Որոնել

понедельник, 21 мая 2018 г.

Սևակ Գևորգյան. բանաստեղծություններ

Սևակ Գևորգյան 
(1986 Երևան)



























Անլուսին

Ամենահով երեկոն է այսօր այս ամռան,
Անլուսին երկնքի լացն է տարուբերում
Պատուհանիս դիմաց ծերացող բարդին:
Ագռավները շարվել ու սպասում են ձեռքիս,
Իսկ ես ձեռնունայն եմ, կամ՝ մի գավաթ սուրճ:

Գիշերվա սառնությունը նրա հոտն ունի,
Ով անդավաճան քնած է հիմա մեջքիս ետևում,
Ով մի ամբողջ կյանք կողքիս է եղել,
Ով մի ամբողջ կյանք պահել է իրեն,
Որ մինչև վերջին մասնիկը եղած
Ինձ նվիրաբերի...
Իսկ դու ինձ խորթ ես...
Վերցնովի աղջիկ՝ ինչ - որ ուրիշի,
Ում ժամանակին դու նվիրվել ես
Կամ նվիրել ես մասնիկդ վերջին...
Գիշերվա մութը անթափանցելի
Նրա աչքերի գույնն է նկարում,
Ինչպես որ որդիս իր այն նկարում,
Ուր չգիտակցված ամուր բնազդով
Իր մորն է գրկում...

Կար մի ժամանակ, որ թեյ էի սիրում
Եվ միշտ ահռելի, մեծ ու գունավոր
Բաժակներ էի ես նվեր ստանում:
Պահել եմ դրանք խորը դարակում
Ու պարզաջրել տարբեր տեսակի
Աչքերի գույնից՝ թեյիս մեջ սուզվող:
Սև թեյիս նման անհատակ են այն՝
Հավատարիմի աչքերը նրա...

Ես մեծացել եմ ու ձանձրանում եմ
Սիրախաղերի նման պարուրող
Այս անվերջանալի մեղկ պիեսներից,
Ուր կամ լալիս են անցյալն հիշելիս,
Կամ փոշմանում են կիսատ մնալուց,
Վերադառնում են ուսիս լացելու,
Եվ խեղճ սփոփանք են փնտրում իմ ներսում:

Ինչքա՜ն մենակ մնացած և չքամված լացեր կան,
Ինչքա՜ն հառաչանք ու ափսոսանքի սվսվոց...
Իսկ ես վերադառնում եմ գրկելու իմ փոքրիկ տունը,
Նրան՝ հավատարիմի սաթե աչքերով,
Եվ դեռ միակին՝ անկողնու շարժից թույլ նվնվացող...

Անագռավ գիշեր է լինելու...

*** 

Սերմը

Դու չես մեռնի,
Ինչպես չի մեռնում մայրամուտին արևը,
Թեև տանում է լույսը եղիցի…
Դու չես մեռնի, ինչպես չի հագենում վրեժը մահով,
Ինչպես չի լցվում ծովը գետերով
Եվ չի ցրվում խավարը ջահով…
Մարդուկներդ կառափնարան են տանում ինձ,
Եվ դույլերով թանաք են լցնում աչքերդ…
Մատներդ ցրում են իրենց ծայրերից կաթացող
Տողերդ ու բառերդ իմ մասին,
Լուսինը ջարդուփշուր ես արել երկնքում
Եվ հիվանդացել կարոտափոշուց:
Պատվանդանին կանգնած լինելը
Դեռ չի խոստանում վեհություն կամ փառք
Մերկ ես իմ առաջ, ինչպես լոգարանիդ հայելում,
Իսկ աչքերդ ուռել են կարոտից
Ու մարդուկներիդ սփոփող տողերում
Իմ անունն ես փնտրում իբրև աքրոստիկոս:
Հնացած խոսքեր են արծվի ու վանդակի մասին,
Ինչպես ընտանեկան ջերմության և որբի,
Իսկ սեթևեթել պաշտում ես նաև դու,
Չունես ազատությունը վայրի էգի:
Տուն, դուռ, կողպեք և պատեր
Այդտեղ չի ապրի իմ տեսակը բորբ,
Բանտեր ավիրած իմ դաստակներով
Ես մագլցում եմ դրոշներից վեր:
Չես մեռնի դու, ինչպես չի մեռնում Սերը,
Ինչպես չի մեռնում վրեժը թաղված և սերմը:
Վերջինն եմ ես…
Խնդրի՛ր, գուցե քեզ տա՞մ ինձնից…

***

Ես սիրում եմ մենակության թռչուն ագռավներին,
Իմաստությունն ու համբերությունը նրանց,
Ու ճախրանքը նրանց դարերի
Եվ սևը, հետքը նրանց թևի…
Ես չգիտեմ, թե որքան են հավատարիմ
Իրենց կյանքում այդքա՜ն անհաշվելի,
Բայց տեսել եմ մենությունն այդ
Աչքերում ու թռիչքում սևի…

Ես սիրում եմ անկախ ագռավներին,
Տեսած անծայրը նրանց հայացքի
Եվ ճախրում եմ հիմա երկինքներում բոլոր
Ես՝ մի վերջին ագռավը կյանքի…

                                                                                                                                              

***

Մի օր, երբ ողջ աշխարհը հոգնել էր ինձնից, 
Եվ թաքստոցիս վաղուց մատնված հասցեն 
Դարձել էր որբերի ապաստան,
Երբ տխրում էր սեղանին դրված գիրքը`
Երեկոն դանդաղ փոխվեց գիշերվա,
Ուր դու առաջվա նման չկաս:
Ես այդպես էլ չեմ չափել և չգիտեմ,
Թե որտեղից դեպի ուր քանի քայլ է,
Թե ինչքան է մոտիկ այն հեռուն,
Կամ ինչքան ցածր է այն բարձունքը:
Վաղվա համար հստակ ժամեր կան նշված,
Եվ առավոտը բերում է բարի լույս,
Սուրճի բույրը փորձում է բացել 
Աչքերիս նետված գիշերվա քողը:
Անքեզությունն ավելի անարդար է,
Քան իմ բերած բոլոր ծաղիկները ճերմակ, 
Որովհետև այդպես բաժանում են գուժում, 
Բայց մինչ այդ ես քեզ անգամ չէի տեսել:
Ես քեզ չէի դադարի սիրել,
Եվ ավելի հաճախ կգայի քեզ մոտ,
Բայց թափվել են մազերիս մեծ մասը,
Եվ տորթիս մոմերը փչում է տղաս...

***

Եղևնիներին կնստի շուքն անտերության,
Եվ ագռավները կերգեն Անականջի համար,
Պատվանդանից իջնելդ կկշռես հապճեպ,
Եվ կզգաս, թե ինչքան է ցավում մեջքդ…

Նոր օրն իր հետ պիտի բերեր հավատ,
Բայց արդարացում գտար դու նորից,
Եվ համոզվելով մենության ուժին`
Մեջքդ հետայսու կհենես պատին:

Ուժեղները չեն ներվել երբեք
Եվ տրորվել են ծնկած ժամանակ,
Իսկ ո՞վ է ասում պետք էր խոնարհվել
Արձանի առաջ Աֆրոդիտեի…

Քեզ նախանշեց բախտագուշակը,
Որ գնալու ես նույն ճանապարհով,
Եվ երբ խաղաղվես, կբացվի դեմքդ.
Չէ՞ որ Կեսարն ես, սրանք՝ Բրուտոս…

Ուժեղները չեն ներվել երբեք,
Եվ դու իրավունք չունես ներելու
Չէ՞ որ ներողը մեզ Տերն է միայն. 
Իսկ դու չափվում ես արդեն Նրա հետ…

Բախտագուշակը ճակատագիրդ էր,
Մի ծաղրիր այդքան քեզ տրված կյանքը,
Անպարտելի չես և դու այս խաղում,
Վերջին դաշույնի տեղ է մնացել… 

Եղևնիներին կնստի հևքը պարտվողիդ,
Բաց դռներ արդեն էլ չեն էլ լինի,
Եվ սևասքեմ կլա միայն նա,
Նա, ում երբեք չես տվել մեջքդ…

***

Երեկոն լցվում է սենյակս 
ու կորցնում է շողքերս պատին:
Արդեն աշուն է:
Ես գտա նրան, երբ ցեխոտ կոշիկները 
հերթ էին կանգնել մուտքի շորի մոտ, 
և շենքի հավաքարարը 
մրթմրթում էր ուսանողների ետևից:
Երբ երկար ժամանակ 
շրջապատված ես լինում կաթնասուններով`
գիշատչին միանգամից ես նկատում 
տարածության ծալքերում.
ոչինչ չեմ պատմի ես նրա մասին, 
որովհետև ափսոս է...


Комментариев нет:

Отправить комментарий