Որոնել

воскресенье, 27 мая 2018 г.

Հրաչյա Սարուխան. բանաստեղծություններ

Հրաչյա Սարուխան (1947-2016)








Մելամաղձոտ քաղաք
Արևդ՝ նվազ,
Անձրևներդ՝ հորդ…
Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ՝
Գնացկան ջուր եմ
Անձրևներիդ պես,
Այսինքն –
Հյուր եմ,
Անհասցե լուր եմ,
Չգիտեմ՝ ուր եմ
Հեռանում այսպես…
Չե՞մ տարբերակում
Ներկա ու անցյալ,
Աչքերս եմ փակում
Որպես մահացյալ –
Եվ նո՜ւյնն եմ դարձյալ՝
Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ…
Եվ այս աշխարհից
Դուրս են տանում ինձ
Արևդ նվազ,
Անձրևներդ հորդ:
***
Ձմեռնամուտ
Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,
Ասես ապրել ես կյանքը ուրիշի:
Ու դեռ թվում է՝ օրերից մի օր
Ճակատագիրդ քեզ պիտի հիշի
Եվ քո անցյալից ներկայով մի նոր
Սահմանազատի գալիքն ուրիշի:
Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո
Մի դեմք է հառնում հարանման քեզ
Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով
Մենախոսում է քեզ դիմելու պես.
-Չշնչավորված մանուկներին սուրբ
Ես ինչպե՞ս ասեմ վախ ու ողորմի…
-Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ,
Բայց երազախաբ գիսավոր էր մի…
-Ի հեճուկս քեզ և իմ կսկծու
Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՛վը մեր…
-Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու,
Բանաստեղծների բախտակից ձմե՛ռ…
Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Եվ մենակյացի քո հին վերմակով
Ասես ծածկում ես… մարմինն ուրիշի:
***
Յոթ մահացու մեղք
1
Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝
Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…
-Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում
Ողորմություն տա՛լ պատառը վերջին:
2
Ո՜վ չի հավակնում՝ սիրով զուգական
Գեղեցկամռութ շոյվել ու շոյել…
-Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն
Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն:
3
Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,
Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր…
-Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում
Անառակ որդուն ներե՛լ ի սրտե:
4
Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝
Խաչհամբույր տալու ամենքին ի տես…
-Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն
Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես:
5
Շատ ենք բարբառում ուրացման մասին:-
Օ՜, ո՜նց ենք սիրում լվից ուղտ շինել…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին
Պետրոսի նման… գոնե լա՜ց լինել:
6
Հուդայի դատն ենք անընդհատ վարում:-
Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք…
-Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում
Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ:
7
Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,
Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ
Նրա դառնահամ գավաթը կիսե՛լ:

















Այս գիշեր
Անետին

Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...
Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:
Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-
Ատի’ր, խնդրում եմ, աչքերս ատիր:
Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու~րը լափեմ...
Ատի’ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:
Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...
Ատի’ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

***

 Ժամանակավոր հրաժեշտ Երևանին
   
 Իմ առաջին երգից ես մի բառ եմ հիշում,
 Որ գնչուհուն տվի գրոշների տեղակ,
 Սակայն հրաժեշտն այս ի՞նչ է կանխանշում,
 Շնացո՞ղ է քշում,
 Թե՞ աբեղա։
   
 Գուրգուրանքս կտամ կատուներին
 Եւ շներին կտամ խոսքերս ջերմ,
 Իսկ մարմրող լույսը քո տների
 Երակներիս կարմիր գիշերներում
 Լուսնահարի նման հար կշրջե։
   
 Փողոցներդ արդեն առավոտ են ծամում։
 Թող օրհնվի հավետ քո երեկոն,
 Որ ձգվում էր ինչպես ամերիկյան ծամոն...
 Օրհնյալ լինի նաեւ գիշերը քո։
 Մի աղջիկ կար -
 Կառչած քո առօրյա հոգսին։
 Մի մահճակալ -
 Հյուրանոցի երրորդ հարկում...
 Հետո պատմությունն այդ ողորկ ու սին
 Շարունակվեց ինչ-որ ներքնահարկում...
   
 Կամուրջներից կախվող քո կեսօրվա շոգը,
 Երեւան,
 Ուղեղս հար կխանձի։
 Շամիրամից շա՜տ ավելի խենթ ու վավաշոտ են
 Փափկամարմին տիկնայք հայաստանցի։
   
 Սո՛ւտ է, թե գերել են մեր արքային։
 Օ աչքե՛ր իմ, ձեր արցունքը թող չերեւա։
 Թող Լաուրան ների Պետրարկային...
 Մնաս բարով, մա՜յր իմ՝ իմ Երեւա՛ն։
   
***

Սիրերգ

Գիշերն անթիվ ստվեր ունի
Ու մարմին մի պաղ...
Լուսնի դժգույն ուրվականը
Մոլորվեց մի պահ:

Սերս ինձնից թաքցրել են,
Տարել են հեռու:
Ես գիշերով դաշտ եմ գնում -
Սերս փնտրելու:

Աշնանային խոտերի մեջ
Թախիծ կա դեղին:
Ինձ ասացին անտեղի է
Արցունքդ լեղի...

Գիշերն անթիվ ստվեր ունի
Ու մարմին մի պաղ...
Լուսնի դժգույն ուրվականը
Դահիճ է կարմիր:

***

Վերջին մարդը
(Տխուր հեքիաթ)

Մի մարդ,
բոլորովին մենակ մի մարդ
տախտակ էր տաշում:
Մի քանի կտոր տաշեց-
իր հասակի չափով:
Հետո գրպանից ժանգոտ մեխեր հանեց,
մի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ դագաղն իր հասակի չափով է, -
նա հանեց վերարկուն,
արձակեց փողկապը
ու շունչը պահած`
զգուշորեն սողաց դագաղի մեջ:
Հետո նա հիշեց,
որ էլի մի քանի կտոր տախտակ կա,
ու էլի մի քանի մեխ ունի գրպանում:
Եվ որովհետև հիշեց,
զգուշորեն դուրս սողաց դագաղից,
փողկապը կապեց
ու հագավ վերարկուն:
Ու այդ մենակ,
բոլորովին մենակ մարդը
վերջին կտոր տախտակները տաշեց,
գրպանից ժանգոտ մեխեր հանեց,
մի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ կափարիչը դագաղի չափով է, -
նա հանեց վերարկուն,
արձակեց փողկապը
ու շունչը պահած
զգուշորեն սողաց դագաղի մեջ:
Մենակ,
բոլորովին մենակ այդ մարդը
վեց օր պառկեց նույն դրությամբ
և յոթերորդ օրը հիշեց,
որ էլի մի քանի մեխ ունի գրպանում:
Եվ որովհետև հիշեց,
զգուշորեն դուրս սողաց դագաղից,
փողկապը կապեց
ու հագավ վերարկուն:
Հետո գրպանից հանեց վերջին մեխերը,
մի քանի քար վերցրեց
ու սկսեց մեխել:
Ու երբ հասկացավ,
որ փակել է դագաղը, -
երբ գլխի ընկավ,
որ դագաղը դատարկ է, -
նա սկսեց բարձրաձայն հեկեկալ,
որովհետև էլ ոչ մի կտոր տախտակ չկար,
ու մեխ չկար գրպանում,
որովհետև
հողագնդի վերջին մարդն էր ինքը...





1 комментарий:

  1. Մտքերը հստակ չեն։ Հանգերն են ղեկավարում հեղինակին։ "Բոհեմ" է խաղում։ Աշխատում է տպավորություն գործել․․․

    ОтветитьУдалить