Որոնել

пятница, 1 февраля 2019 г.

Գագիկ Դավթյան. «Երազների երկինք» գրքից

Գագիկ Դավթյան (1974)























Աստղաթափը ծովի վրա

Քնկոտ աչքերով արշալույսը պաղ
թափանցիկ, աննյութ մառախուղներից
պսակ է հյուսում լեռնապարերին…

Օդը հավատի փառաբանության
մեղեդիներ է նվագում նորից
ճառագայթների շեկլիկ լարերին…

Թպրտում էին ողջ գիշերն ի լույս
ծովի խորքերում աստղերը սուզված,
և հիմա պառկած
օրորոցի մեջ լեռնապարերի
անքուն աչքերով ծովն ալեհուզված
թելում է դանդաղ իր ալիքներին
ճառագայթների շեկլիկ լարերը – 
փորձելով կարծես
նորոգել մի կերպ
սուզված աստղերի փոթորիկներից
մի կերպ մազապուրծ
իր պատառոտված
և ծվե՜ն – ծվե՜ն 
կապույտ պսակի քանդված կարերը…

Կապույտ պսակի քանդված կարերից
աստղափոշի է ծովն արտաշնչում,
անհայտ – անանուն ինչ-որ մի լեզվի
անհասկանալի բառեր կան պահված
ծովի պաղ շնչում,
և այս շիկացած խշխշոցի մեջ գլաքարերի
մի թմրամարմին թախիծ է ննջում…

*
Դատավարություն


Հին Հելլադայում
կար մի ահավոր դատավարություն

պատժապարտները դատավճիռը պիտի լսեին
նավակում կանգնած

Երկիր իմ
,
ինչպես կուզես ինձ դատիր,
բայց նման պատժից դու ինձ ազատիր,

թե արժանի եմ
,
նույնիսկ խողխողիր,
սակայն արժանի արա քո հողին,

օ՜
, չկա պատիժ ավելի դաժան,
քան թե մայր հողին լինել անարժան


*
Որբ կղզիներ

«Քարե կղզիները
չեն կարող փախչել ծովից
»։

Յոլե Ստանիշիչ


Մայր լեռների խռով
մենակության վրա,
նրանց որդեկորույս հայացքի մեջ մոլոր
մոլորամիտ թախծի գորշ ամպեր են իջել,
ծովը տիվ ու գիշեր
համրությունից նրանց
կորզում է կարոտի անլսելի ճիչեր…

Ծովի անեզրական տափաստանի վրա,
մոլոր քամիների խենթ թևերին թառած,
հավետ անուղեծիր
կարոտները նրանց
փշրվում են ծովի ալիքների մեջքին,
թափառական լուսնի
լույսի նման սառած…

Մայր լեռների գրկից
հավերժորեն խլված,
ծովի անեզրական
տափաստանում խրված
և շղթայված հավերժ
օղակներով ջրե,
քարե խոնա՜վ – խոնա՜վ կղզիների վրա,
նրանց անօգնական
որբության մեջ տխուր
ավեր ժպիտների բեկորնե՜ր են ծխում…

Քարե կղզիները
ծերացե՜լ են վշտից,
սո՜ւգն է բնակալել մորուքներում մամռե,
և աչքերի լույսն է աղաջրից խամրել…

Քարե կղզիները
ծերացե՜լ են վշտից,
ծովը գիշեր ու տիվ
գորովագութ մոր
պես
փայփայո՜ւմ է նրանց
և հարթե՜լ է ուզում կնճիռները անթիվ…

Սակայն նրանց քարե
կնճիռներում պահված
հառաչանքը քարե,
քարե կղզիների պորտալարով քարե
մայր լեռներին ծովի հատակո՜վ են հասնում…

Օ՜, որբության ցավը չի՜ ամոքվում երբեք,
ծո՜վ,
իզո՜ւր ես տանջվում
քո բարությամբ վերին
դու մայրությո՜ւն
անել
այս որբ կղզիներին…


*
Լանսարոտե

Լանսարոտե,
խեղճ իմ Լանսարոտե…

Օվկիանոսում փռված
քո մարմինը սառած
հրաբուխներն անխիղճ ոնց են պատառոտել,
ու ես քո ցավն ինչպես,
ոնց փարատեմ,
Լանսարոտե,
խեղճ իմ Լանսարոտե…

Խոցոտ բլուրներիդ մոխրե կոները սև
թանգարանում դրված
մասունքներ են ասես,
այս ինչ բախտ է, Աստված,
այս ինչ բախտ է,
ե՜րբ է կրակն, ախր, ջրին հաղթել,
Լանսարոտե,
խեղճ իմ Լանսարոտե,
դու երկրային լուսին – Լանսարոտե…

Քո լեռների ժանգոտ գագաթներին մոխրե,
որոնցից վեր մի օր
երազներ են ճախրել –
սիրո,
հուսո,
բարու
և կարոտի,

հիմա քո լեռների գագաթների ժանգոտ
երախների անձև ժանիքները ցցած
հորանջում են ծույլ – ծույլ
խառնարաններն անշունչ,
որոճում են ծույլ – ծույլ,
որոճում են ծույլ – ծույլ երազները անգո –
մաքուր,
թաքուն,
թեթև,
ասես՝ օդե,
Լանսարոտե,
խեղճ իմ
Լանսարոտե,
երազների շիրիմ – Լանսարոտե…

Քո լեռներից իջնող
հարթություններն ասես
հավիտյան քարացած
ծովեր են կապարե,
ուր սնդուսե իրենց շղարշները հագած
օվկիանոսի աննյութ ոգիները ննջող,
արթնանալով մի օր, որոշեցին պարել,–
և շնչահեղձ եղան
մոխրափոշուց ելած,
և շնչահեղձ եղան
ու քարացան այդպես,
ու քարացան այդպես
և ալիքներ դարձան,
Լանսարոտե,
խեղճ իմ Լանսարոտե,
ամայության արձան
Լանսարոտե…

Աջ եմ նայում՝ ջուր է,
ձախ եմ նայում՝ ջուր է,
սակայն ո՜ւր է, Աստված,
ախ, ջրի շունչն ո՞ւր է…

Ես չգիտեմ, Աստված
ես չգիտեմ,
մի՞թե ջուրն անզոր է կրակի դեմ
,
Լանսարոտե,
խեղճ իմ Լանսարոտե,
իմ մոխրացած, անդեմ Լանսարոտե…




 Լանսարոտե - Ատլանտյան օվկիանոսի Կանարյան կղզիախմբի ծայր արևելյան կղզին է: 1730 թվականի աշնանը 30 խառնարաններ այդ փոքր կղզու վրա միանգամից ժայթքեցին մահ և ամայություն։

*
Հայտնություն

Վաղուց արդեն մոռացված
ինչոր կսկիծ հեռավոր
անքնության երակի
արյան մեջ է թափանցում,
և տարիներ որոնած
մի փակ գաղտնիք է բացում
վաղուց արդեն մոռացված
ինչ որ կսկիծ հեռավոր:

Բարբառում է հալածված

լռությունը վիրավոր,
բոլոր ճարտար, շատախոս
լեզուներն են պապանձվում,
վաղուց արդեն մոռացված
ինչոր կսկիծ հեռավոր,
անքնության երակի
արյան մեջ է թափանցում:

*
Քեզանից թաքուն

Թափառել եմ ես
մի ամբողջ գիշեր երկնակամարում
և աստղերի հետ զրույց եմ արել
քեզանից թաքուն

Քեզանից թաքուն
,
քո մասին,
սեր իմ

Հիմա ձանձրացած
զրույցից անծայր,
աստղերը քնատ
աչքերն են փակում

Անձրևը
գարնան,
որ գիշերն ի լույս
իմ լուսամուտն էր անդադար թակում,
աչքերն է թողել
իմ լուսամուտի սառը ապակուն

Ես այդ աչքերը

նվիրում եմ քեզ,
վերցրու, Արեգակ,
միայն թե նրանց խորքերում խոնավ
չկարդամ կրկին
խղճահարության այբուբենը ես

Անտանելի է
,
երբ խղճում են քեզ

*
Ամենալավ երգը

Քամին
զարկվում է իմ դեմքին,
ես գլուխս ետ եմ տանում,
և երազի կապույտ շեմքին
կաղապարն է դեմքիս
մնում

Այս երկնային մենաստանում

քամին տնկված պոչի վրա
երազների թելն է մանում՝
հագած տարազն ամպածրար

Ամպածրար իր տարազում
,
որպես անէ մի խմբավար,
քամին
ձեռքերն է տարածում,
և երկնքից մատներն անձև,
որպես կենաց բարի անձրև,
շաղ են տալիս
երգի գանձեր

Սեր իմ
,
ինձնից ի՞նչ ես ուզում,
տուր ինձ
թելը ճանապարհիդ,
ամենալավ երգն աշխարհի,
սեր իմ,
ծնվում է երազում

*

Պահապան եղիր մեր երազներին

Ծովի կապո՜ւյտ – կապո՜ւյտ
հայացքի դեմ խաղաղ,
քանդակագործ քամու
մատների տակ անփույթ,
մարմինների անձև կաղապարները պաղ
թևածում են դանդաղ,
բարձրանում են երկինք,
և ձուլվելով իրար
փշրվում են կրկին
ու մաղվում են ծովի
աչքերի մեջ կապույտ…

Օ՜, մեր մարմինների
կաղապարները պաղ
երազներով լցված անոթնե՜ր են աննյութ,
ծո՜վ,
մեր երազները
քո ծովային վերին խաղաղությա՜մբ  օծիր,
սրբագործի՜ր նրանց,
սրբագործի՜ր…

Ծովի կապո՜ւյտ – կապո՜ւյտ
ակոսների միջից
ծլարձակում են մեր
երազները մաքուր,
և ճայերի երգող
փոքրի՜կ – փոքրի՜կ մի ամպ,
աստվածային վսե՜մ խաղաղությամբ
թևածում է թեթև
երազների
մաքուր
ակոսների վրա
և սլանում հեռո՜ւ,
հեռո՜ւ,
հեռո՜ւ…

Քո խորքերին կարոտ
իմ աչքե՜րն են եռում,
ծո՜վ,
պահապա՜ն եղիր դու մեր երազներին,
օ՜, պահապան եղիր,
մե՜ղք են նրանք…


*

Չկայացած ծնունդ

Երկունքի մեջ է, ասես
,
հորիզոնը մշուշաչ,
ու ծովն ուր որ է հիմա,
ասես, կղզի կծնի,
ասես, խորքից իր պիտի
հրաբուխներ թռցնի,
երկունքի մեջ է, ասես,
հորիզոնը մշուշաչ:


Շվարել են կիպարիսն
ու դալկադեմ մի շուշան
այս փրփուրե բողոքից,
որ մի պահ
անց կցնդի,
երկունքի մեջ է ասես, ասես,
հորիզոնը մշուշաչ,
ու ծովն ուր որ է հիմա,
ասես, կղզի կծնի:




1 комментарий: