Որոնել

четверг, 31 января 2019 г.

Իյեհուդա Ամիխայ. Կարեկցանքի մետաղադրամներ

Իյեհուդա Ամիխայ (1924-2000 Իսրայել)



















Շուրթերի արանքում չասված բառեր են,
ինչպես չվառած ծխախոտ։
Թռչունները ճախրում են իմ երկու սրտերի միջև՝
ցրտից դեպի հարավային տաքը,
չիմանալով, որ թռչում են ներսում մեկ մարդու,
մինչ երկնային թռչունները գիտեն, որ ներքևում նույն աշխարհն է։
Մենք կորցնում ենք իրար այս ցուրտ սենյակում,
ասես այն դար է կամ հավերժություն։
Աստված խղճում է մանուկներին,
Աստված խղճում է մանուկներին,
դեռահասներին՝ երբեմն, մեծերին․․․
Մեծերն ինքնուրույն պիտի հոգ տանեն իրենց մասին,
նրանք երբեմն ստիպված են լինում կանխանշված կետին 
չորեքթաթ մոտենալու՝
ծնկներն ու ափերն արյունած։
Պատահում է՝ Նա բարեգութ է գտնվում սիրահարների հանդեպ․
այդպես հին ծառը իր ստվերով ծածկում է նրան,
ով պատահաբար ննջում է նստարանին այգու։
Ուրեմն մենք էլ շտապ բաժանենք 
կարեկցանքի վերջին մետաղադրամները՝
ժառանգությունը մոր։
Բաժանենք դրանք, որ մեզ երջանկություն նվիրեն,
պահպանեն մեզ հիմա
և օրերում դժնի։


*
Թողնելով հետքեր ավազին՝ դու թողնում ես դրանք մեկընդմիշտ
և արդեն երբեք չես քայլի դրանցով։
Արտասվելու ճշմարտություն։
Բայց երբեմն դա երջանկության լաց է․
աշխարհն անհուն է և վերադառնալ չարժե։ Աջ ու ձախ, վերևում ու ներքևում՝ երկինք է։
Փրկարարը ծովափին խոնարհվել է փրկվածի վրա,
նրա ուսը ստվերում է կնոջ ոսկեգույնը։
Նա արհեստական շնչառություն է տալիս՝ հավերժական, ինչպես համբույրը։


*
Սիոն սարին արաբ հովիվը փնտրում էր իր ուլին։
Հարևան սարին ես փնտրում էի որդուն իմ։
Բլուրին տարածվող արաբ հովվի ձայնը հանդիպեց հրեա հոր կանչին՝
ծնելով երկլեզու արձագանք։

Ես ու հովիվը վախեցանք, որ երեխան և ուլը
կհայտնվեն շրջապտույտում, որ երգում են
սարսափելի երգում՝ մի ուլի մասին։

Փախստականների որոնումները երջանիկ ավարտ ունեցան․
մենք գտանք երկուսին էլ թփերում։
Հովտում ճախրող մեր ձայները
ծիծաղելով և հեկեկալով
վերադարձան մեզ մոտ։

Ուլի որոնումները նման սարերում
ինչ-որ ժամանակ ծնեցին սկիզբը նոր հավատի։


*
Հավերժակա՞ն կյանք։ Ես հետևում եմ նրան,
ինչպես աշակերտը՝ Սոկրատեսին,
սուզվում եմ նրա խրատների մեջ,
ասում եմ՝ հիրավի, աեն բան ճիշտ է։
Պատվիրաններդ բարի են
դատաստաններդ՝ արդար։

Երկրայի՞ն կյանք։ Իմ դեպքում այն նման է
Վենետիկին․ այնտեղ, ուր ուրիշների մոտ նրբանցքներ են,
քար կամ ասֆալտ՝ ինձ մոտ սեր է -
սիրո մուգ ջրեր՝ հորձանուտում կրքերի։

Լռությու՞ն, ճի՞չ։ Ես շոֆարի եղջյուր եմ․
իմ միակ ճիչը պահում եմ իմ մեջ՝
սպասելով Դատաստանի օրվան։

Իմ մեղքե՞րը։ Ես ասես Կայենն եմ․
հալածյալ ու աքսորյալ ես դարձա երկրի վրա՝
գործելով կայծակի փայլատակման պես կարճ մեղքը։

Քո ձեռքե՞րը, մեր շնչառությու՞նը, իմ սի՞րտը։
Կրակե գի՞րը պատին։ Ես անգրագետ եմ․
չեմ կարող գծել նման գրություններ,
չեմ ուզում կարդալ դրանք։

Իմ գլուխը, ինչպես մի արևածաղիկ՝
մղվում է արևի ու ճակատագրի հետևից այնտեղ,
ուր գնում է արևը,
ուր հեռանում ենք մենք։


*

Երբ ես փոքրի տղա էի
խոտերն ու նավերը բարձրանում էին ափն ի վեր,
և ես պառկած
չէի տարբերում դրանք,
որովհետև դրանք բոլորը
իմ միջով
երկինք էին հառնում։
Որպես մի կտոր հաց՝
փաթաթած ճռճռան թղթի մեջ,
ես ինձ հետ տանում էի միայն
մորս խոսքերը։
Եվ չգիտեի ես, թե երբ կվերադառնար հայրս,
որովհետև անտառի հետևից 
անտառ էր բարձրանում։
Ամենն ինձ ձեռք էր մեկնում,
և ցուլն իր եղջյուրներով դիպչում էր արևին,
և գիշերը շոյում էր այտերն իմ
փողոցային լույսով,
երբ հենվում էի պատերին,
և լիալուսինը՝ իբրև հսկա մի կուժ
թեքվեց հանկարծ,
դիպավ
երանելի նիրհին իմ։

*

Ծանոթագրություն

* Շոֆար - կենդանու եղջյուրից պատրաստված հրեական ծիսական փողային երաժշտական գործիք: Համաձայն սովորության շոֆարի կիրառման ավանդույթը ունի հին պատմություն և սկիզբ է առնում դեռ Մովսեսից։ Շոֆար են փչում Ռոշ Հա-Շանայի (հրեական Նոր տարվա), Յոմ Քիփուրի (Դատաստանի օր, կամ (Մեղքերի) Թողության օր) և մի շարք այլ դեպքերում սինագոգային ժամերգության ընթացքում։ 






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий