Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Գիթի Խոշդել


Գիթի Խոշդել




Ծաղիկներով օծիր մարմինս`
Ես ուզում եմ զգալ ինձ հող...

***

Աշխարհին իջած
Ամենատխուր գիշերն է այսօր.
Դու վերադառնում ես տուն,
Ուր քեզ չեմ սպասում...

***

Դու կգտնես մազափունջս
քո ճերմակ բարձին,
Ես կապրեմ ճաղատ օրերս`
մենության գլխին...

***

Այդ կինը, ում դու նվիրեցիր կյանքդ`
Կտեղավորի մարմինդ դագաղում
Եվ կմաքրի ոտքերը այն հողի վրա,
Որ պիտի շաղ տան քո շիրմափոսին:

Այն տղամարդը, ում նվիրեցի կյանքս`
Այդպես էլ չսովորեց ճիշտ մեռնել...


***






















Մարի'ր լույսը`
Խավարում այն կատարյալ է:

***

Մտապահիր իմ ձեռքերը,
որ կարողանաս զգալ
անմեղությունս,
երբ քեզ սպանողը 
ես չեմ լինի...

*** 

Չե'մ վախենում մահից,
Ժամանակը` վայրի 
Մանուշակների պես,
Քո մատների արանքում 
Ծլարձակեց. դու ինձ 
քաղում ես պարտեզից:
Չե'մ վախենում մահից.
Ինձ բավական է
Մեկ օրվա կյանքը 
Քո ծաղկամանում...

***

Քո մասին հեքիաթները
Պատմում էի գետին,
Հազար սիրտ քիչ էր`
Գիշերվա մարմինը 
Շոյելու համար ...
Լուսաբացին ես հաց էի թխում,
Մայրամուտին` 
Երկնային բանաստեղծությունները
Գրում էի կոկոսի տերևին,
Որ մենությունս լեփլեցուն դառնա...


*** 

Հուր բարձրացավ,
Մթությունն այրվեց...
Ես լույսից անունդ հարցրի`
Արտը ցույց տվեց...
Ու տեսա.
Վերցնելով գետնից
Ամեն մասնիկ`
Դառնում է արև,
Եվ ամեն քայլդ
Մի նոր բանաստեղծություն`
Կակաչների կրծքին:


***

Ուր էլ նայես աստղ է ծաղկում

Թե ձեռքերս տաքացնի
Շապիկիդ արևն`
Ամեն մի բառը կլինի թռչուն`
Ճախրանքում:
Քեզանից բացի ոչ ոք չգիտի,
Թե մինչև ո՞ր բարձունք 
Կձգվի թռիչքս...
Ես միահյուսում եմ լռությունները`
Որպես ձկնորսության ուռկան,
Սակայն ծովի երկայնքով:
Երկրե-երկիր, 
Լուսնից-լուսին,
Արեգակից-արեգակ` 
Ուր էլ նայես աստղ է ծաղկում,
Եվ բոլոր անձրևները 
Վերածվում են մարգարիտների:
Աչքերս փակում եմ` ուղվելով
Դեպի կամքը քո, 
Դեպի այն մարմինը, որ հյուսել եմ
Այս մարմնի շուրջ`
Գրոհելով բջիջներին ճակատագրիս,
Որ ինքս իմ մեջ ես տարրալուծվեմ...
  

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий