

Իջիր հպարտության
բարձրաբերձ ժայռից,
և ջրիր կարոտներիս
մարգագետինը
բոսոր արցունքներով
պարտված օրերի,
փարվիր հողաթմբին
ննջող երազների,
և մանուշակներին
երգիր օրորոցային,
թաղիր արցունքներս
վանկերում ուշացած
խոստովանության,
կարկատիր մեր միջև
ընկած հավերժությունը
ծիածանով վերադարձի,
և ես կխոստովանեմ,
որ աշխարհ եմ եկել 
քո ողից, և ես կներեմ
բացակայությունդ...

***

Ես կխմեմ անունդ
վերջալույսի սև բաժակով,
և մենության դաշտերում
օրորվող հիրիկները
կազատեն մարմինս
դառը հիշողության
զոլավոր ցեցից,
կոպերիս կննջեն
խոնավ հեկեկանքի 
օղակներն անտես,
թարթիչներիս կիջնի
հրաժեշտի եղյամ,
կքարանան բառերը,
և հող կդառնա 
մխացող կարոտի 
մեղքը վերջին...

Ամայության լանջին
կմեռնեն ցնորքները
խելագար օրերի,
և մազերիս մեջ
արձակ ծիծաղով
կթաղվի արևի ոսկին,
ուր ես կփնտրեմ
կարմիր շավիղները
թևավոր շուշանների,
մոռացության
հովիտներում
կպատվաստեմ 
հիշատակներ լույսի,
և կհավատամ, որ մի օր
դու կփայփայես անունս
եթերով դարձի...

***

Սակուրայի եթերով ծածկված Կի'ն,
Աշունը մնաց յոթ սար այն կողմ,
Քո մաշկի տակ խաղաղվեց
Գազանը Կիոտոյի, և բջիջներդ
Լոտոսներ դարձան...

Քամին համբուրեց ստինքներդ`
Յոթ ձմեռ թափելով արգանդից քո,
Էդելվեյսների պարտեզ դարձավ լեզուդ,
Եվ չմեռար խայթերից դեղին օձերի.
Ամռան արև կար ոտքերիդ արանքում ...

Մեդուզաները քայքայեցին մարմինդ`
Վարսերդ ջրիմուռներ դարձնելով,
Անհայրենիք ձկներ լցվեցին ջրերիդ մեջ.
Քավության պես կանաչ էին աչքերդ,
Եվ գազանը Կիոտոյի` յոթ գարուն  ապրած...





















***

Հիմա, երբ հիշողությունը փուշ է,
և ամայության հովիտներում
մարմարե շուշաններ են 
նվիրումներս խաչված,
երբ բոլոր բառերը 
հակադարձումն են 
կախյալ օրերի`
անինձ ու անքեզ,
երբ աչքերս հող են,
իսկ սիրտս ճոճվող երկինք,
երբ կարոտը մահացու մեղք է`
ես տեղավորվում եմ 
կարմիր զսպաշապիկիս
անսահմանության մեջ .
ձեզանից անմեղը 
թող քար նետի 
կաղկանձող ցավիս,
որ պատ է...


***

Տար իմ կարոտը, Հո'ղ, 
ջրիր դեղին ծաղիկների
հոգեպահուստ լացով,
գրկիր արյունած ծնկներս,
և օրորիր չարչարված
հավատս երգով մայրական, 
քանզի իմ հիշողության
հաստաբուն կաղնու
լինելիության արմատները 
պարարտացված են
առասպելներով կապույտ...

Պատմիր լույսին, Հո'ղ,
որ իմ աչքերը
ուխտատեղին են
հրացոլ արևների,
և հոգնատանջ սիրտս 
հազարամյա սպասումի
լքված վանք է,
որ մնացած ամեն բան 
փոշիացած թախիծ է,
և սերը` անփույթ մեկի
ցեխոտ ոտնահետքն է` 
օրերի դեմքին հյուծախտավոր...

***

Քո տան պատերին`
ծաղկամանի պես կոտրված
իմ վերջին հայացքը
մտապահում են սարսափի 
կարմիր թռչունները,
որ կեսգիշերին մրսած
դողում են լուսամուտներիդ
ապակիներին ու կուչ են գալիս`
կոպիցդ կախված հրկեզ օրերի
խորանարդաձև հատակագծում
խեղդող դատարկի, որ օդ չէ հիմա,
ու չի ապրեցնում գալիքը կախյալ...

Հոգեհանգստի լաց է:
Ինչ-որ մեկի երակներում սառել է 
անհաշիշ բանաստեղծությունը
և թմրությունն ուշացել է .
Տե'ր, ողորմե՜ա, ողորմե՜ա Տե'ր, 
որովհետև տողերի արանքում
բառերի քաղցկեղ հաղթահարելը
հեշտ չէ, երբ աշխարհի բնիկ
հրեաները բնաջնջված են 
և հրաշագործ չեն պաղ,
անօդ ձեռքերը լուսասպանների,
որ չսովորեցին ինչպես ճիշտ գրկել...

Ոչինչ չեմ փնտրում:
Իմ Բաբելոնում հաշտության օր է,
ու քո սարսափի կարմիր 
թռչունները կուշտ են այսօր. 
Ամէ'ն: Պատարագից հետո 
թմրության ժամ է` կարող ես գնալ:
Աղոթքը որպես թրջված թաշկինակ
կախիր արևից լուսնադեմ վաղվա.
ես որոշել եմ երակս լցնել 
մեղսավոր կրքով` շատ մի' վախեցիր. 
որպես իր հաշիշ Տերն ինձ կգթա.
ես օդ եմ հիմա ... Ես պետք եմ Նրան...

***

Դու ամենավատ բանաստեղծությունն ես,
որտեղ ինձ դավել են աշխարհի բոլոր
մոռացություն բերող բառերը,
և չորացած կոկորդիս ջրհորդանում
մի տխուր ջրահարս` արևով հղի,
համրության երդում է շուրթերին ցանել,
ու մոռացել է երջանիկ ապրել` 
իրերի էժան ու նեղ աշխարհում...

Իմ լռությունը, որ փառավոր է
բոլոր աղմկող փայլուն բառերից`
մի սև կարապ է` կաթնագույն հոգով,
որ սիրահարված է ամպերի սահքին`
տափաստաններում կարմիր երիզով,
ուր գիշերների մութ վրաններում 
ջրերն են լալիս, երբ կիրքն է եռում
իր պարանոցին` լուսնի համբույրից...

Դու ամենավատ բանաստեղծությունն ես,
որտեղ ես` հանց ճակատագրական
և սառցե մի կին` չեմ կարող լացել,
որովհետև իրերի էժան ու նեղ աշխարհում 
ես չեմ գտնելու կարեկից մի ուս, 
և իմ անցյալը հարատևելու է
հենց իմ կոկորդում, 
ուր հրաժեշտի հրաբաշ իմ ձին 
կյանքն է ցատկելու,
ու տաք ավազին հետքն է թողնելու`
բոլոր բառերում լռած օրերիս.
երևի դժվար է 
բանաստեղծություն գրել, 
երբ երջանիկ ես,
երևի անհնար է երջանիկ լինել,
երբ աշխարհը բանաստեղծություն չէ...

***

Դու երբեք չես իմանա,
թե երկաթե իմ դռների
հետևում որքան կարմիր են`
սերտաճած փշերով
և անմատնահետք 
վայրի վարդերը...

Դու միշտ կմնաս
կախարդական դուռ,
որ տանում է եզր,
ուր  ինքնակամ
նետվելու ցանկությունը
բարձրագույն արվեստ է...

Մենք միշտ կապրենք
կարմիր դռների
կրակե աշխարհում,
և երբեք չենք հանդիպի
ճերմակ հայացքով,
քանզի ես հիշողություն եմ...

Ես երբեք չեմ իմանա,
թե ո՞ր փամփուշտից
սիրտդ արյունեց անտրոփ,
դու չես մոռանա` քեզ 
երբևէ գրկածների մեջ
ձեռքերիս կորերը...

Քեզ կմնա իմ երկրագունդը,
որ չի' տեղավորվի ուրիշ
աչքերում անմոլորակ,
ես միշտ կմնամ հետևում
կարմիր այն դռան,
որ տանում է եզր...




























***

Ինչ-որ մի գիշեր,
երբ անվերարկու կարոտը`
լացելու աստիճան լուռ 
դուրս է եկել տանից 
ու չի վերադարձել,
երբ հյուսիսի ամենացուրտ
քաղաքում արևի դին
սառցալուլաների մեջ
անթեղված գոլորշի է դարձել,
և երկրագունդը վայրենահառաչ
ճիչով է լցվել պտտահողմերի,
երբ մարմարե դրախտածաղիկ է
բուսնել պարտեզում լռությունների,
ու չարագույժ լուսիններ են
թափվել հրեշտակների 
սաթե աչքերից` ինչ-որ փողոցում
մոխրագույն ու հին շրջիկ մեքենա 
հոգեհանգստի հաց է բաժանել`
այն կարոտների, որոնք չունեցան
մով վերադարձներ...

Ինչ-որ մեկն, ասում են`
փաթաթված բրդե
մուգ կանաչ շալով,
լացելու աստիճան լուռ
գրկել է լուսափեղկերը`
հոգին սղոցող աղի դատարկի, 
ու նավակներ է իջեցրել ճերմակ
գիշերածովում երկար սպասումի,
ուր սև պատերը մենացած իր տան
փշալարել են հայացքի հեռուն,
ու հավատների աստղերն են ընկել
պաղսիրտ քաղաքի սառցե պարսպին,
մինչ չի վերադարձել`
ինչ-որ մի գիշեր ինքն իրեն լքած
կարոտը բոբիկ և տխրադալուկ,
երբ հանկարծ փլվել է կամուրջը բառի,
ու հույսն ակամա փոշի է դարձել 
հողմաղացներում կապարաժամի,
ուր ինչ-որ մարդաշատ փողոցի
մի նեղ անկյունում ջրափոսի մեջ
մեկն անփութորեն երևի կորցրել է
հրաժեշտների լացով թրջված
սև շուշաններով կարմիր թաշկինակ...

***


... Նորից ձյուն կիջնի
մթնած քաղաքի հին փողոցներին,
ու փաթիլները դանդաղ պարելով
կծածկեն ստվերը գլխաբաց աշնան՝
կյանքի հատակում անհետ կորցնելով
մի ճերմակափեշ հուսաբեկ երազ,
որ կխարխափի սպիտակ սավանի
խավարում անափ՝ դառնալով մի երգ
մոլեգնած հողմի ճաքած շուրթերին՝
քնած քաղաքի բոլոր ծերպերում
միշտ որոնելով լույսի պատուհան...

Նորից կարտասվի մրրիկը ձմռան,
և մրսած երկինքը գորշ հանդերձանքով
գիշեր կիջեցնի հին տանիքներին,
ու անտես ամպերը մինչև լուսաբաց
կարոտ կմաղեն աշխարհի վերքին.
այս ձմեռ նորից ես քեզ չեմ տեսնի,
մահերից առաջ, այս կյանքից հետո,
բոլոր վերջերի ու չեղած սկզբի
հետհաշվարկներում իմ մեջ կմնա
մի դատարկ խոռոչ, ուր ձյուների մեջ
տխուր կուչ կգա մի ունայնություն՝
լցված անսահման կարոտի մեղքով,
ու քամիների թևերով բերված 
մոլեգին մի ցավ, որ ես կդարձնեմ
ձյուների կույտեր ու կպատրաստեմ 
տխուր աչքերով բարի ձնեմարդ,
և այն կկոչեմ ԿԱՐՈՏ անունով...

***


Իմ ու քո միջև 
թղթե քաղաքների
արվարձաններում
բոբիկ թափառող
որբ ու ցնցոտիավոր
Բանաստեղծությունը 
լռում է իր կարոտը
և լուսնոտ գիշերը 
դանակ է սրում
մթասավանում,
ուր կոկորդիս
կանգնած լիալուսինը
կուլ չի գնում
ու քո մասին
բոլոր բառերս
խեղդվում են
ներքին
արյունահոսությունից...

Ես երեկ թաղել եմ
վաղվա մեռելներին
ու չորս աչքով լացել 
մեր արանքում տեղավորված 
դատարկ խոռոչի միջանցիկ ցավը,
և գնացել եմ ջրերի վրայով 
քայլել սովորելու, 
որովհետև ինչ-որ մեկը
պիտի դիմավորի 
ուրվասահքով մոտեցող
կույր սրբին,
երբ վերջին անհավատն արև կվիժի...

Մեր միջև ընկած 
սևագիր քաղաքների 
թանաքագույն գիշերների
լուսանցքներում խարխափող
այս Բանաստեղծությունը 
պարզաջրում է իր կարոտը 
և թրջված բառերս 
կախաղանվում են
աստղապարանին,
որ ձգվում է
անպարագիծ
խավարափոշուց 
մինչև
անհորիզոն հավերժասպասում,
ուր ես կուլ եմ տալիս
կոկորդիս կանգնած 
լիալուսինը
և ծարավ գնում եմ խմելու
իմ ու քո արանքում ալիքվող 
հսկա կարոտի
անափ օվկիանոսը, 
և տանուլ տված ժամանակի 
պարտված վայրկյաններում 
կուչ եկած սերը...

***


Քաղաքին կիջնի ձմռան երեկոն,
Թախիծ կդառնա հողը ոտքի տակ,
Նա, ով ինձ երեկ մեծ սեր խոստացավ`
Հեռու կլինի և անվերադա՜րձ...

Հայացքիս կիջնի ձյունե վարագույր,
Կյանքը հար զավեշտ, ժպիտս` փրկիչ,
Մեկը կգրկի երգերս անտուն,
Ում ես լքել եմ` ինձ չի մոռանա...

Եվ այս աշխարհը` հավերժասպասու՜մ,
Ու մարդիկ բոլոր` իրարով հիվանդ,
Իմ բաց վերքերին ձյունն է փաթիլվում,
Սիրտ ի'մ, քեզ ո՞վ է դավել անխնա...

***

Կորցրած մեղեդի


























ԴՈ - Ինչ-որ մեկի ձեռքերը վարանում են 
կիսաբաց դռան հին բռնակին`
հաշտարարական պաղության
դողով դատարկը չափելիս, 
ուր անկետ քայլքի թեքությունը 
վերադարձի մասին չարչարված 
պայտակոր և մամռակալած միտք է,
որ լքված մարմնի միակ ուրվականն է`
կմախքացող զգայախաբության մեջ,
ուր մոմե նեկտարների դարչնագույն
հատակներում զնդանե հայացքներով
հրեշտակներ են լալիս, և նա, 
ով պիտի մնար` գնում է...

ՌԵ - Իրերի անկենդան լռություն է 
լայնաբացվածք կարմիր խոցը,
որ ոռոգում է խաչմերուկի անապատը,
և վերքանտառներ են դառնում 
ապստամբության բոսոր դաշտերն,
ուր ղողանջներն հուղարկավորում են
ողջերի սերնդափոխ քոչվորությունը 
մոխրագույն հոգու պատյանում, 
ու սերը շերտավոր բորբոսում է
քարերով լի մեկի գրպանում,
ում սիրտը չի եղել երբեք 
այսքան մահահոտ, երբ նա,
ով գնաց` շփոթված դուռ էր...

ՄԻ - Երկրագնդի ծայրին կռացած
օվկիանոսներ կան` ուշացած բառերի 
անդրաշխարհներով խռիվ, 
ուր գոյություն չունի իմ մահը,
և հնարավոր առանձնությունն`
աշխարհին ինձ կապող և բաժանող
ճեղքումներն են, որտեղ պատերը
անհամաչափ նեղ են ու մերկ շրջելու
իմ քմահաճ ցանկությունը վերմակ է,
իսկ ինձնից ճյուղավորված 
ճանապարհները` շիկագույն մղոններ,
ուր երբեք չի հասնի նա, ով գնաց`
տասը վերարկուի մեջ փաթաթված...

ՖԱ - Ֆոսֆորե ցայգաթիթեռներ
փորում թաքցնելը դժվար է, երբ 
գիշերը գալիս է երկսայր դանակով,
և նրա ժպիտը քաղաքից քաղաք
թափառող շրջմոլիկ կրկես է,
ուր միաչքանի հանդիսատեսի մեջ
անպայման գտնվում է` ծաղրածուին
երբեք չհավատացող ըմբոստ մանուկն,
ով եկել է սերտելու կանատից չընկնելու
դեռ անհայտ արվեստը, որովհետև
ինչ-որ մեկից մի օր թաքուն լսել է,
որ վայրիվերում է կյանքը, և նա,
ով ընկել է մեծ բարձրությունից`
երկար է հիշում ապտակը օդի ...

ՍՈԼ - Ասեղի գնդածայրով թելված
սիրենների մեջ խոնավ անձկություն է,
որով անզգուշորեն կարել են 
հիշողությունների չորացած կոկորդը,
և ինչ-որ մեկը չի հասցրել հազալ
աշխարհի չափ տխուր իր գոյությունը,
որտեղ թափանցիկ մատնահետքով
տեսիլքները գիշերների անքնության
որմերում քամում են երգեհոնը,
ու քուն մտնում կուռքերի հետ`
միշտ բաց աչքերով,
և ոչ մի օր չի վերադառնում նա,
ով կտրեց արևի կոկորդը ...

ԼՅԱ - Երկաթե դռան հետևում 
պատերը ճանկռելու ծես է,
կարմիր եղունգներով մի կին
սավանե նավն է բարձրանում`
ափերի մեջ փշատենիներ,
ու քթի տակ մի արգելված երգ է 
մրմնջում` " և սերը, Հարրի',
ծովաջրերին ճախրող ճայերի
քամուց ալիքված երազն է մեռնող",
ուղղահայացներ հարթող հայացքով
աշխարհն է շրշալով որոտում 
կաղ սքանչանքների հոսքում,
և նա, ով պիտի գար`
Մնաց կողպեքներում ...

ՍԻ - Չփորագրված լռություն է իջնում 
ափամերձ մտատեսության 
ավազե թաքստոցներին,
ես ինքնակամ ազատվում եմ ինձնից
և սիրում ձեռնափայտով աշխարհը,
որին անառակ մի զավակ հանձնել է
ծերանոց` հրաժարվելով սրտից,
ոսկորներում ճռռացող հրաժեշտներից
աղերի կուտակում կա, որ նման է
առաջին ձյանը, որից հետո
հայացքից սևանում է օրացույցը,
որովհետև երբեք չի' գալիս նա,
ով ամենաբարձրն է արտասվում
դռան հակառակ կողմում...

***

Նրան


Քո հին քաղաքի առաջին ձյունը
դողացող սրտիս կարոտն է լալիս`
պատուհանիդ տակ, ծեր կտուրներին,
դատարկ մայթերին` հուշով քողարկված,
լուսնի կոպերից կախված գիշերում,
ուր մենությունը լուռ կուչ է եկել
ծանոթ գինետան խարխուլ պատի տակ, 
և ցավն է խեղդում իր հարբած լացում`
որբացած հայացքը հառած 
դեպ Աստված, գրկում է երկինքն 
ու մութն համբուրում, թակում է դռները 
բոլոր տների` անզուսպ որոնման 
վարակով հիվանդ, թախծախեղդ երգով 
պատմում աշխարհին, որ քեզ 
պարտք եմ դեռ մոտավորապես
նվիրումների հազար չորս գիշեր,
և չապրած սիրո միլիոն լուսաբաց ,
որ դու այս սառցե աշխարհների մեջ
դարձար ինձ համար հավատի լույս խաչ...

Ես համբուրում եմ ինձանով հիվանդ
քո հին քաղաքի առաջին ձյունը,
որ փաթիլվում է քո պատուհանի
սառած ապակուն ու ներս է նայում
թաքուն հայացքով կարոտակորույս,
գուցե միամիտ, բայց խիզախելով
քեզ ուղարկում եմ իմ հոգու բույրը`
թողնելով ինձ մոտ գույնը կրքերիդ,
որ կրակներդ կարոտիս ձյունը
մի ակնթարթում ջուր չդարձնեն,
որ գիժ կարոտիս հանգրվան-տունը
սերս աղոթող շուրթերդ լինեն...



***

Բարև... Այդ ես եմ...
Իմ քաղաքում սեպտեմբեր է,
Թախիծը մտել է աշնան անկողին,
Աղավնիները վաղու՜ց ինձ լքել են,
Հիշողությունս խոնավ է մի քիչ...

Գիշերապահում է անձրևը մետաքս,
Ու բլուրներին մշուշն է մեռնում,
Վարդաբույր հրդեհ է բիբերում հոգնած,
Ու մերկ ծառերը քամուն են տրվում...

Լիալուսինը` մատնահետք Աստծո,
Ճաղատ աստղերը` սպասման կիսադեմ,
Ես քեզ ներում եմ մեղքերը քո սև
Ու մենակության նժույգը վարգում...

Այդ ես եմ... Բարև,
Դեռ սեպտեմբեր է իմ հին քաղաքում,
Աղավնիներս վերադարձե՜լ են, 
Հիշողությունս` որդի անառակ...

























***

Կեսօրին, ասում են` 
նեղ փողոցներով 
ձմռան Մոնմարտրի,
լռալաց անցել է`
աշխարհին հայտնի
ամենաուրախ 
սևաչ ծաղրածուն`
մի նարնջագույն
մաշված գլխարկով,
և ոսկեբարուր արև է
հեղվել հետքերից նրա,
սառած քաղաքը լցվել է 
բույրով ձնծաղիկների,
ու ինչ-որ շատ հին,
գորշ կամարակի
անտես անկյունում,
ծեր սայլապանի
մի քիչ խենթ որդին
համբույր է կորզել` 
բոլորին անհայտ
մի կախարդուհուց, 
և ձյունոտ մայթին
մի ծառ է ծաղկել`
հարսնարմատներով,
մարդիկ մեկընդմիշտ 
գտել են իրար,
տիեզերքն իր բախտի
աստղով է արբել...

Միլիոն տարի անց`
մի շատ ցուրտ գիշեր,
ամենալքված մայթով
տխուր աշխարհի,
մենության մոխրե
վերարկուն հագին,
հողագունդ չափած
հին կոշիկներով,
ասում են` անցել է
բոլորի կողմից 
ընդմիշտ մոռացված,
ամենատխուր
սևաչ ծաղրածուն`
սառած ափերում
անցած օրերի
մով ձնծաղիկներ,
մաշված գլխարկում`
ցամաքած բախտի
իր աստղը հանգած,
մի ծառ է փնտրել
հարսնածաղիկով,
մինչ անզգա քարեր են
հայացքն աղյուսել.
մարդիկ սովորել են
իրար կորցնել`
ներսում թաղելով
հրկեզ տիեզերքներ...

Հ.Գ.
Ծեր լապտերները
մրսող քաղաքի 
ասում են` այլևս
այդ ցուրտ օրվանից,
անշուք Մոնմարտրի
ոչ մի փողոցում
չեն տեսել նրան`
աշխարհի միակ
մոգ-ծաղրածուին,
ում անունն էր ՍԵՐ...

***

Ես քեզ սիրում էի...
Մարդիկ ասում էին,
որ վաղվա աշունը
չվող երամի հետքը կդառնա 
երկնքի սրտին, ու դեռ կանձրևի
կանաչաչյա կյանքը՝
հորդող կարոտի դեղին արցունքով,
և գալիք ձմեռը հողմով կողբա՝
հեռուն տենչացող թռիչքը սանձված
ու մահ կբերի՝ մահ համատարած, 
բայց ես սիրում էի, ուստի էլ ի՞նչ մահ...

Ես քեզ սիրում էի... 
Գրքերիս արանքում
թափթփված կյանքի
բոլոր էջերում սևագրում էի
անգո գարուններ
ու լողացող ամպերի անբիծ սպիտակին
խզբզում անունդ, 
որ հետո թրջվում էր
աշուն անձրևող աչքի արցունքից
և արտագրվում հազար անգամներ
իմ սիրած տետրի վերջին էջերում,
թղթերիս արանքում
թափթփված կյանքի
երկուսներ ստացած դասերում խրթին...

Ես քեզ սիրում էի...
Դաշնամուրի ստեղները
հորինում էին քեզ որպես մեղեդի՝
կարոտի մասին,
և գրիչս լացում էր բացակայությունդ՝
մատներիս դողը սեղմող բռունցքում,
ու պատուհանի գոգին թառած ճնճղուկները
ցնցվում էին ապակիները կոտրող
թեյի բաժակից, 
դեկտեմբերը լռում էր ամոթից,
մարդիկ ասում էին՝ ամեն բան կանցնի ...

Ես քեզ սիրում էի... 
Ճմրթված թղթե նավակներս 
լողում էին ջրափոսերում, 
ու փողոցների ամայության մեջ 
մեռնում էր սպասումս,
չուղարկված նամակներս
Բալզակի գրքի հարյուր ութերորդ էջում 
ամեն անգամ ժպիտով կարդում էր 
ծեր գրադարանավարուհին,
ու սեր երազում՝ մի քիչ տխրելով,
օդում քարացած մի ճիչ էր խեղդվում.
մոտավորապես ես պիտի ապրեի...

Ես քեզ սիրում էի...
Ձեռքիս ժամացույցը
կանգնում էր երջանկությունից`
թե չեմ սխալվում
երեքին ուղիղ մեկ քառորդ պակաս,
ամանորին ես միշտ պահում էի 
մի հին երազանք ու այն տաք ծածկում, 
որ էլ չմրսի.
քեզնով հիվանդանալը դարձավ սովորություն,
լեթարգիկ քնով տարվելը՝  որպես հետևանք,
հետո մտքերը սղոցում էին հոգնած ուղեղս
և մի լավ ընկեր տարեդարձիս բացիկում
հիշողության կորուստ 
ինձ սրտանց մաղթեց...

Ես քեզ սիրում էի... 
Ձմեռային վերարկուիս գրպանում գտա
թաշկինակի մեջ չորացրած
վարդի թերթիկներ
ու անցյալը նորից խեղդեց կոկորդս.
փորձեցի հազալ քեզ՝
բժիշկն ասաց գաղտնի թոքաբորբ է, 
ես էլ ժպտացի, որ կրկնվում ես
արդեն որերորդ անգամ ու մնում իմ մեջ՝
դառնալով արյուն,
մայրս թեյ բերեց քո նվիրած բաժակով,
ճնճղուկները նորից
կուչ եկան լուսամուտներին...

Հ. Գ. Հոկտեմբեր է,
ես երջանիկ եմ, 
բայց անուղղելիորեն 
չեմ կորցնում հիշողությունս...





















2 комментария: