Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Բուալեմ Հալֆա


Բուալեմ Հալֆա ( 1923)
Անձրևը` իմ քաղաքն ի վար

















Քո երգած անձրևը, Վեռլե'ն,
Մոխրի հոտ ունի,
Թառամած ծաղկի բույրը վաղեմի`
Ծաղկի ամոթխած, ծաղկի մահացած,
Որ մոռացվել է արանքում էջի:

Իմ քաղաքի վրա, Վեռլե'ն,
Անձրևը մաղում է անվերջ, 
Ինչպես տառապանքները:
Այն շաչում է կորերով բլուրների,
Ինչպես մեր սրտերի ատելությունը`
Լցնելով գետերն այնպես,
Ինչպես սերն է լիացնում 
Սրտերը մեր:

Այն թափվում է ալժիրյան ժայռերին
Հարյուրամյակներով,
Հովիտներին փռված գյուղերին,
Խրճիթների ջարդված կտուրներին,
Թառամած դեմքերին կանանց,
Հյուծված այտերին մանուկների,
Օրիորդական այտերի
Դալկացած հասմիկներին:

Վեռլե'ն, ես հիմա գիտեմ,
Թե ինչու մեր արևն այրեց
Արտասուքները ալժիրյան երկնի,
Թե ինչու են ցոլում աստղերը ժայռին,
Թե ինչու են մեր հովիտներում ապրում
Աղավնիները ճերմակ, և,
Չորացել են արցունքները մանուկների,
Եվ չեն արտասվում մայրական աչքերը,
Եվ օրիորդական այտերին կրկին
Ծաղկում են շքեղ հասմիկներ սպիտակ...

Վեռլե'ն, դու արբեցրիր 
Աքսորյալիս թախիծը,
Տխրությունը որբիս,
Ումից խլել են հայրենիքը:

Դու գիտե՞ս, Վեռլե'ն, 
Որ մեր սրտերը լի են սիրով,
Զայրույթով ցասման,
Քանզի այնքան անհամար
Արցունք էր հեղված,
Որ պայթեց համբերությունը,
Եվ այնքան երկար էին 
Անձրևներ մաղում,
Որ վսեմ ժայռը մերկացած է արդ...

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий