Որոնել

вторник, 29 мая 2018 г.

Սամվել Զուլոյան. բանաստեղծություններ

Սամվել Զուլոյան (1956-2000)





Միայնակ կանայք փարոս են լքված նավահանգստի
Ոչ նավեր ունեն ափից հեռացող,ոչ եկող նավեր,--
Նրանք ապրում են՝փարված այն թաքուն հուշի խարսխին,
Որ մոռացել է մի մոլոր նավազ՝օրերում ջահել։

Միայնակ կանայք մաքուր սենյակ են,փայլեցված հատակ---
Իրեր՝որ ունեն մշտնջենական իմաստ ու խորհուրդ,
Եվ օրը նրանց,որ վերջանում է ինքնամփոփ ու փակ,
Հին պահարանի ձև ունի և խիստ անձնական բնույթ։

Նրանց կարոտը դեռ թափառում է ափերում հեռու,
Առաքինության շղարշով ծածկված կրծքի տակ նրանց
Անձուկ ու երկար գիշերն ալեբախ հույզեր են եռում,
Ու ծառս է լինում սիրտը կանացի՝ըմբոստ ու անսանձ։

Միայնակ կանայք մտերիմներ են փնտրում գրքերում,-
Բարի են,մեկ-մեկ դառնում են նաև նախանձոտ ու չար...
Օրը չարչարված հանգիստ է առնում նրանց տներում
Եվ նրանց մեռնող հույսերի վրա դառնում շիրմաքար։

***

Այո, հենց սա է սերը, Մարիա, 
Վշտի կաթիլ է, տառապանքի ծով, 
Մեռնող երազի հևքն են Մարիա, 
Խաբված անուրջի աչքերը լացող։ 
Ոչ, մնաս բարով պետք չէ, Մարիա. 
Հեռացողներին ճամփան չի ների, 
Գիտե՞ս, ինձ մի օր մի ծեր սատանա 
Պատմեց լեգենդը մեռնող ճայերի։ 
Նրանք ապրում են ծովերի վրա` 
Ծով ու երկնքի կապույտին գերի, 
Բանտված ճախրանք է երազը նրանց, 
Ու մահը երգ է` անավարտ, թերի։ 
Ի՞նչ մնաս բարով, ի՞նչ վերջ, Մարիա, 
Սերը շքերթ է հրաժեշտների... 
Տես, օրորվում են ծովերի վրա 
Ճերմակ թևերը մեռած Ճայերի...






























***

Գնում է օրը, ու թանաքագույն նրա թևերից
Ներքև են թափվում փետուրների պես տերևներ դեղնած:
Իր թանաքագույն հետքերը թողած ճանապարհներին`
Գնում է օրը թռչունի նման` թևաթափ, հոգնած:
Ու կույրի նման տնտղում ամեն տեղ, մինչ ինձ է գտնում,
Ու ես տեսնում եմ հոգնած, կիսամեռ աչքերը նրա:
Ասումյ է. «Նայիր, նայի՛ր ինչպես ենք իրար կողոպտում,
Իսկ ժամանակը թքել է վաղուց իմ ու քո վրա…
Եվ դու, որ այդպես անվերջ բթացող քո իմաստությամբ
Մաս-մաս վատնում ես թմրած ժամերդ մրուրում գինու,-
Ես չեմ զբաղվում գնչուհու նման կեղծ գուշակությամբ,
Ինձ մի հարցնիր, թեվաղը քեզ հետ ի՞նչ է լինելու:
Ամենքս ունենք միայն մեզ համար ուրույն պատասխան,
Նայի՛ր դատարկված աչքերիս, այնտեղ դու կգտնես քեզ:
Դե՛, մնաս բարո˜վ, սահմանագլխին հավիտենության
Գուցե տեսնվենք, երբ տեսիլքները գերազանցեն մեզ»:
… Ու թույլ` քարշ տալով թևերն իր հոգնած` հեռանում է նա
Ու դառնում մի սև հսկայազանգված թռչունի ստվեր…
Իսկ հորիզոնում, ասես կիսամեռ աչքերից նրա,
Մանկան կենսախինդ միամտությամբ այգին է սկսվել…


















***
… Ու ներս կմտնես
Աստվածուհու պես` լուսե, հեթանոս,
Ու լուռ կփռես խոնավ վարսերդ իմ ճերմակ բարձին:-
Ների՛ր, առաջին անգամ ես կասեմ, որ չեմ հավատում
Ու չեմ սպասում կեսգիշերային քո վերադարձին…
Դու ներս կմտնես ու վեհ, տիրական կնայես անխոս`
Վառելով նորից հոգուս մեջ մարած ատրուշանդ հին,
Ու զոհ կտենչան քո` մեղքով վառված աչքերն անողոք,
Ու անկամ, անզոր` կտրվեմ կրկին քո խուլ հրայրքին…
Եվ առավոտյան, երբ կբարձրանա արյունոտ արփին,
Եվ աստվածուհուդ ցնորքը հանկարծ կչքվի իսպառ,
Ճերմակ բարձերին կհոգեվարի դալկադեմ մի կին,
Եվ թաց աչքերով երկինք կգնա մոլորյալ մի այր…

***


Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ`
Աննյութ, խրված սարդոստայնում օրերի,
Եվ իմ սառած աչքերի մեջ, քեզ ի տես,
Հուշդ գալիք հանցանքներս կների:
Ես գիտեի, որ մի օր դեն կթքես
Զառանցանքն այս (որը սեր է երևի):-
Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ,
Որ աղոթեմ հանուն փրկված սերերի…

***



Խոստովանություն
Երբ ժխորի մեջ հախուռն ձայների
Ես ավելի եմ փոքրիկ ու մենակ,
Երբ, կաղին տալով, քայլքը բառերիս
Անհայտությունն է դարձնում հենակ,-
Ապավինելով ունայն խոսքերին,
Ցնորքների հետ դաշն ու անխռով`
Հեռաստաններ եմ տեսնում անթերի,
Դեմքեր` կիսավարտ ու ինքնագորով:
Եվ երբ նորից եմ փորձում վերապրել
Միակ սկիզբս ու… վախճանս միակ,
Իսկ հեռուներից ծույլ ու անտարբեր
Մոտենում է ինձ մի մոմե դիմակ…
Երբ դիպչելով մունջ շուրթերին նրա`
Ես վերաճում եմ մենավոր խեցու,
Ձկների համր առոգանությամբ`
Խշշում է իմ մեջ ցավն ամենեցու…

***
Հիշողության կակտուս
Փշոտ երանություն,
Տառապանքի ծաղիկ,
Ոչ ոք քեզ չի գտնի-
Դու անցյալ ես թաքուն:
Ներկա գիշերների
Հիշողություն թաքուն,
Հիշողության ծաղիկ`
Մոռացումի դժգույն անապատում:




























***
Դու ասում էիր, թե կան թռչուններ,
Որոնք աշնանը հարավ են չվում,
Նրանք կարող են ձմեռը տանել,
Եվ նրանց համար չկա բաժանում:
Նրանք չեն չվի և ընդամենը կարող են մեռնել:
Ես դա չեմ ուզում… Տե՛ս, ձմեռ է, ձյուն,
Միայն ագռավն է անզոր կռնչում.
Նա որտե՞ղ պիտի մահանա, ասա՛…
Մի՞թե մեռնելու համար էլ պետք է հարմար մի անկյուն…
Իսկ թռչունները չվում են, թռչում,
Եվ ագռավները մնում են` նման այն կանանց այրի,
Որոնք կարող են ձմեռը տանել,
Որոնք կարող են չդավաճանել,
Որոնք աշնանը հարավ չեն չվում,-
Իսկ դու ասում ես, թե կան թռչուններ…
Եվ կան թռչուններ` փոքրիկ, շատ փոքրիկ,
Որոնք չեն կարող հեռանալ հեռու,
Որոնք ագռավ չեն և ոչ էլ ուրու,
Որոնք սառչում են երազում` քնած
Եվ արշալույսը փետուրով լցնում:
***
Վաղը դու գուցե արդեն չես լինի,
Վաղը կլինես օտար ու հեռու:
Թող սա մեր վերջին գիշերը լինի,-
Վաղը ամեն բան այլ է լինելու:
Ամեն ինչ ճիշտ է, ազնիվ, անսխալ:
Ներեմ, բայց ինչու, ինձ ինչ ես արել,
Տես, ես վերստին կարող եմ ժպտալ,
Թեև թախիծ ես ժպիտիս խառնել:
Գնա ու քեզ հետ գիշերը այս տար,
Եվ այնտեղ` անհայտ քո հեռուներում
Հիշիր` աշխարհում դեռ մարդիկ կան չար,
Որոնք չեն դավում, բայց չեն էլ ներում...



***
Անձրևաջուրը մի փոքրիկ թղթե նավակ է տանում:-
Անձրև է մաղում՝ նման անօգուտ զղջումին լացի,
Ասես սևամաշկ մի տանտիրուհի լվացք է քամում,
Ու մաշկիս վրա զգում եմ կպչուն սարսուռը թացի:

Մերը չէ, սակայն, ո՛չ անձրևը այս, ո՛չ այս գիշերը,
Ծիծաղում են, տե՛ս, անվերջ մեծացող ջրափոսերը,
Հիշո՞ւմ ես՝ մեր հին կավածեփ, նաիվ, բարի կուռքերը,
Որ մեզ սեր էին միամտաբար անվերջ խոստանում...

Անձրևաջուրը մի փոքրիկ թղթե նավակ է տանում,
Նրա մեջ՝ մեր հին, նախահեղեղյան մոռացված սերը:
Եվ ասես հեռու մշուշներից մեզ ձեռքով են անում
Ներումնահայաց, մեզ սեր խոստացող բարի կուռքերը:

Անձրևաջուրը մի փոքրիկ թղթե նավակ է տանում
Դեպի հեռավոր, անհայտ, փոթորկուն
Օվկիանոսները:
***
Անձրևների միանվագ երաժշտություն,
Կախված երկինք՝ գորշ ու մռայլ,
Ձիգ ձանձրույթի անհամրելի առատություն,
Կաթկթոցի նման տաղտուկ բառեր շռայլ։
Թաց հոգուս մեջ սիրտն իմ, նման ջրահեղձի,
Զուր փորձում է անհույս ճիգով լողալ վերև։-
Ո՞վ պիտի տաք իր նշտարով պահն այս հերձի,
Որ բորբոսնած, մգլած սրտիս ժանգը քերե։
Այս ողբասաց, լալկան օրվա վերջը չկա,
Չկան ժամեր, չկա շաբաթ ու կիրակի։-
Ես որտեղի՞ց, ի՞նչ մոգությամբ այստեղ ընկա՝
Անխախտ կամքով մի անողոք հրեշտակի։
Եվ փորձում եմ ջրով ծծված մաշկս քամել,
Բայց բռնում եմ միայն ստվերս լպրծուն,
Որ կիսանդրիս ունայնության պահին գամել
Ու ինքնության իմ սահմանն է շրջագծում։
Ես ձեռքերս թիերի պես վերուվարում,
Զուր փորձում եմ անցնել սահմանը անձուկի,
Գիտեմ՝ այնտեղ, այլ գոյության անդրաշխարհում
Սպասում է մեկը սուզվող իմ մակույկին...
Իսկ ստվերս, որ երբեք չի հակաճառում,
Թի-ձեռքերս դարձնում է թռչնի թևեր,
Բայց ինչ-որ բան նրան թռչել է խանգարում՝
Ակնարկելով, որ թռիչքը միայն ձև է։
Ես հուսահատ, ինչպես որդին Դեդալոսի,
Շրմփում եմ նորից թախծի ջրափոսում
Եվ մաս առ մաս, անէ, անձև ու մեկուսի,
Կավս խառնած ցեխաջրին՝ ցած եմ հոսում...
***
Երկվություն
Ես գիտեի, որ կաս,
Որ դու կգաս մի օր` 
Մշուշ լինի, անձրև,
Թե կիրակի,
Վաղուց փնտրած սիրո,
Քրոջ տեսքով մոլոր…
Եվ ուշացած հուշդ
Դուռս պիտի թակի:
Եվ գիտեի, որ դու
Հայտնվում ես միշտ ուշ,
Անակնկալ, ուրիշ ժամանակից-
Ավետիսիդ կարոտ
Հոգուս իջար ոնց գույժ`
Դարձնելով կորուստն իմ կրկնակի:
Ես ամենքից հոգնած,
Դարձրած ողջը հուշ
Եվ վաստակած արդեն իմ կիրակին`
Խմում էի գինին
Իմ առօրյա անուժ,
Գոհ մաղթանքներ հղում
Պահապան Հրեշտակիս:
Բայց դու եկար հանկարծ-
Քրոջ տեսքով մոլոր,
Ինձ դարձրիր երկդեմ ու երկակի…
Եվ մնում է կիսված
Երկրորդությունն իմ նոր,
Եվ անձրև է, մշուշ ու կիրակի…



***
Անկյալ Հրեշտակ

Զարմանում ես՝ ինձ հետ
Ի՞նչ կատարվեց հանկարծ,
Ինչե՞ր եղան հետո, երբ մերժված իմ հոգին
Քո երկնքից մի օր գլորվեց ցած
Ու զարնվեց կոպիտ եղելության պատին։
Ես չմեռա... սե՛րը, հավատն ինքը մեռավ,
Ու բեկորներն անթիվ ցրիվ եղան չորս կողմ,
Դու չիմացար՝ հետո ինչե՜ր-ինչե՜ր եղան,
Ինչե՜ր տարավ իր հետ
Մոլեգնաշանթ մի հողմ։
Ես չմեռա,
Հանգիստ կյանքն իր գործը արեց,
Ժամանակը դանդաղ, իմաստնությամբ իր չոր,
Նախ՝ դատարկված հոգուս իր մրուրը քամեց,
Հետո սովորեցրեց՝ ինչպես դառնալ հզոր...
Դու չիմացար ոչինչ։ Ու չգիտես հիմա՝
Ինչեր, ինչեր կանի
Աստծուց մերժված հոգին։
Ես ծախեցի հոգին իմ մեձիմահ
Եվ ինձ գտա հանկարծ աստվածների կողքին։
... Ու մարգարե դարձած, դարձած հրաշագործ,
Ես արվեստով դևի ու Աստծո պես՝
Այրված հոգիներին դնում եմ պաղ թրջոց
Եվ աղոթքով նրանց հայհոյում քեզ։
Շռայլում եմ բառեր, պատվիրաններ հիմար,
Հրապուրում ստի ծուղակներում խոհեմ
Ու քրքջում նաև այդ խեղճերի վրա,
Նրանք, ամեն մեկը՝ քեզնից մի մաս ունեն...
Գիտե՞ս՝ ինչեր կանի Աստծուց մերժված հոգին,
Ես այն հիմա մա՜ս-մա՜ս աճուրդի եմ հանել
Ու քո մերժված սիրո մահարձանի կողքին
Ես կարող եմ հիմա քանի՜ խաչեր շարել։
Ու կուրորեն պաշտած ուրվականիդ առաջ
Սրտեր դնել քանի՜ ցավից դեռ ծխացող...
Գիտե՞ս՝ ինչեր կանի Աստծուց մերժված հոգին,
Գիտե՞ս՝ ինչեր կանի դևը աստվածացող։















***

Ինձնից մինչև ես
1
Հորիզոնը դեռ տանում է երեկվա
Շշուկները, խորհուրդները հեռավոր…
Սուտ է, արդեն ինձ չես գտնի, ես չկամ,
Վաղն իմը չէ, չեմ ունենա և այսօր:
Լոկ ստվերս է հուշում ձևը իմ նախկին,
Ու իմ գոյը ես տանում եմ նրա մեջ.
Այն ո՞վ էր, որ ինձ անվանեց առաջին-
Առաջինը վերջնագծին ինձ գամեց:
Ու տանում է հորիզոնը երեկվա
Պաղ դիակս ամփոփելու սնամեջ
Այն տուփի մեջ, որ կոչվում է ապագա…
Հեռանում եմ` որոնելով ինձ անվերջ:
Ամենուրեք, ամեն ինչում, միշտ առկա`
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ:
2
Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ,
Ես լոկ ձև եմ, ես ստվերն եմ իմ նախկին.
Այն ո՞վ նետեց իմ վրա քարն առաջին,
Ո՞վ էր, արդյոք, որ ինձ ինձնից դուրս վանեց:
Ո՞վ դարձրեց ինձ ինձանից այսքան մեծ-
Համր ու անկյանք` քարե արձան Աստծու…
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Առաջինն ո՞վ ինձ սպանեց իմ ձեռքով:
Ու քայլում եմ ստվերացած երկնքով,
Ես` կիսով դև և կիսով չափ դեռ անեղծ,
Ժամանակի անչափելի եզերքով
Քարշ եմ տալիս ուրվականն իմ սուտ ու կեղծ…
Այն ո՞վ էր, որ ինձ սպանեց իմ ձեռքով,
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց:
3
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Եվ ու՞մ առաջ պիտի ծնկեմ մեղավոր:-
Նախամեղքը` «սին ու չնչին» մի խնձոր,
Որի համար երկինքն ինձ «գող» համարեց:
Ո՞վ «մեղսագործ» խարանեց իմ ճակատին,
Դատապարտեց ինձ կրելու մեղքն իմ հոր,
Ո՞վ դարձրեց ինձ մուրացիկ դրախտի,
Ո՞վ դարձրեց ինձ դժոխքի թագավոր…
Եվ ես անվերջ արարելով ինձ կրկին,
Ես` բանական, մի բանական մտագար,
Կմոտենամ ինձ ի՛նձ կապող կամրջին,
Դեն նետելով թե՛ մեղավոր, թե՛ արդար,
Ու կարարվեմ նորից Ջրից ու Հողից`
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից:
4
Եվ ես կրկին կմոտենամ ինձ նորից
Եվ ճակատիս պիղծ դրոշմը նզովքի
Երկրի մաքուր ցողով պիտի լվանամ`
Առած մի նոր մարմին, գտած` նոր հոգի,
Որ ստվերս անկյանք նորից մարդանա…
Եվ թույլ ու խեղճ իմ աչքերը լուսնոտի
Պիտի կրկին երկրային փայլ ստանան,
Եվ դեն նետեմ մղձավանջն այս հնոտի…
Մերկ ու մաքուր նախահոր պես իմ նորից`
Կզգամ դարձյալ տենչն այն հսկա կարոտի,
Այն կարոտի, որ ժառանգել եմ հողից,-
Այն, որ միշտ կա թե՛ ծառի մեջ, թե՛ խոտի…
Ես` արարված երկրի կավե խմորից-
Մարդն արարիչ, ՀԱՅՐԸ մարդու և ՈՐԴԻՆ:
***




















«Մարդն է չափանիշը բոլոր իրերի»
(Դելփյան տաճարի պատից)
Երբ լեգենդները կտարալուծվեն ժամանակի մեջ,
Ու երբ դադարեն անձրևներ մաղել ճամփեքի վրա,
Եվ երբ կավարտվի հատվող գծերի հոսքը անընդմեջ,-
Ես կհայտվեմ, ու կհնդիպենք հանկարծ, ակամա:
Ու չես հավատա դու ճամփաների խաբուսիկ խաղին.
Դու ինձ թաղել ես վաղու˜ց` հեռավոր Տրոյայի տակ,-
Ես կգամ, ինչպես չնչին մի բեկոր կործանված նավի…
Ես կգամ, ինչպես գալիս են երկրից անդրշիրիմյան,
Ու քո տան առաջ կկանգնեմ որպես Տրոյական ձի,
Ցնցոտիավոր այն բախտախնդիր արքայի նման…
Կգամ, որ ԿԱՄՔԸ` աստվածախնամ սխալի ճշտի…
Ու նորից բախտի ու աստվածների կամքին հակառակ`
Ես պիտի գրեմ տաճարի պատին ձեռքով մարդկային,
Որ ես եմ` Մարդը, որն ապրել գիտի տքնությամբ համառ,
Որ ես եմ` Մարդը, մաքառող գոյի ասքը երկրային:
***
Քայլերգ
Այս անձրևի, թախծի երկրում մղձավանջի,
Ուր ձգվում է օրը որպես հավերժություն,
Ջրիկ խոսքեր ու հայացքներ հարևանցի,
Ասեկոսներ` առօրյաքարշ, մահկանացու…
Բառերն այստեղ ծանր են անգամ արձաններից,
Որ ինքնահաճ բարձրանում են «հանուն»- «ընդդեմ»
Եվ, փոխարեն հնադավան կապանքների,
Նոր, խստակուռ շղթաներով քաշում «Եդեմ».
Դեպի հեռու անհայտ մի վայր` տեղ մի ընտրիր,
Որտեղ բոլոր արձանները պիտի խոսեն,
Ուր չեն լինի ո՛չ կողմ, ո՛չ էլ` ընդդիմադիր,
Իսկ մինչ այդ որքա˜ն ջրեր դեռ կհոսեն…
***

Ինչպես ամեն հեքիաթի մեջ,
Ուր միշտ բարին պիտի հաղթի,
Հուշը կրկին տանում է մեզ
Կեռմաններով ոգու գաղթի:
Եվ ինչպես հին երգից եկած
Արքայազն թափառական`
Փնտրում ենք մեր բախտը բեկված`
Ճամփաներում կախարդական,
Մեր մանկության երկիրն հեռու`
Զարմանքի ու չգիտության,
Ուր ապրում է ոսկե ուրու`
Հրաշք հավքը մեր մանկության:
Հուշի փոշոտ ճամփաներում
Փողն է հնչում վերադարձի…
Մեր հորինած դղյակներում
Բոլորը կան` մեզնից բացի:
***
Ամպամած կեսօր
Վաղուց քույր են դարձել խանդոտ սերերը իմ,
Իսկ ինչ-որ տեղ տխուրաչյա մի մեղսահարս
Ամեն գիշեր հրավեր է հղում տոնի-
Պաղ հաշվարկով` նախ պիտի տաս, որ ունենաս…
Բարքերը գորշ, ամոլազարմ ու ներքինի`
Բութ հայացքով փողոցների վարքն են հսկում:-
Հասարակաց այս հարեմում առաքինի
Քանի˜ սիրտ է կարոտաբաղձ անօգ մրսում…
Օրինազանց ի˜նչ տղերք են զգոնացել,
Եվ ի˜նչ կանայք, որ հուր էին, գալարք բոցի-
Հիմա սոսկ տան ծուխը պահող մոմ են դարձել`
Հլու զառամ «վարք ու կարգի» ծույլ ծմրոցին…
Մեզ ի՞նչ մնաց. Մեր պարտքերից կախված մի կին,-
Տերը վերուստ իր կարգն այդպես է սահմանել.
Մեր իսկ կողից մեզ կողակից ընտրել մեկին,
Որ միշտ հիշենք նվաստ ծագումը մեր կավե…
***
Դու գնացիր…
Ճշմարիտն այդ էր երևի,
Դատարկ տան մեջ հավաքել են իրերն արդեն:
Մի հին նկար աղոտ հուշ է դեռ դեգերուն`
Անցյալի ու իմ մեջ շարժվող, օտար, անդեմ…
Քեզնից այն կողմ, իմ թիկունքին,
Հեռուներում-
Մենակյացի առանձնությամբ` մի իրիկուն
Մեկն անշտապ մի դղյակ է կահավորում,
Որ հուսախաբ հույսը հոգնած
Ետ դառնա տուն…
Լուսինը պաղ այտը հպել պատուհանիս`
Նայում է լուռ,
Ոնց ծանակող մի բանսարկու,
Քիչ է մնում` ծուռ ժպիտով լեզուն հանի
Ու դավադիր ճչա դեմքիս`
Կերա՛ր, ես քու…

Комментариев нет:

Отправить комментарий