Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Մամադու Տրաորէ Ռէյ Օտրա


Մամադու Տրաորէ Ռէյ Օտրա
(1916-1990) 






















Այո', ես տգետ եմ, 
գազան եմ ես,
ես լոկ գարշահոտ սևամորթ եմ,
ես լափում եմ ճիճուներ
և անտառային հատապտուղներ,
հողից փորված արմատներ,
ես ծածկում եմ ամոթույքս
խոտի խրձերով,
և իմ մարմինն իրար վրա դարսված սպի է,
ես բազմակին են` որպես պավիան,
ես գնում եմ կանանց,
ես վաճառում եմ դուստրերին,
կանաչ թուփն ինձ ծառայում է
որպես պետքարան,
իմ գանգը սափրված է ի ճաղատություն,
չոր դդմի մեջ է պահվում իմ ուտելիքը
և ես ձեռքերով խլում եմ պատառները`
որձկալով ուտելիս,
ապրում եմ թշվառ հյուղակում, 
կրակ եմ ստանում քարերից,
ես ճաշ եմ եփում կոշտ կավե սափորում,
ես բարբարոս եմ,
և իմ արվեստը դյուրությունն է,
և իմ մասին խոսելիս դու ասում ես`
սև, ողորմելի վայրենի,
բայց երեկ,
երեկ` մեծահոգորեն ներելով ինձ,
դու հանկարծ մոռացար,
որ ես լափում եմ ամեն տեսակ զազրություն,
որ անհաղորդ եմ քաղաքավարությանը,
որ քեզ պես չեմ հագնվում, 
որ խնչում եմ, ուտում, միզում այլ կերպ,
և ասել է թե` դա ամենևին իր մեղքը չէ...
Դու նույնիսկ կարողացար մոռանալ,
որ մաշկն իմ սև է:
Երեկ...
Երեկ, որովհետև <<հայրենիքը>> վտանգված էր,
և դու զորք էիր հավաքում, 
բղավում էիր դու`
առ ազատություն է մահը,
երեկ, երբ պատերազմում
միախառնվել էր արյունը իմ և քո`
սևամորթի արյունը կարմիր,
սպիտակամորթիդ կարմիր արյունը,,
երեկ, երբ ես մարտիկ էի`
մարմնացումը խիզախության
ու հավատարմության,
հիշի'ր, մենք եղբայրացանք,
և դու քծնելիս անչափ շռայլ էիր`
<< Ամենալավ ընկերն է նեգրը,
անգերազանցելի հերոս է նեգրը>>, -
իսկ այսօր...
Այսօր, երբ ես բանտից արձակել եմ 
ազատությունը`
դու միանգամից հիշեցիր, որ ես
հակապատկեր եմ,
որ լոկ վիժվածք եմ կապիկի` 
մորեխներ լափող,
որ ես կրկին ու կրկին սև տականք եմ,
վայրենի, ում ազատության տեղակ
անհրաժեշտ է վանդակ,
որը նվաճել ենք, սակայն, երկուսով:
Բայց, այդուհանդերձ, գուցե ես մա՞րդ եմ`
<< Տկլոր, կեղտոտ,
Ըմբոշխնողը անձրևոտ ճիճուների,
պարզապես կղանք>>, -
դե ե'կ, մեղադրի'ր ու մի' մոռացիր
և ոչ մի մանրուք, 
թեպետ... Եղբա'յր իմ, մի՞թե
ճշմարտությունը մանրուքներում է,
Մարդը սիրտ է,
և ես իմ սիրտն ընկերներիս եմ ընծայում,
Մարդն ազնվությունն է համայն խոհերի
և դու հավատա, որ մաքրամաքուր է
սևամորթ հոգիս,
Մարդը թռիչքն է գիտակցության
և ես մնացածից անխելք չեմ,
Մարդն արիություն է և պատիվ,
ու ես գուցե շատերից առավել ազնիվ եմ,
և արդ պահանջում եմ, ոչ թե խնդրում`
կիսի'ր ազատությունը իմ ու քո միջև,
ինձ բավական է կեսը, հիրավի
քեզ կհերիքի քո անչափելի բաժինը ,
քանզի քեզ նման ես նույնպես մարդ եմ:


Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի



Комментариев нет:

Отправить комментарий