Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Ռաբինդրանաթ Թագոր


Ռաբինդրանաթ Թագոր
(1861-1941 Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան)

Թախիծ



Վերջին անգամ ձայնեիր կանչով չվող թռչունների,
Վերջին անգամ իմ հայացքին լուռ իջեցնեիր
Արեգակի շողը արձակ, նռան գինին մայրամուտի,
Եվ կարոտում մթնշաղի, մա'յր, ինձ գրկեիր վերադարձի մեղեդիով,
Մա'յր, ինձ պատմեիր ներող ու մեծ սրտի մասին
Միակ Աստծո...

***


Վերհուշ

Ես երբեք չեմ հիշում մորս,
Միայն երբեմն, երբ վազում եմ դուրս
Տղաների հետ անհոգ խաղալու`
Ինձ պարուրում է անհայտում ծնված 
Մի անսպասելի ինչ-որ մեղեդի,
Եվ թվում է ինձ, որ մայրս ասես
Ձուլվելով խաղիս` ինձ մոտ է եկել,
Եվ օրորելով ինչ-որ ժամանակ 
Սնարս փոքրիկ` ինձ գուցե երգել է 
Անծանոթ այդ երգը, թեպետ անցել է
Վաղուց ամեն բան անդարձ ու անհետ.
Չկա այլևս մայրս, չկա այլևս երգը:

Ես երբեք չեմ հիշում մորս,
Բայց ավշին ամսին` 
Մացառուտներում ջինջ հասմիկների,
Երբ ծաղկաբույր է ու խոնավ քամին,
Երբ դանդաղ ցայտում են ալիքները,
Եվ երբ դեռ նոր է օրը լուսանում`
Իմ հոգում արթնանում են հուշերը,
Եվ նա գալիս է ինձ այցի:
Ու հիրավի` հաճախ բերում էր մայրս
Բյուր ծաղիկներ` ի նվիրում 
Աղոթքներում աստվածներին,
Բայց դրանի՞ց է, որ մայրական 
Իր բույրը ամեն անգամ ես զգում եմ,
Երբ լուռ կանգնում եմ տաճարի շեմին:

Ես երբեք չեմ հիշում մորս,
Բայց ննջարանի իմ պատուհանից 
Երկար նայելիս երկնի կապույտին,
Աշխարհին, որը չի լինի գրկել
Հայացքով անգամ` ես հանկարծ 
Զգում եմ, որ իմ աչքերին 
Իջնում է դանդաղ հայացքը նրա` 
Ակնդետ, քնքուշ` ճիշտ, ինչպես ժամին 
Ոսկե օրերի, երբ ես նստում էի
Ծնկներին նրա և նա նայում էր
Իմ զույգ աչքերին, ու այդ հայացքը
Դաջվելով մեջս` իմ առաջ փակեց
Երկինքը ամբողջ...




















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий