Որոնել

вторник, 22 мая 2018 г.

Աշոտ Ավդալյան. " Հիշատակի զարդատուփ " գրքից

Աշոտ Ավդալյան (1948-1985)





























ԽՄԲԵՐԳ

Կորստյան մոխիր.
տուր հիշատակի
փոքրիկ զարդատուփ,
որ ես ճյուղերից հորինեմ մահվան երաժշտախումբ,
որ ես երգվեմ ադամամութին ու երեկոյան,-
ու թե սրինգ եմ` արծաթաջրվեմ,
ու թե բամբիռ եմ`ոսկով ծուլանամ
ու թե շվի եմ`հեռավորին գամ,
ու եթե փող եմ`մերձավոր ես ինձ։
Կորստյան մոխիր.
տուր հիշատակի փոքրիկ զարդատուփ։

***

Եվ այն էլ, որ ես
կրեցի հոգիս իբրև զարդանախշ,
և այն էլ, որ ես հավիտենական լռություն տեսա
և տեսանելի եղա ամենքին,
և տեսանելի եղա ամենուր,
և հետո եկած օրերի համար
չդարձա ընկեր
ու զրուցակից ծիսական պահին,
ու չկրեցի զգեստներն իբրև տոնախմբության մի նոր այցելու,
և ինձ հուշերի ծաղիկը բացեց,
և ինձ տուն բերեց մոտալուտ քամին,
և ես դաղձի մոտ հիշատակվեցի։
Օ, շնորհ արա, բաղձանքի ոգի,
տար ինձանից երգ,
հաղորդություն տուր այսօրվա համար,
ահա նայում եմ – բազմությանն եմ մոտ
ահա նայում են- որ ոչինչ չտան.
շնորհ արա, տեր,
որ զարդանախշից ծաղիկներ հայցեմ։

***

Դու մենակ ելար ու ընթերցումի դաշտերով անցար.
ու կանգնած կանայք ջուր էին ցողում ավետումներին,
հեքիաթի նման քո տաք դռանը կանգնած էր քամին,
ու կարմիր դաշտն էր մոռացումների զուգերգը երգում։
Եվ երգն հնչում էր իբրև մոլեգնող արծաթների ձայն,
ու երգը գույնն էր հպատակության ու դաշտի ոգին,
և ընծայված էր կարմիրը ձեռամբ,
հանգանակում էր կանաչ ու դեղին,
ու տաք հորձանքից կապույտն էր ելնում
պաղ շեղջերի մեջ առավոտների։
Ու կրակվում է արյունս տապից,
ու ձայն էր հնչում հպատակության,
ու օրհներգության թասերի վրա
օրն էր զուլալվում…

***

Քնիր, հեռավոր իմ հոգնած թռչուն,
կյանքը դարձել է կրկնակի ծաղիկ,
մեր կյանքը որպես թեթև մատնություն
անզգուշորեն բերել է քամին։

Քնիր, ու տուր ձայնդ ուրիշին,
որ քեզ միայնակ չթողնեն-գնան,
որ թերթեն կյանքի մագաղաթը հին,
գուցե մի բան կա գրված քեզ համար։
Թերթիր շատ զգույշ, թերթերը թաց են,
նահատակները չեն ներում երբեք,
և չզարմանաս եթե դու լսես
-Ես ձեզ չեմ հիշում, ես չեմ հիշում ձեզ։
Ծածկիր մատյանը, մագաղաթը ծեր,
և մի հարցրու, որտե՞ղ կամ ինչո՞ւ,
կյանքը այս պահին՝ թեթև մատնություն,
որ քեզ հուշել են անզգուշորեն։

***














Եվ երգն էր ծաղիկ
ու հեռվից եկած օրերի մեջ էր,
լսվում էր հոգու գողտրիկ պատմություն՝
թե հարյավ ձայնը, ջրեր են լալու:
Ջրերն են լալու՝
մեղսական ու ծույլ հայացքների տակ
ու կրելու են զարդեր արծաթե,
ու կրելու են ծաղկունքի գոտին,
ու կրելու են օրն իբրև ափսե հրավառության,
հիշատակարան թերթող հրեշտակ,
որն հեռվից եկած օրերի մեջ էր,
և ջուրն հոսում էր,
առավոտն էր բաց,
և ջուրն հոսում էր,
պատուհանն էր բաց,
և ջուրն էր վազում,
և ջուրն էր լալիս
մեղսական ու ծույլ հայացքների տակ:

***

Ներքնատեսության հզոր սարսափից
կուզեմ տանջել քեզ
ու երիվարի նման հավաքել
գեղեցկությունը իմ մաշկի վրա:
Ու ըմբոստանալ
քո աչքերի դեմ,
քո մազեր դեմ,
ու երջանկության կարոտը
այնքան նրբորեն հյուսել շուրթերիդ-ձայնիդ
ճառագայթների ներքնատեսությամբ
և արարումի այնպիսի թափով,
որ սիրտդ հանկարծ
զգա քավության այնպիսի պահանջ,
որ դու հերարձակ,
պահանջող ձայնով,
կրքից ցպահանջ
նետվես լռության ու խավարի մեջ,
հալվես, չքանաս,
ձուլվես խավարին, հասկերին, հողին՝
անկման սարսափը տանելով քեզ հետ:
ներքնատեսության հզոր սարսափից
կուզեմ սիրել քեզ:

***

Ասացի գնամ,
տուն եմ ունեցել,
դաշտեր եմ թողել միայնակ ու ցոփ,
ասացի՝ դաշտը լցնեմ ինձանով,
խորհուրդ տամ կյանքին, գլուխս թեքեմ:
Ու երբ անձրևը պաղ արահետով
հոսեց՝ վախճանը կրելով իր մեջ,
դաշտը անջատվեց ինձանից փութով,
գնաց՝ իր դույլը դատարկողի պես:
Եվ ես մնացի անսահման մենակ,
չէր տեղավորվում սիրտս դաշտի մեջ,
անձրևը չուներ գգվանքի ալիք,
և քարը չուներ քարաքոսի հետք:
Եվ տանը մեռնող-հառնող կիրակին,
որ ճանապարհ էր անցել յոթ օրում,
կյանք էր նվիրել մղձավանջներին,
աչքն էր կորցրել խավարիկ ձորում:
Ահա իմ սիրտը,
որ դաշտ էր տեսել տիեզերքի մեջ
ու դուռ էր գտնել պարիսպների տակ,
ուզեց դուրս նայել մարմնիս միջից,
ուզեց բարձրանալ երկնային ծիրով,-
անսահմանությամբ, անսահման մենակ:

***

Եվ այդ ինչպե՞ս են շիրիմներն արդար
քնում ծաղկի պես,
և հիշողության դաշտով վազողը մանկամիտ է մի։

Այդ ու՞ր ես փոքրիկ հրեշտակ առած վազում ձորերով,
ո՞ւմ ես պահելու պատրանքների մեջ,
քնած ես չունես արթնացման ծաղիկ,
չունես քո երգը,
որ մտապահեն ասեղնագործը ու վտարանդին։

Չունես քո դարձը
իսկ քեզ կանչողը մայր է երևի,
որ հիշողության դաշտում է թողել իր թագավորին:
Օ, ծանր է դեմքը հիշողության մոր,
և ո՞վ է նրան երկիր առաքել`
քարե տանիքներն ու մահվան դուռը ծածկելու համար։



















***

Եվ ո՞վ է հանում գիշերն իր ներսից,
թաքցնում լույսի, ստվերների տակ,
և թանձր օրը
ո՞վ էր լվանում հիշողության մեջ:
Հոգին ծաղկում էր,
և շուրջը միայն զարդանկարներ էր խմբերգի նման,
և շուրջը միայն կանանց մեղեդին
ծլարձակում էր-շնորհը բացում:
Եվ շուրջը միայն հրավառության
օրը իր զարդն էր հայցում դրկիցից
ու տանում էր ետ-
դեպի սկիզբն ու տեսանելին:
Օ,ցանկալի էր
այդ պահին նայել աստղերին, հետո
մարմինը լվալ,
օ,ցանկալի էր
այդ պահին լսել
խմբերգի ձայնը,
նայել հեռացող կանանց ետևից,
օ, ցանկալի էր քրտնած երեսը
խավարով սրբել
ու դուռը բանալ:

***

Թե կրակված ես դու հիշողությամբ
ու սուրբ ես աչքով,
և տեսանելին բացակա է միշտ
թող ես զրուցեմ քեզ հետ մի վայրկյան,
չերևակված նայեմ աչքերիդ
ու զգեստներիդ զարդակարերից
դեմքդ երիզեմ,
որ չգոյության խարխափող երկրից
վերադառնաս ետ:
Եվ վերադարձդ լինի կամովին,
Իբր քո ներսում կար հարթանկար՝ հայտնության կարով,
և պետք է միայն տեսանող մի աչք,
որ զգաստացներ
ու շաղված լույսի դիմահարդարող ակնկալությամբ
վերծաներ փոշին,
ու առույգության ոսկեկարը տար:

***

Ո՞վ կենարար լույս՝
Բանաստեղծություն,
հազար ու հազար կաթսաներով լի
եռում ես իմ մեջ, որ դառնաս գինի՝
հաշիշն արևի:

Եվ ես փառքի դեմ
թող բանաստեղծի փառքը մնա միշտ
ու ընդմիշտ ետին:

Հասուն ես դառնում ծուլությամբ մրգի
Ու կազդուրվում ես բանականությամբ,
դու արեգնային լռություն ունես
և հողեղեն ես հասկից ավելի,
և եթե փորձեմ աչքերիդ նայել,
ինձ հարսնարանից չտարագրես:

***

Եվ այս օրն էր՝
կտցահարեց մեր պաղ հոգին
ու արթնացավ:
Եվ արթնացման ձայներ փռեց ճանապարհին՝
անցնող-դարձող թռչունների ոտքերի տակ,
ու կրակը դրեց շեմին-
որ տաքանա:
Որ երբ հետո հրաժեշտի կանգնած լռենք,
պոզահարենք մեր թախիծը ու հեռանանք,
մեր տաք շեմի սպասումը դառնա քարոզ
ընթեռնելի:
Շեմը լինի վերծանելի
ու պաշտելի… լույսի համար:

***

Հոգնած գիշեր,
լույսդ կաթ-կաթ ըմբոշխնելով,
չհագեցող ծաղկի նման կփշրվեմ,
արծաթաջուր ցողիր վրաս,
աստղերիցդ մեկը զոհիր,
որ ես, որ ես մոլորվելով
հայտնաբերեմ այն ծիրանին,
որ նետում են բախտի վրա՝
իբրև գահի լուսավոր կետ:

Հոգնած գիշեր,
արծաթաջուր ցողիր վրաս,
աստղերիցդ մեկը զոհիր,
որ ես դառնամ ոչ թե քայլող հուղարկավոր,
այլ ընթացքը պահպանող գիր,
որ ես լցվեմ առատության զարդակարով,
որ ես լինեմ թռչող մոխիր,
ոչ թե փոշի անապական,
որ ես խոսեմ տիեզերքի հովիվի հետ
ու ջուր ցողեմ արեգական:







Комментариев нет:

Отправить комментарий