Որոնել

воскресенье, 27 мая 2018 г.

Ալիսիա Կիրակոսյան. բանաստեղծություններ

Ալիսիա Կիրակոսյան (1936-2014 Կորդովա, Արգենտինա)





























Սահեք
Սպասումիս խոռոչների միջով:
Խլե՛ք,
Տարեք ինձնից
Իմ մենավոր ու որբ
Երազների ռիթմը:
Բազմապատկեք քաղցս:
Ես, որ ահա այսօր
Առանց կրունկների կոշիկներ եմ հագել,
Առավել եմ մոտիկ բարձրությանը:
Հասկանում եմ այսօր,
Որ շրջագիծը մեծ
Կսեղմվի հանկարծ,
Ու հղության պես
Կվերածվի կետի,
Եվ այնտեղ ծնունդ կառնեն ատոմները:
Այդ խելահեղ խղճի ընդերքի մեջ
Սերը կցանկանա փոխվել կյանքի…


***

Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային
ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված
լինի ցողերում,
Մինչեւ քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս...

Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:


***

Եվ գետերը զսպեցին
Իրենց մոլուցքը
Լուռ բողոքներ փոխանակելով
Աստղագուշական նշանների հետ:
«Քաղցկեղ» եմ,- ասի հանդունգն:
Մի կապույտ-կապույտ
Պոեմ եմ ուզում,
Որ ապաստաններս զարդարեմ:
Եվ ծաղիկների մի սեր,
Որ ինձ սպասի
Իմ ճանապարհին:
Համր գետերը շարունակեցին
Ոճիրներ գործել իմ տնակի դեմ
Եվ չլսեցին
Լեռան աղոթքը:
Այդ օրը, ավա՜ղ,
Չբաժանեցին
Անսպառ հացը…
Մենակ մնացի:
Դիվահանեցի ձեռքերս հողին հարած:
Ու դիպա այն նույն գետին, որ կսնանի նշանս:


***

Ամեն ինչից հեռու,
Այնտեղ,
Ուր հավատ ու խորհուրդ
Հանդիպում են իրար,
Հանդիպում նույն ոճով
Ու նույն մակարդակով,
Այնտեղ,
Ուր «հետո»-ին
Սպասելուց հոգնած
Ամպն է տարուբերվում,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ես իբրև զտված մի նյութ,
Գիտության
Եվ Աստծո
Սեղանի շուրջ
Հացի պիտի նստեմ
Օդից առկախ
Եվ նույն գինին ըմպեմ,
Նույն խոսքերը ասեմ,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ամեն ինչ
Զարկում ու բախվում է
Ամեն ինչի:
Ես և դու`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն…
Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:
***


















Ներիր ինձ,
Ես քեզ ցավ եմ պատճառել:
Սերը այդպես է,
Դառն է,
Հոշոտող
Ու աստվածային,
Երազողների համաճարակն է,
Տաս հարվածով է
Զարկում նա ցավին:
Սերը այդպես է ,
Մաշկը ձգում է ,
Դարձնում մի գիծ
Եվ նպատակդ
Դարձնում հոգնակի:
Ցավ եմ պատճառել ,
Եվ դու չես լալիս:
Դու, ուսնունդս
Հանցանքի հետ ես
Շփոթել կյանքում:
Եվ դու չես կարող
Հասկանալ թե ես
Ինչու եմ վայրի,
Եվ ինչու եմ ես
Լալիս այսպիսի
Խոշոր արցունքով,
Ինչու մեջքիս մեջ
Հաճույքն է ապրում,
Եվ օրենքն ապրում
Կողոսկրերիս
Անխախտ կարգի մեջ:
Իմ հոգին բոց է
Ու մերկ է որպես
Մերկության նկար:
Նա պարուրված է 
ամոթխածությամբ,
Եվ մերկ ոտքերին
Մեղքի թելեր են
Խճճվել ահա…
Եվ ես հարցում եմ
Անում Աստծուն՝
Ինչու՞ եմ տխուր,
Ինչու/ չեմ կարող
Վերքերս թողնել
Ձյուների վրա,
Արեվն ինչու՞ է
Թաքնվում այդպես
Խորքերում հեռու…
Ես ծիծաղների
Բիծ էի դեմքիդ
Եվ օդի կաթիլ,
Եվ պտուղ էի,
Եվ մեղու էի ես,
Հողի մեջ ուռչող
Սերմ էի բարի,
Հաբույր էի ես,
Որի սարսուռն է
Սահում մեջքն իվար,
Եվ բույս էի ես
Հավատքով մոլի:
Ու ես կուզեի
Կորցնել հիմա
Ամբողջ անցյալս
Ու իմ հովանին
Սիրուդ հետ փոխել,
Քո գիրքն սպիտակ
Ծայրեծայր պատել 
Սիրո բառերորվ:
Ներիր ,քեզ միայն
Ցավ եմ պատճառել,
Եվ լավ է այնքան,
Որ դու չես լալիս:
Աչքերդ շրջիր
Դեպի քո ներսը,
Ետ տար քո ձեռքը,
Եվ մնաս բարով
Ասենք մեկմեկու…

***
Այս գիշեր ես կարող էի
Հավիտյան սիրել,
Այս գիշեր ես կարող էի
Անջրպետներով թռչել`
Հեծած ամենահանդուգն երազների
Հաճախականության վրա,
Եվ նորից որսալ այն ապագան,
Որ հովերն էին ինձ խոստացել:
Այս գիշեր
Ես կարող էի փշրել
Կապանքը շղթաներիս,
Աղոթքների ուժով
Մի հոգընկեր ստեղծել
Եվ իմ ճամփին հենված
Աշխարհը փոխել:
Այս գիշեր ես մահն եմ հաղթել:
***
Սպասում եմ քեզ,
Որ կիսեմ քեզ հետ
Մեր հանդիպումի արտասուքերը:
Եվ ծովախորշում խոնար կուչ եկած,
Լսում եմ ջրի շաչյունն ուշացած,
որ բերում է ինձ
Խոստովանելու գաղտնի ցանկություն:
Ես հավատում եմ,
Որ լուսաբացի քո ալիքները
Պիտի սեփական ծովս արարեն:
***
Սպասումներիս քնած քաղաքում
Դու լռություն ես,
Որը պատրաստ է, սակայն, շաչելու:

Արքայություններ իր մեջ ամփոփած
Պարագիծ ես դու,
Որը պատրաստ է արդեն փակելու
Իր մագիլները:

Քնած քաղաք եմ՝
Իր ճիշտ ու ճշգրիտ,
Իր սովորական, ճշգրիտ ու անշարժ
Հանգերգության մեջ,
Որն անց է կենում
Ամենախորին ու տաք ծալքերով,
Ուր լույսը գանձ է,
Եվ ուր պայթյունի սպասումը կա:

Լռություն ես դու,
Որը ժպտում է
Իմ լռության մեջ,
Քո լռության մեջ,
Խոսքերի բոլոր լռություններում:


Комментариев нет:

Отправить комментарий