Որոնել

суббота, 30 июня 2018 г.

Լեռ Կամսար. «Միայնակը» գրքից

Լեռ Կամսար (1888-1965)

















Վանուհի Թովմասյան
Հատված "Միայնակը" գրքի առաջաբանից

Միայնակի մեկ տարին՝ 1961 թվականը
Լեռ Կամսարը՝ հայ գրականության այդ միայնակը, որքան որ լիաթոք ծիծաղեցրեց իր ազգին, նույնքան էլ դառնաղի լաց եղավ ողջ կյանքում:

Սպասում

1960 թվականի վերջին գիշերը Լեռ Կամսար-Արամ պապս խռովահույզ սպասումով, Նոր տարվա բաղձալի ակնկալիքով անկողին մտավ. տեսնես ի՞նչ կբերի իր հետ եկող տարին: Հավակնոտ չլինելով՝ արդեն քիչ թե շատ բավարարված էր. մեկ տարի առաջ վերջապես լույս էր տեսել «Գրաբար մարդիկ» գիրքը : Ճիշտ է, շատ ջանք պահանջվեց իրենից, մինչև Հայաստանի կառավարությունից ստացավ հրատարակվելու թույլտվություն : Դա հնարավոր եղավ միայն, երբ բողոք-դիմումներ հղեց Միկոյանին , Մալենկովին և Բուլգանինին : Մոսկվան, հավանաբար, արտոնել էր վերականգնել Կամսարի գրական իրավունքները: Հայրենի Պետհրատն էլ, ապահովության համար, խորհրդային ավելի վաղ շրջանում հրատարակված գրքերից մի հատորյակ կազմեց և տպագրեց: Բայց նրա վերադարձը չեղավ նույնքան շռնդալից, որքան գրական նորամուտը՝ Վանում, աստեղային ժամը՝ Առաջին Հանրապետությունում, կամ բուռն հաջողությունը՝ 1921 թվականին Թեհրանից վերադառնալուց հետո։ Խորհրդային գրաքննադատությունը գրեթե լուռ անցավ այդ գրքի կողքով: Բայց գիրքն իր գործն արել էր՝ ընթերցողները վերագտել էին իրենց սիրելի հեղինակին, հատորյակը, օվկիանոսն անցնելով, հասել էր Սփյուռքի հայությանը, և Բոստոնից մի գրականագետ որոշել էր այցելել երգիծաբանին և գրել նրա մասին: Այդ էր պատճառը, որ գրողն անհամբեր սպասում էր 61 թվականի մոտալուտ գալստյանը, որը նրան հանդիպում էր խոստանում «Ծիրանի գոտի» հանդեսի գրական խմբագիր Սիմեոն Կյուլոյի հետ, ինչը կարող էր մեծ շրջադարձ անել իր գրական կյանքում: Եթե մինչ այդ նա մերժում էր ձեռագրերը գաղտնի Արևմուտք անցկացնելու և տպագրելու՝ Սփյուռքի բոլոր հորդորները, ապա Կյուլոյի դեպքում նա տեղի էր տվել:
Այդ գիշեր Ձմեռ պապի հեքիաթի ակնկալիքով անհամբեր էի նաև ես…

Նոր տարվա նվերը

Առավոտյան, երբ աչքերս բացեցի, երանությամբ ձեռքս սլլացրի բարձիս տակ: Ձեռքս ոչինչ չշոշափեց… Մեծ ընտանիքի հոգսերի մեջ խեղդված մայրս «դատարկ բաներով» զբաղվելու ժամանակ չէր գտել: Էլի շոշափեցի, չհավատացի, բարձս բարձրացրի՝ դարձյալ ոչինչ: Ուրեմն, այս տարին իմը չէր. Ձմեռ պապն ինձ մոռացել էր…
Տնեցիք չէին կարողանում հանդարտեցնել դառը հեկեկոցս… Ես մերժված, անտեսված ու մոռացված էի…
Հայրս, իբր աննկատ, սեղանից երկու «Ծիծեռնակ» կոնֆետ թռցրեց ու աճպարարի պես ձեռքը մտցրեց բարձիս տակ՝ հայտարարելով.
- Լավ չէիր փնտրել, բալի՛կ ջան, տե՛ս, ահա՛ Ձմեռ պապի նվերը:
Դա ինձ վերջնականապես հուսահատեցրեց: Հեքիաթս փլուզվեց, գոլորշացավ. գեղեցիկ սուտը բիրտ ճշմարտության ճիրաններում մերկացավ իր շինծու պաճուճանքից… «Հեքիաթներ չկան, ամեն ինչ հնարովի է», - հասկացա ես…
Այսպես, կամաց-կամաց ճանաչում և բացահայտում էի կյանքը, երբ փոստատարը դուռը թակեց և ամանորյա բարեմաղթանքից հետո Արամ պապիս հանձնեց տոնական «Երևան» թերթը:
- Վայ-լո՜, վայ-լո՜, Վանուհի ջան, հերիք լաց լինես, արի ես քեզ համար թերթ կարդամ, տես ի՜նչ լավ նկարներ կան մեջը, - ասաց պապս՝ ակնոցը դնելով:
Եվս մի քանի րոպե, և արդեն սփոփիչ խոսքեր ու մխիթարանք ոչ թե ինձ էին հարկավոր, այլ անչափ սիրելի Լեռ Կամսար պապիս…
Թերթը թռուցիկ աչքի անցկացնելով՝ առաջինը կանգ առավ Գուրգեն Մահարու «Նոր տարվա բառարանի» վրա, որովհետև, եթե կա Մահարի, էլ ի՞նչ ուրիշ հոդված…
Քարացավ, աչքերին չհավատաց: Իր հայրենակից, իր աշակերտ, շատ սիրելի ու գնահատելի Մահարին Նոր տարվա օրը ցերեկով, երբ մարդիկ իրար սեր ու գորովանք են շռայլում, գութ ու կարեկցանք հայտնում, համայն հայության առջև «գլխին փուլ էր ածել» իր ամբողջ գրական վաստակը:
Սևով սպիտակի վրա գրված էր. «Լեռ կամ սար. – պատահել է, որ մուկ է ծնել»:
Հարված էր մեջքից… Մռայլվեց, հոգում էլի խարխլվեց ինչ-որ բան:
- Եվ դո՞ւ, Բրուտո՜ս… Եվ դո՛ւ, Բրուտո՛ս, - հազիվ շշնջաց նա:
Բայց Արամ պապիս տառապանքը կոփվել էր տարիների հորձանուտում: Էությամբ սպիտակ ագռավ լինելով, հաճախ էր հարվածներ ստացել գրչակից եղբայրներից: Սրդողած վեր ելավ աթոռից, մի քանի քայլ արեց սենյակում, ձեռքերը տաքացրեց նավթի վառարանի վրա, ապա մտասույզ ձգվեց դեպի գրասեղանը: Մահարին և «Երևան» թերթի խմբագրությունը պատասխան ունեին տալու… 

Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը












***
Լեռ Կամսար 
«Միայնակը» գրքից

«Եթե հանրակառքում դեմդ նստած է նորմալ աչքերով մի կին, որի աչքերի երկու բիբերն էլ ուղղված են քեզ, հայացքներովդ դու նրանից սեր խնդրիր՝ ինչպես կարգն է, բայց շատ մի՛ պնդիր: Երբ առաջին հայացքիդ մերժում ստացար, նա քեզ համար հավետ կորած է: Այսպիսի կանայք անողոք են լինում:
Եթե սկսնակ սիրահար ես, փնտրիր ավելի շատ շիլ կանայք: 
Նրանց հետ գործ բռնելը երկու անգամ ավելի հուսալի է, քան նորմալ աչք ունեցողների:
Նրանց երկու աչքերը ներհակ են իրար, ինչպես դաշնակն ու բոլշևիկը: Երբ մի աչքը քեզ մերժի, մյուսն՝ առաջինի ինատու, ինքը քեզ սեր կառաջարկի: Իսկ եթե կարողանաս տիրապետել նրա երկու աչքերին էլ, ավելի լավ. այն ժամանակ դու մի անձի մեջ երկու սիրահար կունենաս:
Հետո էլ, շիլ կնոջ առավելությունը շարունակվում է նրանով, որ երբ այնուհետև առանձնանաք որևէ անտառում, ձեզ հետապնդողը ոչ աջից կարող է մոտենալ, ոչ ձախից՝ առանց նկատվելու…»:

***
Բաց նամակ Գուրգեն Մահարուն

Հարգելի՛ ընկեր,

Դուք սույն թվի հունվարի մեկին, բաժանելով իրարից իմ «Լեռ Կամսար» գրական անվան «Լեռը», ստիպել եք, որ ձեզ համար «մուկ» ծնի «Երևան» թերթում:
Մի «մուկ», որ գալիս է երկրի երեսից սրբելու իմ հիսնամյա ողջ գրական վաստակը:
Պարզ է, որ Դուք ինձ վրա կրակել եք «դում-դում» գնդակով . միայն պարզ չէ, թե հրացանը կրակվել է անզգուշությա՞ն հետևանքով, թե՝ հատուկ ճակատիս նշան եք բռնել:
Ես հակված եմ ընդունելու առաջին տարբերակը, որովհետև չգիտեք, թե որպես գրողի՝ Դուք ինչպե՜ս եք հարգում ինձ, ինչպե՜ս փառաբանում…
Երախտապարտ եմ Ձեզ և չեմ կարող մոռանալ մինչև այս տարվա հունվարի մեկն արած լավությունները:
Հիշո՞ւմ եք, նախանցյալ տարի, երբ «Ոզնու» խմբագրությունը կարճատև ընդհատումից հետո ինձ նորից աշխատակցության կանչեց, Դուք, չկարողանալով զսպել ուրախությունը, վեր կացաք ու մի նամակով շնորհակալություն հայտնեցիք խմբագրությանը, շնորհավորեցիք արարքը, քաջալերեցիք, հրահանգեցիք շուտ տպել, շատ տպել և այլն, և այլն:
Պարզ է, որ նման ուրախություն միայն հաճելի ու արժեքավոր բաների նկատմամբ կունենան: Ո՞վ է տեսել, որ խելքը գլխին մարդն ուրախանա… մկների վրա:
Չեմ մոռանա Ձեր այն ոգևորումը, որ Դուք ցուցաբերում էիք իմ «Գրաբար մարդիկը» լույս տեսնելուց շատ առաջ:
Դուք զորահավաք էիք հայտարարել բոլոր գովասանական բառերի և կազմ ու պատրաստ պահում էիք, որ գիրքս լույս տեսնելուն պես՝ թափեք գլխին:
Իսկ երբ ես Ձեզ զգուշացնում էի, թե մեր մամուլը իմ մասին զգուշանում է գովասանք տպելուց, Դուք ասացիք.
- Ո՛չ, հիմա իմ դիրքն այնպես է, որ ինչ գրեմ՝ կտպեն:
Չեմ մոռանա այն օրը, երբ Դուք նվիրեցիք ինձ Ձեր գիրքը, վրան գրված հարգանքի ու մեծարանքի այնպիսի վերամբարձ խոսքեր, որ ներկայիս ամաչում եմ կրկնել՝ չվիրավորելու համար իմ համեստությունը:
Ես Մոսկվայից, Ձեր եղբայր Խորեն Ռադիոյից ստացած ունեմ մի նամակ, ուր ասված է, թե «իմ եղբայր Գուրգենը Ձեզ համարում է Մեծ մարդ»:
Այժմ, ասացե՛ք խնդրեմ, ընկե՛ր Մահարի, ի՞նչն ստիպեց Ձեզ, որ Դուք այսքան «մեծ մարդուց» հանկարծ մի փոքրիկ «մուկ» ծնեցնեք «Երևան» թերթում:
Հավատացնում եմ Ձեզ, որ տարիներով մկան երես չտեսած կատուն անգամ կզգուշանար այսքան «հարգելի» մարդուց «մուկ» ծնեցնել…
Հետո՝ չմոռանամ հայտնել Ձեզ նաև հետևյալը:
Դուք շատ լավ գիտեք, որ երևանյան մամուլը հանդես գալու համար ինձ հատկացրել է շատ նեղ, համարյա աննկատելի մի տեղ. այնքան նեղ, ուր անգամ «մուկ» ծնել հնարավոր չէ, ես ի՞նչ կերպ կարող եմ Ձեր ցանկությունը կատարել, եթե անգամ ցանկանամ ինքս:
Եթե ես էլ Ձեզ նման բոլոր թերթերին աշխատակցելու իրավունք ունենայի և ինչ կամենայի՝ գրեի՝ Ձեր ցանկությունը սիրով կկատարեի:
Ի՞նչ դժվար բան կլիներ այն ժամանակ Ձեզ նման ընկերոջ համար մի չնչին «մուկ» ծնելը…
Վերջացնելով նամակս՝ ասում եմ.
Ընկե՛ր Մահարի, մենք երկուսս էլ հասակավոր մարդիկ ենք, և մեր տարիքին չի սազի այլևս թերթերում մուկ ու կատու խաղալ:
Լավ չի՞ լինի, որ մեր արժանիքները հանձնենք պատմության դատաստանին: «Մուկ» ասաց՝ «մուկ» լինեմ, «կատու» ասաց՝ «կատու» լինեմ…
Որովհետև անունս «Լեռ» է՝ անպայման «մո՞ւկ» պիտի ծնեմ…
Ես շատ «լեռներ» էլ գիտեմ, որոնք մուկ չեն ծնում:
Ես վերջացրի:

Հարգանքներով՝ Լեռ Կամսար
05.01.1961թ Երևան


















***
Խոսենք նախ հույսի մասին: Թե ինչպե՞ս է ծնվում հույսը և քանի՞ տարի է ապրում՝ այդ ոչ ոք չի կարող ասել: Այն խոշոր հույսը, որ մարդկությունը դրել էր Խրուշչովի և Քենեդիի հանդիպման վրա՝ մեռավ Վիեննայում 1961 թվականի հունիսի 3-ին և 4-ին՝ ապրելով ընդամենը 15 տարի:
Այն հույսը, որ Սովետական կառավարությունը դրել էր կոլխոզի վրա, կնունքի չհասած՝ մեռավ:
Մի հույս միայն գիտեմ, որ ծնվեց, բարգավաճեց, հասակ առավ ու մեռավ 1915 թվին՝ հարյուր տարեկան հասակում՝ մազերը բամբակի նման ճերմակած: Դա այն հույսն էր, որ տարիներ շարունակ հայ ազգը դրել էր եվրոպական պետությունների վրա՝ սպասելով, որ իրեն կազատի թուրքական լծից:
Այնպես որ, դժվար է վերոհիշյալ հույսերից ելնելով՝ ճշգրիտ սահմանել հույսի տարիքը: Բայց, ընդհանրապես, կարելի է ասել՝ ամենից երկարակյաց են լինում այն հույսերը, որոնք… անհույս են:
1961թ․ 

***
Ո՜վ, Բնություն, ստեղծել ես աշխարհը՝ քո աշխարհին տեր կանգնիր: Ինչո՞ւ ես թույլ տալիս զանազան հացկատակ* աստվածների անմիտ փոփոխություն կատարել և այն սեփականացնել, հետո էլ իրար ձեռքից քաշքշել: Կարծես աղքատացած տանտեր լինես. աստվածներին ասում ես «եկեք ռեմոնտ արեք՝ մեջը նստեք»:
Իսկ ժամկե՞տը:
Միապետական երկրներում ժողովուրդը բռնի կերպով է ստրկացվում, հանրապետականներում՝ կամավոր:
Ու ժողովուրդը միշտ էլ եղել է եզ՝ սայլի հետևում կապված…
1961թ

***
Զրույց աստվածաբանական մի քանի ասպեկտների մասին

Օրերս Հռոմում տեղի ունեցավ կաթոլիկ եկեղեցու ժողովը, ուր պապը վերջապես ներում շնորհեց հրեա ազգին, Քրիստոսին սպանած լինելու համար տրված դատավճիռը չեղյալ հայտարարելով։
Օ՜հ, վերջապես։
Խեղճ ազգը երկու հազար տարվա նզովքից ազատվեց ու հիմա կարող է ազատ շունչ քաշել։
Բայց ես այն եմ զարմանում, թե այս խելացի ազգն ինչպե՞ս չմտածեց ժամանակին արդարացնել ինքզինքը և քսան դար գլխիկոր ման եկավ։
Հրեությունն արդարանալու այնքան շատ զենքեր ուներ․․․
Թվենք մի քանիսը։
Նախ և առաջ այն Աստվածը, որի որդուն սպանեցին, հրեաների Աստվածն էր։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն էր, իսկ այդ երեքն էլ հրեաներ էին։
Քրիստոնյայի ի՞նչ գործն է միջամտել նրանց ներքին գործերին։
Փոխանակ շնորհակալ լինելու, որ հրեաներն առանց վարձքի, ձրիաբար թույլ են տվել քրիստոնյաներին իրենց Աստվածը պաշտելու՝ դեռ մի բան էլ իրե՞նք են մեղավոր։
Կամ՝ ենթադրենք սխալմամբ սպանել են մի Քրիստոսի, կորուստը խոմ անդա՞րձ չէ։ Երկրիս վրա բազմաթիվ կույսեր կան, եթե Աստված փեշերը քշտի, տարեկան տասը հատ Քրիստոս կարող է ուղարկել աշխարհ։
Հետո՝ չէ՞ որ Քրիստոսի սպանությունն առաջուց նախատեսված էր Աստծու կողմից։ Պիտի աշխարհ գար, խաչվեր, թաղվեր ու երեք օրից հարություն առներ, որ դրանով մարդկանց մեղքերին թողություն տար։ Եթե հրեաները չխաչեին, Քրիստոսը պիտի մնար, ծերանար ու իր բնական մահով մեռներ իբրև սովորական մահկանացու։
Էլ ո՞ւր կմնար քրիստոնեական հավատը։
Ուրեմն, այստեղ էլ քրիստոնյաներն ինքզինքնին երախտապարտ պիտի զգան հանդեպ հրեաների, որ սպանել են փրկչին։
Այլապես Քրիստոսը պիտի ինքնասպա՞ն լիներ, ինչ է․․․
Ինչևէ։
Երևի Հռոմի տիեզերական ժողովում այս բոլոր հանգամանքներն ի նկատ ունենալով, ներել են այդ ազգին։
Մեր խորին շնորհավորանքներն այս մասին․․․
 1965թ
*
Աքսորի տարիների ձեռագրերից՝ Լեռ Կամսարի ուսապարկից




Դավիթ Սամվելյան. Մնացածը չինական է. Էսսե

Դավիթ Սամվելյան





















… «…իստ»-ների, «…գետ»-ների ու «…ող»-ների փոքր, կիսադատարկ սահմաններից այս կողմ «…բան»-ության ու «․․․սիր»-ության քարոզիչների մի խումբ՝ անմշակ հողերից եկած, բայց հողածին, չնչին արարածներ, վխտում են ամենուր ծանր քամու նման, արվեստից են խոսում` արհեստավարժ ու անատամ գոռում պարապ գլուխներում։
Սիրելու կամ ամուսնանալու արվեստով տարվածները սկսել են պատերազմել հենց խոսքարվեստով` հաշվարկված, բայց թվացյալ միամտությամբ փորձում են ուղեղներ հերկել որբացած ու արվեստից խռոված քաղաքում, ինչ է թե մոտ կանգնեն հարաբերվելու ու հարստանալու արվեստին... Բայց ամեն ինչ այնքան արհեստական ու չինական է… Ասում են՝ ապրել է պետք. իսկ ապրելու համար խաբկանք է պետք դյութել, ձևին հակառակվել թեկուզ մի ձև, կերպարանքը փոխել ու մի կերպ համոզել է պետք։ Իսկ ես հիմա նստել եմ դիմացդ, նայում եմ ցավից մղկտացող կիսախուփ աչքերիդ ու փորձում եմ խաբելով քեզ համոզել, որ ցավից է ծնվում արվեստը։ Լռում ես ու չես հավատում, գիտեմ։ Եվ ինչու կամ ինչպես հավատաս, երբ տեսածդ, լսածդ ու կարդացածդ իրար հետ հատման եզրեր չունեն. շուրթերդ հպել ես իրար ամուր ու լռում ես` արհեստավարժ։ Հայացքս աչքերիդ՝ նորից փորձում եմ հմտություն կիրառել, որ կտրեմ քեզ արվեստազուրկ իրականությունից, ուր հպարտ ու կրքերից ճկված քայլվածքների տակ թաքնված են տանը թողած սեփական անձի ճնշվածությունն ու հայրական անտարբերությունը, որտեղ փքեցրած շուրթերը տենչում են համբույր, իսկ թախծոտ ու դատարկությունից անհիմն զարմացած աչքերով հայացքները երազում են անկեղծ սիրուց ծնված հրաշքների մասին, աչքածակությունն ու թերսնված մանկության օրերը փոխարինվում են հայտնիության մոլուցքով ու մարդկության համար անհայտ ծագման ախորժակով, իսկ նորաձև շորերի հետևում հերթի են կանգնած կեղտոտներն ու չարված լվացքի թասերը, լվացվածներն էլ, արդուկի հետ դեռ չհարաբերված, հայտնվում են տձև մարմինների վրա։ Փորձում եմ քեզ փախցնել այն իրականությունից, որտեղ նկարները նմանվել են կիսանդրիների, որպեսզի դրանից ներքև սպասվող հիասթափությունը մնա հետագայի համար։ Այնտեղ, որտեղ անդավաճան ընկեր է դառնում միանգամյա օգտագործման ածելին, որն անգամ կյանքից չի կարող զրկել, բայց կյանքեր է դասավորում կամ... Իսկ դավաճանությունը դառնում է օրինաչափություն։ Մնում է միայն համբուրել ափերի հակառակ կողմը. միակ մաքուր տեղն էդտեղ է մնացել... Մնացածն այնքան չինական է... Իսկ ես, աքցանով ատամդ քաշելու փոխարեն, բառերդ եմ հատ առ հատ բերանիցդ փորձում դուրս հանել, որ գոնե մի բան ասես, որ ատամնացավից էլ ուժեղ, ուղեղ թմբկահարող, աչք ու ականջ խլացնող ցավերիդ մասին մի երկու բառ ասես, թեկուզ գլուխս տանես: Բայց դու լուռ ես: Մի քանի օր առաջ պատմում էիր, որ առաջին անգամ սպիտակ խալաթով մարդ տեսնելդ, նրա` քեզ «բերանդ բաց» ասելը սկսեց քեզ վախ ներշնչել բժիշկներից. խուսափում ես նրանց այցելել: Հեռացված կաթնատամներիդ հետ մանկությունդ կորցրիր ու սիրտդ լցվեց վախով: Բերանդ միշտ փակ ես պահում... Հոգուդ եղած-չեղածը չես հանում ու շաղ տալիս, չես լացում լացերիդ ու թացացած հույզերիդ մասին: Լռում ես ու ցավդ կուլ տալիս. էնպես, ինչպես, որ ողորմած մայրդ էր քեզ ասում ամեն անգամ, երբ գդալը մի կերպ հաջողացնում էր բերանդ մտցնել. «Բերա´նդ փակիր ու կու´լ տուր, բալե~ս»: Ողորմած մորդ հետ միասին երկիրն ու կյանքը մեռան քո համար.էլ ուր մնաց արվեստն ապրեր… Ատամդ քաշելու փոխարեն փորձում եմ մի երկու բառ քաշել բերանիցդ, իսկ դու՝ շոկոլադի մեծ սիրահար, բերանդ զարդարել ես սևին տվող փուչ ատամով ու քմծիծաղ ես տալիս, արցունքը խառնում ես լացիդ, երբ ասում եմ՝ արվեստը ծնվում է ցավից: Ախր, քաղցրը միայն քաղցդ է հագեցնում… Միայն խաբկանք... Իսկ ես ամեն գնով փորձում եմ քեզ խաբել, մի կերպ ցրել տպավորություններդ ու գրկել ցուրտ ափերդ , համբուրել շուրթերդ` ամենաջերմ կերպով . բայց նրանք միշտ փակ են. մորդ շատ էիր սիրում... Իսկ մայրդ չինարեն ու չինական ոչինչ չգիտեր...


пятница, 29 июня 2018 г.

Մարգարետ Ասլանյան


Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)

















Գնում եմ:
Չգաս:
Չկանչես:
Ինչ տվել եմ՝
մի վերադարձրու:
Ինչ չեմ տվել՝
քեզ պետք չէր:
Աշխարհում 
մի օր 
ավարտվում են
հեքիաթները
ու ոսկե ձկնիկները
մեռնում են 
դառը 
արտասուքներից 
ծովի,
ու վերքերը աղ են դառնում,
ու ափ են շպրտվում երազանքները,
թպրտում են մի քանի վայրկյան,
շնչահեղձ են լինում ավազներին դեղին:

Չկանչես:
Չգաս:
Գնում եմ:
Ինչ տվել ես՝
վերադարձրել եմ:
ինչ չես տվել՝
պետք էր ինձ:
Աշխարհը 
մի օր 
դառնում է
կոկորդում մեռնող
սև կարապների
համբարձվող երամ,
ու հոգեվարքում են կիրակիները,
ու բորբոսնում են հավատները
փլվող պատերին սպասումի,
ցավը դառնում է քար,
որ շպրտում ես 
ապակիներին երկնքի
և երբեք չես լսում
լռության լացն Աստծո,
և սովորում ես լինել արժանի...



Մերուժան
















Ես հասկացա, որ քո աչքերում
Աղմկող գետը շտապում է միանալ
Ծովին. ես նույնպես գնում եմ
Դեպի ծովը, դրա համար էլ
Ուզում եմ նետվել աչքերիդ մեջ,
Բայց վախենում եմ մերկանալ:

Դու սիրում ես ինձ, երբ ես մերկ եմ,
Հոգիս ազատված է հին հագուստներից,
Հնամաշ երդումներից:

Դու հավատում ես ինձ
Միայն երկուշաբթի առավոտյան`
Աղոթքի ժամերին,
Երբ եկեղեցին հավաքվում է
Լռության մեջ...

Իսկ լռությունը
Խիստ հոգևոր ծես է արտահայտում
Իմ երկյուղածությամբ ամփոփված
Մենության խորանում:

Երկուշաբթին մեղավոր
Շաբաթվա սկիզբն է:
Այդ օրը հանդիպելով քեզ`
Ես գործեցի իմ առաջին մեղքը...




Ալեխո Կարպենտիեր. Ածականն ու նրա կնճիռները

Ալեխո Կարպենտիեր (1904-1980 Լոզաննա, Շվեյցարիա)






















Ածականները ոճի կնճիռներն են: Երբ ներմուծվում են պեոզիայի, արձակի մեջ բնական ձևով, որևէ ավանդույթի կանչին ուշադրություն չդարձնելով, վերադառնում են իրենց ընդհանուր շտեմարանը՝ մեծ հետքեր չթողնելով էջի վրա: Սակայն երբ հաճախ են հայտնվում, երբ նրանց առանձնահատուկ նշանակություն է վերապահվում, երբ նրանց արժանիքներ ու կատեգորիաներ է շնորհվում, դառնում են կնճիռներ. կնճիռներ, որոնք ավելի ու ավելի են խորանում, մինչև դառնում են խորը ծերության մասին ազդարարող ակոսներ, այն ոճի, որը ծանրաբեռնվում է նրանցով: Որովհետև մտքերը երբեք չեն ծերանում, եթե ճշմարիտ մտքեր են: Գոյականները նույնպես: Երբ արարիչ Աստված, անդունդի վրա լույսը ստեղծելուց հետո անցնում է ջրերը բաժանելուն, այս բաժանման գործողությունը վիթխարի պատկեր է դառնում կոնկրետ բառերի միջոցով, որոնք առաջին անգամ արտասանվելուց ի վեր պահպանում են իրենց պոետիկ ողջ ներուժը: Երբ Երեմիա մարգարեն ասում է, որ ո՛չ եթովպացին կարող է իր մաշկի գույնը փոխել, ո՛չ հովազն իր բծերը կորցնել, մեջբերում է այն պոետիկ-ասույթային արտահայտություններից մեկը, որոնց վիճակված է անցնել ժամանակների միջով՝ պահպանելով կոնկրետ բառերով մատուցված կոնկրետ մտքի խոսունությունը: Այսպես՝ ասացվածք-նախադասությունը, որն արտահայտում է կոլեկտիվ փորձով ձեռք բերված ժողովրդական իմաստնության էությունը, գրեթե միշտ իր հյուսվածքից դեն է նետում ածականը. «Ասա ով է ընկերդ…», «Կուժն աղբյուրի ճամփին է…», «Գնա մեռի, արի…», և այլն: Բանն այն է, որ բնազդաբար, ովքեր բառային այնպիսի նյութ են մշակում, որին վիճակված է հարատևել, չեն վստահում ածականին, որովհետև յուրաքանչյուր ժամանակաշրջան իր անցողիկ ածականներն ունի, ինչպես իր մոդաները, իր երկար ու կարճ փեշերը, իր անեկդոտներն ու ժամացույցի շղթայիկները:
Ռոմանտիզմը, որի պոետները շատ էին սիրում հուսահատությունը, լիներ անկեղծ թե շինծու, ունեցել է հուշող ածականների մի հսկայական պաշար, այն ամենից, ինչը թախծոտ էր, մելամաղձոտ, լալկան, պոռթկուն, ոռնացող, հուսաբեկ, մռայլ, միջնադարյան, աղջամուղջային և սգային: Սիմվոլիստները կուտակեցին հօդս ցնդող, գորշավուն, մշուշապատ, տարտամ, հնօրյա, ծիածանագույն ածականներ, մինչդեռ լատինամերիկյան մոդեռնիստների ածականները հելենիստական, մարմարյա, պերճաշուք, փղոսկրագույն, ֆավներին, սամարացիներին հատուկ, ռիթմիկ՝ նրանց դարձվածքների մեջ, հեկեկուն՝ նրանց թավջութակների վրա, ճաճանչափայլ՝ նրանց արշալույսներում. աբսենթագույն, երբ նեպենտեսի1 մասին էր խոսքը, այնինչ թեթևամիտ ու փոփոխամիտ էր ներկայացվում հովհարի թեթև հովիկը: Դարասկզբին, երբ Փարիզում մոդայիկ դարձավ օկուլտիզմը, Սառ Պալադանն իր վեպերը լցնում էր այնպիսի ածականներով, որոնք հիշեցնեին առեղծվածայինի, շիկալուսայինի, աստղայինի և աստեղայինի մասին: Անատոլ Ֆրանսն իր՝ սրբերի կենսագրություններում «դարաշրջանի շունչը հաղորդելու համար» շատ հմտորեն օգտվում է Հակոբոս դե լա Վորաչեի2 ածականակերտումից: Սյուրռեալիստները հանճարեղ էին այնպիսի ածականներ գտնելու և վերածնելու հարցում, որոնք կարողանային ծառայել ցնորականի, խաբուսիկի, հանելուկայինի, զառանցականի, անկանխատեսելիի, ջղաձիգի և անրջայինի մասին եղած պոետական մտահայեցողությանը: Իսկ ինչ վերաբերում է ավելի ուշ եկած էքզիստենցիալիստներին, նրանք գերադասում են ժահրածոր ու գրգռիչ ածականներ:
Այսպես՝ ածականները կարճ ժամանակ անց փոփոխություններ են կրում մի գրական ուղղության, մի սերնդի ստեղծագործություններում: Նրանց ետևից, ովքեր իրոք արտահայտություն են հորինում, հայտնվում են այնպիսիք, ովքեր այդ արտահայտությանից յուրացնում են միայն երանգավորման, գունավորման և հուշելու տեխնիկան՝ գործի ներկարարական մասը: Եվ երբ այսօր ասում ենք, թե երեկվա այսինչ հեղինակի ոճն ուղղակի անտանելի է մեզ համար, մենք չենք անդրադառնում խորությանը, այլ միայն ածականակերտման արտաքին էժանագին փայլին, սգո հանդերձներին, պաճուճագեղությանն ու ոսկերչությանը: 
Իսկ ճշմարտությունն այն է, որ բոլոր լավագույն ոճերը բնութագրվում են ածականի գործածման խիստ մեծ չափավորությամբ: Եվ երբ դրանից են ելնում, օգտագործում են առավել որոշակի, պարզ, անմիջական, հատկանիշը, էությունը, վիճակը, նյութն ու ոգին որոշարկող ածականներ, որոնք նախընտրել են ինչպես նրանք, ովքեր շարադրել են Աստվածաշունչը, այնպես էլ նա, ով գրել է «Դոն Կիխոտը»:























Թարգմանությունը՝  Կարինե Չոբանյանի

Արմինե Բոյաջյան. բանաստեղծություններ

Արմինե Բոյաջյան

















սուտ էր…
ասացիր. "թանկ ես, երազ ես, նման չես"…
սուտ էր…
իմ անեղծության ծովի մեջ կաթիլ,
մի փոքրիկ կաթիլ ավելացնելով`
առար ողջ ծովս`
որպես հատուցում քո "սուրբ" կրքերի…
հարուստ կարծեցիր քեզ իմ մաքրությամբ,
թանձր ծորացող իմ խոնարհությամբ,
հավատարմության կնիքս առար`
իբրև մատանի
այն մեր երազած,
չեղած, նկարված նշանադրության…
սուտ էր…
ասացիր` "լի ես, լրիվ ես, իմն ես"…
սուտ էր,
երազ էր,
քո սուտ երազն էր,
ինձ ինձնից խլող այն բիրտ երազը,
որ կրծոտում է
ապրելու իմ պարզ ունակությունը…
սուտ էր…
սուտ էիր…


***

կարծում ես՝ ճահիճդ անցար,
անվտանգ ես,
մոռացել ես գործող օրենքի մասին.
սերմեր ես ցանել աջ ու ձախ,
սերմերդ մի օր բերք կդառնան, 
կժողովես ու լուռ կհեկեկաս...
հեծկլտանքիդ մեջ թե ծանոթ ձայն լսես,
ուշք մի´ դարձրու.
ե´ս եմ,
լացիս արձագանքը...
արցունքներս կսեղմեն կոկորդդ,
կթվա` մրսել ես մի քիչ,
բերքիդ մեջ հառաչանք կլսես,
չճնշվե´ս.
հոգուս հևքը կլինի,
իմ ստվերը կլինի բերքիդ մեջ…
Քեզ կողողեն ավերակներիս փոշիները գորշ,
ես կթոթափեմ շղթաները իմ,
դու կհեկեկաս բերքիդ վրա...
Արեգակ կա իմ քաղաքի համար...
օրենքն է սաստիկ՝
պետք է ժողովել, ինչ, որ ցանել ես...


***

Դու խոսեցիր`
առանց աչքերիս մեջ նայելու`
փախչելով,
հեռացող կրնկիդ դոփյունով...
իմ մասին խոսեցիր 
հեռվում,
պատի տակ,
ոչ ինձ հետ...
էդ փախչող կրունկներդ մեծ են,
սև ու անճոռնի,
ցավեցնում են բիբերս,
թարթիչներս,
կոպերս:
Ֆրազներդ` հյութեղ են, բայց` թթու,
բառերդ` լիմոնի հոտով,
Սիրել չիմացար,
ոչի´նչ.
թույլերը սիրել չգիտեն…
Նրանք լռելու փոխարեն գոռում են,
գալու փոխարեն` գնում,
ձեռքից բռնելու փոխարեն հրում են
ու ազնիվ խաղալ չգիտեն:
Քո բեմում քեզ մենակ եմ թողնում.
հոգնել եմ թուքս կուլ տալուց,
մոնոլոգդ կարճ է, գիտե´մ,
թերթել եմ էջերդ վաղուց,
թերթել եմ
ու անունս ջնջել:
Դու կարդա´, հոսի´ր բեմից,
մինչև որոշյալ ժամանակդ գա,
դու գնա´, հեռացի´ր, փախի´ր.
հենց էդպես էլ պիտի վերջանաս:


***























այգաբացը սովորական է, 
անսովոր է
չորս ձեռք,
չորս ոտք,
չորս բիբ 
ունենալը...
անսովոր է շնչել երկու քթով
ու արտաշնչել նրա համար...
անսովոր է
կապված
երկու շունչը,
երկու հոգին,
երկու մարմինը:

***


մարմինները քրտնում են`
առանց իրար դիպչելու:
այսօր նա հայելի է,
որտեղ դու քեզ ես տեսնում
և որտեղ դու հայելու վրա մեռնող
գոլորշի ես...
գինին հոսում է վերից վար:
տտիպ է, կարմիր, սիրուն հոսք ունի:
իջնում է մեջքովդ` ինչպես կատու,
թթվաշ է...
արյանդ մեջ է մտնում կարմիր ճանկերով
ու հաշվում սրտիդ զարկերը`
կրծքիդ մակերեսից...
տեսնես` ինչո՞ւ են փակվում աչքերը,
երբ շուրթն ուրիշ շուրթի է հպվում:
լուսինը բարուրված է երկնքով
ու մթե շապիկ ունի.
տաքացնում է,
որ ցողից չմրսեն,
որ դողան սիրո դողով:
կամուրջը կապում է երկու անջատ փողոցները.
լապտերներ կան կամրջի երկայնքով:
մարմիններն այրվում են`
կրակից, լույսից, շան հևոցից:
մարմինները սեղմվում են իրար`
շշնջոցով...
մարմինները հոտոտում են իրար`
թացի մեջ:
կա պարանոց`
ձիգ, պրկված, սրսռուն:
կան շուրթեր`
սողացող կիսամերկ պարանոցի վրա:
հյութաքամ են լինում մարմինները,
ծավալափոխվում են.
նոր հոտ կա անոթի մեջ,
նոր ձայներ են պատեպատ զարկվում...
կա վեց աչք:


***

մի օր Դու մտար իմ քաղաք...
ես ունեցած-չունեցածս Քո ոտքերի առջև գցեցի,
Քեզ արմավենու ճյուղերով դիմավորեցի
ու բարձր ձայնով աղաղակեցի.
- Օվսաննա ի բարձունս... 
- Օրհնյալ է Նա, ով գալիս է իմ քաղաք` որպես Տեր...
Դու ընթրեցիր ինձ հետ,
իմ ոտքերը լվացիր,
Քեզ հետ այլակերպության լեռը բարձրացրեցիր,
ջրերի վրայով քայլել տվեցիր,
հանդարտություն տվեցիր փոթորիկներիս...
մի առավոտ, աքաղաղի կանչի հետ,
աշխարհի վառած կրակի մոտ ուրացա Քեզ,
մի երեկո խաչեցի Քեզ...
բայց մի մայրամուտի երևացիր ինձ` հարություն առած,
ու ասացիր.
- արածեցրու իմ գառներին, թե սիրում ես Ինձ...
հավիտյան անփոփոխ է պատասխանն իմ.
- Տեր, Դու գիտես, որ սիրում եմ...


***

















Իմ քաղա´ք,
լուսաբացդ եկավ առանց ինձ,
ու նստեց վերմակիդ աջ փեշին,
սկուտեղում իր ձեռքի ուներ սուրճ
և դատարկ մոխրաման մետաղից: 
Մոխրացել էր գլանակն էն կիսատ,
որ սուլում էր պատմություն իմ մասին,
քեզնից լուռ հեռանում են բոլորը`
թե´ սիգար, թե´ մոխիր ու թե´ կին…
Իմ քաղա˜ք,
դու անմեղ մեղավոր ես,
պարզապես սև ուղտեր են անցել
քո փոշոտ ու քո հին մայթերով,
և ուղտերը դարձել են քեզ տեր:
Լուսաբացդ կռթնել է վերմակիդ,
տաք թրջոց է դրել ոտքերիդ,
բայց խաղաղ է քեզ համար գիշերդ.
դու քնած ես անշարժ` ինչպես դի:
Դու սպասում ես ուղտերի թռիչքին,
որ հառնեն, վերանան, գնան,
իսկ ուղտերը դեռ ծամում են դանդաղ
այն ամենն, ինչ քեզնից գողացան:


***

բոլոր զոհերը սիրուց են.
սերը չի վերջանում.
Աստված չի վերջանում.
ուրեմն միշտ կլինի զոհ...


***

ազատ չես, որովհետև համեմատում ես.
քիթդ երկար է, բայց` զուրկ քթանցքներից.
կա ոսկորների սարսափելի հիվանդություն - փտախտ.
այն առաջանում է նախանձից.
կա ճանապարհ - միայն քեզ տրված...
զարմացիր համեմատվողների,
երկարաքթերի,
ուրիշի ունեցածի վրա աչք տնկողների վրա
ու անցիր այդ ճանապարհը...
սա է քո ազատությունը...


***

















Մի ֆոտո մնաց,
ու անունդ մնաց օդում:
Հողե մի թումբ մնաց,
սառը մարմինդ` էդ հողի ծոցում:
Մի գունատ ֆոտո մնաց,
կիսատ աչք ու մռայլ մի դեմք:
Էն ցավի ճիչը մնաց,
Էն ծանոթ քրքիջը օդում:
Ամեն ինչ օդում մնաց,
շիկացավ ու կախվեց վերից,
գինի չդարձավ քո ջուրը,
ու հուշդ չդարձավ մարմին:
Կարոտիդ ծուխն է մորմոքում,
ու գույնս խլում է քիչ-քիչ:
Էն ձենդ զնգում է նորից
էն ձենդ ինձ ձեն է տալիս,
շրջվում եմ, չկաս, անմարմին,
շրջվում եմ, հողի հոտ է գալիս:
Շրջվում եմ մի քարե խաչ է գալիս
ու խաչից ոռնոց է գալիս...
Դու չես նեղանա, չէ, գիտեմ,
թե ունկերս բամբակ խոթեմ,
թե կացնեմ էդ քարե ոռնոցը,
որ կարոտս կարոտիդ խառնեմ:
Էդ գունատ ու մռայլ նկարիդ
կարմրով մի ժպիտ վրձնեմ,
որ շրջվեմ ու քար չտեսնեմ,
որ օդում չկախվի ճիչդ,
որ օդում չմնա ոչինչ,
որ դու չմնաս օդում,
որ օդ չմնա:


***

Թե չլիներ այդ օրն իմ կյանքում,
վառվող իմ այտերի վրա
այդքան արցունքի շիթեր
չէին մեռնի վշտից գլխիկոր:
Այդքան մորմոք ու լաց,
այդքան ափսոսանք ու սեր
սրտիս շնչառության վրա
այդպես անթեղված չէին լինի…
Հոգու այդպիսի ճռինչ
ու ցավից գալարվող շառաչ,
այդքան մոխրագույն կարոտ
մեկտեղ լղոզված չէր լինի…
Ախ, չլիներ այդ օրը,
կյանքիս սարսափի այդ օրը,
այդ մահի, մրմուռի օրը,
ես հիմա անհոգ ու կայտառ
այս կյանքի մեծ բեմում բաքոսյան
մի կենաց ասեի երգելով`
գինու տեղ իմ ձեռքում ծնծղա…
Մի նվագ հյուսեի իմ սրտից,
փառահեղ մի դեր խաղայի,
ճարտասան իմ լեզուն բոցկլտար,
այդ բեմում ես տեր լինեի…
ինչ արած, եղավ այդ օրը,
իմ կյանքի մահաբեր ու գորշ օրը,
որ կեղծեց, համոզեց, թե գտար
այն վարպետ-դերասան –ճարտասանը,
ով քեզ հետ նույն բեմում բաքոսյան
կգոչի թավությամբ այրական`
թե դու ես թագուհին այս բեմի,
դու ես սարքված իմ կողից…
Կտայի թանկս` անունս, կյանքս`
սարսափի այդ օրը չապրեի…
Բայց եղավ, եղավ այդ օրը…


***

Մոխրագույն հագած ուրուի նման`
Այն սև շուրթերով ու սև մատներով Հեզաբել-կինը
Մռայլ շենքերի ամայության մեջ
Մի սուր քրքիջ է արձակում հանկարծ,
Ու քաղաքը գորշ առնում է թևեր, 
Սև ագռավի պես ճախրում է օդում
Ու համոզում է շենքերին պաղած,
Թե ինքն է տերը…
Շենքերն էլ անշունչ, անկենդան, փտած,
Շենքերը հագած սգվորի սքեմ,
Դամբարանային հայացքներն հառած
Ու սև ագռավի թևերին թառած`
Պտույտ են տալիս
Եվ դանդաղ գծում մոխրագույն շրջան…
Ու մի սանդուղք են տարածում երկինք,
Ուզում են վերի Հանճարին հասնել…
Քարը քարի հետ ուզում է թռչել էյդոսներից վեր,
Տենչում է տեսնել Նրա երեսը նույն հարթության մեջ…
Անկարելի է, սևազգեստ ագռավ,
Քորեբը սուրբ է, այդ սարի վրա բնավ տեղ չունես…
Քարը քարի հետ խորհուրդ է անում`
Ինչպես կառուցել աշտարակ մի նոր,
Որի գագաթը ի զորու լինի հոտոտել Երկնին…
Անհաղթանակ ես, փոքր ես, Բաբելոն.
Քեզ հետ խոսում է Ճշմարտությունը…