Որոնել

вторник, 22 мая 2018 г.

Աշոտ Ավդալյան. " Արևանթեմ " գրքից

Աշոտ Ավդալյան (1948-1985)


* Արևանթեմների մեջ մեծացավ Աշոտ Ավդալյանը, քամիների հետ խաղաց ու արև երգեց: Իր առաջին ժողովածուն Ավդալյանը վերնագրեց «Արևանթեմ»:
Դեռևս 1976թ. ժողովածուում հանձնարարվեց տպագրության, սակայն այդպես էլ լույս չտեսավ: «Արևանթեմի» 150-ից ավել բանաստեղծությունները կրճատվեցին, կրճատվեցին, և 1980թ. լույս տեսավ «Նավասարդ» ժողովածուն, որում մնացել էր 46 բանաստեղծություն միայն, այդ պատճառով էլ ճիշտ ենք համարում Աշոտ Ավդալյանի առաջին ժողովածուն համարել հենց «Արևանթեմը» և ոչ «Նավասարդը»:

Աիդա Խաչատրյան գրականագետ, թարգմանիչ



























Ըստ միջնադարյան այրող երգերի
լույսը շատացավ,
Արթնացումի պահ եղավ հողեղեն իմ աչքերի մեջ,
Եվ հարուստ էի ես,
Ինչպես որ հողը գարնան շեմի մոտ,
Նաև անզգա,
Գինով արբեցած,
Հին աստվածուհու ստինքների պես:
Եվ կանգնել էի ես,
Որ հայտնությունը հարություն տար ինձ
Եվ պատկերավոր լռությամբ լցներ
Երակներիս մեջ արթնացող ոգուն,
Եվ թոկից փախած մարմնիս ձևերին
Իր արեգնային թողությունը տար:
Եվ արեգակը բարձր է, շատ բարձր,
Եվ լույսը ընկած իմ ոտքերի տակ,
Եվ լույսը թովված աչքերիս լույսով,
Եվ հայտնության պահ արեգնամրուր:
Լույսը լուսացավ,
Եվ տիտանական ըմբոստացումն իմ,
Դեմ դիմաց կանգնեց լույսի հանճարին,
Ու խառնվեցին, մերձեցան իրար
Արեգակ մի ծուռ, մի ծուռ հողեղեն,
ու մի ծուռ հեղեղ:

***
Անշարժ է քամին, լույսը չի խեղդում,
Կարմիրը արդեն հասավ ծնկներին.
Այն մասուր քաղող աղջկան նայիր.
Աչքերը սև են՝ ձեռքերը կարմիր:
Ստվերներն ահա շոգից փոքրացան,
Դուռը շիկացավ, իսկ քարը՝ շիկնեց,
Տաք դուռը բացվեց, շոգը ներս մտավ,
Կատուն դուրս եկավ, աղջիկը հոգնեց:
Լույսը չեր խեղդում, տապը երկարեց,
Կարմիրը հասավ ստինքներին զույգ,
Աղջիկը հոգնեց, կարմրեց, շիկնեց.
Աչքերում նա էր, ձեռքերին՝ մասուր:
***
Դու գիշերվա պես ամոթխած եղար,
Դու լուսնի նման եղար կարեկից,
Ու հիմա սերս դառնում է արդար
Ինչպես թոնրի հաց, ինչպես աչքի ծիր:
Աչքերդ Մշո հերկերից էլ սև,
Ուր արգասաբար լռությունը կա.
Հեքիաթի միջից ես ու դու ելանք,
Ինչ մնաց այնտեղ, մնաց կարմիր ձին:
Ու գնում է ձին, կարմիրն ետևից,
Արևի օրհնած վարգով հոլաթև,
Հոնքերիդ տակից նայում են դեռ ինձ
Աչքերդ Մշո հերկերից էլ սև:
Եվ ես լույսից մերկ, արևից թեթև
Գնում եմ ձիու կարմիր հետքերով,
Գնում են գնում, հասնում եմ այնտեղ.
Լուսինը կրծող հովազների մոտ:
***
Քաղաքները փողոցներից ելան դուրս,  
Դաշտերի մեջ արշալույսներ կերտեցին,
Ձորերի մեջ, դաշտերի մեջ եղավ լույս,
Ոսկեբերան արեգակն էր կարմիր ձին:

Կապույտը շատ, հողը կարմիր, երգ-երգոց,
Դարձան կրակ, տաք հորձանքի լիճ խորին,
Լույսը խնդաց, հողը դեղին հարս բերեց,
Ոսկեբերան արեգակն էր կարմիր ձին:

Բայց հեքիաթը չի սպասում իր վերջին,
Յոթը սարեր, յոթը ծովում կխեղդվեն,
Լցրու գինին, բաժակն ինչքան նորանա,
Ոսկեբերան արեգակն է կարմիր ձին:


















 ***

Լույսը իջավ եկեղեցուն
Ու գավիթից նոր հաղորդվեց,
Սարսռացին խոտերը չոր,
Եվ աղավնին օրը բացեց:

Ճերմակ, ճերմակ լույսի շիթեր
Արեգակից վար նայեցին:
Ճերմակ, ճերմակ աղավնիներ
Եկեղեցուց վեր խոյացան:

Եկեղեցին հիշեց մի պահ
Միջնադարյան աղմուկը հին,
Եկեղեցին մերվեց մի պահ
Զանգակատան հզոր ձայնին:

Հողը կարծես թույլ սարսռաց,
Շիրմաքարերն իրար եկան,
Մի աղավնի, նայիր, հասավ,
Կարմիր, կարմիր արեգակին:
Եկեղեցին կամաց, ներհուն
Սև քաթանե շապիկն հանեց,
Լույսը իջավ եկեղեցուն
Ու գավիթից ներս հաղորդվեց:

***
Կարմիր է հողը
Վարդավառի տաք սրտերի նման:
Ու կարմրում է երգի մեղեդին,
Երջանկությունից հալվում է օրը,
Եվ արեգակի կարմիր փեշերից
Շղարվում է ցած տաք երջանկություն:
Եվ աղջիկների մատաղ սրտերից
Փախչում են կարմիր տաք երիվարներ,
Փախչում են, վազում, ծիծաղում կարմիր,
Հար, անխոս, ինչպես աստվածուհիներ:
Եվ արեգակը հալվում է մի պահ,
Կարմիր հարսների կապույտ աչքերին,
Կարմիր վարսերին, կանաչ փեշերին,
Որ վարդավառի օրհնությունը տա:
Կարմիր է հողը,
Վարդավառի տաք երկնքի նման:

***
Երբ հերադուլ կանայք իջնեն մեհյանից,
Սրտանոցներն ամրացնելով քայլ առ քայլ,
Ես կժպտամ ու կնայեմ աչքերիդ,
Օ, երանի շեկ ծծերիդ, արեգակ:
Լուռ կըմբոշխնեմ հմայքները տարփագեղ,
Նրանց կապույտ աչքերի մեջ կայրվեմ,
Տաք հյուսքերդ թե արձակես, կխնդամ.
Օ, երանի շեկ ծծերիդ, արեգակ:
Նրանց հպարտ, հավատալիր աչքերում
Վարդավառի ջրերն անուշ կխշշան,
Ես Անահիտ աստվածուհուն կժպտամ,
Օ, երանի շեկ ծծերիդ արեգակ:
Երբ հերադուլ կանայք գնան, հեռանան,
Սրտանոցներն ամրացնելով քայլ առ քայլ,
Ես կնայեմ երինջների աչքերին,
Եվ աչքերից արյան ծովեր կժպտան:
Ու երբ նրանք երազ դառնան, հեռանան,
Կմոտենամ, շրթունքներդ կհամբուրեմ,
Ու կդառնա հեթանոսի սրբություն,
Օ, երանի շեկ ծծերիդ արեգակ:

***
Եվ ծառերը հոգնած, 
Անդառնալի հոգնած,
Պոռնիկների տխուր առավոտվա նման,
Տարուբերվում, կքվում,
շնկշնկում են կամաց,
Սպասում են կանաչ երանության պահին՝
Հավերժորեն խաբված:

Քամին, քամին, քամին,
Ու քամիներ անսանձ,
Փողոցներում շրջող ժամանակից խաբված,
Հրկիզում են տագնապն իրեղենի, հողի,
Թափառում են լույսի անփույթ իմաստությամբ,
Հեգնանքի մեջ արթուն, արբեցումով հղի,
Շիրիմներին հպվում,
խենթանում են արյամբ:

Քամին, քամին, քամին…




















***

Առավոտ է,
Արևանթեմ լիզող տաք աչք,
Արևանթեմ բացող տաք աչք,
Արևանթեմ, արևանթեմ, արևահոտ,
Կանա՜չ, կանա՜չ:

Առավոտ է,
Երկու ծաղիկ, երկու հեքիաթ,
Երկու մարմին արևակամ,
Լիզում են հողն արևախաշ,
Աչքերը փակ, սրտերը խակ.
Կանա՜չ, կանա՜չ:

Առավոտ է.
Արևանթեմ ծաղկեցնող աչք,
Արևանթեմ ապրեցնող աչք,
Արևանթեմ, արևանթեմ, արևահոտ,
Կանա՜չ, կանա՜չ:

***

Նախ գեղեցիկ եղավ պահը արշալույսի,
Եվ երկինքը թռչնապարով կենդանացավ,
Ստվերները ծանակել էին լուսնի լույսին
Եվ արևի շողերի մեջ փարթամացան:
Եվ փողոցները քնարական հերոսներով
Էպիկական շնչով ելան շուրջն արևի,
Ու ներկելով շուրթերն իրենց
կարմիր գինով
Տիրոջ մառանը լափեցին վերջալույսին:
Եվ կույր ճանճեր պատուհանի վրա մեռած,
Ճանճեր, որոնք ոչ մի հեքիաթ չեն վաճառել,
Կյանք են տվել միայն իրենց նմանակին,
Շատ են սիրել
քաղցրությունը մեղրահացի:
Եվ երազներ, որ ապրում են մինչև կեսօր,
Ու հանձնվում ողբամեծար քամիներին,
Եվ իջնում է արեգակը կարմիր-կլոր
Հոգեհանգիստ, հոգեպարար վերջալույսին:

***
Թող գիշերը գա,
Թող լինի քամի,
Թող քեզ ունենամ, գիշերը մարի:
Օ՜, բավական է, քույր՝ արեգածուռ,
Որ քո փոխարեն
Այս արևելյան տաք գիշերներին
Մեկ-մեկ ընդունեմ:
Նայիր հարսներին, գոտիներն արձակ,
Տաք մահիճներում հրդեհ է, կրակ:
Նայիր աստղերին, ոնց են տառապում,
Եվ գգվիր, գգվիր, ծիծաղիր… կամաց:
Թող գիշերը գա,
Թող լինի քամի,
Թող քեզ ունենամ, գիշերը մարի:












Комментариев нет:

Отправить комментарий