Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Մուհամմեդ Ջիբ



Մուհամմեդ Ջիբ





















Բացվում է այգը, և ահա
Պատկերը` արյունով ներկված,
Հառնում է իմ դեմ:

Բայց ձայնը երգում ու երգում է,
Կարկաչում, թռչում է բլուրներն ի վեր`
Եզերքն աքսորի, թախծի ու վշտի:

Շուրջբոլորը լոկ քամի ու սառույց,
Մահացու մրրիկ: Ձայնում է, սակայն
Երգը հեռավոր, թե հալածանքը
Չի տևի հավետ, որ դաղձը 
Կրկին ծաղիկ պիտի տա,
Պտուղով օծվի թավ արմավենին,
Տառապանքները պիտի ավարտվեն...

Օ~, թախծե սրտով լուսավոր աղջի'կ, 
Արնոտ ձմեռով երգում ես երգը
Ծաղկաշատ գարնան...

*** 

Աստղը, որ երգում է ունկերում տիեզերքի`
Շողալով աղոտ և մահազդու,
Գալիս է փորելու հողը, երբ քնած եմ ես:

Ինչ-որ ժամանակ անարյուն դեմքով
Դալկացած մի Կին`
Կրծքում տարածվող քաղցկեղի նման,
Գունատ նստած էր դարպասների մոտ
Լքված քաղաքի:

Թախիծը նրա իր զույգ ափերի
Ճակատագրական գծերը մաշեց.
Խուլ տափաստանում անտես արտասվող
Կույր երեխա էր անհանգիստ քունը 
Մենավոր մարմնիս:


Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий