Որոնել

четверг, 3 января 2019 г.

Իյեհուդա Ամիխայ․ բանաստեղծություններ

Իյեհուդա Ամիխայ (1924-2000)
























Հոգնամած մարդիկ

Հոգնամած մարդիկ գալիս են տուն։
Շուրջն, ասես բաց ծով, գիշեր է։
Երազում կգրկեն նրանց, ովքեր կողքին են,
այնպես, ինչպես երբևէ չեն գրկի ցերեկը։
Երազում մարդիկ դառնում են առավել, քան կան։
Նրանք տեսնում են  երազներ՝ մոռացված մայրենի լեզվով։
Նրանց երազը շիկացած է կամ անշշուկ, 
ինչպես մետաղադրամը՝ մանկան ափերում։ 

Հոգնամած մարդիկ գալիս են տուն քնելու։
Նրանց երազը նման է արևի ճամփորդությանը՝ Երկրի շուրջ։
Նրանց կյանքը հենց այդպիսի ճամփորդություն է։

*

Երկաթե դուռը կհալչի, դրա հետևում կլինի երեկո։
Փրկությունը մոտ է, բայց մենք չենք տեսնում այն,
ինչպես ծառը չի տեսնում սեփական արմատները։

Ձեռքը հիշում է, ինչպես է արցունքներ սրբել, ու հիմա                                           սրբում է չոր այտը և մաքուր սեղանը։
Ձեռքը թափ է տալիս գորգի փոշինթեպետ գիտի
որ հենց ինքն էլ է փոշի ու վերադառնալու է փոշուն։

Նոճին տան մոտ, կինը՝ նոճու տակ։
Այդպես կլինի միշտ, և մի հարցրու՝ ինչու՞։
Եվ մի նայիր դեմքից անդին՝ կտեսնես անդունդ։

*
Կանգառ

Ավտոբուսը, որ կհասցնի ինձ 
իմ տան մոտ՝ 
քեզ կտանի դրա մոտից։
Մենք երբեք չենք տեսնի իրար։

Մետաղե ցուցատախտակը,
որի վրա նշված կլինի համարը՝
կճռճռա քամու միջով,
ինչպես իմ սիրտը։

*

 Շաբաթ երեկոյի սուտ երգ

Մի անգամ՝ շաբաթ երեկոյան, ամռանը,-
երկինք էին հառնում աղոթքներն ու հոտը կերակուրի,
հրեշտակների թևերը օրորվում էին աշխարհի վրա,-
ես՝ մանչուկս, առաջին անգամ ստեցի հորս -
ասացի նրան՝ «Ես եղել եմ ուրիշ սինագոգում»։
Հավատաց արդյո՞ք նա՝ չգիտեմ։
Բայց այդ սուտը քաղցր էր իմ շուրթերին։
Եվ բոլոր տնակներում այդ երեկո
շաբաթ օրվա երգերը հնչում էին իբրև սուտ,
սուտ, որ երգվել էր հանուն քաղցրության։
Եվ բոլոր տնակներում այդ երեկո
մահացել էին հրեշտակները, ինչպես մլակները՝ լամպի կրակում։
Սիրահարները՝ շուրթերով հպված,
փչում էին իրար վրա, և իբրև փուչիկներ՝ ճախրում էին,
ապա պայթում․․․
Այդ պահից ի վեր՝ սուտը քաղցր է իմ շուրթերին,
այդ պահից ի վեր ես գնում եմ ուրիշ սինագոգ։
Իսկ հայրս մահանալիս՝ հատուցեց սուտն իմ ստով․
«Գնում եմ ուրիշ կյանք»,- ասաց նա ինձ։

*
Մարդու հոգին ստեղծված է,
ինչպես գնացքների ժամացուցակը,
հստակ և մանրամասն ժամացուցակը
գնացքների, որոնք այլևս երբեք
ճամփա չեն ընկնելու․․․

*

Ես չգիտեմ՝ կրկնվո՞ւմ է պատմությունը, թե՞ ոչ,
բայց ես գիտեմ, որ դու անկրկնելի ես։
Ես գիտեմ, որ մեր քաղաքը բաժանված էր
ոչ միայն հրեաների և արաբների միջև,
այլև իմ ու քո, երբ մենք երկուսով 
լինում էինք այնտեղ։
Վտանգներից մենք կառուցեցինք մեր հիմքը,
մահացու պատերազմից՝ տուն,
ինչպես հեռավոր հյուսիսի մարդիկ,
որ կառուցում են իրենց տաք տունը
մահացու սառույցից։
Մեր քաղաքը միավորվեց,
բայց մենք այլևս այնտեղ միասին չէինք։
Հիմա ես գիտեմ, որ 
պատմությունը չի կրկնվում,
ճիշտ այնպես, ինչպես միշտ գիտեի,
որ անկրկնելի ես դու․․․

*

Քաղցր կարկանդակների տեսքով 
մայրս թխեց ինձ համար
տիեզերքը։
Սիրելին իմ լցրեց պատուհանս
աստղերի չամիչով։
Բայց թախիծը սքողված է իմ մեջ,
ինչպես պղպջակները օդի՝
սպիտակ հացի թթխմորում։
Արտաքինից ես հարթ եմ, մեղմ ու թուխ։
Տիեզերքը սիրում է ինձ։
Բայց մազերն իմ տխրում են,
ինչպես եղեգը՝ ճահճի եզրին,
և հազվադեպ սքանչելի փետուրներով թռչունները
չվում են ինձնից։

*

Սենյակում գտնվող երեքից կամ չորսից մեկը
միշտ կանգնած է պատուհանի մոտ։
Նա պարտավոր է տեսնել անարդարությունը կտտանքներում
և բլուրների հրդեհը։
Նա պարտավոր է տեսնել, թե ինչպես են բժշկված մարդկանց
վերադարձնում տուն իրիկնամուտին՝ որպես մանրադրամ։
Սենյակում գտնվող երեքից կամ չորսից մեկը
միշտ կանգնած է պատուհանի մոտ։
Նրա մազերը մուգ են՝ սեփական խոհերի ներքո։
Նրա հետևում բառերն են։
Առջևում նրա՝ ձայներ, թափառաշրջիկներ՝ առանց ուսապարկերի։
Սիրտն առանց պաշարի, մարգարեությունները՝ առանց ջրի,
և հսկա քարեր, որ դրված են այնտեղ
և փակ են, ինչպես նամակները,
որ չունեն հասցե ու հասցեատեր։

*

Ծանոթագրություն

Սինագոգ - Սինագոգը կամ ժողովարանը հուդայական կրոնի պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն։ Ձևավորվել է Պաղեստինում, մ.թ.ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ.թ.ա. III դարում։ Մ.թ. 70 թվականին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր ԱրևելքՀռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ։ Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը։
























Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий