Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Խորխե Լուիս Բորխես

Խորխե Լուիս Բորխես
"Գաղտնագիր" գրքից
Երրորդ մարդ
(1899-1986 Բուենոս-Այրես, Արգենտինա)




Ես նվիրում եմ այս բանաստեղծությունը
(ընդունենք այս բառը ժամանակավորապես)
Երրորդ մարդուն, ում հանդիպեցի երեկ չէ առաջին օրը,
որն անհաս էր, ինչպես երրորդ մարդն Արիստոտելի:
Շաբաթ երեկոյան փողոցները մարդաշատ էին,
և ինչ-որ տեղ ամբոխում կար երրորդ մարդը`
ճիշտ այնպես, ինչպես չորրորդն ու առաջինը:
Ամենայն հավանականությամբ մենք չհանդիպեցինք անգամ հայացքով.
նա մեկնում էր Պարագվայ, ես` Կորդովա:
Հնարավոր է` նա նախաերկունքն է այս բառերի.
ոչ մեկին հայտնի չէ անունը նրա:
Ես գիտեմ` կա համ, որ սիրում է նա:
Գիտեմ` երկար է նայել նա լուսնին:
Հնարավոր է` արդեն մահացել է նա:
Կարդալով այս ամենը` նա դժվար թե կռահի,
որ ես խոսում եմ հենց իր մասին:
Գաղտնի գալիքում մենք կարող ենք լինել արժանի մրցակիցներ
կամ սիրող ընկերներ:
Ես գործել եմ անուղղելին`
հաստատելով այս կապը:
Այս առեօրեական, կենցաղաշատ աշխարհում,
որն այնքան նման է գրքին`
"Հազար ու մի գիշեր",
չկա ոչ մի գործողություն, որ պատահականության սկզբունքով 
չէր կարող չլինել կախարդանք,
չկա ոչ մի արարք, որ չէր կարող չլինել անվերջանալի շղթայի սկիզբը:
Այսպիսով` խորհիր. ի՞նչ ստվեր կարող են արձակել 
այս` ձանձրալիորեն դատարկ տողերը:

***

"Նվիրական վարդը" գրքից
           Օտար եզերքում
                    (1977)


Ինչ-որ մեկը շտապում է կածաններով Իթակեի`
Մոռացած արքային իր`
շատ տարիներ առաջ
սուզված հատակը Տրոյայի,
Ինչ-որ մեկը խորհում է տոհմական տնամերձի,
պապենական հողի, որդու մասին,
Եվ,անշուշտ, երջանիկ է:
Ես, Ոդիսևս, աշխարհի եզրով անցա տիրակալության տակ Հադեսի,
Տեսա ստվերը Տերեցիոսի,
որ բաժանել էր իրար սերտաճած երկու օձերին, 
Տեսա ստվերը Հերակլեսի,
որ մարգագետիններում որսում էր նշմարանքն առյուծների,
Մինչ Հերակլեսն Օլիմպոսում էր` աստվածների մեջ:
Ինչ-որ մեկը հիմա թեքվեց Բոլիվարին
կամ ուղղվեց Չիլի,
Երջանիկ, թե դժբախտ: Եթե միայն դա ես լինեի...

















Թարգմանությունը`   Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий