Որոնել

среда, 20 июня 2018 г.

Ագլայա Դատեշիձե. Սովորեցրու ինձ


 Ագլայա Դատեշիձե (1980 Սանկտ-Պետերբուրգ)













Տե՛ր Աստված…

Սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ:

Սովորեցրո՛ւ լաց լինել, երբ ուզում եմ լաց լինել վշտից, ուրախությունից, ոգեշնչումից: Հատկապես` ոգեշնչումից:

Թող արցունքները հոսեն` չհեղեղելով ինձ:

Սովորեցրո՛ւ ինձ ցավ զգալ` մեծ, փոքր, ցանկացած բնույթի: Ես ուզում եմ անցնել ցավի միջով` թույլ տալով, որ գնա:

Սովորեցրո՛ւ ինձ բարձրաձայն աղաղակել, նույնիսկ, երբ ուրիշները լռում են:

Ինձ հարկավո՜ր չեն անսահման հնարավորություններ:

Տո՛ւր ինձ պարզն ու մարդկայինը` պատրանքներից արագորեն ազատվելու համար:

Հարկավո՜ր չէ հավերժական կյանք ունենալ: Թո՛ղ որ իմ ժամանակը սահմանափակ լինի, որպեսզի էլ ավելի արժեքավոր դառնա:

Ես խնդրում եմ անկատարելություն, որպեսզի ինձ սիրեն, որպեսզի պատվանդանի վրա չբարձրացնեն:

Հարկավոր չէ երկնային մեծություն: Ինձ երկրային մա՛րդ դարձրու, ով կարողանում է տեղավորվել գրկի մեջ:

Պե՜տք չէ հիացմունք: Նվիրի՛ր պարզ սեր: Հիմա՛:

Շատ տարբեր բաներ պետք չեն: Տո՜ւր ինձ միևնույն բանը:

Որպեսզի հազարերորդ անգամ անցնելով ծանոթ ճանապարհով` ես վերջապես հասկանամ:

Սովորեցրո՛ւ ինձ սիրել պարզը, քանզի այն որքան դյուրին է,
Նույնքան և բարդ է, բայց պահանջում է ավելի քիչ ջանքեր:

Ես անհարմար պահեր եմ ուզում, որպեսզի հուզմունքով նայեմ սիրելիի աչքերին:

Քեզնից խնդրում եմ անօգնական իրավիճակներ, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ տեսնել ինձ պարզած ձեռքը:
Սովորեցրո՛ւ ինձ հանձնվել:
Սովորեցրո՛ւ ինձ սխալվել:
Սովորեցրո՛ւ ինձ կասկածել:

Խնդրո՜ւմ եմ, թող որ պարզեցնելու կարիք չլինի: Հստակեցրո՛ւ:

Տո՛ւր ուշադրություն լսելու, զգալու այն, ինչ տեղի է ունենում: Թող քնքուշը ուժեղ դառնա:

Ես ծերություն եմ խնդրում, որպեսզի ոչինչ ինձնից դուրս չպատկերացնեմ:

Օգնի՛ր ինձ իմաստից քայլելով հասնել իմաստալիցին: Նվիրի՛ր դատարկություն, որից ծնվում է ամեն, ամե՜ն ինչ:

Ու՛ժ տուր դիմանալու սեփական խելամտությանը` դադարելով ողբերգություն փնտրել այնտեղ, որտեղ ուղղակի հանգիստ շունչ քաշելու կարիք կա:

Տե՛ր, շնորհակալ եմ, որ դու կաս: Իսկ, եթե` ոչ, ապա շնորհակալ եմ գոնե քո գոյության գաղափարի, քեզ գտնելու հուշումի, քեզ փնտրելու հնարավորության համար:

Իսկ, եթե ես ընդամենը առոչինչ դատարկություն եմ, ով մոռացել է տիեզերքի միասնության մասին, ապա խնդրում եմ` այդ մասին հիշեցրու ինձ խնայելով:

Մի բան էլ` սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ այն ժամանակ, երբ ուզենամ…






















***
Եթե ձեր բախտը բերի, դուք կմնաք մենակ, բոլորովին մենակ:Երբ ոչ մեկը չլինի քո կողքին, դու աջակցություն կփնտրես հողից և հույսը կդնես միայն քեզ վրա:
Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, կյանքը ձեզ կհարվածի ինչպես ընկույզի` միջուկը դուրս կորզելու համար:
Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք ցավ կզգաք: Այնպիսի ցավ, որը ձեզ համարյա կստիպի մեռնել, իսկ հետո կօգնի վերածնվել ներսից:
Եթե ձեր բախտը բերի, դուք լաց կլինեք: Եվ արցունքներն այդ ոչ մի կերպ հնարավոր չի լինի զսպել: Արցունքները կբերեն ազատում, այնուհետև` իրական կյանք:
Եթե ձեր բախտը բերի, դուք խոցելի կլինեք այլոց կողմից: Եվ ոչ մի կերպ դա չեք կարողանա թաքցնել: Այդ ժամանակ կհասկանաք` ով է ձեզ հետ, իսկ ով` ոչ:
Եթե ձեր բախտը բերի, դուք չեք իմանա հարցերի պատասխանները: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք ինչ-որ բան ինքնուրույն հայտնագործել:
Եթե ձեր բախտը բերի, դուք կհիասթափվեք մարդկանցից, գաղափարներից, ուսուցիչներից և բարի կախարդներից: Եվ անցնելով հիասթափության միջով` կկարողանաք նայել իրական աշխարհին:
Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք որևէ մեկը չեք ունենա, ումից կարելի կլինի խորհուրդ հարցնել, ընդհանրապես` ոչ մեկը: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեք գտնել ձեր ներքին կողմնացույցը:
Եթե բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք անտանելի իրավիճակում կլինեք, և ստիպված կլինեք կամ որևէ բան ձեռնարկել կամ էլ ուղղակի կթուլանաք և աշխարհին թույլ կտաք, որ ձեզ համար ինչ-որ բան անի:
Եթե ձեր բախտը բերի, դուք կկորցնեք, կխաբվեք, ձեզ կդավաճանեն և գրեթե բզիկ-բզիկ կանեն: Այդ ամենը «գրեթե» կդրոշմվի ձեր դեմքին` իմաստության կճիռների տեսքով: Իսկ փորձը ձեզ հետ կմնա ողջ կյանքի ընթացքում:
Եթե ձեր բախտը բերի` ձեզ փող չի մնա: Եվ ստիպված կլինեք իրական հարաբերություններ ունենալ այն անձանց հետ, որոնց նախկինում կարելի էր ուղղակի վճարել:
Եթե ձեր բախտը բերի, դուք կունենաք շատ մեծ գումարներ: Դուք կընկալեք հիասթափության խորությունը, երբ խարխլվի պատրանքն առ այն, որ երջանկությունը փողի մեջ է:
Եթե ձեր բախտը բերի, ոչ բոլորը ձեզ կսիրեն: Եվ դուք ստիպված կլինեք ներքին արժեհամակարգ ստեղծել: Իսկ բոլորին դուր գալու ցանկությունը բաց կթողնի ձեր կոկորդը:
Եթե ձեր բախտը բերի, մտերիմներիցդ մեկնումեկը երես կթեքի քեզնից, և դուք կգնահատեք երջանիկ պահերի գինը:
Եթե ձեր բախտը բերի, դուք դեմ առ դեմ կբախվեք ձեր սիրելիներին: Եվ կլինի երկու ճշմարտություն` նրանցը և քոնը: Եվ դուք կզգաք տարածության զնգոցը, որն առաջանում է առանձին տիեզերքների թեթևակի շփումից:
Եթե ձեր բախտը բերի, դուք կարող եք այս ամենին դիմակայել` գտնելով ինքներդ ձեզ վերափոխելու ճանապարհը:
Ձեր մեջ զգացեք այն ներքին ալքիմիան, որը ցավից գեղեցկություն է կերտում, չարությունից` խոնարհություն, վախից` ձեռքբերում, իսկ ուրախությունից` ոգեշնչող օրինակ: Մեղքը և ամոթը (ինչպես հավաքարարն է ավլում հին աղբը) հոգին մաքրում է, իսկ սպիներից գոյանում են դռներ…
Եթե ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին…










***

Բոլոր կարևոր մտքերն ու առօրյա ճշմարտությունները հասանելի են օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր:
Դրանք, որպես տեղեկություններ, թռչում են օդի մեջ և ցանկացած պահի կարող են հայտնվել միայն նրանց մոտ, ովքեր պատրաստ են լինում այն ընդունել:
Անհնար է ուրիշի փոխարեն որևէ տիպի աճ գրանցել: Անհնար է ուրիշի փոխարեն որևէ շարժում անել: Ուրիշի փոխարեն անգամ հոգոց հանել հնարավոր չէ:
Ապրելն ավելի է հեշտանում, երբ դու վերջապես հրաժարվում ես մարդկանց «լավություն անելու» փորձերից: Կյանքը ձեռք է բերում մեկ այլ` միանգամայն փիլիսոփայական իմաստ, երբ դու պատասխան ես տալիս միայն քո փոխարեն: Եվ սկսում ես գնահատել բոլոր այն ինքնուրույն քայլերը, որոնք անում են քո շրջապատում գտնվող մարդիկ: Սա առանձին` քեզանից կախում չունեցող մեծագույն հրաշք է:






















Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий