Որոնել

вторник, 22 мая 2018 г.

Աշոտ Ավդալյան." Ինքնադիմանկար " շարքից

Աշոտ Ավդալյան (1948-1985)

























Հիմա,
այս պաղ իրիկնային զավեշտի մեջ
երբ երկնքով անցնում ես դու,
երբ երկրով անցնում եմ ես`
փոշի ցանող տագնապահար ամպի նման,
ինձ թվում է-
ցավի փոքրիկ զարդանկար կա իմ ձեռքում,
և այն պարզած
շրջանցում եմ դեմք ու արկած,
ու գնում եմ, որ ճաշակեմ մի պատմություն`
թե երկնքով գնում ես դու,
թե երկրով գնում եմ ես։
Ու շաղվում եմ հեշտանքների պարող ամպով,
ու գնում եմ ցնորքի զույգ մատանիներ,
որ գեթ մի պահ զանազանվենք
դու` երկնքից, ես` երկրից
հնազանդվենք այն ձայներին,
որ երգեցիկ ձայնով պիտի ծլարձակվեն։

***

Անձրև է, և
օրերը տանում են ինձ ոտաբոբիկ,
տանում են զույգ հրեշտակներ թևերիս տակ,
տանում են ծույլ հիշողության թևը բռնած։
Եվ ո՞վ է ինձ իբրև պատրանք հայտագրել,
և ո՞վ է ինձ դրել ծաղկող տերևի մեջ,
ո՞վ է տանում, ոչ ձայն ունեմ ու ոչ զանգակ,
անփառունակ, անհիշատակ տանում է ինձ։
Իսկ ես կքված նայում եմ պաղ հողի դեմքին,
ոչ զարդ ունի, ոչ երփնագիր, ոչ հիշատակ,
ու երկնքի փոքրիկ մաղով մաղում է ինձ
ու անցքերում հիշատակում որմնանկար;
Անձրև է , և
դուրս է հոսում իրիկնային ծաղկափոշին,
զրույցների համար նշխար,
իսկ սեղանին վարդ է բերում,
և կորուստներ հիշատակող ամեն մի ծառ
ունի դեմքը հիշողության ու զարթոնքի։

***

Արդար առավոտ,
նորից եմ հերկվում ճառագայթներդ փետրազարդելով,
և զրույցների ակն է զուլալվում,
ու մաքրվում է հեշտանքի աղով,
ու կրակներ եմ հայցում, որ այրվեմ
ու կենդանանամ թմրության դողից։
Որ մեկնությունս տեսիլք չմնա,
որ ջուրը ցողեմ իբրև զորություն
և հանգանակող օրերի համար ջրերին նայեմ
և հույսը նետեմ աջհամբույրի պես։
Իմն ես առավոտ,
քո մարմինն իմն է,
ու ճաշակումի համար եմ կանգնել,
որ հրամցնեմ ջրերին ոգի,
որ երբ ծիծաղեմ – դառնամ ճանապարհ,
որ երբ լաց լինեմ – կապեմ կամարներ,
որ երբ լույս դառնամ – իղձերս քամեմ,
ծաղիկներ քաղեմ կապույտ երկնքից
ու կանգնեմ շեմիս,
իբրև արդարը առավոտվա մոտ։

***

Հազար տարուց էլ ես խորն եմ քնած,
հազար հեքիաթից ավելի բարի,
և մշուշները աղբյուրներից շատ,
խշշոցն են լսում տաք առուների:
Ես դատարկված եմ նախահոր ձեռքով,
ես իմ նախահոր ձեռքում ավարտված,
ապրում եմ հիմա տաք հնչյուններով,
պաղ առուների վրայով անցած:
Գնում են հիմա մեկ ուրիշ երկիր,
որտեղ ծաղկում է հիացք ու քամի,
ու հավատում եմ մեկ ուրիշ երգի,
մեկ ուրիշ երկինք փռելով հողին:
Գնում է հիմա քնքշանքն ապրած,
ապրած աստղերի կարեկցանքը հին,
և ինձ չի լքի ո´չ կարոտ, ո´չ հաց,
էլ ինձ չի տանի ուրշների ձին:

Եվ ինձ մի փնտրեք ձեր շուրջը, չկամ,
չկամ, չեմ եղել, բամբասանք է սուտ,
ես դատարկած եմ իմ նախահոր ձեռքով,
ես իմ նախահոր ձեռքում ավարտված:




























Комментариев нет:

Отправить комментарий