Որոնել

пятница, 18 января 2019 г.

Կալինա Իզաբելա Զիոլա․ «Սառույցի պես փխրուն» գրքից

Կալինա Իզաբելա Զիոլա (Լեհաստան)























Սառույցի պես փխրուն

դու ինձ գրել էիր
որ քեզ համար
փխրուն եմ եսծաղկի նման բռնչենու

և ուղարկել էիր
սպիտակ մի մորճիկ
և քո սիրտը

չգիտեի ավաղ
որ սառույցից էին
և հալվեցին նրանք
իմ հայացքից

բառերը փխրուն են
սառույցի պես

*

Ուրիշի հետ

բարի եղիր իր հետ
և ընծայիր նրան այն բառերը
որոնց սպասում է
կնքիր դրանք ոսկյա մատանյակով

գրիր նրա համար այն երգերը
որ ինձ համար գրել չհասցրիր
և պատերը քո տան
զարդիր կրակաթև թիթեռներով
այգիդ ոռոգելիս շատրվաններ հանիր
որոնցում արևը թաքցրել է միլիոն ծիածաններ

և գուրգուրիր նրան երեկոյան
ծովաստղերի հետքերն անտեսելով
և քուն մտիր հպված ճերմակ իր ուսերին
և մի մտաբերիր ոչ ափերս
սուզված քո մթան մեջ
ոչ էլ համբույրներս
որ արթնացնում էին քեզ գիշերվա կեսին

ամեն առավոտյան ելիր զվարթադեմ
սուրճ մատուցիր նրան անկողնու մեջ
և ծրագրեք օրը ձեր հերթական

եղիր նրա դևն ու հրեշտակը
և անցյալը նրա և ապագան

իսկ ես կդադարեմ քեզ այցելել
նույնիսկ երազիդ մեջ


ես չեմ սիրել երբեք հայելիներնրանք 
ընդմիշտ պահպանում են այն ամենը
ինչ ես մոռանալ եմ ուզում
նրանք հիշողության ժապավենին իրենց
գրառում են բոլոր շարժումներս
ծռմռանքը դեմքիս
արցունքներս
և անտարբեր թոթվելն իմ ուսերի

նրանք հիշեցնում են
համբույրների մասին
ինչ-որ մեկի ափի
իմ մերկ կրծքի վրա
իմ մազերի վրա
փշաքաղված նրա շոյանքներից

հայելիներն ասես օրագրեր լինեն
ապակու մեջ խամրած
նրանք պահպանում են իմ անցյալը

*
Ինչ-որ մի օր 

գուցե ինչոր մի օր
ես ափերով
դեմքդ գծագրեմ

գուցե ինչոր  մի օր
մատներիս տակ զգամ
ալեկոծված սրտիդ տրոփյունը

գուցե ինչոր մի օր
քո գիշերվա եզրով
սահեմ դեպի եզրը լուսաբացիդ

գուցե ինչոր մի օր

*

Խոսիր ինձ հետ

խոսիր ինձ հետ
խոսիր թռչունների լեզվով
անգիտակից դարձած քո հայացքով
խոսիր ինչպես սեղմված մատները քո
քո գունատված դեմքով
ու հոգոցով

եղիր ինձ հետ
եղիր ավետումի նման իրիկնային
հեռախոսի զանգի
մթագնումի նման գիտակցության
եղիր
այն քնի պես որ իջնում է վրաս
լուսաբացից առաջ

*
Պատուհան

բախիր պատուհանն իմ հիշողության
գուցե մի րոպեով ներս թողնեմ քեզ
ինչպես լուսաբացի սոված թևավորին

գուցե փշրանքները երազներիս
մի անգամ էլ լցնեմ
ափերիդ մեջ

գուցե աչքերիդ մեջ
մի անգամ էլ տեսնեմ
իմ անցյալը

իսկ միգուցե ամուր կողպեմ պատուհանս ու
շրջվեմ առանց խոսքի

*
Երանգներ

արևածագի ներկապնակը
լռության բոլոր երանգներն ունի

վարդագույնն ահա որ համրացել է սքանչացումից
ոսկեգույնը որ մութ է ավելի քան բառերը մեր
ահա դեղինը որ գունատվել է կուրացած խանդից
ահա կարմիրը որ շնչասպառ է եղելությունից

իսկ սա գորշ գույնն է
որ լղոզվում է մեր միջև երբ մենք
միմյանց ասելու
բան չունենք արդեն

*
Թիթեռնիկ

չէ որ այնքան հեշտ է
մի թռիչքով կորչել քո աչքերի խորքում
մոռանալ այն ամենն ինչ եղել է
նայել ափերիդ մեջ
մի հերթական անգամ հավատալով
թե սերը կա գուցե

չէ որ այնքան հեշտ է
թարթիչներիդ ցանցում մոլորվել ու
ժպտալ անմեղորեն
և բոժոժի գրկից հանկարծակի
թիթեռնիկի նման թռչել երկինք

հեշտ է

*
Մարաթոն

տարեց տղամարդը
փախչում է իր բաժին ժամանակից

սիրում է ավելի երիտասարդ կանանց
որ աչքերում նրանց վերագտնի
ստվերները անցած հուզումների
տեսնի ջահելությունն իր երբեմնի

ճերմակում են մազերն օրստօրե
ընդհատուն է դառնում շունչը օրստօրե
և քայլքը երերուն

սայթաքում է հաճախ

ես փորձում եմ նրան
պահել մի կերպ
ժամանակում ներկա
թեթևացնել ցավը անկումների
բայց նա շատ է սուզվել անցյալի մեջ
բայց նա շատ է հեռու ապագայից

տարեց տղամարդը վազքն է արագացնում
բայց  վազքուղին նրա ընդմիշտ արդեն
զուգահեռ է իմին:

լուսնի մանգաղից էր
կախել իր ճլորթին ու ճոճվելով
դոմինո էր խաղում աստղերի հետ

քամիով էր սանրում
երկար մազերը նա
ծամերի հետ հյուսում
շողերն արևային

երբ գիշեր էր գալիս
ծաղկում էր նա
հրե ծաղկի նման
երազի մեջ նրա

*
Երբ գուրգուրում ես իմ ներբանները

ես շատ եմ սիրում
երբ գուրգուրում ես իմ ներբանները

ես շատ եմ սիրում
երբ շոյում ես դու մաշկս ափերով
լեզվով նկարում
կորությունները ոտնաթաթերիս
և ջերմացնում
ամպիկով շնչիդ

հիմա ես գիտեմ
թե ձյան վրայով
ինչու են բոբիկ ոտներով սահում հրեշտակները

*
Ճշմարտությունը

ճշմարտությունը ծաղիկ է ճերմակ
կնոջ ձեռքերում
և բոցկլտացող շրջազգեստ է ալ
մթնում գիշերվա
թախծի ստվեր է
աչքերում նրա

ճշմարտությունը դա տղամարդու
քունն է անհանգիստ վերքերի ցավից
և հպումների քնքշությունն է դա կնոջ ափերի
և այն բառերը որ չեն մտածված
նրա հայացքի կանաչությունը

ճշմարտությունը այն պոեզիան է
որը չի կարդում ոչ ոք երևի
և այն ձեռքերը որ չեն համբուրում
և այն շուրթերը որ լուռ են ընդմիշտ
և մենությունը
որ չի ցանկանում վրդովել արդեն
ոչ ոք աշխարհում

հպվում եմ քեզ զգույշ
ինչպես շունչը քամու
և շուրթերով բազում կածաններ եմ բացում
խոնավ մաշկիդ վրա

շոյանքներով  արթնացնում եմ
հաճախացող շունչդ
թափանցիկությունը քո աչքերի
ծխածածկույթով եմ պատում երանության

մազերիս հովհարով
ես ուզում եմ ծածկել տիեզերքը համայն
որ ինձանից բացի
չտեսնես ոչ ոքի 


արևոտ չի լինի
օրը վաղվա
անձրևանոցներով
պիտի լինեն մարդիկ

աղջիկները
թրջված ոտիցգլուխ
պիտի ձևացընեն
թե երեսներն ի վար
կաթիլներ են հոսում անձրևային
ոչ թե արտասուքներ

արևոտ չի լինի
օրը վաղվա

*





















Զրույց

մի ակնթարթ միայն խոպոպներիդ
ներհյուսեցի լուսնի դալուկ մի շող
և դու
մեր գլխից վեր աստղեր ցոլացըրիր
քմծիծաղեց գիշերն ապակու այն կողմից
և մեր ուղեցույցը դարձավ արձագանքը
դեպի անհայտություն տանող ճամփին

բառեր բառեր բառեր
խոսում էինք ինչոր անկապ բանի մասին
իսկ մեր միահյուսված մատներն իրենց գաղտնի
զրույցն էին անում

*
Ալիքները

ինչպես ալիքներն են
ռիթմով հավերժական
վազում շնչակտուր
որ ձեռքերով խոնավ
մի հերթական անգամ
գրկեն ափը այդպես
վերադառնում եմ ես

ես զգում եմ աղի համը
տղայական քո համբույրի

սրճարանում նստած
ես նայում եմ հոգնած քո աչքերին

դու եսառաջվանն ես

 
թափառում եմ
իմ շուրթերով
մարմնիդ վրա
կրքի քարտեզ նկարելով

և ուզում եմ այնպես ճչաս
որ երկինքը
պատառոտվի
աստղեր տեղան
միլիոնավոր

այնժամ նրանց
շողշողացող անձրևի մեջ
կասեմ թե ես ինչ եմ ուզում

և կլինի այնպես
ինչպես ես եմ ուզում

*
Տերևների բոցերում
                         Վարդան Հակոբյանին

լեռնալանջերին
կարմիր բոցեր են
աշո՞ւնն է արդյոք
ներկել պուրպուրով
թե՞ տերևներին փայլփլում են դեռ
կաթիլներն արյան այն ջահելների
որ ազատության զոհասեղանին
կյանքերն են դրել

լեռներն Արցախի
ամեն ինչ գիտեն
լռում են սակայն լեռնորեն հպարտ

*
Սև խաղող
                Արմեն Ավանեսյանին

Արմենի աչքերը
սև ու քաղցր են
ինչպես
հասունացող խաղողն արևի տակ
Հայոց

ինչ մտքեր են թաքուն
թարթիչները  ծանր վարագուրում

ես խաղող եմ քաղում
և մատներիս հյութն եմ լիզում քաղցր
որոնում եմ համը
մոռացումի խորքը սուզված այգիների
Արմենի աչքերը
տարրալուծվում են խոր գիշերվա մեջ

*
Լորենու շիվը
                      Գագիկ Դավթյանին

ես ծառ տնկեցի Տիգրանակերտում
լորենու մի շիվ
և աղոթեցի
որ չչորանա
քամին չքշի

քարե ամրոցի ստվերների մեջ
նա կբարձրանա
ձեռքերը պարզած
վերև կնայի
թափառաշրջիկ ամպերին լուսե

և պատմություններ կլսի անգիր
կհրավիրի թևավորներին
որ բներ հյուսեն
ճյուղերին կանաչ
և շշուկներով իր տերևների
կմխիթարի բանաստեղծներին

ու եթե մի օր կարոտից քշված
այստեղ գամ կրկին
ես իմ լորենու բնին կփարվեմ
և հավանաբար
կարտասվեմ իր հետ


















Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի

Комментариев нет:

Отправить комментарий