Որոնել

воскресенье, 10 июня 2018 г.

Գիյոմ Ապոլիներ."Բլուրներ"

Գիյոմ Ապոլիներ (1880-1918)






























Միրաբոյի կամուրջը

Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր։
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թեւերի
Կամուրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում։
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն է մոլեկան։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։

Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ո՛չ էլ սերերը վերստին կգան…
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան։

Թող գա գիշեր։ Հնչի ժամ։
Օրերն անցնեն։ Ես դեռ կա՛մ։
Աշնանածաղիկներ
Թեեւ թունոտ, բայց չքնաղ է մարդը աշնան,
Ուր կովերն են, արածելով,
Թունավորվում ամեն վայրկյան։
Եղրեւանու գույնով աշնան ծաղիկն է հեզ
Փթթում այնտեղ։ Քո աչքերը այդ ծաղկի պես
Եվ այս աշնան նման լուրթ են ու կապտավուն,
Եվ աչքերիդ համար կյանքս է ամեն վայրկյան թունավորվում։

Մանուկները, շրթնահարմոն նվազելով,
Դպրոցից են վերադառնում մեծ աղմուկով
Եվ պոկոտում են ծաղիկը մարգագետնի։
Նա կիսաբաց քո կոպերի գույնը ունի,
Որոնք դողում, սրսփում են, ինչպես ծաղիկն հողմերի մեջ։

Նախրապանը ահավասիկ երգում է մեղմ,
Մինչ ծանրաքայլ ու մի երկա՜ր բառաչյունով
Կովերն ընդմիշտ լքում են այդ մարգը թունոտ։
Աննի
Ծովեզերքին Տեխասի՝
Գալվեստոնի եւ Մոբիլի
միջեւ կա
Մի վարդալից մեծ պարտեզ,
Ուր մի հովոց է հառնւմ
Հսկայական վարդի պես։

Այդ պարտեզում տեւաբար
Մի մենակ կին է շրջում։
Եվ երբ բարձր թմբիների ծառուղով
Ես անցնում եմ անրջուն՝
Մենք լուռ նայում ենք իրար։

Եվ քանի որ մենոնիտ է այդ պարտեզի տիրուհին,
Անկոճակ են վարդի թփերն ու հագուստները նրա։
Երկու հատ էլ ի՛մ բաճկոնից կոկվել ընկել է ահա…
Այդ կինն ու ես հետեւում ենք գրեթե նույն աղանդին:

***


Հիվանդ աշուն


Աշո՛ւն հիվանդ ու պաշտելի,
Դու կմեռնես, երբ որ դալար վարդենիքում հողմը սուլի,
Երբ որ ձյունը սարսռա
Մրգաստանի վրա։

Իմ խե՛ղճ աշուն,
Մեռիր հասուն պտուղների եւ ձյուների
Ճերմակության ու փառքի մեջ։
Երկնքի մութ խորքում
Ճուռակներ են ճախրում ահա թեւատարած,
Հառած իրենց աչքերը վար,
Ուր կան թզուկ, կանաչահեր ջրահարսեր,
Որ երբեք չեն սիրած։

Պուրակի մեջ հեռու
Գոչեց մի եղջերու։

Օ, ինչքա՜ն եմ, աշուն, սիրում ձայներդ հին,
Իրենք իրենց ընկնող մրգերը քո խոշոր,
Թավուտներն ու քամին, որ թերթ առ թերթ հողին
Արտասվում են իրենց արցունքները բոլոր։

Տերեւներն են
Տրորում։
Մի գնացք է
Սուրում։
Կյանքն է
Հոսում։


***

Թափոր
Լեոն Բելբիին

Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ֊ետ թեւող թռչուն,
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
Այնտեղ, ուր մեր երկրագունդն է փայլում արդեն,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝ շլացնում է երկիրը քեզ,
Երբ քո գլուխն ես բարձրացնում։

Թեպետեւ մոտ, սակայն ես էլ մութ եմ, աղոտ՝
Մառախուղը լապտերներն է մարում մեկեն
․
Հանկարծ մի ձեռք է հայտնվում աչքերիս դեմ
Կամ մի կամար՝ իմ եւ ամե՛ն լույսի միջեւ,
Ու հեռանում եմ ես ահա շուքերի մեջ,
Լուսավորված ճաճանչներով իմ սեփական
Եվ շարք առ շարք փայլող բազում ինձ սիրելի աչքերի վառ
աստղալույսով։

Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ֊ետ թեւող թռչուն,
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
Այնտեղ, ուր իմ հիշողությունն է պսպղում,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝
Ո՛չ արեւը, ո՛չ երկիրն է շլացնում քեզ,
Այլ այն հուրը զարմանալի, որ սաստկանում է հարաժամ
Եվ որ մի օր կվերածվի միակ լույսի։

Մի օր,
Մի օր, սպասելով ես ինձ, մի օր
Ասում էի
․ Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս,
Որ, վերջապես, ես հասկանամ, թե ով ես դու,
Դու, որ գիտես ուրիշներին։

Գիտե՜մ նրանց
․ հինգ, թերեւս եւ ավելի զգայարան պատմել են ինձ նրանց մասին։
Բավական է, որ ոտքերը տեսնեմ նրանց, եւ ամբոխներ ես կարարեմ,
Տեսնեմ նրանց մեկ հատիկ մազն ու քայլերը խուճապահար,
Տեսնեմ լեզուն, եթե բժիշկ ձեւանալ է սիրտս ուզում,
Մանուկներին, եթե ուզեմ մարգարեի փոխվել հանկարծ,
Տեսնեմ նրանց լաստն ու նավը եւ գրիչը իմ գրչեղբոր,
Կույրերի փողն ու համրերի ափերը բաց
Կամ (բառերի գործածության եւ ո՛չ նրանց գեղագրության համար անշուշտ)։

Մի հատ նամակ, գրված ձեռքով նրանց, որոնք
Քսանամյան չեն այլեւս։
Բավական է շնչեմ միայն բույրը նրանց տաճարների,
Հոտը նրանց քաղաքներով հոսող գետի
Եվ բուրմունքը ծաղիկների, որ փթթում են այգիների մեջ հանրային։
Օ՜, Կոռնելի Ագրիպա[21], ինձ բավական էր հոտը փոքրիկ մի շնիկի,
Որ ճշգրիտ պատկերի ես քո Քյոլնի փողոցներով անցնող ամեն քաղաքացու։

Եվ մոգերին, եւ ուրսուլյան կույսերի շարքն երկարաձիգ,
Որոնցով դու ստապատիր կարծիք էիր կազմում բոլոր կանանց մասին։

Բավական է առնեմ միայն համը դափնու,
Որ ես սիրեմ կամ այպանեմ,
Բավական է թեթեւ հպվեմ հագուստներին
Եվ կորոշեմ, թե ինչքան է մսկոտ ու թույլ տերը նրանց։
Օ՜ մարդիկ, որ ծանոթ են ինձ…
Բավական է ոտնաձայնը լսեմ նրանց
Եվ ցույց կտամ ուղղությունը նրանց ճամփի
․
Բավական է տեսնեմ ոմանց
Եվ ես արդեն կհանդգնեմ հարություն տալ ուրիշներին։

Մի օր, ես ինձ սպասելով,
Ասում էի
․ Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս։

Եվ նրանք, ում սիրում եմ ես, առաջանում էին երթով քնարական,
Բայց նրանց մեջ ես չկայի՜…
Սիզապատված հսկաները մտնում էին քաղաքն իրենց ստորջրյա,
Ուր, կղզու պես, աշտարակներ ծփում էին ծովի վրա։
Եվ այդ ծովը, իր ընդերքի պայծառությամբ երակներիս մեջ հոսելով։
Բաբախեցնում էր իմ սիրտը իր արյունով։
Հետո երկրում հազարավոր ճերմակ ցեղեր հայտնվեցին,
Ուր ամեն մարդ մատղաշ մի վարդ ուներ ձեռքին,
Եվ այն լեզուն, որ ստեղծում էին նրանք ճամփի վրա,
Սովորեցի ես նրանցից եւ խոսում եմ մինչեւ հիմա։

Անվերջ անցնող թափորի մեջ ես իմ մարմինն էի փնտրում։
Նա, ով հանկարծ աշխարհ գալով, իր մեջ ամբողջ ինձ չէր կրում
Անտարակույս իմ էության մի մասնիկն էր տանում իր հետ։
Քիչ֊քիչ նրանք ինձ կանգնեցրին աշտարակի պես հոյակերտ։
Խմբվում էին ժողովուրդներ
․ ահա ե՛ս էլ հայտնվեցի,
Թրծված բոլոր մարմիններից ու մարդկային բան ու գործից։

Օ՜ արդարեւ, մեռած դարե՛ր։ Աստվածնե՛ր, որ ինձ կերտեցիք,
Ապրում եմ ես եւ ձեզ նման անկայուն եմ ու վաղանցիկ։
Եվ շուռ տալով իմ աչքերը ապագայից դատարկ ու խեղճ,
Ողջ անցյալի վեհությունն եմ տեսնում ի՛մ իսկ էության մեջ։

Մեռած է այն, ինչ֊որ դեռ չի ծնված կյանքում։
Ճառագայթուն անցյալի դեմ վաղվա օրը շատ է դժգույն։
Վաղն ան֊եւ է նաեւ այն վեհ ուժի դիմաց,
Որ ամբողջն է, ճիգն է, արդյունքն է փառապանծ։

***
























Հրաժեշտ


Ես պոկեցի ցախի մի շիվ։
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
Երկրում էլ չենք տեսնի իրար։
Հուշերի բույր, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…

***

Գնչուհին

Գնչուհին գիտեր, գիտե՛ր նախապես
Մեր կյանքը՝ պատված գիշերվա մութով։
Նրան հրաժեշտ տվինք, եւ հետո
Նոր արահետով եկավ հույսը մեզ։

Ու ծանր սերը, մեր կամքին հլու՝
Արջի պես պարեց թաթերին կանգնած
․
Կապույտ թռչունը անփետուր մնաց,
Եվ մուրացիկներ չեկան օրհնելու։

Գիտենք, թե մենք մեզ մատնում ենք մահին,
Բայց երբ ձեռք֊ձեռքի քայլում ենք քեզ հետ,
Սիրո հույսը մեզ հիշեցնում է մերթ
Այն, ինչ գուշակեց ներհուն գնչուհին։
Աշուն
Մշուշում քայլում են մի ծուռթաթ շինական
Եվ մի եզ, համրորեն, մշուշի մեջ աշնան,
Որ խեղճ ու ամոթխած գյուղակներն է ծածկում։

Քայլելով, շինականը սիրո ու դրժման
Մի երգ է մրմնջում, եւ այդ երգը մեկուն
Մի սրտի, մատանու պատմությունն է ոգում։

Ա՜խ, աշո՛ւն իմ, աշո՛ւն, բերիր մահը գարնան։
Մշուշում քայլում են երկու գորշ ուրվական։

***


























«Քարայր» խրամատում

Ես նետվում եմ քեզ ընդառաջ եւ, թվում է, դու էլ նետվում ես իմ դեմ։
Բարկ հրի պես մի ուժ մեզնից մեկնելով, ձուլում է մեզ իրար հետ,
Բայց հետո, ի՜նչ հակասություն, անկարող ենք անգամ տեսնել մենք իրար։
Կավե որմերն են իմ դիմաց թափթփվու։
Կան ելուստներ,
Կան բահերի երկար հետքեր, հետքեր ողորկ, որ, թվում է, բնաճարպում են բացված,
Իսկ անկյուններն ելուստների պոկոտված են իմ ջոկատի տղաների շփումից…

Այս երեկո այնքան խորունկ մի անդունդ կա իմ հոգում,
Որ կարծես թե այնտեղ ինչ֊որ էակներ են ընկնում, ընկնում շարունակ
Առանց նրա մութ հատակը գտնելու։
Եվ կառչելիք ոչինչ չկա այդ վիհում։
Նրանք, ովքեր գահավիժում եւ ապրում են դեռ այնտեղ,
Տխեղծ ու բութ էակներ են, որ չգիտեմ, թե որտեղից հասնելով,
Ցավեցնում են իմ հոգին։
Ինձ թվում է, թե հասնում են նրանք կյանքից, գալիքի մեջ, բիրտ գալիքի մեջ պարուրված մի այնպիսի կյանքից, որ դեռ չի հղկված, չի խնամված կամ չի դարձած մարդկային։

Իմ հոգու այս անտակ վիհում մի կարոտ կա՝ կարոտ շողի, արեւի…
Սակայն միայն այսօր եմ ես այսպես զգում, այսօ՛ր, լոկ ա՛յս երեկո։

Ի՜նչ բախտ, ի՜նչ բախտ, որ միայն ա՛յս երեկո։
Ուրիշ օրեր կառչում եմ քեզ,
Ուրիշ օրեր վանում եմ՝ ես մենակության ու սոսկումի հաճախանքները բոլոր,
Իմ մտքի մեջ կանչելով քո գեղեցկությունը ամբողջ,
Որպեսզի վեր, խռովահույզ աշխարհից վեր բռնեմ այն։
Սակայն հետո այս բոլորը թվում է զուր ու անմիտ…
Իմ մեջ ո՛չ մի զգայարան գեղեցկությանըդ խորհուրդը չգիտե,
Բառերով իսկ չեմ ընբռնել երբեք այն։
Գեղեցկության իմ ձգտո՞ւմն էլ ապարդյուն է արդարեւ։
Սե՛ր իմ, կա՞ս դու, կա՞ս կյանքում,
Թե՞ ե՛ս եմ քո գոյությանը մարմին տվել ակամա,
Որպեսզի իմ մենակությունը լցնեմ։
Դիցուհի չե՞ս դու արդյոք,
Նման նրանց, ում հույները ստեղծեցին, որ գեթ նվազ ձանձրանան։
Բայց ես պաշտում եմ քեզ, չքնա՜ղ դիցուհիս,
Եթե նույնիսկ դու իմ ցնորքն ես իրոք։

***

Կա

Կա մի նավ, որ իմ սիրած աղջկան տարավ հեռուներ,
Կան երկնքի մեջ վեց երկարավուն օդապարիկներ, որ պիտի թրթուր թվան գիշերում ու ծնեն աստղեր,
Կա մի թշնամի սուզանավ, որ իմ սիրո դեպ խորունկ ոխով է լցված,
Կան իմ շուրջ փոքրիկ, բյուր եղեւնիներ, որոնք արկերի պայթյուններից են ջարդոտվել ամբողջ,
Կա մի հետեւակ, որ կուրացել է հեղձուցիչ գազից,
Կան ոչնչացած խրամատները Քյոլնի, Նիցշեի, անգամ Գյոթեի,
Կա տառապագին իմ անձկությունը, երբ մի նամակ է ուշանում սակավ,
Կան իմ սիրածից բազում նկարներ ծոցատետրիս մեջ,
Կան մռայլադեմ ռազմագերիներ, որ քայլում են լուռ,
Կա մի մարտկոց, որի անձնակազմն իրար է անցել հրանոթի շուրջ,
Կա զինվորական նամակաբերը, որ քառասմբակ վարգում է ճամփին,
Կա, ըստ լսածիս, հորիզոնի պես անտեսանելի դարձած մի լրտես, որ թափառում է մեր այս կողմերում, անարժանաբար, միաձուլվելով հորիզոնի հետ,
Կա շուշանի պես բարձր ու ցցուն կուրծքը իմ սիրո,
Կա մի կապիտան, որ անձկությամբ է սպասում հիմա, թե Ատլանտյանից ռադիոհեռագիրն ի՞նչ կհաղորդի,
Կա դագաղների համար մութի մեջ տախտակ սղոցող մի քանի զինվոր,
Կան Մեքսիկայում արնոտ Հիսուսից եգիպտացորեն պաղատող կանայք,
Կա Գոլֆստրիմը, որ այնքա՜ն տաք է, այնքա՜ն արգավանդ,
Կա հինգ կիլոմետր այստեղից հեռու մի գերեզմանոց, որ խաչերով է ծայրեծայր լեցուն,
Կան ամենուրեք խաչեր ու խաչեր,
Կան մրգեր՝ վայրի կակտենիների վրա Ալժիրի,
Կան երկար երկար ու նուրբ ձեռքերն իմ սիրո,
Կա մի կաղամար, որ պարկուճից եմ պատրաստել, սակայն չթույլատրեցին, որ տուն ուղարկեմ,
Կա իմ թամբը, որ պիտի թրջվի անձրեւների տակ,
Կան գետեր, որոնք իրենց հունն ի վեր չեն հոսում կրկին,
Կա սերը, որ ինձ քնքշորեն գերում ու կանչում է տուն,
Կար մի գերի բոշ, որ գնդացիր էր կրում կռնակին,
Կան տղամարդիկ աշխարհի վրա, որ պատերազմում երբեք չեն եղել,
Կան Եվրոպայի գյուղերն ապշությամբ դիտող հնդիկներ,
Որոնք տխրորեն խորհում են բոլոր այն մարդկանց մասին, ում գուցե կյանքում չեն տեսնի կրկին,
Քանզի այս վերջին պատերազմի հետ անտես դառնալու արվեստը սաստիկ առաջադիմեց։





Թոմաս Սթեռնս Էլիոթ. Մոխրոց Չորեքշաբթի

Թոմաս Սթեռնս Էլիոթ 
(1888-1965 Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ)




























Որովհետև ես հույս չունեմ կրկին վերադառնալ
Որովհետև ես հույս չունեմ
Որովհետև ես հույս չունեմ դառնալ

Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին
Չեմ ձգտում ձգտելու դեպի այս ձևերը
(Ինչո՞ւ ծեր արծիվը տարածի թևերը)
Եվ ինչո՞ւ ողբալ
Հասարակ իշխանության ուժը կորուսյալ

Որովհետև ես հույս չունեմ ճանաչել կրկին
Հաջողակ ժամի փառքը անհաստատ
Որովհետև գիտեմ որ չեմ ճանաչի
Միակ զորությունը անցողիկ և հաստատ
Որովհետև ես չեմ կարծում
Թե կխմեմ այնտեղ, որտեղ ծառեր են ծաղկում,
աղբյուրներ հոսում, քանզի չկա ոչինչ

Որովհետև գիտեմ որ ժամանակը ժամանակ է միշտ
Իսկ վայրը` միշտ և միմիայն վայր
Եվ այն ինչ ընթացիկ է, ընթացիկ է մի ժամանակի և ճիշտ
Մեկ վայրի համար
Հրճվում եմ որ իրերն այնպիսին են, ինչպիսին կան
Եվ ուրանում եմ օրհնված դեմքը
Եվ ձայնն եմ ուրանում
Որովհետև ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Ուստի հրճվում եմ, կառուցելով միշտ ինչ-որ բան
Եվ հրճվում վրան
Եվ աղոթում Աստծուն որ գթա մեզ
Հարցերը որոնք բազմիցս քննարկում եմ ես

Եվ բացատրում, ինքս ինձ հետ
Որովհետև ես հույս չունեմ կրկին դառնալ ետ
Թող այս բառերը տան պատասխանը
Եղածի համար, որ չկրկնվի եղածն այսուհետ
Թող թեթև լինի ահեղ դատաստանը
Որովհետև ճախրելու թևեր չեն այս թևերը տոչոր
Այլ հովհարներ որոնք գիտեն ծեծել օդն ու տոկալ
Օդը որ հիմա ամբողջովին փոքր է ու չոր
Ավելի փոքր ու չոր քան կամքը նանիր
Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր:

Մեղապարտներիս համար աղոթիր հիմա և մեր մահվան ժամին
Աղոթիր հիմա և մեր մահվան ժամին:

II

Տիրուհի, երեք ճերմակ ինձ էին նստած գիհի տակ
Օրվա հով ժամին, մինչև հագեցում ըմբոշխնած
Իմ ոտքերը, սիրտը, լյարդը և այն ինչ լցնում էր
Պարապն իմ գանգի: Եվ Աստված ասաց.
Կկենդանանան այս ոսկորները: Կկենդանանան
Այս ոսկերները: Եվ այն ինչ լցնում էր
Իմ ոսկորները (որոնք արդեն չոր էին), ասաց ճռվողելով.
Այս Տիրուհու բարության,
Նրա գեղեցկության և այն պատճառով
Որ նա Կույսին մտավարժանքով փառաբանում է,
Մենք շողում ենք պայծառ: Եվ ես որ այստեղ քողարկված եմ
Մոռացությանն եմ արարքներս հանձնում, իսկ սերս՝
Անապատի ժառանգներին և դդմի պտղին:
Սա է ապաքինում
Իմ աղիները աչքերիս թելերն ու մասերը դժվարամարս
Որոնք ինձերը մերժել էին: Հեռանում է Տիրուհին
Ճերմակ պատմուճանով, մտորելու, ճերմակ պատմուճանով:
Թող ոսկորների ճերմակությունը մոռացությունը հատուցի:
Կյանք չկա նրանց մեջ: Ինչպես ես եմ մոռացված
Եվ մոռացված կլինեմ, այդպես էլ կուզեի մոռանալ՝
Նվիրված, կենտրոնացած նպատակի մեջ: Եվ Աստված ասաց
Մարգարեացիր շնչին, միմիայն շնչիր քանզի միայն
Շունչը կլսի: Եվ ոսկորները երգեցին ճռվողելով
Մարախի ծանրությամբ, և ասացին

Լռությունների Տիրուհի
Անվրդով ու տառապյալ
Բզկտված ու ամբողջական
Վարդ հիշողության
Մոռացության վարդ
Պարպված ու կենսատու
Անհանգիստ ու հանդարտ
Վարդը պարտեզն է
Որտեղ բոլոր
Սերերն են վերջանում
Վերջ տուր տանջանքին
Անբավական սիրո
Մեծագույն տանջանքին
Անբավական սիրո
Վերջի վերջնակետ
Եվ ճամփա անվերջ
Վերջնականություն
Անվերջնականի
Խոսք առանց բառի
Բառ ոչ մի խոսքի
Փառք Մորը հանուն
Պարտեզի որտեղ
Սերերն են վերջանում

Երգեցին գիհի հով ժամերին ոսկորները ցաքուցրիվ ու շողշողուն
Ուրախ ենք որ ցաքուցրիվ ենք, այնքան քիչ բան ենք տվել միմյանց,
Գիհի տակ օրվա հով ժամին մեզ ավազն օրհնեց՝
Մոռացած իրենք իրենց, միմյանց ու միասնացած
Անապատի ոնդորրի մեջ: Սա է այն երկիրը
Որ վիճակով պիտի բաժանենք: Ոչ բաժանումն է կարևոր,
Ոչ միությունը: Սա է երկիրը: Ժառանգությունը մեր:

III

Երկրորդ աստիճանի առաջին դարձին
Շրջվեցի ու տեսա, ցածում անհատակ
Նույն կերպարանքը՝ բազրիքին շրջված
(Գարշահոտ օդի գոլորշու տակ)
Մարտնչում էր նա աստիճանների չար ոգու հետ
Որի դեմքին հուսահատություն և հույս էր դաջված:
Երկրորդ աստիճանի երկրորդ դարձին
Նրանց շրջված թողեցի ցածում.
Այլևս  դեմք չկար, աստիճանը խոնավ էր ու մութ
Եվ ատամնովոր, ինչպես ծերունու լորձոտ բերան,
Եվ քառթավոր, ինչպես կոկորդ շնաձկան:

Երրորդ աստիճանի առաջին դարձին
Թզենու պտղի ուռուցիկ մի պատուհան տեսա
Իսկ ալոճենու ծաղկունքից և արոտավայրից էլ ցած
Կապույտ-կանաչ հագած թիկնեղ մի արարած
Գարունն էր դյութում անտիկ սրինգով:
Անուշ են վարսերը՝ զեփյուռի ներքո, թուխ վարսերը՝ շուրթերի վրա.
Յասաման և դարչնագույն վարսեր.
Մտացրություն, սրինգի մեղեդի, մտքի դեգերումներ՝ երրորդ աստիճանի վրա.
Նվազում, նվազում և զորություն՝ հույսից ու հուսահատությունից էլ վեր
Մինչ ես երրորդ աստիճանին հասա:

Տեր, ես արժանի չեմ
Տեր, ես արժանի չեմ
այլ մի խոսք ասա:
















IV

Նա որ քայլեց մանուշակի ու մանուշակի միջև
Նա որ քայլեց
Կանաչի տարբեր շարքերի միջև
Ու ներս մտավ ճերմակով ու երկնագույնով, Մարիամի գույնով,
Եվ առօրյա հոգսեր դայլայլեց
Մշտական թախծի անգիտությամբ ու գիտությունով
Նա որ քայլեց քայլողների հետ մինչև
Ջրերն հզորացան և աղբյուրը նորից փայլեց
Նաև զովացրեց չոր վեմը, դալփնակի երկնագույնով
Պնդացրեց ավազը, Մարիամի գույնով,
Sovegna vos

Սրանք են տարիները, որոնք քայլում են իրար մեջ
Խլում են մեզնից սրինգ ու ջութակ, հանձնում
Մեկին որ շարժվում է քնի և արթմնիության միջև

Հագին սպիտակ լույս, շուրջն սպիտակ լույս:
Քայլում են նոր տարիներն ու անցնում
Տարիներ բերելով՝ արցունքների պայծառ ամպի միջով,
Եվ նոր քերթություն՝ հին քերթության վրա: Քավիր
Ժամանակը: Քավիր
Չընթերցված տեսիլն ավելի բարձր երազի մեջ
Մինչ ակնազարդ միաեղջյուրներն են քաշում ոսկեզօծ դիակառքը:

Սպիտակ-կապույտ քույրը քողավոր,
Կարմրածառերի մեջ, պարտեզների աստծո թիկունքում,
Որի սրինգն անշունչ է, կախեց գլուխը, խաչակնքեց բայց խոսք չասաց

Այլ շատրվանն հորդաց վեր ու թռչունը երգեց ցած.
Քավիր ժամանակը, երազը Քավիր
Բառի խորհրդամշանը չլսված ու չասված

Մինչև քամին ծառից հազարավոր շշուկներ թափի
 Աքսորից հետո մեր դժվարակիր:

V

Եթե կորած բառը կորած է, սպառված բառը՝ սպառված
Եթե չլսված ու չասված
Բառը չասված է, չլսված.
Անբառ է չասված բառը, Բառը չլսված
Բառը բառից դուրս, Բառն աշխարհի մեջ
Կամ հանուն աշխարհի
Եվ լույսը մթնում շողշողաց անշեջ
Եվ ընդդեմ Բառի պտտվեց աշխարհն անբառ
Կենտրոնի շուրջը անբարբառ Բառի:

Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՛նչ եմ արել:

Որտե՞ղ կարող ենք բառը գտնել, որտե՞ղ կարող ենք բառը
Փնտրել: Ոչ այստեղ, քանզի լռությունն այստեղ քիչ է,
Ոչ ծովի վրա, ոչ կղզիներում, ոչ
Ցամաքի վրա, ոչ անապատում. Ոչ տաք անձրևի տակ՝
Նրանց համար ովքեր քայլում են խավարում անվերջ,
Գիշեր ու ցերեկ,
Ճիշտ ժամն ու ճիշտ վայրն այստեղ չեն երբեք.
Չկա սրբավայր նրանց համար ովքեր դեմքից են խուսափում
Չկա հրճվանքի ժամ նրանց համար ովքեր քայլում են աղմուկի մեջ ու ձայնն ուրանում
Կաղոթի՞ քողավոր քույրը նրանց համար
Ովքեր քայլում են մթնում, ովքեր դիմացան և ընդդիմացան քեզ
Ովքեր փքվեցին ու լքվեցին՝ եղանակի ու եղանակի, ժամանակի և ժամանակի,
Ժամի և ժամի, բառի և բառի, զորության և զորության միջև
Եվ ովքեր սպասում են մթնում: Կաղոթի՞ քույրը
Դռան մոտ սպասող երեխաների համար
Ովքեր չեն հեռանա և չգիտեն աղոթել,
Աղոթք նրանց համար ովքեր դիմացան և ընդդիմացան:

Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՜նչ եմ արել:

Կարմրածառերի մեջ կաղոթի՞ քույրը նրանց համար
Ովքեր իր հանդեպ գործեցին մեղքեր անհամար
Վախին հանձնվեցին հար, մնացին սարսափահար,
Ովքեր չկուրացան բայց և չուրացան
Վերջին անապատում, վերջին կապույտ ժայռերի միջև)
Անապատը պարտեզում, պարտեզն անապատում,
Երաշտի անապատում, որտեղ բերանը փտած խնձորի սերմ է թքում:

VI

Թեպետ ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Թեպետ ես հույս չունեմ
Թեպետ ես հույս չունեմ դառնալ

Դեգերելով օգուտի և կորստյան միջև
Այս կարճ ճամփին որտեղ երազներն են կտրում-անցնում
Երազների աղջամուղջը՝ ծննդի ու մահվան միջև
(Օգնիր ինձ, հայր) թեպետ չեմ ուզում ուզենալ ոչինչ
Լայն պատուհանից մինչև կարեվեր
Ճերմակ առագաստները դեպի ծով են թռչում, դեպի ծով թռչող
Անկոտրում թևեր
Իսկ կորած սիրտը փայտանում է և ուրախանում հար
Կորած յասամանի և ծովի կորած ձայների համար
Եվ թույլ հոգին ընդվզում է անդադար
Թեքված ծաղկի և ծովի կորած բույրի համար
Նա փորձում է վերադարձնել
Լորի կանչն ու դաշտակտցարի բազքը միասին
Իսկ փղոսկրե դռների միջև
Կույր աչքն արարում է կերպարանքներ սին
Մինչ հոտըթարմացնում է հողի համն աղի

Սա է լարման ժամանակը ծնունդի և մահվան միջև
Վայրը մենության որտեղ երեք երազ են հատվում
Երկնագույն ժայռերի միջև
Բայց երբ ձայներն են կարմրածառից թափվում
Թող մյուս կարմրածառը պատասխանի:

Քույր օրհնյալ, սուրբ Մայր, ոգի պարտեզի, ոգի շատրվանի,
Մի թող որ ստով ծաղրենք ինքներս մեզ
Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր
Անգամ այս ժայռերի մեջ,
Նա է լոկ մեր խաղաղությունն հոգևոր
Եվ անգամ այս ժայռերի մեջ
Քույր, մայր
Գետի ոգի, ծովի ոգի
Մի բաժանիր մեզ
Եվ  իմ աղաղակը թող հասնի Քեզ:

















Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի