Որոնել

воскресенье, 27 мая 2018 г.

Շառլ Ազնավուր. բանաստեղծություններ

 Շառլ Ազնավուր (1924 Փարիզ, Ֆրանսիա)



















Ինքնակենսագրություն

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:

Այդ արտիստները - հոգսը ուսերին, ընտանիքի տեր -
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:

Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:

Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:

Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:

Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին."Վերևն Աստված կա,
Լավություն արա` մի որ անպայման կգա քո դիմաց":
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:

Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:

Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:


***

Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ
Հոնքերի տակից,
Իսկ դու լարվում ես,
Շարժվում անհանգիստ:
Նրա հայացքը
Փաղաքշում է քեզ,
Իսկ քո պահվածքը
Ասում է` դեմ չես: 

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ, 
Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ:
Ես` մի կողմ քաշված,
Լուռ զսպում եմ ինձ,
Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ:

Նա տնտղում է քեզ
Կրքոտ, ուշադիր, 
Դու` խրախուսում, 
Ժպտում սիրալիր:
Նա քեզ է նայում, 
Ժպտում աներես,
Իսկ դու` ափսոսում,
Որ կողքիդ եմ ես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչրինչ,
Բայց նկատում եմ ձեր հնարքները:
Ես` մի կողմ քաշված,
Թաքցնել եմ փորձում
Հոգիս ծվատող մութ կասկածները:

Նա դիտում է քեզ
Գողունի, թաքուն,
Դու զրուցում ես 
Ավելի հանդուգն:
Հմտորեն այնպես
Նա սեր է խաղում,
Դու արբենում ես,
Քահ-քահ ծիծաղում:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց սիրտս լուռ արտասվում է:
Ես` մի կողմ քաշված,
Խմում եմ մռայլ.
Իմ սերը արդեն ուրիշ գրկում է:


***

Բոհեմը

Այն օրերից եմ ուզում պատմել ձեզ,
Որ ապրում են լոկ քսան տարեկանում,
Երբ որ Մոնմարտրի շուշանները հեզ
Մեր պատուհանի տակ էին ծաղկում:
Ու սիրո համեստ բույն էր մեզ համար
Սենյակս խղճուկ, ուր ապրում էինք,
Ես՝ մի նկարիչ՝ քաղցած ու աղքատ,
Դու՝ բնորդուհի, որ ինձ սիրեցիր:

Բոհեմը, բոհեմը
նշանակում է՝ երջանիկ էինք,
Բոհեմը, բոհեմը,
Թեև գրեթե միշտ քաղցած էինք:

Սրճարաններում ամեն օր նստած
Մենք ընկերներով փառք էինք տենչում,
Թեև անտուն էինք, թշվառ ու սոված,
Այդ երազն էր մեր սիրտը ջերմացնում:
Եթե մի աման տաք ճաշի դիմաց
Որևէ նկար էին պահանջում,
Մենք, վառարանի շուրջն ուրախ խմբված,
Երգում էինք ու գարուն երազում:

Բոհեմը, բոհեմը
Նշանակում է՝ դու գեղեցիկ ես,
Բոհեմը, բոհեմը,
Ու երկուսս էլ հանճարեղ ենք, տես:

Շատ անգամներ եմ գիշերներ անքուն
Ինչ-որ կտավի դիմաց լուսացրել՝
Նուրբ ուրվագծեր ուղղելով բազում,
Նորից կերտելով կրծքեր ու ազդրեր:
Իսկ առավոտյան, հոգնած, սակայն գոհ,
Հավաքվում էինք մոտ սրճարանում,
Ընկերների հետ մինչև երեկո
Հիանում կյանքով, կենացներ խմում:

Բոհեմը, բոհեմը,
Նշանակում է՝ քսան տարեկան ենք,
Բոհեմը, բոհեմը,
Ու երջանիկ ենք, որ դեռ ջահել ենք:

Եթե օրերից մի օր ետ դառնամ
Ու փորձեմ գտնել իմ հասցեն նախկին,
Էլ չեմ ճանաչի իմ ջահելության
Ո՛չ տները, ո՛չ փողոցները հին:
Արվեստանոցն եմ փնտրում, բայց չկա,
Ու ոչ մի ծանոթ վայր չի մնացել,
Տխուր է կարծես Մոնմարտրն, ահա,
Իսկ շուշանները վաղուց են թոշնել:

Բոհեմը, բոհեմը,
Մենք ջահել էինք, ու մի քիչ էլ գիժ,
Բոհեմը, բոհեմը
Չի նշանակում ուրիշ էլ ոչինչ:





















***

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել
Երբեք չէի մտածի, որ կտեսնվենք:
Պատահականություն էր. պատահում է,
Մեր ճակատագիրը մի պահ կանգ առավ,
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Քեզ նայելով՝ ես ժպտում եմ՝ չկարողանալով զսպել
Ամիսները, տարիները հաճախ հետք են թողնում,
Սակայն դու չես փոխվել. գուցե միայն սանրվածքդ,
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Հարցնում ես՝ ամուսնացած եմ: Չէ, ցանկություն չունեմ:
Սիրում եմ ազատությունս, և քեզնից հետո
Դեռ չեմ հանդիպել կյանքիս կնոջը
Դե արի գնանք բաժակ բարձրացնենք, կպատմես քեզնից:

Ի՞նչով ես զբաղվում, հարու՞ստ ես, գո՞հ ես կյանքիցդ:
Փարիզում մենա՞կ ես ապրում…. իսկ այն հարսանի՞քը,
Ի դեպ, ծնողներդ երևի պետք է ջղայնացած լինեին,
Չէ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ո՞վ կասեր, որ պատահական մի օր
Ճակատագիրը մեզ դեմ առ դեմ կկանգնեցներ:
Ես կարծում էի, որ ամեն ինչ մահացել է ժամանակի ընթացքում:
Չէ, ես ոչինչ չեմ մոռացել:

Չգիտեմ՝ ինչ ասել, որտեղից սկսել,
Հիշողությունները խեղտում են, գլուխս պտտվում է
Եվ անցյալը վերադառնում է:
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Այն ժամանակներում, երբ ես հպարտ էի, որ սիրում եմ,
Քո հայրը, ով ուրիշ ճակատագիր ես որոշել քեզ համար,
Կոտրեց մեր սերը և ստիպեց լաց լինել,
Քեզ համար ընտրած ամուսնու համար:

Ես ուզում էի քեզ նորից տեսնել, սակայն քեզ թաքցրել էին,
Ես քեզ գրեցի հարյուր անգամ, սակայն առանց պատասխան,
Երկար պահանջվեց, մինչև քեզնից հրաժարվեի
Չէ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ինչ արագ անցավ ժամանակը…. սրճարանն արդեն փակվում է:
Արի ես քեզ ճանապարհեմ մեռած փողոցներով
Ինչպես այն ժամանակ, երբ քո դռան մոտ համբուրվում էինք:
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Բոլոր եղանակները մեր սիրելու եղանակներն էին,
Եվ մենք չէին վախենում ո՛չ ձմռանից, ո՛չ աշունից
Երբ 20 տարեկան էինք, մեզ համար միշտ գարուն էր:
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ինձ այնքան հաճելի է զգալ քո ներկայությունը:
Մի քիչ տարօրինակ եմ զգում ինձ, ավելի թեթև
Հաճախ երիտասարդության սառը ցնցուղի կարիք ունենք.
Այնքան հաճելի է վերադառնալ անցյալ:

Ես կցանկանայի, եթե իհարկե դու ուզում ես, ես չեմ պնդում,
Քեզ նորից տեսնել, մի անգամ էլ…. Եթե դա հնարավոր է
Եթե դու ցանկություն ունես, եթե դու ազատ ես,
Եթե դու ոչինչ չես մոռացել
Ինձ նման, ես ոչինչ չեմ մոռացել:


***



Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:

Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:





















***

Պարզ է, սիրում եմ քեզ

Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ, 
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ, 
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ, 
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ, 
Պարզ է սե՛րս խորունկ:


***

Մնա
Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այստեղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…


Комментариев нет:

Отправить комментарий