Որոնել

вторник, 22 мая 2018 г.

Աշոտ Ավդալյան. բանաստեղծություններ

Աշոտ Ավդալյան (1948-1985)
















Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից,
Այս էլ քանի դար ես ետ եմ դառնում ու չեմ հասնում տուն,
Դեղնած խոտերը էլ չեն սպասում երկնքի դարձին,
Խաղաղված ժայռեր, որոնք նման են իմ հոր շիրիմին:


Դատարկ փողոցներ, ինչքան էլ նայես՝ դատարկ կմնան,
Խարխուլ տնակներ, որ բախտի նման էլ չեն նորոգվի,
Եվ սպասումը այնքան պատրույգներ թաղեց սեղանին
Լույսը կբավեր տաս բերան Նարեկ կարդալու համար:

Ինչո՞ւ անպտուղ այս խոտերի մեջ այդքան սեր դնել,
Երբ առանց այդ էլ սերը պետք է մեզ ապրելու համար,
Եվ մենք վաղուց ենք մեզ դրել հոգնած իրերի կողքին,
Եվ ինքդ նայիր, խարխուլ տների հոգնությունն անցավ:

Ինքդ նայիր, խարխուլ տների հոգնությունն անցավ:
Աստված հայտնվեց, Ավետարանից երկու թերթ պոկեց,
Տեսի՞լք էր արդյոք, թե՞ տառապանքի մի նոր հիշատակ,
Բայց դա եղել է, գուցե չի եղել, Աստված իրեն հետ:

Բայց ես գնում եմ իմ ազատության ոտնաձայնի հետ
Ու հայտնվում եմ նույնիսկ խորշերում հավիտենության,
Բայց ես հիշում եմ, որ իմ տան կողքին ուրիշ տուն էլ կար,
Որ մի պառավ կին միշտ հայտնվում է իր հավերի հետ:

Իմ հայրենիքը ձեր ինչին է պետք, իմ տողն է ձեզ պետք,
Եվ ես կապույտից երբ կշտանում էի, կարմիրն էի ուզում,
Սա միայն խաղ էր, երբ ես վազում էի իմ մանկության հետ,
Այն հիմա արդեն մի խաղալիք է իմ դեղնած հոգում:

Դատարկ փողոցներ, ինչքան էլ նայես՝ դատարկ կմնան,
Խարխուլ տնակներ, որ բախտի նման էլ չեն նորոգվի,
Դեղնած խոտերը էլ չեն սպասում երկնքի դարձին,
Խաղաղված ժայրեր, որոնք նման են իմ հոր շիրիմին:
 ***
Ասեղնագործիր


Ասեղնագործիր մանկան անունը
կանաչ դաշտի մեջ
ու պսակազարդ դափնին մոտեցրու նրա մազերին:
Նրան տուր ծաղկի գեղեցկությունը,
ծաղկի անունը պահիր երկնքում,
ու ծաղկի նման հավիտենության ներսում սրբացիր:
Տուր նրան բառը,
որ զույգ ձեռքերով գրկելուց հետո միայն թոթովի,
ու քեզ ընծայի այն հրաշք բառը,
որ դու երազում ասեղնագործել ցանկացար մի պահ:


Ի՜նչ զնգուն ձայն է լցվել դաշտի մեջ,
ի՜նչ մանրիկ ծիծաղ,
շուրթերի խաղը տալիս է հիմա բազմաբեղուն օր,
իսկ դու կարող ես ընթացքը որսալ գույների խաղով.
ասել - կարմիրը շատ է կամակոր թռչունի ներսում,
ասել - կապույտը շատ է լեզվանի ջրերի ձեռքում,
ասել - ցորենը դեղնակտուց է ու շատ սիրելի,
իսկ սևը՝ լեռան հավիտենության նշանն է միայն:
Ասեղնագործիր մանկան շշուկը
քո դեմքի վրա,
ու ծառից խնդրիր՝ յոթերորդ ճյուղի պտուղը տա քեզ:
***

Արեգ
Եվ երկինքը ծավալվեց արեգնային իր հեռվից,
Ծովն իր խորքերը տեսավ, երգը ըմպեց իր գինին,
Գուժկան ջրեր արթնացան, գահավեժ ու տարփալից.
Արշալույսը մեծ Արքա, վեջալույսը՝ դիցուհի։
Հողի կոնքերն օծվեցին հավերժահարս ծիլերով,
Եվ քամիները հղի՝ լույսի տաճարը մտան,
Հողը գետնեց արևին, աստվածուհու տարփանքով.
Արեգ, Արեգ, քույր Արեգ, սրտիկդ ինձ, փառքը քեզ։

Գարնանը ո՞վ չի ժպտա, ո՞վ չի սիրի Արեգին.
Նախյաց փառքը հոնքերին, քնքուշ ինչպես զով ջրեր,
Լույսի նման կնայի, մազերը ծով, սիրտը կին,
Թե մոլեգնեց, կդառնա աղբյուրների սիրուհին։

Փակիր աչքերդ, տեսիլք, փակիր ու մի արթնանա,
Թող Արեգը թափառի, թող արթնանան դաշտ ու սեզ,
Երկինքը բաց, հողը թաց, դաշտը հրկեզ, գրկում՝ նա.
Արեգ, Արեգ, քույր Արեգ, սրտիկդ ինձ, փառքը քեզ։


***

Եվ ո՞վ էր հանում գիշերն իր ներսից, 
թաքցնում լույսի, ստվերների տակ, 
և թանձր օրը 
ո՞վ էր լվանում հիշողության մեջ: 
Հոգին ծաղկում էր,
և շուրջը միայն զարդանկարն էր խմբերգի նման, 
և շուրջը միայն կանանց մեղեդին 
ծլարձակում էր - շնորհը բացում: 
Եվ շուրջը միայն հրավառության 
օրը իր զարդն էր հայցում դրկիցից 
ու տանում էր ետ - 
դեպի սկիզբը ու տեսանելին: 
Օ, ցանկալի էր 
այդ պահին նայել աստղերին, հետո
մարմինը լվալ, 
օ, ցանկալի էր
այդ պահին լսել
խմբերգի ձայնը, 
նայել հեռացող կանանց ետևից, 
օ, ցանկալի էր քրտնած երեսը
խավարով սրբել
ու դուռը բանալ:
























***
Նորից ես լռել,
չես հիշատակվում ոչ մի ծաղկի մոտ,
իսկ նրանց շուրջը անձրևաց տոն է, 
փափկասիրության նոր տոնահանդես`
ուր զարդարուն են երկինք ու երկիր,
ուր բացակա է թշվառությունը,
և ուր թողությամբ զարդարուն հոգին
սլացքի մեջ է։
Եվ լռությունը
մի՞թե կարող է ներհյուսվել ձայնին,
որ պտղաբերի
փարվի հիացքի տիրուհուն մի պահ,
ու հայացքների ծանր բեռի տակ
որ նա քմահաճ արբունքով լցվի
ու առաջնորդի զարթոնքի սրահ։
Եվ հիմա դրսում անձրևաց տոն է,
փափկասիրության նոր տոնահանդես,
ուր զգեստներ է կարում մասրենին,
և նույն պահին էլ գցում է վրան,
որ երբ մեղուներն հաճոյախոսեն`
մտնի խաղի մեջ,
ու մնացորդաց օրը ընձեռի
հաճոյախոսին։


***

Ամեն առավոտ,                                                                   
երբ արեգակը ասեղնակար է տալիս դաշտերին,
եզրակարերին տալիս է հանգույց,
և իմ հեքիաթի ժապավենները
լուռ տատանվում են քամու տագնապից.
ես հիշողության պաստառի վրա
գծագրում եմ դեմք ու դիմագիծ,
ու կանաչները սպիանում են գարնան փեշերին,
և կարմիրները զգեստի մեջ են փնտրում ելագիծ,
երեկոները բերում են հնչերգ
ու գունավորում անընթեռնելի,
ու արծաթներ են կախվում երկնքից,
ու զնգոցներից արթնանում ես դու,
նայում ես հոգուդ շուրջը թափառող
մերձավորներին։

***
Մարմին առ, օր-
իղձ ունեցող ուխտավորին տուր ճանապարհ,
նրան-փոքրիկ շագանակներ ընծայելով- հասցրու տեղ,
որ խմբերգը նա հասցնի տաղասացին:
Որ երբ կարմիր ժապավենով ցնծա քամին,
որ երբ լինի ընթերցումի ծիսական ողբ,
մարմին առած դու բաժանես խնձոր ու նուռ,
ու զարդարես ուխտավորին,
որ խմբերգի ձայնը բերի արդարներին:
Մարմին առ, օր.
տուր հիշեցում ծաղիկներին,
որ զրույցի համար ընտրեն հարմար բառեր
ու շշուկով զուգեն դեմքը տառապյալի,
որ և կանայք բերեն ողբի զարդակարեր,
և երեխեք լինեն շուրջը ընթերցումի,
տաղասացը լինի մայրը հիշողության-
իսկ ծեր մի այր, թող հող մաղի: 
















***
Եվ հազար տարի, և հարյուր հազար
գուցե ավելին, ես այդ չեմ հիշում,
մենք մանկությունից գնում ենք դեպ մահ
ու հավատում ենք օրերի դարձին։
ՈՒ հավատում ենք օրերի դարձին,
ինչպես քամին է հավատում, որ կա
իր բախտը հեռվում, վերադարձն իր մեջ։
Եվ այդ ցավից էր, որ հազար տարի
մարդն իր մանկության կեղևը քամեց,
ինքն իր մեջ գնաց՝ որ երկար ապրի,
ինքն իր մեջ գնաց՝ որ ապրի իր հետ։
Ու թափառումի ողջ իմացությամբ
բռնկումների զորավոր աջով,
լռեցրեց բոլոր քարերը իր մեջ
հպարտ դաշտերի արթնացման գնով։
Եվ գիտակցելով անսահմանն իր մեջ՝
գոռաց վայրկյանի ողջ տարողությամբ,
խլացան վերջին մասնիկներն հողի,
և ինքը նորից պարփակվեց քնով։
Եվ արթնացումի շարական չկար,
և հեռացումի ծույլ հոգեհանգիստ,
և ինքը նորից լռում էր իմ մեջ,
ինքն իր մեջ գնում, որ ապրի իր հետ։
Եվ այդ ցավն իրոք ավելին եղավ,
աստվածներ դաղեց, քամիներ քամեց,
և հասավ այնտեղ, որտեղ հասնում են,
և ինքը նորից պարփակվեց քնով։ 

***
Զրույցների ծես

Եվ ահա անձուկ օրերի դիմաց, ուր շոգն է նստում թագուհու նման,
ուր պատկերները թափվում են մտքից ու շաղ են գալիս լույսերի կիրճում,
ուր երկիր իջնող ամեն ժապավեն առաջին գույնի սարսուռը ունի,
ուր չեն մերկանում օրերը մեկից` նախ քնքշանքի յուղով են օծվում,
ուր երգն հավիտյան մարգարեացած հարս է նորելուկ,
ուր նախ՝ հայացքն է հագենում ջրից, հետո մարմինը,
բացվում են դռներ հեշտանքի, ծաղկի ու անմահութան,
ուր մեղուն ունի զրույցների ծես ու դարձի պատրանք,
հաճոյախոսված ամեն մի ծաղիկ վարդ է երևի,
ու ամեն հայցվոր նախ սիրո կիրճ է մտնում խավարից…
Եվ ահա, անձուկ օրերի դիմաց հրամցնում են թագուհուն պերճանք,
իշխանավոր է ամեն մի ստվեր, և ամեն ծաղիկ, վարդ է երևի,
և լույսը մի պահ ասեղնակար է տալիս հիացքին,
եզրակարերից իջնում են ծեսեր հրավառության ու վարանումի:


Комментариев нет:

Отправить комментарий