Որոնել

суббота, 12 января 2019 г.

Քրիստ Մանարյան․ Մի չեղելության պատմություն

Քրիստ Մանարյան (1961 Երևան)


Ոչ մեկը մեզնից չգիտի, թե ինչպիսին է ապագան, ինչ է նախատեսված ապագայում ու որքան ժամանակ է մեզ հատկացված նույն էդ ապագայից: Ապագան անիմանալի է ոչ միայն մեր հետագա գոյությունը չթունավորելու ու մեզ ճակատագրապաշտ չդարձնելու համար, այլև՝ որովհետև, շատ հնարավոր է՝ միակն ու անփոփոխ հաստատվածը չէ եղածներից:

Բայց երբեմն արվում են բացառություններ նրանց համար, ովքեր շատ են վախենում իրենց իսկ պատկերացրած գալիքից, նրա հնարավոր կորուստների ցավից և աշխարհները բաժանող քողն այնժամ կարճ մի պահ բարձրանում է, գծելով կատարվելիքի պատկերներն ու ի ցույց դնելով անիմանալիներից անիմանալին՝ եղելությունների իրական դրդապատճառները: Կուզես՝ հավատա, կուզես՝ ոչ, դա ինքդ որոշիր: Բայց ընտրություն, համենայն դեպս՝ արդեն ունես:

Ես էնքան եմ սիրում իմ կնոջը, որ տարիներ անց էլ մեկ-մեկ, առավոտ շուտ, երբ նա դեռ քնած է, աշխատասենյակս սահելու ու սովորականի պես համակարգչի դիմաց նստելու փոխարեն տեղավորվում եմ ննջարանի բազկաթոռին ու սկսում եմ լուռ հիանալ իրենով, արթնացող օրվա ձայների տակ: Նայում ու վերհիշում եմ մեր հանդիպման և համատեղ կյանքի հուզիչ դրվագները, որոնք շարժանկարի պես նորից կենդանություն են առնում աչքերիս առաջ, երբեմն ցաքուցրիվ էպիզոդների տեսքով, երբեմն էլ վերածվելով շարունակական, գեղեցիկ շարադրանքի:
Ու քանի որ գրող եմ, ասել կուզի՝ էությամբ հորինող և մի քիչ էլ պայծառատես՝ դադարում եմ զգալ թափանցիկ, հեղհեղուկ սահմանները եղածի և հնարավորի միջև, ընկնելով իրականություններ, որոնք երբեք չես հասկանա՝ կա՞ն, գոյություն ունե՞ն, թե ընդամենը կարող էին լինել…

 Ես դուրս էի եկել ընդմիջման ու մտքերով տարված չնկատեցի, թե ինչպես հասա փողոցի ծայրը, ծամելով էժան բուտերբրոդն ու հետը ձողիկով տաք հյութ խմելով:  Էնպես չէր, որ նյութերն իրար շալակ էին թռել ու խմբագրելու, շարելու համար տասը ձեռք էր պետք՝ օգոստոս ամիսն էր, շատերը քաղաքում չէին ու առանձնապես իրադարձություններ չկային՝ եթե գործընկերներս իմ տեղը մի թեթև տանջվեն՝ շեֆն իսկի չի էլ նկատի բացակայությունս, հազարից մեկ ես էլ գլուխ պահեմ:
 Գործս բարդ չէր, բայց ձանձրալի էր ու միապաղաղ՝ ընտրել սկանդալային իրադարձությունների միջից ամենասկանդալայինը, հիմարություններից հիմարագույնը, մի քիչ թարմություն ու ինտրիգ խցկել մեջը, մի բան ավելացնել, մի բան դուրս գցել, զարդարել-կոկիկացնել հավաստիության շունչ հաղորդելով ու տաք բլիթի պես շպրտել համացանց՝ ով բռնեց՝ բռնեց: Միամիտ օգտատերերը պիրանյաների պես կհարձակվեն վրան, կուլ կտան, կաղան, կմարսեն, տակը կգրեն իրենց անվերջանալի մեկնաբանություն-ծամածռություններն ու հենց իրենք էլ լույսի արագությամբ կտարածեն աշխարհով մեկ: Դե գնա իմացիր՝ որ մասն էր ֆեյք, որը՝ իրական:
Էլ չասեմ, որ երբ ոչինչ հատկանշական տեղի չէր ունենում ու ընթերցողների թիվը սկսում էր ձյան պես հալչել՝ շեֆը, լրատվականի վարկանիշը չկորցնելու համար ստիպում էր, որ ինքներս զրոյից մոգոնենք չեղած բաներ և ես ճարահատյալ առաջիններից էի նստում հորինելու չեղելություններ, լռեցնելով խղճիս ձայնը, ամենօրյա հորոսքոփ բստրողների բութ համառությամբ համակված:  
Եվ երբեմն օրվա մեջ էնքան էի հոգնում, հատկապես հոգեպես, որ ուղեղս էդ աղբից բեռնաթափելու համար սկսում էի խզբզել բանաստեղծություններ ու անգամ արձակ: Վերաբերմունքս նման գրական չարաճճիություններիս հանդեպ ամենևին լուրջ չէր և սակայն ինձ թույլ էի տալիս դրանց տակ դնել իրական անուն-ազգանունս, ոչ թե հերթական, գոյություն չունեցող թղթակցի հնչեղ կեղծանուն:
Հազարից մեկ էին լայքում, մեծ մասամբ նուրբ հոգեկերտվածք ունեցող կանայք, որոնց մասին ընդունված է ասել, որ էս աշխարհից չեն: Բայց ես երևի հենց նրանց համար էլ գրում էի:
Մեր խմաբգրությունը մեծացրել էր գրասենյակը, հաստատվելով քաղաքի ծայրամասում, որն էնքան էլ ծանոթ չեր ինձ, կարելի է ասել՝ երբևէ չէի եղել էս կողմերում:  Բայց երեք օր առաջ հասցրել էի պարզել, որ փողոցի ավարտին փոքրիկ զբոսայգի կա՝ լուռ, խաղաղ անկյուն:  Որոշեցի գնալ, ընդմիջումս էնտեղ վերջացնել, հետն էլ ծխել ու ձևացնել, որ մտածում եմ: Իրականում ես միշտ եմ մտածել, իմ անհետաքրքիր, անփող կյանքի մասին: Բայց մտածելուց բան չի փոխվում, ցավոք՝  գրողը չպիտի մտածի, գրողը պիտի մտածել տա ուրիշներին:
Ծառերը բարձր էին՝ վաղուցվա այգի էր, ինչ տեսակ ծառ ասես կար: Փոխարենը ցերեկվա ընթացքում մարդ համարյա չէր լինում նրանում՝ կիսաքանդ, գլաքարով շարված արահետները ոլորապտույտ ձգվում էին հաստ բների ու անխնամ թփերի միջով, երբեմն գրկախառնվելով, նստարանները մաշված էին, մի երկուսը կոտրված, աղբամաններ չկային, իսկ պլաստիկե շշերն ու սիգարեթի տուփերը թափթփված էին ամենուր: Աստված գիտե երբ էր ջրվել վերջին անգամ՝ ոռոգման ժանգոտ խողովակները, նրանք, որ դեռ չէին գողացել, ճաքճքած հողից դուրս էին ցցված դողդոջուն ծերունու երակների նման: Մի խոսքով՝ լքված տեղէր, միայն մորեխների անդադրում սուլոցը դեղին խոտերում հիշեցնում էր, որ շրջակայքում իր ձևի մեջ կյանք կա:
Քայլելիս լուծեցի բուտերբրոդի հարցերն ու դատարկելով հյութի շիշը, դրեցի պլաստիկե տոպրակի մեջ, որ հետո նետեմ առաջին պատահած աղբամանը: Հասա զբոսայգու ծայրը, որը դեմ էր առնում զառիթափ, ժայռոտ լանջին: Ձորի դիմացի ափին սեփական շքեղ առանձնատներէին, իսկ ներքևում, շատ ցածում պսպղում էր օձագալար, աչք ծակող գետը: Նստեցի իմ արդեն սիրած, կիսակոտրած, թեք նստարանին, կաղնու ստվերում ու ծխեցի՝ շոգ էր, օդում հեռավոր զնգոց էր կանգնած, դիմացի ափի առանձնատները լողում էին տաք հոսանքի ալիքների մեջ:
Քունս տանում էր, բայց դիմանում էի, ինքս էլ չգիտեմ ինչին սպասելով:
Հանկարծ դիմացի ափի սեփական տներից մեկի դուռը բացվեց ու լողազգեստ հագած, լայնեզր գլխարկ դրած, արևային ակնոցով մի կին շարժվեց ճերմակ աստիճաններով ներքև, դեպի լողավազանը: Ափն էնքան էլ մոտ չէր, բայց որսորդին վայել զգացողությամբ արագ գնահատեցի նրա նազանքով քայլվածքը, երկար, սև մազերն ու ընտիր, արևայրուք կերած մարմինը: Քունս միանգամից փախավ՝ ա՜խ, բա հիմա հեռադիտակ չլինե՞ր ձեռքիս տակ…
Կինը նստեց շեզլոնգին ու վայելչանքով ծխեց, երբեմն ինչ որ բան խմելով բաժակից, երևի զովացուցիչ: Հնարավորինս մոտ էի եկել քարքարոտ ափին, բայց զգույշ էի, որ չգլորվեմ ձորը՝ հիմար մահ կլիներ: Ուէնքան անժամանակ…
Ինչ որ բան փայլեց ոտքերիս տակ՝ հեռադիտակ էր:
ՙՀըմ…՚,- մտածեցի,- ՙԻնչ որ մեկը գալիս է էստեղ, էս կնոջը հեռվից դիտելու ու մոռացելէ հեռադիտակը…ես նրան հասկանում եմ՚:
Հեռադիտակը հարմարեցրեցի աչքերիս ու նայեցի՝ կինն էնքան գրավիչ էր ու էնպիսի անփույթ քնքշությամբ էր ծխում, որ գլուխս պտտվեց նրա կլորավուն շուրթերի գրգռիչ տեսքից…
Քիչ անցնա  հանգցրեց սիգարեթը, ելավ տեղից, ձգվեց, ցուցադրելով հիանալի մարմինն ու մոտենալով լողավազանի ափին՝ ձկան ճարպկությամբ ցատկեց ջուրը:
Մինչև երեկո նստեցի այգու ստարանին, չպատասխանելով խմբագրությունից եկող զանգերին ու հեռադիտակը չիջեցնելով՝ մոլագարի համառությամբ հետևեցի չնաշխարհիկ անծանոթուհու երանելի հանգստին՝ ո՞վ եմ ես, որ երբևէ նման կնոջ ուշադրությանն արժանանամ, ստիպված եմ հիանալ գոնե էսպես, թաքուն ու անվնաս հեռավորությունից…Ճիշտ է՝ հայելին ինձ երբեմն ասում է, որ վատը չեմ արտաքնապես, բայց կանայք նվաստիս հիմնականում չեն նկատում՝ ոչ մեքենա կա տակս, ոչ հագածս է մի հագած, ոչ էլ էն համարձակությունն ունեմ կյանքում, որը տղամարդուն տալիս է հաստ դրամապանակը…
Այ եթե փող ունենայի՝ ցույց կտայի դիմացի ափի հուրի-փերուն, թե իրականում որքան կրքոտ եմ ու սիրառատ, հետն էլ երազկոտ: Նա էնպես էր դուր եկել ինձ, որ հոգիս տակնուվրա էր եղել ու իսկապես տեղս  չէի գտնում: Եվ զգում էի, որ ինձ չի հետաքրքրում՝ կինն ամուսնացած է, փեսացու կամ ընկեր ունի՞, թե ոչ: Ու էդ մտքից էնքան էլ վատ չէի զգում՝ մի բան, որ ամենևին բնորոշ չէր ինձ: Ափսո՜ս միայն՝ ՝փող լիներ գրպանումս, կարգին, իսկական փողեր…
Կինը վերադարձավ տուն, հեռադիտակի տերն էդպես էլ չերևաց, ես կարոտ մտքերով ու ծակ գրպանով քայլերս ուղղեցի ծանոթ փաբ և վերջին լումաներ ստվեցի մեծ գավաթով սառը գարեջրին ու մի աման սիսեռին՝ ուզում էի հավասարակշռության գալ:
Ներսում սովորականի պես ծխած էր և մարդաշատ՝ բարձրաձայն ռոքի, բղավոցով խոսակցությունների, մատուցողուհիների հասցեին արված անտաշ կատակների ու հանապազօրյա հայհոյանքի մեջ ինձ մի տեսակ պաշտպանված էի  զգում՝էստեղ ինձ նմաններն էին, կյանքից իրենցը չստացած, նեղված մարդիկ, որոնք խմիչքի ազդեցության տակ ժամանակավորապես բարի ու սրտացավ են դառնում:
Չնկատեցի, թե ինչպես լավ հագնված ծերուկը, որին նախկինում երբեք չէի տեսել մշտական այցելուների մեջ՝ հայտնվեց փաբի աղյուսաշեն կամարների տակ: Տեսա միայն, երբ առանց հրավերի նստեց իմ սեղանին ուհանդիսավոր դիմացը դրեց գարեջրի կիսադատարկ շիշը: Երկար ծխամորճ էր փստացնում, լայն, ձյունաճերմակ մորուք ուներ ու նրբաճաշակ ակնոցի կլոր ապակիների միջից սևեռուն, ջրակալած աչքերով ուշադիր նայում էր ինձ, ասես երկուսիցս հենց ես էի անկոչ հյուրը: Հեչ մեր ժամանակներից չէր, նման էր ոչ էն է՝ ՝նկարչի, ոչ էն է՝ գավառական պոետի: Բավական երկար էդպես լուռ ու անթարթ նայում էինք իրար: Հետո, հասկանալով, որ իրենից պակաս համառը չեմ՝ հոգոցով հարցրեց,-
-Ասա տեսնեմ՝ ինչի՞ ես պատրաստ հանուն նրա:
Ձայնը հաճելի էր, թեև թեթև խզզոցով՝ շատ բան տեսած ծեր մարդու ձայն: Նրա՞….էս ու՞մ մասին է խոսում: Բայց հոգուս խորքում իհարկե գլխի էի ընկնում, թե ում էր ակնարկում: Սակայն իրե՞ն ինչ… Մինչդեռ ծերուկի խորաթափանց աչքերն ինձ բաց չէին թողնում՝ նա փստացնում էր ծխամորճը, հայացքով պահանջելով պատասխան: Ես էլ շարունակում էի լռել:
Ծերուկը կրկնեց հարցը, ավելի բարձր ու անսպասելի՝ ձեռքը զայրացած խփեց սեղանին,-
-Ինչի՞ ես պատրաստ հանուն նրա, եթե էդպես հավանում ես, դե խոստովանի՜:
 Դա քիչ մնաց ինձ հունից հաներ, ուզում էի ընդվզել, ուզում էի կնճռապատ երեսին շպրտել,-  ՙՏո դու ո՞վ ես, է, որ անտաշի պես հոգուս դուռն ես ծեծում…ինչու՞պիտի քեզ հաշվետվություն ներկայացնեմ, ծեր աղվես՚: Այնինչ խոսակիցս կպել էր ամենանուրբ ու ցավոտ լարերիս ու դրել փաստի առաջ՝ ես ուղղակի չէի ցանկանում խոստովանել, էն էլ անծանոթին, որ չգիտեմ, թե անձնազոհությունս մինչև ուր կարող է ինձ տանել, եթե տեղը գա:   
Բայց ինչպես միշտ, փոխանակ պետք եղածի պես վրդովվելու՝ անվստահ մրթմրթացի,-
-Ախր ես…լավ չեմ ճանաչում իրան: Կարող ա՝ արժանի չի, ի՞նչ իմանամ…
Այ միշտ էսպես կիսատ-պռատ եմ կյանքում:
Ծերուկի աչքերում սաստիկ հիասթափության շղարշ տեսա, հետն էլ՝ վրդովմունք, ասես նրա ներսում միանգամից մշուշ իջավ:
-Չէի էլ կասկածում,- մռայլ հառաչեց նա,- Չէի էլ կասկածում՝ քեզ նմանը ուրիշ էլ ի՞նչ պատասխան պիտի տար: Ե՞րբ պիտի խելքդ գլուխդ հավաքես…
-Ինձ նմա՞նը…ինչի ես էդ ի՞նչ եմ արել:
-Այ հենց ոչինչ էլ չես արել: Ու որ քեզ մնա՝ երբևէ չես անի: Ու մի ձևացրու, որ դա նորություն ա քեզ համար:
Փաստորեն նախատում էր ինձ: Օտար, անծանոթ մարդը: Բայց մինչև կհասցնեի հակաճառել՝ նա ավելի հեռուն գնաց,-
-Լավ, իրան ասենք չես ճանաչում: Բայց ինձ է՞լ չես ճանաչում, մի հատ ուշադիր նայի…
 Որ շատ ուզեի, երևի կհամոզեի ինքս ինձ, որ մեջընկան բիձուկին ինչ որ տեղից ճանաչում եմ՝ գրեթե իմ բոյի, թեև ավելի գիրուկ, համակրելի դիմագծերով…բայց դե քի՞չ նման տարիքով մարդ կա քաղաքում՝ ի՞նչ իմանամ ով է: Չէ, պատրաստ էի երդվել, որ նրան առաջներում հաստատ չեմ տեսել: Հանուն ինչի՞ պիտի ստեմ…և ի՞նչ է տիզի պես կպել ու հանելուկներ է դեմ տալիս, բանուգործ չունի՞ էս մարդը…
-Չգիտեմ՝ ով ես,- գլուխս օրորեցի,- Չեմ հիշում քեզ, դու ասա:
Դա նրան հաստատ դուր չեկավ՝ մտածեց, ավելի խոժոռվեց, նյարդային ուղղեց մորուքը, հետո հավաքեց շիշն ու ծխամորճը և հրաժեշտ չտալով, նույնքան անսպասելի ինչպես և եկել էր՝ գնաց:
-…Սեփական ընտրությունից կարևոր բան չկա,- խրատեց նա հեռանալիս,- Բայց դու դեռ չես հասունացել դրա համար: Շատ կասկածամիտ ես, իզուր ժամանակ եմ կորցնում հետդ, հազար ափսոս:
Ես նայում էի, թե ինչպես էր նա անցնում աղմկոտ սեղանների միջով իր հպարտ ու ծանր քայլվածքով, ասես սարի չափ հիասթափության բեռ շալակած կյանք ապրած ուսերին, մինչև որ կորավ, ցնդեց փաբի հարբած մթնոլորտում: Հասկանում էի, որ ես եմ էդ անսահման հիասթափության պատճառը, բայց չգիտեի ոնց օգնեմ նրան:
 Սթափվելով, վազեցի հետևից, որ կանգնեցնեմ, թեև չգիտեի, թե ինչ պիտի ասեմ: Բայց նա արդեն չկար ոչ փաբի մուտքի աստիճաններին, ոչ զուգարանում, ոչ գիշերային փողոցում….Վերադարձա ու Էլի գարեջուր պատվիրեցի, որը խնդրեցի բարմենին գրանցել պարտքերի մատյանում՝ գիտեն, որ չեմ ուշացնի, պարտաճանաչ եմ: Էնքան, որքան պարտաճանաչ է խմբագրությունը աշխատավարձ վճարելիս: Պարտքի մասին միտքը սառը ցնցուղի պես կոտրեց վրդովված ոգևորությունս: Մատուցողուհին դիմացս դրեց, նոր, քրտնած գավաթը: Հետո էլի մեկը ու էլի՝ գեղեցկուհի անծանոթուհին ու խրատաբան ծերուկը նյարդերս լարել էին էն աստիճան, որ անճարակությունից պատրաստ էի ոռնալ: Ծանր երեկո էր՝ ոչ ինձնից էի գլուխ հանում, ոչ կատարվածից: Ու ստիպված իրար հետևից կոնծում էի:
Տուն եկա ուշ, գունատվող աստղերի թրթռոցի տակ ու քնեցի մեռելի քնով՝ հարցեր չկային գլխումս, թեև հետս կատարվածը տեղով մեկ հարց էր: Բայց գարեջուրը հենց նրանով է լավ, որ կտրում է ամեն տեսակ ավելորդ խոհերից, հաշտեցնելով քեզ հոգուդ հետ, իսկ պատասխաններ գտնելու համար միշտ գոյություն ունի վաղվա օրը, հեռավոր, ամենափրկիչ վաղվա օրը: Եվ փոքրիկ բնակարանումս լույսն անջատելով՝ գիտակցությունս էլ հետն անջատեցի, քիթբերնի վրա ընկնելով բաղձալի մոռացության մեջ: 

Հաջորդ օրը պիտի փոխանցեին խղճուկ աշխատավարձս, որը հազիվ հերիքում էր տան վարձն ու կոմունալ ծախսերի մի մասը հոգալուն՝ միշտ զարմացել եմ, թե ոնց եմ կարողանում նման թշվառ գումարով գոյատևել, չէ՞ որ ամենինչից բացի նաև ուտել է պետք, տրանսպորտից օգտվել: Բայց փաստը մնում է փաստ, որ դեռ կամ, ողջ եմ ու անգամ համարձակվում եմ երազել:
 Ընդմիջման ժամին, հաղթահարելով գլխացավը՝ նորից բռնեցի այգու ճամփան, տեսնելու իմ գեղեցկուհուն, մանավանդ որ հեռադիտակը երեկվանից հետս էր: Տհաճությամբ մտաբերեցի վատ երազի պես ծանր տպավորություն թողած ծերուկին, չէի ուզում նրա մասին մտածել, նրա անհիմն պահանջկոտությունը տհաճ մաղձ էր թողել մեջս:
Փողոցի բանկոմատի կողքով անցնելիս, թեև անհույս, բայց մոտեցա ստուգելու արդյո՞ք փողս նստել է: Որոշ ժամանակ, սովորականից շատ ավելի երկար, բանկոմատն ինձ հորդորում էր սպասել, հետո էկրանին թվեր գրվեցին: Հետ-հետ գնացի ու բերանս բաց մնաց՝ բանկոմատի փոքրիկ, լուսավոր էկրանից ինձ էր նայում բավական կլորիկ մի գումար՝ գրեթե մեկ տարվա աշխատավարձս…
Դեմքս հուզմունքից սկսեց վառվել, գլխացավս անհետացավ՝ այ քեզ բա՜ն… Հետո արագ տիրապետեցի ինձ, աջուձախ նայելով, դողացող ձեռքերով հանեցի քարտիս վրայի ողջ փողն ու փախա՝՝ եթե մեկնումեկը բանկում հորանջելով ընկած, ուրիշի փոխանցումն ինձ է ուղղել՝ շատ տեղին է սխալվել, հիմա եթե ուշքի էլ գա, արդեն ուշ է: Ճիշտ է՝ նկարվեցի բանկոմատի տեսախցիկով, բայց ինչ լինում է՝ լինի՝ նման առիթը բաց թողնողը չեմ հաստատ:
Շատ ավելի վստահ քայլերով մտա զբոսայգի, որտեղ նորից մարդ չկար, նստեցի թեք նստարանին:
<<Երանի դուրս գա, երանի էլի գա լողալու…>>,- բարձրաձայն աղաչում էի ինքս ինձ, երբ առանձնատան դուռը բացվեց ու կինը կրկին հայտնվեց աստիճաններին, իր հիասքանչ մարմնով ու նեղլիկ լողազգեստով, ձեռքին ամսագիր բռնած: Եվ նա առաջվանից էլ սիրուն էր:
 Չգիտեմ՝ գրպանս ծանրացրած փո՞ղն էր պատճառը, թե՞ հեռադիտակի պատկերի հնարավոր խոշորացումը, սակայն հիմա նա շատ ավելի մոտ թվաց ինձ: Եվ անտանելիորեն ցանկալի ու հետն էլ՝ կարծես մատչելի:
 <<Նկատի ինձ, նկատի ինձ>>,- գոռում էր ողջ էությունս, մատներս ցավեցնելու աստիճան սեղմել էին հեռադիտակը և շոգից ու հուզմունքից քրտինքը հոսում էր քունքերիցս: Ու նա, ասես լսելով թախանձանքս, գլուխը բարձրացրեց ամսագրից, փնտրող աչքերով զննեց շուրջն ու անսպասելի, դիմացի ափից նայեց հենց ինձ:
 Քիչ էր մնում թեք նստարանից գլորվեի ուղիղ ձորը՝ սա արդեն աներևակայելի էր՝ պահմտոցի խաղացող երեխայի պես հապճեպ թաքնվեցի թփերի հետևում՝ սիրտս նապաստակի սրտի պես էր զարկում: Հետո հաղթահարեցի հուզմունքս, դուրս եկա թաքստոցիցս ու նորից բարձրացրեցի հեռադիտակը՝ կինը շարունակում էր ուսումնասիրող աչքերով նայել ինձ և պարզ էր, որ հեռվից նկատել է: Ու նա չքնաղ էր առավել, քան իմացածս որևէ կինոսատղ: Եվ ինչն էր ապշեցնողը՝ չշտապեց տուն, չշրջեց մեջքն արհամարհանքով ու անգամ չխոժոռեց նուրբ դեմքը, այլ չարաճճի իմաստությամբ ժպտաց, կախելով տպավորիչ աչքերը: Նա ժպտաց ինձ դիմացի ափից…Դե արի ու դիմացիր:

Զարմանալի է, թե ինչ հնարամիտ ու համարձակ կարող է դարձնել մարդուն փողը, երբ հաստ կապուկով հանգչում է նրա գրպաններում…
Երկու ժամ անց ալ կարմիր վարդերից պատրաստված մարդաբոյ սիրտը արևի շողերի տակ կրակին էր տալիս ժայռոտ քարափին՝ նրա մեջ ճերմակ վարդերով հավաքած էր հեռախոսիս համարը: Կողքին, ձորից բարձրացող տաք քամու հոսանքից դմբդմբալով ցատկոտում էր թեք նստարանին կապված փուչիկների հսկայական խուրձը: Երբ նա լողավազանից կրկին իմ կողմը դարձեց իր նազելի հայացքը՝ ես ի պատասխան բարձրացրեցի փրփրոտ շամպայնով լի գավաթն ու արտիստիկ ժեստով դատարկեցի այն, հասկացնելով, որ իր թանկագին կենացն եմ խմում, ինքս ապշած իմ համարձակությունից:
Կարծում եմ տեսավ, որովհետև ծիծաղեց ու ձեռքով արեց: Որոշ ժամանակ անց հնչեց հեռախոսիս զանգը՝ դա անկասկած հաղթանակ էր…
Մենք հանդիպեցինք նույն երեկոյան ու ընթրեցինք քաղաքի կենտրոնում թաքնված շատ հարմարավետ ու թանկ ռեստորանում: Եվ զարմանալ կարելի էր, թե որքան ընդհանուր էին երկուսիս մտքերը, հետաքրքրություններն ու անվերջ կատակները: Հին գինի ըմպեցինք ալարկոտ ջազի տակ ու ես ոչ էնքան ափսեիս պարունակությունն էի ուտում, որքան աչքերով՝ նրան, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված իմ չքնաղ ընկերուհուն: Նա էլեգանտ էր և հմայիչ, հագնված էր անթերի, ձայնը մեղմ էր ու ջերմ, սեփական կարծիք էր հայտնում ամենատարբեր թեմաների առընչությամբ, որոնցից մեկից մյուսն էի ցուցադրաբար ցատկում ես, իսկ որ ամենաանսպասելին ու հաճելին էր՝ հիանալի գլուխ էր հանում ժամանակակից գրականությունից: Դա հիացրեց ինձ վերջնական ու անդառնալի:
Երեկոյի ավարտին արդեն էնքան էի տարվել իրենով, էնպես էի սիրահարվել, որ հիմա էլ մեջս գլուխ բարձրացրեց սարսափելի ու շատ տրամաբանական մտավախությունս՝ ինչո՞վ եմ արժանացել նման կնոջ բարյացակամ ուշադրությանը:
Նա զգաց դա և ձեռքը մեղմությամբ դրեց ձեռքիս,-
-Չքայլե՞նք մի քիչ:
Փակեցի հաշիվը ճռճռան թղթադրամներով, նա թևանցուկ արեց ինձ ու միասին դուրս եկանք երեկոյան լույսերով, հազարավոր զբոսնող մարդկանցով ողողված աղմկոտ մայթերը չափչփելու: Անհամեստանամ ու ասեմ՝ ինքս էլ հետ չէի մնում իրենից հագուկապով, քանզի մինչև ժամադրությունը հասցրել էի ոտքի տակ տալ մի քանի հագուստի խանութներ, անվերջ օրհնելով ինձ երջանկացրած բանկի ցրված աշխատակցին: Կախարդական երեկո էր՝ նրա օծանելիքի անորսալի բույրը թևածում էր շուրջս, ուրախ ինչ որ բան պատմող ձայնը մխրճվում էր ցնծացող հոգիս և երբ մեր հետևից քարշ եկող մուրացկան մի կին բղավեց, որ իրար շատ սազող զույգ ենք՝ առատաձեռն վարձատրություն ստացավ ինձնից: 
 Հետո նրա թանկարժեք մեքենայով իջանք մութ, ամառային ձոր ու ջրի ճողփյունի, գորտերի կռկռոցի, վերևում սև ծիածանի պես ձգվող կամրջի բարձր լապտերների ու չղջիկների ծուռումուռ թռիչքի ներքո երկար, ագահաբար համբուրվեցինք: Ու ես հասկացա, որ վաղուց տղամարդ չի եղել նրա կյանքում: Եվ կամ՝ էդպես ուզեցի հասկանալ՝ ինձ համար միևնույն էր:

…Ամենանուրբ մատները միշտ նրանն են, նրա ծիծաղն ամենաթովիչն է ու ճանաչելին բազմության մեջ, ոչ ոք էնպես գեղեցիկ ու բնական չի բռնում սուրճի բաժակը, ինչպես նա է կարողանում դա անել, ոչ մեկին կենդանիներն էնքան չեն սիրում ու վստահում, քսմսվելով բարեկազմ ոտքերին, որքան նրան…
Նա գիտե զիջել ու մի փաղաքշանքով բարձրացնել տրամադրությունդ, երբ հոգնած ու դատարկված ես, նրա հիասքանչ ժպիտին կնախանձի անգամ ամառվա լուսաբացը, նա ճանաչում է ժամանակի ու անցյալի բոլոր անվանի գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, նրա զգեստը միշտ նկատում են ընկերուհիներն ու անգամ նրանց տղամարդիկ, թխած բլիթների հոտը զգում ես դեռ դրսից, իսկ դրանց համից պարզապես անհնար է կշտանալ…
Եվ դու կյանքումդ երբեք, երբեք էնպես չես սպասել գիշերվան, ինչպես հիմա ես սպասում՝ նորից գրկելու վտիտ, ասես քանդակագործի ձեռքի տակից դուրս եկած թավշյա մարմինն ու հպվելու միայն քեզ պատկանող կիսաբաց շուրթերին, գլորելու նրան մահճակալին, թարմ սպիտակեղենի և հարազատ դարձած օծանելիքի բույրերի ներքո, հետն էլ ձեռքով փնտրելու, անջատելու գիշերային լամպը…

-Միշտ ե՞ս սիրելու ինձ, ասա…
-Միշտ-միշտ:
-Միշտ-միշտ ինչքա՞ն:
-Միշտ-միշտ մինչև վերջ:
-Ու վերջից հետո՞ էլ:
-Վերջից հետո՝ հատկապես:
-Դե համբուրի՜:
- …………
-Ավելի՜ երկար:
-………………………………..
-Մի բան էլ ես հարցնեմ, խոստովանի՝ հեռադիտակը ինքդ էի՞ր դրել նստարանի մոտ:
-Հեռադիտա՞կ…ի՞նչ հեռադիտակ:
-Դե լավ, ձևեր մի թափի, ճիշտն ասա:
-Չգիտեմ ինչի մասին ես խոսում:
-Հմ…փողն էլ դու էիր փոխանցել իմ հաշվին, չէ՞, գոնե դա ընդունի: Հենց գործերս լավանան՝ կվերադարձնեմ, չմտածես:
-Անկապ բաներ ես խոսում՝ ի՞նչ փող, ի՞նչ վերադարձնել…բան չեմ հասկանում:
-Եթե բանկում սխալ փոխանցում արած լինեին՝ վաղուց էկել էին հետևիցս, հարյուր տոկոս:
-Քեզ ինչ որ մեկը փող ա փոխանցե՞լ…
-Ուզում ես ասես՝ էդ ինչ-որ մեկը դու չե՞ս:
-Բացարձակ, երևի երազ ես տեսել:
-Բա որ գնամ ու հարցնեմ, թե ով ա փոխանցե՞լ:
-Հիմա ինձ թողնելու ես ու գնա՞ս…
-Չէ, ինչի՞ հիմա, վաղը:
-Իսկ եթե փոխանցողը ցանկացել ա մնալ անհա՞յտ:
-Հա՜…դե իհարկե փոխանցողն էդքան խելք ունի, հաստատ:
-Ի՞նչ գիտես:
-Փոխանցողի տված հարցերից ու մեկ էլ սիրուն աչքերի արտահայտությունից եմ տեսնում…
-Դե ուրեմն համբուրի՜:
- …………………………………………………………………
-Մորուք կպահե՞ս:
-Մորու՞ք…բայց կսազի՞:
-Հա, շա՜տ: Սիրում եմ, որ տղամարդը խնամված մորուք ա ունենում: Հետո՝ գրողը առանց մորուքի մի տեսակ չի նայվում՝ մորուքը մարդու ինտելեկտը ավելի ա ընդգծում:
-Բայց ես ի՞նչ գրող, ես համացանցում բամբասանք տարածող եմ, սիրունս…
-Դու դա անում ես ստիպված, փողի համար: Բայց բանաստեղծություններդ ու կարճ պատմվածքներդ հիանալի են:
-Լու՞րջ:
-Շատ լուրջ: Բա քեզ ի՞նչ ա թվում՝ ինչու՞ քեզ նկատեցի բոլորի մեջ: Իմ շուրջն էնքա՜ն տղամարդ ա էղել միշտ…
-Մի՞շտ: Հիմա՞ էլ:
-Դմբլո…իհարկե չէ: Որովհետև հիմա դու կաս,: Ու էլ ոչ մեկն ինձ հետաքրքիր չի: Ու էդ հարցը էլ չտաս:

Երբ սիրում ես, երբ կյանքդ լցվում է երջանիկ սպասումով ու կատարյալի գիտակցությամբ, երբ ամեն պահդ ու ակնթարթդ ապրում ես հանուն սիրածդ էակի ու նրա պատկերով, քայլելու փոխարեն թռչում ես, խոսելու փոխարեն՝ երգում ես, քնելու փոխարեն էլ հիմարի ժպիտով երազում՝ ամենասարսափելի թույնը, որ կարող է սև օձի նման սողոսկել միտքդ, էնտեղից էլ սիրտդ՝ կասկածն է: Կասկածը քանդում է գոյությունդ, երկրաշարժի պես ցնցել-ավերելով բարոյականությանդ հիմքերը, դարձնելով քեզ իր մութ էության ստրուկը և վայ գլխիդ, եթե տրվես նրա խելահեղ հորձանքին՝ էլ չես լինի առաջվանը, կդառնաս ինքդ քո մռայլ մտքերի գերին ու աշխարհը կմթնի աչքիդ, վերածվելով կատարյալ դժոխքի: 
Նա չեկավ հերթական ժամադրությանն ու չպատասխանեց իմ հեռախոսազանգերին, թեպետ էնքան զանգեցի, որ հեռախոսիս մարտկոցն աչքիս առաջ նստեց ու մեռավ: Սկզբից մտածեցի ամենավատը՝ բան է պատահել, դժբախտ դեպք՝ ընկել է մեքենայի տակ, գլորվել է ձորը, խեղդվել է լողավազանում, էլի ինչ ասես… Օրն անցավ՝ նրանից լուր չկար:
Երեկոյի հետ սկսեցի զգալ, որ իրականում ահավոր խանդում եմ սիրելիիս, բայց թե ու՞մ հանդեպ՝ չգիտեի, քանզի չկար մեկը, որ իմ էդ վեհ զգացողությանն արժանի լիներ: Եվ հեռո՝ վատ լուրը շուտ է տեղ հասնում՝ լուրջ բան պատահած լիներ, արդեն կիմանայի:
Մատներս կրծոտելով գնացի նրա առանձնատան մոտակայքը, մլուլ տալով հարուստ թաղամասում, չցանկանալով բացահայտվել՝ ինքնասիրությունս վերջին ճիգերով փորձում էր չենթարկվել խենթությանս ջղաձգումներին: Բայց երբ ծանոթ մեքենան, դուրս գալով դարպասից՝ սահեց ծառի կողքով, որի հետևում թաքնվել էի ու վաղ մթնշաղով շտապեց անհայտ ուղղությամ՝ հասկացա, որ բացատրություն պահանջելուց և կռիվ անելուց շատ ավելի վատ բանի եմ ընդունակ՝ հետևելու:
Ես վազում էի ձորափի ոլորապտույտ փողոցով, ճամփաս կարճացնելու համար վերից վար կտրել-անցնելով փշատերև անտառակը, պատառոտելով հագուստ, դեմք ու արմունկներ և ամեն պահ ինքս ձորը գահավիժելու իրական վտանգն աչքիս առաջ՝ փորձում էի չկորցնել տեսադաշտից նրա մեքենան: 
Երբ պատահեց առաջին տաքսին՝ վայրենու տեսքով դուրս թռա ճամփի մեջտեղը, կտրեցի դիմացը, փլվեցի հետևի նստատեղին ու վախեցած վարորդին մեծ թղթադրամ մեկնելով՝ շնչակտուր հրամայեցի հետ չմնալ հետապնդման օբյեկտից: 
Մենք շարժվեցինք քաղաքից դուրս և աշխատելով մնալ աննկատ հեռավորության վրա, ընթացանք դեպի բոսոր մայրամուտը, դեպի անհայտություն: Գլանակը գլանակի հետևից էի ծխում ու խանդից մթագնած ուղեղով տենդագին փորձում էի կռահել, թե ուր ենք գնում, ինչ կա էս ամենի տակ թաքնված: Վարորդն իր հայելու միջից երբեմն կարճ հայացք էր ձգում իմ կողմն ու էլի փախցնում էր աչքերը:
Արևը գլորվել էր հորիզոնից ցած, բավական հեռացել էինք քաղաքից, հետևում թողնելով կիսակառույց բարձրահարկերը, երբ շեղվելով հիմնական մայրուղուց՝ հայտնվեցինք դեպի վեր, բլուր տանող երկրորդական ճանապարհին, ես բարձրացրեցի հայացքս ու մարմնովս տհաճ դող անցավ՝ մթնել սկսող երկնքում ցցված էին խաչեր ու տապանաքարեր՝ բլուրը գերեզմանատուն էր: Բաց թողեցի տաքսին ու կրկին սկսեցի հետևել ոտքով՝ որքան էլ մեծ էր գերեզմանատունը՝ այն փռված էր դիմացս ու նրա ոլոր-մոլոր, նեղ ճամփեքին անհնար էր կորցնել դանդաղ շարժվող մեքենան, մանավանդ որ ուրիշ այցելուներ էս ուշ ժամին արդեն չկային:
Տապանաքարերից  ինձ էին նայում մեռյալների հանգիստ, հոգուս խորքը թափանցող հայացքները, մի երկուսի անունները լսած թվացին՝ կարծեմ արվեստագետներ էին, երևի ինչ որ պանթեոն էինք մտել: Մեքենան կանգ առավ, ես թաքնվեցի քարե խաչերից մեկի հետևում:
Էն, ինչ որ տեսա հետո՝ ցնցեց ինձ մինչև հոգուս խորքն ու թվաց, թե գերեզմանատան հողը փլվեց, փախավ ոտքերիս տակից՝ մեքենայից դուրս եկավ սև հագուստով պառավ մի կին ու դժվարությամբ փակելով դուռը, հոգնած քայլեց արահետով, ձեռքին բռնած կարմիր վարդեր: Նայում էի նրան իմ թաքստոցից ու սիրտս ճմլվում էր կոկորդիցս դուրս թռչելու աստիճան՝ Նա էր, հենց Նա, բայց շա՜տ ծեր, հայացքում ու ողջ էության մեջ՝ տարիների բերած իմաստության դրոշմը, ճակատը պսակված ճերմակ մազերի ալիքներով և էն արժանապատիվ վեհությամբ, որը հատուկ է միայն կյանքի դասերը քաղած ամենաբարձր հոգիներին:
Փոքրիկ քայլերով մոտեցավ խնամված գերեզմաններից մեկին, բացեց երկաթե դռնակն ու կանգ առավ բարձր տապանաքարի դիմաց, ծերունազարդ գլուխը խոնարհելով: Ես  աննկատ դուրս սողացի իմ թաքստոցից ու նրա հետևից տեղից տեղ պպզելով՝ փորձում էի հասկանալ, թե ում շիրիմին է այցի եկել: Ի՞նչ իմանայի, որ ինձ սպասում էր երկրորդ ցնցումը՝ հարթ, ողորկ, թանկարժեք քարի վրա հասակով մեկ պատկերված էր ոչ ավել, ոչ պակաս՝ փաբում ինձ մոտեցած, տարօրինակ հարցեր տվող ակնոցավոր ծերուկը: Նա հիմա զուսպ էր թվում, սակայն խորաթափանց հայացքում պահված չարաճճի ժպիտ կար ու հետն էլ, ես կասեի՝ անվստահ զարմանք աշխարհիս հանդեպ: Կիսամթի մեջ, աչքերս լարելով նայեցի նկարից ներքև, իմանալու, թե ով է հանգուցյալը: Եվ էստեղ ստացա երրորդ, վերջնական հարվածը, որից գլխիս մաշկը շարժվեց ու մազերս բիզ-բիզ կանգնեցին՝ ծերուկի ոտքերի տակ փորագրված էին ծննդյան ու մահվան թվերը և…իմ անուն-ազգանուն-հայրանունը:
Դողալով հետևում էի, թե ինչպես էր նա փռում ծաղիկները տապանաքարի դիմաց, իր նուրբ, բայց փոքրացած մատներով, ինչպես էր պայուսակից հանելով, սևացած թասիկի մեջ տեղավորում ածուխը, որն այրեց, պտղունցներով վրան լցնելով դեղնավուն փոշին: Խնկի քաղցր, ազնվազարմ բույրը տարածվեց մութ գերեզմանոցում ու սիրտս բերնեբերան լցվեց, խղճացի ինձ էլ, իրեն էլ ու խոշոր արցունքները հոսեցին աչքերիցս:
Իմ ծերացած գեղեցկուհին գլխիկոր, մտածկոտ ծխում էր խունկը և երևում էր, որ տասնամյակների հիշողությունները լուսավոր ցավ են պատճառում նրա հոգուն: Աննման ու միակ իմ սիրելին, ինձ կորցրած,՝խորհրդածում էր կյանքի և մահվան, մարդկային կարճ գոյության անհաստատ, խարխուլ օրենքների մասին ու կամացուկ հառաչում էր: 
Չդիմացա, խելք ու խոհեմություն մի կողմ թողած, ինձ էլ անծանոթ արիությամբ դուրս քայլեցի թաքնվածս տեղից ու բարձր ձայնեցի նրան՝ մխիթարելու, ասելու, որ ողջ եմ, փարատելու համար նրա անսահման վիշտը՝ լավ հաշիվ չէի տալիս ինձ, թե ինչ եմ անում:
Ոչինչ չփոխվեց՝ նա չլսեց ինձ ու չնայեց իմ կողմը, միայն նոր պտղունց ավելացրեց ածխին, հայացքը դարձնելով տապանաքարին ու անձայն խոսելով պատկերի հետ:
Այնժամ խենթի քաջությամբ ավելի մոտեցա, հետո՝ ավելի, կանչեցի, բղավեցի…սակայն ոչ մի օգուտ՝ ոչ լսում էր ինձ, ոչ տեսնում՝ ի՞նչ սատանայություն էր….Միայն սեփական սարսափից համարձակություն ստացած ձայնս էր արձագանքում բլրի ստորոտում, մեռյալների թագավորության չարագուշակ լռության մեջ: Ու դա միայն ես էի լսում… 
Երբ աղոթքն ավարտելով շրջվեց, որ գնա՝ հայացքը սահեց վրայովս ու ինձ չտեսավ: Ներսս սառեց, կարկամեցի՝ պարզ էր, որ ժամանակները չար կատակ են խաղում գլխիս…
Մեքենայի շարժիչը հռնդաց, լուսարձակները կուրացրեցին աչքերս՝ վերջին, հուսահատ մղումով նետվեցի քարքարոտ արահետի մեջտեղը, աղաղակելով ու ձեռքերս թափահարելով, որ կանգնեցնեմ նրան: Մեքենան մոտեցավ, մտավ մեջս ու անցավ իմ միջով…ցնցված նայում էի, թե ինչպես էին նրա լույսի թրթռացող սյուները հեռանում տապանաքարերի ու խաչելությունների հազարաթև, կենդանացած անտառում:
 Մարմինս փշաքաղվեց, մեկն ասես անջատեց իմ շուրջը օդն ու գիտակցությունս կորցրած՝ փռվեցի տապանաքարիս դիմաց…

…Լուսաբացը մեղմ էր ու ջինջ՝ աթնացա խոնավ հողի սառը գրկախառնումից ու ատավոտյան քամու զով գգվանքից՝ վրայովս մրջյուններ էին վազվզում, խուտուտ տալով: Նստեցի, նայեցի շուրջս, փորձելով վերհիշել գիշերվա կատարվածը՝ զմրուխտե բլուրը խաղաղ էր, մեղուների բզզոցով ու վառ կապույտ երկնքում թևածող թիթեռների անհոգ պարով, նրանց վերում անձայն ինքնաթիռը ձգում էր սարդոստայնի պես ճերմակ հետքը, ինչ որ տեղ առվակ էր խոխոջում, իսկ հեռվում լսվում էր ճանապարհով սուրացող հատուկենտ մեքենաների սվվոցը՝ ոչ գերեզմանատուն կար, ոչ երկաթե ցանկապատ, ոչ էլ հողաթմբեր ու արահետ: Դեռևս:
Եվ ես հասկացա, որ վերադարձել եմ իմ հարազատ ժամանակը: Վեր կեցա ու շորերս թափ տալով, նորմալ տրամադրությամբ, առավոտյան գլանակը վառելով, թաց խոտերի միջով առույգ քայլեցի դեպի իմ սովորական կյանքը՝ նրանից գերադասելի, ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ոչինչ չկար ու չէր էլ կարող լինել ինձ համար…
Հետո երջանկության արցունքներ էին՝ նա վազելով ընկավ իմ վզովն ու չէր հավատում, որ կենդանի եմ: Շոյում էր դեմքս ու միաժամանակ բղավում, որ մարդ չեմ, քանզի ողջ գիշեր կորած եմ եղել, քանիցս զանգել է ձեռքիս, զանգել է խմբագրություն, բայց մարդ չի պատասխանել, երկար ծեծել է իմ վարձով տան դուռը, ստիպված բոլորին հանել է ոտքի, հայտարարություն է դրել համացանցում, զանգել է ոստիկանություն ու հիմա ծանոթ-անծանոթ ինձ են փնտրում…
Նայեցինք իր հեռախոսի մեջ՝ ինձնից ոչ-մի զանգ, ընդհանրապես: Ո՞նց բացատրես…

Փորձեցի արդարանալ, վստահեցնելով, որ հեռախոսիս մարտկոցը մեռել է: Նա պահանջեց ցույց տալ, հիմա էլ իմ հեռախոսը նայեցինք: Պարզվեց, որ մարտկոցը կիսով չափ էր դատարկված, կարելի էր զանգել: Ու մեջը մի քանի տասնյակ զանգ կար իրենից, անպատասխան թողած: Մինչդեռ իմ աչքով էի տեսել, թե ոնց էր անջատվել դեռ նախորդ երեկոյան՝ հանելուկ…
Դրանից նա ձայնն ավելի բարձրացրեց, սկսեց ինձ մեղադրել անփույթ անտարբերության մեջ, սկսեց պահանջել, որ խոստովանեմ, թե իրականում որ զզվելի մարմնավաճառուհու հետ եմ անցկացրել գիշերը, որ ես բոլոր տղամարդկանց պես անհավատարիմ եմ ու այլանդակ, մինչդեռ ինքը համոզված էր, որ մյուսների պես չեմ, գրող եմ, սովորական, էժան մարմնական հաճույքներից ավելի բարձր ու էլի նման վատ-վատ բաներ…
Իսկ ես նայում էի շանթեր նետող նրա վրդովված աչքերին ու ներքուստ ցնծում էի՝ ոչ թե ես եմ իրեն խանդում, այլ ինքը՝ ինձ: Այսինքն՝ սիրում է, այսինքն իսկապես սիրում է: Անմոռանալի վայրկյաններ էին…
Պերճախոսությունս գործի դրած՝ ամեն տեսակ երդումներով հավատացրեցի, որ ոչ-մի մարմնավաճատուհու հետ չեմ եղել, արագ պատմություն հորինեցի՝ շեֆը մեծ գործ էր հանձնարարել վերջին րոպեին, հոգնածությունից խմբագրությունում, մոնիտորի առաջ քնել, մնացել էի, հեռախոսս թողել էի պատշգամբում, ծխելիս և այլն…իսկ շորերս ու դեմքս պատառոտվել, կեղտոտվել էին, քանի որ լուսաբացին խմբագրությունում արթնանալով, տեսել էի վրաս փակված դուռն ու ստիպված ներքև էի իջել պատշգամբի կողքին աճող ծառի բունը գրկած: Մի քիչ խուճուճ էր, բայց՝ բռնեցնել ինձ չկարողացավ՝ հորինելու վարպետ եմ:
Գուցեև հավատաց, համենայն դեպս հանդարտվեց, դադարեց խռոված փղձկալ ուէդ գիշեր ես, նա և շամպայնի շիշը չքնեցինք մինչև լուսաբաց:
Պարզից էլ պարզ է, որ իրեն ոչինչ չպատմեցի հետս տեղի ունեցածից, ոչ մի բառ: Ոչ թե որովհետև հեռախոսի պատմությունից հետո այլևս ասածներիս չէր հավատա կամ կհամարեր, որ ցնդել եմ: Այլ որովհետև չուզեցի իմանա, որ իրեն տեսել եմ զառամյալ տարիքում, ալեհեր պառավի տեսքով՝ ո՞ր կնոջը դուր կգա նման խոստովանությունը:

- Բայց այնուամենայնիվ՝ ի՞նչ ես գտել իմ մեջ, ասա:
- Չես հասկանա, քոնը տրամաբանությունն ա, իմը՝ զգալը: Միայն մի բան հաստատ գիտեմ՝ ես քեզ սիրում եմ նաև էն բանի համար, որ սուտ խոսել չգիտես:
- Չգիտե՞մ…բա ո՞նց եմ օրեկան էդքան սուտ գրում ու լցնում համացանց, հը՞:
- Դու չես ստում, դու հորինում ես: Ու շատ վառ երևակայություն ունես: Եվ էդ ասածդ բոլոր ստերի մեջ ոչ մի անգամ տգեղ ու վատ բան չեմ տեսել, քո հոգին միշտ մաքուր ա, դու ուրախ ստեր ես գրում: Նորից եմ ասում՝ լրջորեն զբաղվի գրականությամբ, դու հայտնի ես դառնալու:
Ուրախ ստեր…իսկ ես կարծում էի, թե եղանակ եմ ստեղծում միամիտ ընթերցողի մոտ, ստիպում եմ հավատալ չեղածին…
 Ինձ մնում էր միայն նորից համբուրել նրան՝ ամենախելոք բանը, որ կարող էի անել ու անում եմ մինչև օրս:

Ահա էսպես: Տեսեք, թե ուր հասցրեց ինձ անհամարձակ անվստահությունս, ստիպելով կասկածել ինձ, իրեն, սեփական ուժերիս և հատկապես՝  իր անսահման սիրուն:
Ի՜նչ մեծ նեղություն փաստորեն պատճառեցի վերերկրային ուժերին, որ նրանք, թողնելով անհետաձգելի գործերը՝ զբաղվեցին իմ խնդրով, շլինքիցս բռնած քարշ տալով ինձ ապագա…
Երբեմն էլ մտածում եմ՝ իսկ գուցե գերեզմանոցում եղածը գերծանրաբեռնված ուղեղիս չար կատա՞կն էր՝ ես էդ օրը իսկապես ահավոր հոգնել էի ու նստած տեղս քնում էի…ինչ ուզում ես արա՝ կասկածամտությունս հետս է, ինչպես ասում են՝ բնավորությունը ճակատագիր է, չես փոխի:
Ինչևէ, երևի իրականությունը երբեք չիմանամ: Ոչ էլ ուզում եմ՝ իրականությունն ընդհանրապես վաղուց փոփոխվող մեծություն է դարձել ինձ համար՝ նույն բանը հազար կերպ կարող է ներկայանալ, համացանցը վկա:
Կարևորը՝ ամեն խենթություն վարձատրվում է, փոխարենը հիմա գիտեմ, կամ գոնե համարում եմ, որ գիտեմ, թե ինչ է լինելու…ոչինչ էլ չի լինելու՝ մենք ապրելու ենք երկար, համատեղ ու երջանիկ: Ու ես, փաբեր այցելող էլեգանտ ակնոցով, փնթփնթան ծերուկի տեսքով, փառք համբերատար վերևներին՝ առաջինն եմ լքելու էս փոփոխամիտ աշխարհը, թողնելով սիրելիիս հիշատակիս ու գրվածքներիս հետ, հիշելու, վերապրելու ու հեռավոր գիշերվա մեջ բարի ժպտալու….
Նա ինձնից ուժեղ է, չունի իմ անվերջանալի կասկածները և իր կանացի բնազդով զգում է, որ սերն ամեն ինչ կհաղթահարի: Դրա համար էլ հանգիստ է ու վստահ: Պարզապես, որովհետև կին է, էն էլ՝ սիրող:
Ահա թե ինչու տարիներ անց էլ մեկ-մեկ, առավոտ շուտ, երբ դեռ քնած է, աշխատասենյակս սահելու ու սովորականի պես համակարգչի դիմաց նստելու և ծխամորճ փստացնելու փոխարեն տեղավորվում եմ ննջարանի բազկաթոռին ու սկսում եմ լուռ հիանալ իրենով, արթնացող օրվա ձայների տակ: Նայում ու վերհիշում եմ մեր կյանքի հուզիչ դրվագները, որոնք նորից կենդանություն են առնում աչքերիս առաջ, ցաքուցրիվ էպիզոդների տեսքով, տեղ-տեղ էլ վերածվելով շարունակական, գեղեցիկ շարադրանքի:
Ու քանի որ գրող եմ և էությամբ հորինող, հետն էլ մի քիչ պայծառատես՝ դադարում եմ զգալ անորոշ, հեղհեղուկ սահմանները եղածի և հնարավորի միջև, ընկնելով իրականություններ, որոնք չես հասկանա՝ կա՞ն, գոյություն ունե՞ն, թե ընդամենը կարող էին լինել…


Комментариев нет:

Отправить комментарий