Որոնել

воскресенье, 16 сентября 2018 г.

Աշոտ Գաբրիելյան․բանաստեղծություններ

Աշոտ Գաբրիելյան (1979)

















Անունդ եմ այրում թղթի վրա
Եվ բառանախշ եմ փորձում կտել կոնքիդ...
Արևը ծիածան է հորինում
Եվ վայրկյան առ վայրկյան
Կերպարանափոխում բառը,
Որն իր լի շուրթերին էր...
Եվ մեկ հնչյուն իսկ չդաջած՝
Հեռանում է բառն ու արտասվում կրծքերիդ,
Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս...

***

Ծովի ու ցամաքի եզրին
Աստծո մատն է աղակալում...
Քո երկունքի ու իմ միջև 
Ծովի ու ցամաքի երազն է պտղավորվում՝ 
Արարման օրերի ներդաշնությունը երկնելու համար...
Կոնքերիդ տարփահեզ ամբարում
Պահպանիր իմ հղած արարման շաբաթը 
Եվ քարացած արցունքներիդ միջից 
Հանիր բյուրեղյա բառերը, 
Ուզում եմ համտեսել 
Աստծո և իմ միջև եղած 
Բառերի ոգին...


***

Ծառի վրեժը

Ծառի ավիշը
Թուղթ է դարձել...

Եվ ես ճանաչում էի
Տարիների փոշուց
Գորշացած երեսով
Բոլոր մարդկանց,
Որոնցից 
Ծառի հոտ էր գալիս...


***

Քամին սողոսկում է.
Վերակենդանանում է խոստումը
Անավարտ…
Ժամերը բառ չունեն…
Ես հանդգնում եմ երևակայել
Քո գաղտնի բառը
Իմի մեջ…
Մեզանից մեկը պետք է հեռանա
Արցունքներ վերադարձնելու…


***

Ամեն օր իմ կողոսկրից
Նույն աղջիկն է պոկվում,
Որպեսզի չզգա
Իմ դավաճանության սարսուռը…

***
Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները,
Ինչպես քնից արթնացածն է
Հավաքում երազի փշրանքները…
Սպիտակ թղթի վրա էլ պահը չի դադարում,
Երբ երջանկությունդ նետում ես նրա անբիծ մարմնին…
Կաղ օրերը
Կապկում են անցնելիք ճանապարհը
Եվ չեն հասնում…
Ծառը հավաքում է իր արմատները,
Եվ գագաթի տերևները սրսփում են
Քամուն տեսնելու վախից…
Վախը թղթե արցունքներ է՝
Երազից արթնացածի ճիչով…
Ներբաններդ են միայն,
Որոնք ստվեր չունեն,
Եվ նրանց հաշմությունը
Ոչինչ չի չափակշռում…


***
Ես միշտ խոսում եմ քեզ հետ.
Դու չկաս…
Սերը եղունգներիս տակ է,
Որոնք պատսպարում եմ հայացքներից
Որ սրբորեն հավատամ
Իմ երազներին…
Ես միշտ լիաբառ եմ խոսում քեզ հետ,
Երբ չես մերկացել…

***

Աչքերիդ արտասուքը
Հրդեհված ծովեր է մարում…
Աչքերդ
Կաթիլ-կաթիլ լուսավորվում են
Ու ապաստան տալիս
Սիրո հրեշտակներին…
Թող քեզ զգամ
Իմ պարանոցի
Զարկերակի նման մերձ
Ու հեգ առ հեգ վանկեմ
Կորսված բառերի ոգին
Ու շնչառությանդ հնչյունները…
Խաղա՜ղ…
Խաղաղ է արարչությունը…




Комментариев нет:

Отправить комментарий