Որոնել

понедельник, 21 мая 2018 г.

Սոնա Վան. բանաստեղծություններ


Սոնա Վան (1952)























հայրս
ասում էր
-զգուշացի՛ր բալես
նոր բառ հորինելուց
բառը շատ
հաճախ
լուրջ է ընդունում
իր անվանումը
և կայանում է
դառնալով մասը
հոգուդ
հավատքիդ
ու ճակատագրիդ

հիշի՛ր աղջիկս… ասում էր
առաջինը բանն էր
և բանը բառն էր

-անզգույշ էր, չէ՞ պապ
սատանա բառը
հորինող մարդը
տեսա՞ր ինչ եղավ…

(…զգուշության համար
ես հիմա
միայն
հին բառերով եմ
գրում երգերս)

…ես վախենում եմ
նոր բառ հորինել
Աստծո համար

***

ԱՐՄԱԳԵԴՈՆ

Երբ վերջապես իջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը անցած
երբ դեռ հարթ էր աշխարհն
ինչպես մարգագետին
ու չկային սարեր տառապանքի
անցա~ծ ժամանակը ... 
օդում՝ խնձորի հոտ
երբ աստվածները
մեղսոտ էին ավելի
քան մարդիկ
ու մրցում էին ձանձրույթից -
հրաշքներով...
և պոտենցիալ Ղազարոս էր
ամեն մեռյալ
երբ վերջապես կիջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
և կփչի փիղը
մսե շեփորը իր
դատարկ անհունի մեջ
բա~րձր
վերջին անգամ
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը ես այն...

***

ՀՌՀՌԱՑՈՂ ՔԱՂԱՔ

Առաջին սերը իմ կյանքի
հարևան տղան էր ծաղրածու
որ սովորեցրել էր ինձ
կանգնել գլխի վրա շնչակտուր
ու վախենալ
ծանոթ ծալքերից իմ փեշերի

- գիտես... ասում էր... 
կուլիսների ետևում է լինում այդպես

հենց այդպես էլ նա սեր խոստովանեց
գլխիվայր... ձեռքերի վրա...
մաշված պատեֆոնի ֆոնի վրա
որ հավասար խզզոց էր ու մեղեդի
ցնցելով վարդերը ոտքերի մեջ
զվարճալի
ինչպես տարօրինակ փունջ
կազմված կոշիկներից ու ծաղիկներից

հետո նա զոհվեց պատերազմում
կտակելով ինձ հեծանիվն իր
միակնանի

սրանով եմ կտրել
օվկիանոսը - վկան Աստված -
կլոր գնդակը այս քթիս վրա

հա հա հա հա՜
անհումոր հռհռում է քաղաքը
անվերջ հա հա հա հա՜
այն նույն պատիֆոնի ֆոնի վրա

միայն մեղեդի՜ն չկա վաղուց
խզզոց է
սոսկ խզզոց
ականջիս մեջ

***

ԻՆՁ ԹՈՂԵՔ ԱՅՍՏԵՂ

ես նկատել եմ
որ այս անկյունից
իմ աղոթքները
Աստծուն հասնում են
ճիշտ ժամանակին

երևի
ես իմ անցյալ
կյանքում էլ
կին եմ եղել... չէ՞

այլապես ինչու՞
ինձանից մեծ են
թվում մեղքերս...

համաձայն ես չէ՞...

մի բան ասա Տեր
կամ գոնե թեթև
շարժիր ձախ ուսդ

Դու այցելում ես ինձ ինչպես գաղտնիք
գիշերաժամի հենց կենտրոնում
երբ անձրևի լացը սովորական
փոխարկվում է լուծվող առեղծվածի

երբ մթությունն ու մենությունս կույր
գումարվում են անգույն ոչնչի հետ
ու դառնում կենտ թիվ՝ չբաժանվող
դու այցելում ես ինձ խավարի մեջ
ինչպես ուրվական Համլետի հոր

թափանցի՜կ... աննյութ է սրբի նման
մարմինդ ափսո՜ս... թիկնոցիդ տակ
և ստիպված սիրում եմ ես քեզ
























***

Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ

ու համբույրներդ
գիշերներից երկար
մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա –
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ
փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար

***

Ես քեզ գտա
այգու
նստարանի վրա
(գուցե որոշ մարդիկ
ո՛չ ես
տեսել էին իրոք
մարմինդ անպատմելի`
վայր ընկնելիս
բայց մնացել դարձյալ
միմյանց ուսի հենված
կամ այտ-այտի)

Տե՛ր…
օգտվելով այս պարզ
հանգամանքից
որ կողքիս ես
հանպատրաստից`
- ե՞րբ է վերջանում ցավը…
ո՞ր վայրկյանին
ու սկսում հաղթանակը
անվերջական

նայում ես
լռում
ասես չկաս
(աստվածներն այդ ե՞րբ են լսել մարդկանց)

համատարած ժպիտ
փայլուն մորուք
աշխարհը`
լիքը տոպրակ ծնկիդ դրված
մեջը խաղալիքներ.
մարդիկ
աստղեր
ձկներ

քո ճշմարտությո՞ւնն էլ
նույնն է ինչ
Ձմեռ Պապինը` հո հո հո
միայն հո հո հո հո

եկ աղոթենք գոնե
մեռյալների՛ համար
… մի պահ

կարող ես և
պատժե՛լ ինձ
ո՞վ չգիտի
բայց ո՛ւշ է…
ա՛յլ անգամ
չե՞ս տեսնում
զույգերը հեռացել են
աննկատ

մութն ի՞նչ
անհո՜գ…
ես քեզ կօգնեմ
գտնելու ճանապարհը
նորից
դեպի երկինք

***

ՊԱԲԼՈ, ՕՐՀՆԻՐ ԻՆՁ ՔՈ ԴՐԱԽՏԻՑ
ՈՒ ԱՐԻ ՏՈՒՆ
(կամ կատվիս անհետանալու չորրորդ օրը)

Ո՞ւր ես… Պաբլո…
(արդեն չորրորդ օրն է)

ցատկիր անսպասելի
մեռնող թփի տակից
ինչպես նախորդ անգամ
(ուղիղ չորրորդ օրը)
երբ վիզս թեք
ձեռքով`
հանց ճյուղ կույրի
շրջան նկարեցի
աշնան խշխշացող
բացատի մեջ

վերադարձի՛ր Պաբլո
քեզ մոռացա հարցնել
քո կրկնվող ինը
դրախտներից մեկում
պատահե՞լ է տեսնես
նույն տիրուհուդ կրկին
ու եթե ոչ ապա
ո՞ւր են գնում նրանք`
(կատու սիրող կանայք)
մահից հետո…

մեկ էլ... Պաբլո... գիտե՞ս
քեզ չհասցրի պատմել
ժամանակի մասին ես դժոխքի
որ կազմված է բոլո՜ր
բոլո՜ր անսեր կանանց
կորած ժամանակից
ամբողջովին

եղիցի դու... Պաբլո
մեջքիդ կորը չքնաղ
ինչպես եկեղեցի
ուր լսել ես ինձ հետ
այնքա՜ն հաճախակի
Ռիլկե
Բախ
Կոմիտաս
ու անկասկած
թափառում ես դո՛ւ էլ
հիմա նրանց նման
դրախտի լքված մի թաղամասում

ձեռքս հանց ճյուղ կոտրած
փորփրում է հողը
ինչ դժվար է գտնել
կորած մի բան այստեղ
ու հատկապես` սիրուն
այնքա՜ն սիրուն…





















***

ՄԱՀՎԱՆ ԳԱԶԱՆԸ

Մինչ այդ
ամեն օր
երբ հերթական անգամ
մահն ինձ
շրջանցում էր
ցուցադրաբար

ես՝
ինչպես կրկեսի
վարժեցնող կին
նրան կաշառելու համար
(որ չտանի)
միս էի նետում
ոտքերի տակ
շոյում էի ուսերը
մտերմաբար
մինչև
ձանձրացա մի օր
դադարեցրի
միսը շոյանքի հետ
ու
զարմանում էի արդեն`
հիմա՛ ինչո՞ւ
չի տանում ինձ …
ի՞նչս է պակաս
և
որոշեցի ի՛նքս նախաձեռնել

նոր կոշիկներ առա
էժանագին
լողացա
ցեցը մեջքը կերած
բայց այլապես նոփ-նոր
հագուստ հագա

թարմացրի փայլը շրթունքներիս
ներկեցի արմատները մազերիս
ու պառկեցի՝ ուղիղ…
փակ աչքերով
ձեռքերս կրծքիս տակ
սիրուն ծալած

քիչ անց
սուլեցին երկնային
ոստիկանները
պահապան
հրեշտակները
շարժեցին նետերը
ցուցադրաբար

ու
անցավ Նա՝
շրջապատված
բազում թիկնապահներով

փառք Տեր
մի օր էլ՝
ու սպիտակս
սկսելու էր
երևալ

***

Քահանա
լսիր պատմությունն իմ
այն քեզ կօգնի հավատալ
քարոզածիդ
երկնավորի մոտ տանող
ճանապարհը
երբեմն
սկսում է անպտուղ մի ծառի տակ

ուրեմն
ուրբաթ էր` ուշ աշուն
մուժը նավս`
նստած տանիքներին
դռան մոտ վարդի թուփ էր
ցեխ էր ու կոշիկներ

ա՜խ ինչ լավ եմ հիշում ես
առավոտն այդ

հիշում եմ և գիշերվա այն ժամը
առանց լիցքի
երբ քնած են անմեղ ու մեղավոր
մեկը հանգցրեց գյուղի լույսը
անսպասելի

նույն ժամին են քնում գիտե՞ս
բոլորն այստեղ

պառկած էր պապս թախտի վրա
մեծ թախիծ մանր աչքերի մեջ
(չէի տեսել նրան երբեք այդքան տխուր)
բաժանվում էր բայց ծերուկը միանգամից…
մեզանից
կովերից ու
ծառերից

տրտո՞ւմ էր թե նոթոտ տատս
մի կոշտ մազ դողում էր շուրթի վրա`
սո՛ւտ էր բժիշկը` թե դեռ կապրի
իսկ ինքն արդեն գաթա էր ուղարկել նրան
ու հին գինի

մյուս օրը նա թաղվեց իր ուզածով
ծիրանի ծառի տակ
որ չպտղեց
- որդի՜ս ինձ ծանոթ են որդերն այստեղ
որքա՜ն եմ օրորել նրանց է՜
բահիս վրա

հայր-սուրբ
ա՛յն ծառն է
տեսնո՞ւմ ես

չե՞ս տեսնում խաչն այն
հենակներով
ու
գրվածքը խաչի տակ մանրամասն

- փրկողը զգուշությունն է այլ ոչ Աստված

հ.գ.
բայց ո՛չ
մեկ անգամ էլ տեսել եմ պապուս այդչափ տխուր
հայացքն այդքան կրքոտ երկնին հառած
կարկո՛ւտ էր այդ օրը
հիշում եմ
…ձվի չափ մեծ



























***

ՄԵԿ ԱՉՔՍ ՓԱԿ
(կամ արդեն ուշ է նոր մասնագիտության համար)

Խնկարկվող ծխի մեջ
ցանկահարույց – մերկ կինը
սեղմվում է խողովակին
ու
պտտվում
ասես փորձում է մտնել
մետաղի մեջ
ինչպես էպիկական կինը
մեծ Մհերի
ե՛ս ինչո՞ւ ապրեցի սեղմիրանով
մեխերը կողերիս մեջ
յուղի այրուքներով – այդքան ցավոտ
նստեցի կամովին թաց մազերով
հեղձուցիչ տաք քամու տակ
դժոխային
ու
անկողին մտա հոգնած միշտ

փշոտ գանգրիչներով
էլեկտրական

ինչո՞ւ... ինչո՞ւ եղա ես
այդքան բազում
այդքան տարաբնույթ
ամեն անգամ
զվարթության Բաստետը1
ձեռքիս ծնծղա
ցիցփոր հղի կույսը սրտխառնոցով
ծիծաղելի լաքաները դեմքիս վրա
ազատության աստվածը իմ քաղաքի
կատուն ոտքերիս տակ անհոգ փռված
Մոխրոտը
Մարոն
Դեզդեմոնան...
(ես կին չեմ – կանա՛յք եմ ես – ի՞նչ աստղ
կկոչվեմ աստղաբույլ ես
և կամ ոչինչ)
աստվածուհին եղա հաջողության
նաև
կատվի մեծ գլխով – չմոռանամ
երբ մահանամ –
սափրեք ձեր հոնքերը
տղամարդիկ
ես փրկել եմ օձից –
Մուհամեդին

մինչդեռ կարող էի չէ՞ ես էլ
պտտվել սոսկ
պաղատող շուրթերի շուրջ
պարբերաբար
մինչև վերջ ետ ճկվել
անսպասելի
ցնցելով սահուն ձողը
ազդրերիս մեջ
ու
քարշ տալ մազերս խառնուցիր
սառը մարմարիոնով`
լույսերի տակ

ծովահենի նման – արդեն ուշ է –
ես շրջում եմ աշխարհը
մեկ աչքս փակ
թռցնելով ճանապարհին
ինչ պատահի
ամեն ափին թողած մի սեր
ծխամորճը սեղմած բռունցքիս մեջ
(մեռնող արեգակի գիտակցությամբ)
նայում եմ հորիզոնին ու մտածում
– ես չապրեցի դժվար այսքան
ու այսքան տաք
սոսկ մեկ թագի համար
կամ մեկ գահի
դուք ինձ հետ եք գալու
մինչև Պառնաս

չփորձեք լքել ինձ ճանապարհին






Комментариев нет:

Отправить комментарий