Որոնել

воскресенье, 7 октября 2018 г.

Արամ Պաչյան․ Actus Tragicus. էսսե

Արամ Պաչյան (1983)









Երիտասարդության միակ պատրանքը անմահությունն է, որն ավարտվում է պարտությամբ… և ուրեմն պարտությունը անմահության սկիզբն է: Պարտությունը չունի բարոյականություն և չունի հայրենիք, ինչպես` քաոսը համակարգ. այն ընդունում է երիտասարդությանը գրկաբաց` փաթաթելով նրան մենակության սառը սավանով: Մենք չունենք մտքեր, սոսկ զգացմունքների առկայծումներ, որոնք տեսանելի են միայն խավարին: Մենք չենք գալիս ավանդույթներից ու չենք գնում դեպի ավանդույթները. բնությունը չի կարող ավանդույթ ունենալ, ինչպես` Աստված չի կարող հայր ունենալ: Պարտությունը անմիտ է, բայց ոչ անզգա. ավելի լավ է երիտասարդ լինել, քան մարդ և ավելի բարոյական է պարտվել, քան հաղթել այս կյանքում, եթե այ կյանքը կա առհասարակ: Իսկ ո՞վ է զգացմունքից զուրկ միտքը, ողորմելի մի կմախք, որ հավետ պարտվում է քամուն: Հասուն ու հղկված միտք` կենսափորձով լեցուն, կենտրոն և երկհայացք` ուղղված անցյալին ու ապագային. ահա սա է հաղթանակի ծեծված թիրախը. պետք է մեկ անգամ դիպուկահարել թիրախը, այլ ոչ ողջ կյանքի ընթացքում լայնացնել նույն անցքը` կորցնելով խանդավառությունը:
Իսկ ներկա՞ն. արդյոք ներկան չի ձևավորում գեղեցկությունը, և ակնթարթը չի նույնանում հավերժությանը: Անցյալն ու ապագան սոսկ ներկայի թափոններն են, ուրեմն կենսափորձով բթացած կյանքը խաբնվում է ժամանակի սլացքին, իսկ ժամանակը երբեք չի իմաստացնում մարդուն, ընդհակառակը` տարիների ընթացքում քամում է նրա ողջ իմաստնությունը: Երիտասարդությունը ներկան է. մեր երակներով հոսում է Փրկչի արյունը, և նրա երազանքի խիզախությունը: Երեսուներեքամյա Հիսուսը փորձում է փրկել մարդկային հոգին, և այդ փորձը շրջում է պատմության ողջ ընթացքը: Փորձը գիտակցված էր ի ծնե որպես միտք, բայց ինչքան հույզ ու խիղճ կա ամփոփված այդ մտքի մեջ, ինչքան կամք ու մղում, որ պայթում է հանուն կյանքի շարունակության: Ես մտածում եմ նրա երիտասարդական ոգու մասին և ոգևորվում այդ պարտությամբ:
Մենք եկել ենք, և սա ճշմարտություն է. ուզում ենք փոխել անփոփոխ աշխարհը, չէ, ավելի ճիշտ, ՓՈՐՁՈւՄ ենք փոխել. մենք փորձում ենք պարտվել և պարտվում ենք, ոչ թե հաղթանակին, տիեզերքին կամ ոգուն, այլ պարտվում ենք ինքներս մեզ և պատասխանատու ենք միմիայն մեր ՓՈՐՁԻ առջև, ուստի գրականությունը ընտրել ենք որպես փորձի ճանապարհ` ընդունելով նրա անիմաստ իմաստնությունը: Գրականությունը մեզ համար տագնապ է և ալեկսիա**: Գեղեցկությանը հպվելու տենչանքը կուրացնում է լույսը. գրում ենք տաղանդավոր և անշնորք, սենտիմենտալ և պաթետիկ, ողբերգական և կծու հեգնանքով, և ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, չի կարող ընդդիմանալ, կանգնեցնել մեր ընթացքը: Այգում աճող նորատունկ ծառը անիծվելուց չի չորանում, արևի շողերը չեն գոլորշիացնում ծովը. պիտի կտրել ծառը, ցամաքեցնել ծովը լցվող բոլոր գետերը: Իսկ նրանք, ովքեր ջրում են երիտասարդության ծառը, թող չսպասեն երախտիքի. շնորհակալ լինելու ժամանակ չունենք. մենք տարված ենք փառքի փիլիսոփայությամբ ու մահվան գայթակղությամբ: Մահը մեր հավատարիմ ընկերն է, և ցանկացած պահի կյանքը ընդհատելու մեր գլխավոր խաղաթուղթը: Տարիների ընթացքում մարդը կորցնում է մահը զգալու կարողությունը, մահվան հետ երկխոսելու բացառիկ ունակությունը, և կյանքը գնալով գերակայում է մահվանը. երիտասարդությունը միակն է, ով խաղում է նրա հետ. կտրում է երակները, սրտապնդվում է` կախվելու համար, օրերով սովահար է լինում, խեղդում է գիտակցությունը թմրադեղերի մեջ, ժամերով նստում է բաց պատուհանի գոգին, ծխում է անպահանջ, խմում է, որ խմի. մահը սպասում է` տարված այս մանկական խաղով: Մահը մանուկ է:
Արթյուր Ռեմբոյին տանում են Վիկտոր Հյուգոյի մոտ. հանճարը կանգնած է տաղանդի դիմաց. դժվար է պատկերացնել զգացողությունները որոնք ապրել են այդ պահին գրողները: Իրականում Հյուգոյի համար հերթական հանդիպում, իսկ Ռեմբո՞ն, Ռեմբոյի համար ևս հերթական հանդիպում:
Երիտասարդությանը չեն սպասում. ցավոք երիտասարդությունից են միշտ սպասում` մի փոքր վախով, կասկածանքով, բերանները արհամարհանքով ծռմռելով, սպասում են նոր խոսքի, առանց հասկանալու, որ երիտասարդությունը ինքնին խոսք է: Սկզբում սպասում են լռությամբ (փոթորիկից առաջ միշտ էլ լռություն է), հետո, երբ փոթորիկը շրջանցում է տեղանքը, հաղթանակն իր հիշողության մեջ սղագրում է ևս մեկ պատմական պարտություն: Նրանք, ովքեր հրճվում են երիտասարդության պարտությամբ, դատապարտված են հաղթանակով: Իսկ մենք շարժվում ենք` անտեսելով պարտությունը. մեզ պետք է շարունակական պարտություն. կանգնած կյանքի զարկերակին մենք պարան ենք խաղում, թռչկոտելով աշխատում պահել ռիթմը. գնում ենք աշխատանքի, դուրս ենք գալիս, ու անվերջ նոր աշխատանք փնտրում, օրվա մեջ հանդիպում ենք չգիտես ում, չգիտես ինչի համար, ատում ենք միմյանց ու սիրում, հուսահատվում ենք միանգամից ու անակնկալ ոգևորվում, մոռանում ենք, որ չունենք անձնական կյանք, հայելուն համոզում ենք, որ գեղեցիկ ենք: Ունենք անթիվ գաղափարներ, որ այդպես էլ մնում են, որպես… անթիվ գաղափարներ, հարմար տեղ ենք փնտրում սեքսի համար, սիրահարվում ենք, ամուսնանում ու փոշմանում կամ` սիրահարվում ենք, ամուսնանում ու երջանկանում, ուզում ենք մեռնել, հետո ապրել, բայց մեռնելուց հետո ոչ ոք չի ապրում, իսկ ապրելուց հետո ոչ ոք չի մեռնում, ուզում ենք տառապել և ի ցույց դնել տառապանքը, մենք ապրում ենք, երբ ապրում ենք և գրում ենք, երբ գրում ենք, ի վերջո սա զգացմունքների մի պարահանդես է, որտեղ միտքը հրավիրված չէ, բայց համբերությամբ սերտում է ապագայի իր վալսը:
Գեղեցկությանը հասնելու համար պետք է գեղեցիկ լինել: Երիտասարդությունը գեղեցկություն է` վայրի փշաթփերով, որ տալիս է քիմքին անծանոթ թթվաշ պտուղներ. մարսում են քչերը: Հասուն պտուղները հյութեղ են, աչք շոյող, բայց միայն թթվաշ պտուղներն են ստիպում շարժվել ստամոքսահյութը:
Ես ատում եմ երիտասարդությունը միայն այն բանի համար, որ մի օր նա տրվելու է մտքին, կորցնելու է զգացմունքները և հոգու այդքան ցավոտ ու հաճելի մելամաղձությունը, չնայած, եթե ակնթարթը հավերժություն է, ուրեմն մենք ՓՈՐՁԵԼՈւ ենք ՓՈՐՁԵԼ առանց պատասխանատվության, առանց հեռուն տեսնելու` զգայուն, ինչպես ծառը և ազատ ինչպես թռչունը:
Բախն իր լավագույն կանտատներ գրել է երիտասարդ տարիքում: Նրա մատներն աղեղվում են ու կծկվում: Ահարկու ստվերը թրթռում է մոմի լույսի ներքո, կեղծամը ընկել է հատակին, ոտքերի մկանները ուր որ է կպայթեն, եկեղեցու պատերը դղրդում են երգեհոնի խելահեղ տեմպից. հանկարծ ամեն ինչ թաղվում է լռության մեջ. Բախի մատները քարանում են օդում ու հետո դանդաղ ու մեղմ հպվում ստեղներին. սկսվում է երիտասարդության ձայնը, որն այնքան մոտ է Աստծո ձայնին:

Комментариев нет:

Отправить комментарий