Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Ասիա Ջեբար


Ասիա Ջեբար

 ( 1936-2015 ) 



Ամեն առավոտ 
Ես փնտրում եմ քեզ
Երկու քայլ այն կողմ մեր տանից`
Մեռյալների մեջ,
Ամեն գիշեր
Մթությունը
Ավելի ու ավելի է այլանդակում մարմինները -
Երկու քայլ այն կողմ մեր տանից`
Թփերում դափնու:
Ինձ ասում են`
Թե ժանդարմները տարել են մարդուն`
Նա այլևս չկա:
Ամեն առավոտ ես փնտրում եմ քեզ
Դիերի մեջ:

Ես փնտրում եմ: Ես մենակ եմ առավոտներում:
Ինձ հետ լռում է արյունող վերքով
Այգը բազմադեմ
Ու բոսորաշիթ,
Եվ համրությունը լոկ լռությունն է 
Քո հեռացումի` անհայտ, անժամկետ:
Ես փնտրում եմ` հուսալով գտնել քեզ
Անըմբռնելի ինչ-որ առավոտ,
Ես հավատում եմ` կհանդիպեմ քեզ
Մացառուտներում դափնու:

Ինձ ասում են`
Եթե մարդու կենդանի արյունը
Տրոփում է սրտում ընկերների,
Որոնց նա գուցե չի էլ ճանաչել`
Այդպիսի մարդը երբեք չի մեռնի:
Ամեն առավոտ 
Ես փնտրում եմ քեզ 
Դիերի մեջ,

Ամեն առավոտ
Մեռյալները նայում են ինձ
Լայնաբաց աչքով,
Ամեն մի աչքը իբրև մի արև,
Որ տրորված է, թաղված է հողում:
Ես փնտրում եմ քեզ,
Ես քեզ ուզում եմ ցույց տալ
Այն, ինչ ցանել ենք
Դաշտում մեր վաղվա:
Ես քեզ սպասում եմ, քեզ կճանաչեմ
Մացառուտներում դափնու:

Եվ ես ասում եմ`
Թող շուտ այրվի հուսահատությունը:
Կյանքը, տաք երկինքը, հովիտը տառապանքների -
Ամեն բան տեղավորվել է իմ մեջ:
Քո պտղաբեր արյունը 
Ներծծել է դաշտը գալիքի:

Ամեն առավոտ 
Երկու քայլ այն կողմ մեր տանից
Ես փնտրում եմ քեզ դիերի մեջ:

*** 



























Ինձ կմնա մայրամուտը բոլոր անցած փոթորիկներից հետո:
Կյանքի պտտահողմում կկորչեն տառապանքները,
Կչորանան մորմոքների մացառուտները,
Արևը միշտ կախաղանված կլինի երկնքին,
Մարդիկ, ովքեր ցերեկը գիշերեցին իմ սև մաշկին`
Կարտասվեն վերջին աշունը փեշին սպիտակ ծովահարսների,
Ես` կմնամ գաղտնի երգը, վերջին սերը բորբ մայրամուտի,
Որովհետև ես Աստծո զայրույթից ծնված կինն եմ`
հրկիզված երկնքից երկիր ընկած մոխրի մի փոշեհատիկը,
Ամենասև բիծը անհնարինորեն սպիտակ խղճին 
Ձանձրալիորեն հնարավոր աշխարհի:



Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий