Որոնել

понедельник, 28 мая 2018 г.

Հովհաննես Գրիգորյան. "Երգեր առանց երաժշտության " գրքից, 1975թ

Հովհաննես Գրիգորյան (1945-2013)





























Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ
քեզ նվիրելու, որովհետև
ամեն ինչ բաժանված է
ու նվիրված:
Իսկ ես քեզ հիշում եմ ամենուրեք,
և այնպես պարզ եմ հիշում,
ինչպես որ անունդ եմ հիշում –
սիրելիս,
ս-ի-ր-ե-լ-ի-ս,
իսկ ես քեզ հիշում եմ ամենուրեք:
Եվ այս նամակը, որը քեզ երբեք չի հասնելու,
և այս գիշերը օտար աստղերով,
և շրջմոլիկը կոտրված կիթառով,
և փողոցները առանց երգերի,
կիսել են իմ հետ իմ տխրությունը
և երբեք չեն բողոքել:
Իսկ ես քեզ որոնել եմ ամենուրեք
և դու հիմա իմ հետ ես ամենուրեք
ինչպես որ քո անունն է իմ հետ –
սիրելիս,
ս-ի-ր-ե-լ-ի-ս,
իսկ ես քեզ որոնել եմ ամենուրեք:
Եվ սրճարանը գուցե սառը ջերմոց,
և այս բառերը – օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են և անչափ օտար,
որովհետև այս նամակը երբեք
քեզ չի հասնելու,
որովհետև
քեզ փնտրելու եմ նորից ամենուրեք,
որովհետև
քեզ հիշելու եմ նորից ամենուրեք,
և քայլելու եմ նորից նույն փողոցներով,
որտեղ նույն շրջմոլիկն է իր կոտրված կիթառով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

***

Հրաժեշտի երգեր

I
Լուսամուտի գոգին դրված են երկու կապույտ աչքեր:
Դրանք ինձ նվիրել է գնչուհին:
Նա ինձ խաբեց
և խաբելով ասաց,
որ դրանք երջանկության թալիսմաններ են:
Լուսամուտի գոգին դրված են
երկու կապույտ աչքեր:
Ես ամեն գիշեր քնելուց առաջ
երկար աղոթում եմ
նրանց առաջ ծունկի իջած:
Գնչուհի,
մի կույր աղջիկ կա աշխարհում,
նա թափառում է և ոչինչ չի տեսնում,
ասա նրան,
որ գա վերցնի այդ աչքերը,
և ասա նրան,
որ նա թաքուն գա և ոտքերի մատների վրա,
որովհետև
ես ախր շատ եմ հոգնած:
Պետք չի,
պետք չի
ինձ արթնացնել:

II

Փողոցներով
անցնում են
կույր աղջիկներ:
Նրանք գավազան ունեն ձեռքերում
և քայլում են քսվելով պատերին:
– Եթե դու ինձ սիրեիր
ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:
Փողոցներում
առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,
նրանք գլուխները կախել են,
իսկ կույր աղջիկները քայլում են
և չեն տեսնում նրանց:
– Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,
և դու կտեսնեիր ինձ:
Փողոցներում
կամաց-կամաց իջնում են վարագույրները,
և կամաց-կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց-կամաց հեռանում են
կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է:
Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.
վարագույրից այն կողմ
բոլորովին ուրիշ աշուն է:

***

Քեզ հետ և քեզ համար


Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որովհետև դու նա ես,
հենց նա, որին ասում են միակ,
որին կարոտում են հեռվից,
որի համար արտասվում են օտար սրճարաններում
և նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:

Դժվար է խոսքով ասել այն, ինչ որ սրտում է պահված,
Առավել ևս դժվար է լռել:
Լուսամուտներից թափվող լույսերի հորդացումի հետ
իմ մտքի հոսքը պարզվում է ու դառնում հստակ:
Ես որոնում եմ կապը, որն իր հետ
ճշմարտության լույս կտա խոսքերիս,
ու շաղախելով ես այս ամենը
հարազատության տաք զգացումին
վերադարձնում եմ մահա նորից քեզ:

Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով,
որովհետև երգը, որ պիտի ուղղվի քեզ
պիտի նոր լինի քո նման,
որովհոտև դու նոր ես ամեն օր
և պիտի լինես այդպես շարունակ:

Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ,
որովհետև այս երգը չպետք է վերջանա,
որովհետև ես ու իմ երգը
միշտ քեզ հետ ենք
և միշտ քեզ համար:

***

Հոգեհանգիստ

Դու այս դատողությունը կհամարես պարզունակ:
Թող այդպես լինի:

Վ.Վան-Գոգ

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր – ես ոչինչ չէի հիշում,
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
ոչ ոք չի խոցի ինձ մեջքից:
Այդ ե՞րբ էր` առաջին անգամ վառեցին գրքերը,
կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքերն էին սուրում 
երջանկությունից խելագարված:
Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
ամենահեշտը քեզ գտնելն էր – ես ոչինչ չէի հիշում:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:
Իսկ անտառը կամաց, կամաց սափրվում է երկրի երեսից,
կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ելք չի մնում:
Օ՜, անխելք կենդանիներ, զգո՞ւմ եք ձեր անխոհեմ քայլը,
դուք վեպերի հերոսներ կդառնաք,
դուք վերարկուներ կհագնեք,
ինտրիգներ կսարքեք,
կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:
Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
կապիկները վառվելով` թիթեռների թեթևությամբ
կթափվեն ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:



























***

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով,
քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում
ամենաանսպասելի անկյուններից
իր ետևից տանելով
ցնծությունից խելակորույս երեխաների
հրոսակախումբը`
 ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:
Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռու է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն,
ինչը չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ  մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
Իսկ  նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր հետևից տանելով
ցնծությունից ոչինչ չնկատող երեխաների
հրոսակախումբը.
Ի՜նչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում:

***

Մի տխրիր, երբ նստած ես սեղանի առաջ
և մի արտասվիր, երբ գինի ես խմում
կամ Աստված գիտե, թե ինչ,
և մի գրիր բանաստեղծություններ,
երբ հեռու ես քո երկրից:
Փողոցով քայլող այն երեք մարդուց
դու նա ես, որը չի գնում առաջ,
և չի օրորում գլուխը
կամ էլ` չի ճոճվում տեղում.
դու նա ես,
որը վճռական ու ողբերգական
շարժումներով
խրվում է հողի մեջ`
անվերադարձ վշտի կնիքը դեմքին:
Իսկ քո մշուշոտ աչքերի առաջ,
չափից դուրս հուզված,
ճչում են, թռչկոտում
նավթոտ, կնճռապատ ծովահարսերը…

…Էլի նույն խոսքերի և նույն քամու և ավազի վրա
դու վերջացնում ես քո օրը,
և լուռ նստում ես մութ սենյակի մեջ
և ծերացող տղամարդու հուսահատությամբ
անհեթեթ ժպտում…

***

Քեզանից հեռու աշուն է

Երջանկությունը այն է,
ինչ մենք կորցնում ենք ամեն օր
և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,
երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ
անհրաժեշտ բառեր ես որոնում
արցունքներդ մեկնաբանելու համար:
Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.
անմոռանալի թափառումներ
երաժշտության փողոցներում,
և քրտինք,
որ հեղեղի նման հոսում է ներքև,
և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,
արև ու անապատ ու չվերջացող քայլեր…
Երջանկությունը…
դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,
որովհետև երջանկությունը հենց այն է,
ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,
որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում
և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,
պիտի մոռանանք  արևի տակ շուռումուռ գալով,
ցատկոտելով ջրի մեջ,
հիանալով փողոցների անթերիությամբ,
աղջիկների հետևից նետելով կոպիտ ու
աններելի բառեր
և խոսելով, անվերջ խոսելով:
Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,
գուցե անձրև լինի, և դու կծկվես շենքի մուտքի մոտ,
և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,
ինձ մոտենալիս – թրջված ու ողբալի,
կիմանաս, որ երջանկությունը այն է,
ինչ հեռվից մոտենում է քեզ
և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,
անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր
մեկի պատմած
ձանձրալի ու տխուր մի իրողություն:
   Օ՜, ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ
կենտրոնում,
բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն
դնելով
աղավնիներից ազատ տարածության վրա:
Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ
և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,
բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն
գտնելու հույսով, որտեղ կարելի է նստել
մենակ ու հանգիստ,
ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի
կյանքի  մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`
հանկարծակի հայտնված արցունքներդ
մեկնաբանելու համար…

***

Վաղը ձյուն կգա

Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով,
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ…
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա…





















***

Նա գնում էր նավով հեռու հեռավոր երկրներ:
Քամին փչում էր և կապույտ էր ջուրը:
Երկնքում աստղեր կային և լուսին կար նույնպես:
Նա գնում էր նավով՝ ոչ տխուր և ոչ էլ ուրախ էր,
իր խցիկում նստած ծխում էր, թերթ կարդում,
կոշիկները հանել դրել էր մահճակալի տակ,
շարժում էր ոտքի մատները,
թերթ կարդում,
ծխում:

Իսկ հենց այդ նույն պահին
ես պառկած իմ տանը
երազ էի տեսնում, որ գնում եմ նավով
հեռու հեռավոր երկրներ:
Քամին փչում էր և կապույտ էր ջուրը:
Երկնքում աստղեր կային և լուսին կար նույնպես:
Ես գնում եմ նավով՝ ոչ տխուր և ոչ էլ ուրախ,
իմ խցիկում նստած ծխում էի՝ թերթ կարդում:
Կոշիկներս հանել և դրել էի մահճակալի տակ,
շարժում էի ոտքիս մատները,
թերթ կարդում
ծխում:

Աստված իմ՝ ես ինչքան եմ սիրում քեզ:
Ու արագ նետում եմ մի կողմ,
դադարեցնում եմ շարժել ոտքիս մատները,
մահճակալի տակից հանում
և արագ-արագ հագնում եմ կոշիկներս,
լուսինը նետում եմ մի կողմ,
աստղերը նույնպես,
սեղմում եմ քամու կոկորդը
և նա դադարում է փչել
և արագ փոխում ջրի կապույտ գույնը,
իսկ ամենավերջում
տախտակ առ տախտակ քանդում եմ նավը.
և ամենավերջին տախտակը պոկելիս
արթնանում:

***

Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու
կամ գոնե մարմինդ:
Նրանք ամուր փակեցին առասպելների դռները
և դու ստիպված հավատացիր,
որ գոյություն չունեն նրանք:
Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց
որպես հարգանք:
Դու նայեցիր ավազին և մտածեցիր՝
ի՜նչ երկար է ճանապարհդ:
Դու հենց այդպես մտածեցիր նաև
երբ քայլում էիր ծովի երկայնքով:

Հետո ճայերի անտանելի ձայներն հասան քեզ:
Իսկապես ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:

Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:
… Բայց դու ամեն օր
բաց ես թողնում քո լուսամուտները,
որովհետև հաստատ հավատում ես,
որ կգան նրանք
որոնց գոյությանն էլ ես
հաստատ հավատում…

***

Գարնանային թեթև ներկայացումներ

Սա իմ փողոցն է:
Ես քայլում եմ նրա երկայնքով
ետ ու առաջ:
Ես այսօր շատ եմ զբաղված՝
ծաղիկներ եմ դասավորում շենքերի պատերին,
թիթեռներին ներկում եմ բոլոր գույներով
և անձրևի համար ջուր եմ հավաքում:
Եվ ահա ես ամբողջովին ներկոտված եմ,
թրջված եմ և ինձանից ծաղկի հոտ է գալիս:
Եվ ահա քաշելով բերեցին դաշնամուրը,
ես արագ ցույց եմ տալիս
որտեղ է հարմար և պետք է դնել:
Եվ ահա ամեն ինչ պատրաստ է,
քիչ հետո դուրս կգա արևը,
կնվագի դաշնամուրը,
սրճարանի լույսերը պայծառ կվառվեն,
գույնզգույն թիթեռները կթռչկոտեն,
կբուրեն ծաղիկները,
անձրևը կգա,
և կլինի գարուն:
  



Комментариев нет:

Отправить комментарий