Որոնել

воскресенье, 20 января 2019 г.

Էլմեր Դիկտոնիուս․ «Երկրային քնքշություն» գրքից


Էլմեր Դիկտոնիուս (1896-1961 Ֆինլանդիա)













ԿՅԱՆՔԸ 

Հայացքն՝ արևային,
բազուկները՝ փրկող,
ատամներն են փայլում
ժպիտի մեջ կրքոտ,
կյանքն՝ անտրոհելի և երկինքը՝ անամպ,
երջանկությունն՝ անափ
Պատանությունն է դա:

Հայացքը՝ պողպատե,
մկանները՝ ահեղ,
ատամները սեղմված
ինչ ցասում են պահել:
Վերցնում ենք կյանքից, ցավ չզգալով անգամ,
մեր մասն օրինական
Հասունությունն է դա:

Մենք ձեռքներս խաչած
սպասում ենք մահվան,
ատամ չունենք, չկան
մեր աչքերն էլ ահա:
Ախ, թե քիչ էլ ապրենք: Բայց մեր շշուկն անգամ
հողի մեջ է ագահ
Կյանքն է, օ, կյանքն է դա:

*
ԴՈՒ ԵԿԱՐ


Դու եկար:
Ոչինչ չհարցրեցիր, չասացիր ոչինչ:
Ծիծաղում էին աչքերը քո ջինջ,
և ինչե՜ր միայն չէին խոստանում,
սակայն այդպես էլ չուզեցին ոչինչ:
Եվ խոստումները իրականացան:

Հետո օրերը բաժանեցին մեզ:
Հրաժեշտ տվին օրերն օրերին:
Ցավն էլ է հաճախ
անբաժանելին անում երկու կես:

Եվ մոռացումի սերմերն ընկնելով
հիշողության մեջ,
ծիլ տվին մի նուրբ,
թառամած մտքի:

Սակայն լինում են
գիշերներ դժվար և անտանելի,
գիշերներ աղոտ,
երբ երազիս մեջ այցելում են ինձ
աչքերը քո ջինջ,
ջինջ ու ծիծաղկոտ,
նրանք ինձ ինչե՜ր չէին խոստանում,
սակայն այդպես էլ չուզեցին ոչինչ:

*

ԿԻՆԸ

Ներիր, չեմ գրել քո մասին,
օ, կին,
դու այնպես թեթև ու աննյութ էիր:
Եվ ո՞վ կարող է նկարագրել ամռան երկնքի
ամպը քնքշալի:
Այդպես էլ,
ինչպե՞ս նկարագրել քո ծանրությունը:
Եվ ինչպե՞ս երգել այն քաղցր թույնը,
որ արմատներն է լցնում ծառերի:
Եվ ինչպե՞ս երգել ուժով բառերի
լեռնային օդը
և ճահիճների գարշելի հոտը:
Եվ ինչպե՞ս երգել մարմնի և հոգու
խառնուրդից ծնված հեղձուցիչ տոթը:

Դեպի գիրկը քո,
քո կոկլիկսոկլիկ ուսերը դեպի
և քո թևերի կլորությունն եմ
ձգվել կաթոգին մի խոնարհումով:
Օ, մի բարեհաճ ճառագայթումով
կուրծքդ հմայիչ
հրավիրում էր հանգստանալու
ինձ և իմ հետքով եկող բոլորին:

Իմ ճամփան լի էր ցավով երկրային:
Դեպի քեզ էի գալիս վախեցած
ես իմ սեփական ստվերից անգամ,
դու ջերմացրիր քնքշանքով բարի
և պարգևեցիր
ինձ հանգստություն մի երանավետ:

Իմ մխիթարանք, քեզ ինչպե՞ս երգել:
Սիրուհի՞ էիր ինձ համար,
թե մայր,
ես լավ չեմ հիշում,
չէ՞ որ երկուսն էլ
ունեն միևնույն շնչառությունը:
Ես ինչպե՜ս էի սիրում համբուրել
նուրբ ու հեշտալի
կորությունները քո արմունկների,
սակայն չեմ գրել քո մասին, ներիր:
Եվ իմ երգերի մարմիններն ունեն
նույնպիսի քնքուշ մաշկ ու տաք մարմին,
որոնք ծարավ են քո շրթունքներին:

Կին, ես չեմ գրել քո մասին, սակայն
ճաշակել եմ քեզ,
հանապազօրյա դու հաց իմ բարի:

*
ԵՍ ԱԾՈՒԽ ԵՄ


Հրկիզված եմ ես կյանքի քուրայում
իբրև սև ածուխ:
Կրակ կա իմ մեջ, և լույս կա իմ մեջ,
այրվում եմ անծուխ:
Հանգիստ եմ փնտրում և խաղաղություն,
թեկուզ քուն մի քիչ,
սակայն այրում է ինձ բոցը կյանքի
և իմ կրակը արծարծում կապտած
դեմքին երկնքի:

Այրվում եմ, մարդիկ,
տառապանքի մեջ իմ բոցն է պարում:
Եվ սակայն ահա,
իմ հաղթանակն եմ տոնում խավարում,
կհանգչի բոցը, կսառչի նաև մոխիրն ի վերջո,
բայց այրվել եմ ես, այրվել եմ անահ,
և ձմեռային խավարն եմ ցրել
ու տաքացրել թեկուզև մի պահ:

*
ԸՆԾԱՆԵՐ


1
Նայիր հապա, թե կոկորդից բանաստեղծի
աստղերն ինչպես են դուրս թռչում:
Բռնիր: Միայն աստղերն են այդ
մեզ պատկանում երկրի վրա:
Ամեն մեկը սիրտդ խրիր, առանց ցավից վախենալու,
ցավն է ծնել այդ աստղերին,
սակայն քո մեջ
ցավից ծնված այդ աստղերից
ուրախությունն ընձյուղ կտա:

2
Ախ, եթե ես համրանայի,
կասեի շատ, շատ ավելին,
կճչայի սրտով իմ խեղճ, ոչ՝ բերանով,
զույգ աչքերով կգոռայի,
շարժումներով ու ժեստերով
կորոտայի կրքիս մասին:
Ինձ մինչև վերջ կհասկանաս այն ժամանակ,
երբ կարենաս կարդալ ամենն, ինչ չեմ գրել:

3
Հա, հավատա,
այդպես է դա.
ես երգում եմ,
իսկ դու ըմպում ես աչքերով:
Մի խնայիր,
դիպչիր հերթով գազտնիքներիս նվիրական
և ներսուզվիր խորքը նրանց,
հոգուս խորքերը քարացած
քեզ կընծայեն հանքաքարը ոսկեճաճանչ:

*
ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

Քաղաք
:
Նրբանցք:
Աղքատ:
Պոռնիկ:
Խոնավություն:
Խավար:

Բերանն ամբողջ կեղանքներում:
Խռիվ մազեր:
Արբեմոլի անորոշ ձայն:
Կարիք:
Օ՜:

Եվ գալիս ես դու:
Անլսելի:
Համբուրում ես այդ բերանը:
Ափդ դնում ալեխռիվ այդ մազերին:
Եվ աննկատ հեռանում ես:

Եվ լռում են ձայներն ամեն:
Եվ մարում է քմծիծաղը:
Եվ ճչում եմ.
– Ինչի՞  համար,
չէ՞ որ ոչինչ չի փոխվելու:

Բայց ոչ:
Հուշն է ապրում անմեռ քո մասին և
քրիստոսական քո հայացքի,
քրիստոսական քո լռության,
ապրում է այն մեզնից ամեն մեկի հոգում,
ում դու մի օր համբուրել ես,
ամեն մեկիս,
ում դու շոյել – գուրգուրել ես մի օր,
եղբայր:

*




















ԿՌՈՒՆԿՆԵՐԸ

Ձմեռվա ուղիղ սրտի մեջ այսօր
գարունը խրեց
շեղակի խոփը կռնկակտուց:
Եվ կիսակենդան շատրվանի պես
սուրացող ձիու սմբակի տակից
սառույցի վրա երևաց ջուրը:
Թող բացված անցքի եզրին վայր իջնի
և զիլ կռնչա անծեղը սառած…
Ձնածածկի տակ տնքում է հողը,
ճերմակ բարուրը պատառոտելով
ամբողջ մարմնով ծառերն են ճչում.
– Կռունկների չո՜ւն:

*

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քո քաղաքները,
քո օրենքները,
քո արվեստները,
ոստիկաններդ խաչմերուկներում,
քո կրոններն ու գիտությունները,
պոռնկատներն ու քո լայնահուն պողոտաները,
գրադարաններն ու հռչակավոր անունները քո,
քո գիշերային ազդագրերի ռիթմը մոլեգին,
ես տեսել եմ քեզ, քաղաքակրթություն –
Հիանալի է:
Հրաշալի է:
Շքեղ է, իրոք:

Մտածել միայն, որ այդ մենք, մենք ենք,
մենք՝ ողորմելի թափթփուկներս,
մանրէների պես վխտում ենք այսպես,
և բորբոսի պես պարուրել ենք մենք
այս հողագնդի մարմինը մաքուր:
Անընկալելի, սակայն ինչ արած,
իրողություն է:

Եվ սակայն ահա նզովում եմ քեզ,
փայլատակումից քո շլացուցիչ
ես չեմ կուրացել ու տեսնում եմ դեռ
քո դժոխային ստվերները մութ,
և ճչում եմ ես,
դաժան պատժի եմ կոչում ամենն այն,
որ ծնում ես դու, քաղաքակրթություն:
Ինչի՞ համար է այս ամենն, ինչի՞,
երբ այսքան մարդկանց
նետել ես դու քո սահմաններից դուրս,
երբ ինչ – որ մեկը
քնում է ցայսօր ասֆալտի վրա,
երբ մանուկները
սոված են քնում:


*
ԳՈԳՈԼ

Դու ինձ չես խաբի ճարպոտ արցունքով
և քո ճղճղան ծիծաղով երբեք:
Դու մեզնից դեմքդ
շուռ տվիր դեպի պատը և մեռար,
որ մենք ծիծաղենք,
և ապրենք այսպես կյանքը մեզ տրված:

Վարդը փշոտ է,
իսկ վարունգն, ահա, թթու է դրված:

*
ԼՈՒՍԱՎՈՐ, ԱՅԼԱՆԴԱԿ, ԳԵՂԵՑԻԿ, ԽԱՎԱՐ

1
Իմ անունը Դիկտոնիուս է,
ստում եմ ես, և ոչ պակաս ուրիշներից,
երկաթբետոն չեմ, իհարկե,
մեկ – մեկ նաև երգում եմ ես,
ունենում եմ գաղափարներ,
երկաթից է իմ կմախքը,
արտաքինից ամբողջովին
պայթյունների լարերով եմ ցանցապատված,
իսկ իմ ներսում հրաբխային տապ է ու տոթ:
Սակայն եթե զովություն ես ուզում ինձնից,
սառույց կտամ քեզ մի կտոր:
Շատ բաներ եմ ես հասկանում
բայց հազիվ թե, թեկուզ ինչ – որ մի բան գիտեմ:
Իսկ քեզ համար մեկ չէ՞ միթե:

2
Իմ խորքերում բոցն է ծաղկում,
սակայն ոչ թե հրանունկի – հրաբխի՛ պես:
Տառապանքը քար է տեղում
ու կրակ է թափում իմ մեջ – ածուխ, մոխիր,
մուր ու փոշի, ու շիկացած լավա – իմ մեջ:
Խիճն է սողում շրջապտույտ,
դողդողում է գրանիտը,
մայրցամաքներն են երերում
ու լեռներն են փլվում այնտեղ:
Դուք չե՞ք լսում միթե, մարդիկ:
Աստված, մի՞թե դու չես լսում:
Իմ խորքերում բոցն է ծաղկում:

3
Խավարում իմ դեմքն է լալիս…
Սակայն գիտեմ, գրանիտ եմ,
հարթ եմ թեպետ, բայց և այնպես ամուր եմ ես,
ինձ կատաղի հեղեղներն են հղկել – կոկել:
Եվ իմ հոգին, տես, ժպտում է տարօրինակ:

4
Վշտերն իմ մութ սլանում են ու խառնվում
վիրաժներին գլխապտույտ ուրախության,
որ չի տեսնում ոչ ոք սակայն:
Ու ես գիտեմ, իմ նետը մութ
կմխրճվի արեգակի ծոցում լուսե,
սև կայծակն է ինչպես մեխվում
լի օրվա տաք ճաճանչներում,
և ծնվում են հետո մռայլ մանուկները
թեթևաքաշ:

5
Ես գայթեցի,
ընկա մի օր ու մարդ դարձա:
Ինչպե՜ս էի փախչում, Աստված:
Առնետի պես:
Դա իր անունն ունի, հարկավ,
դա գոյության պայքարն է հենց,
սակայն, ըստ իս, կոչվում է վախ:
Եվ վազում եմ ես վերստին,
որոնում եմ հենց այն տեղը,
որտեղ ընկա,
որ չգայթեմ նորից կյանքում:

6
Իմ մոլությունն ու ցասումն են
ծաղիկները…
Դաշտն ընկել է երեսն ի վեր,
հողը դժվար է բարձրանում:
Արյունաքամ արեգակն է փռվել հողին,
նա անշտապ սկսում է իր գործն անել:
Մոլությունն իմ
իր միջանցիկ քամու մեջ է
առնում մարգը պագշոտության:
Ցնծությամբ եմ ես ընդունում ամեն մի գիրկ:
Վայրենի եմ ես սանձարձակ:

7
Ամենապինդ
ատամնավոր փոխանցումն եմ
ըմբոստության:
Չեմ վախենում կյանքի անզոր,
մետաքսի պես հեզ ծաղկի հետ
իմ շփումի ճռնչոցից:
Ատում եմ ես արեգակը,
լուսինը, քեզ և ամեն ինչ:
Եվ սիրում եմ իմ հոգու մեջ՝
թախիծն անափ,
մթագնումը գիտակցության,
հուսալքումն իմ սրտի մեջ:

8
Իմ այս թլվատ քերթվածներում
հորինում եմ ոչ թե հանգեր,
այլ ճշտապես մարդու մարմին:
Ամեն մարմին միս է, արյուն,
ուր երակներ, կռճիկներ կան ու կան նյարդեր:
Գեղեցիկ է մարդու մարմինն ամբողջապես,
բայց մասնատել փորձեք դուք այն,
և կդառնա նա զզվելի:
Իսկ ես ընդմիշտ բզկտված եմ կտորների,
որոնց, ավաղ, սոսնձելու հնար չկա:

9
Պոկոտեցին մագիլները հպարտ արծվի
և ասացին. «Կաղի՜ն տեսեք»:
Եվ փշրեցին կտուցն արծվի
և ասացին. «Բռնիր որսդ, պոռնկորդի»:
Եվ հանեցին աչքերը սուր
և ասացին նրան. «Նայիր»:
Եվ ջարդեցին թևերը զույգ
և ասացին նրան. «Թռիր»:
Ապա խեղճին դրին վանդակ
և ասացին. «Ինչ լավն է նա»:
Իսկ արծիվը արծիվ է միշտ,
երբ դիակ է մինչև անգամ:
Պոկիր նրա մագիլները,
փշրիր նրա կտուցը կեռ,
ջարդիր նրա թևերը զույգ,
հանիր նրա աչքերը սուր,
փակիր նրան թեկուզ հազար վանդակներում,
այդ ամենը արծվային
դժվար ու մեծ ճակատագրի մասն է կազմում,
այդ ամենը օդն է նրա
դժվար ու մեծ թևածումի:

10
Դեն նետեցի ասպետական զենք ու զրահ,
քանի որ ես չեմ մարտնչում՝
պայքարում եմ,
վայրենու պես
հարվածներ եմ տեղում անկարգ ու անկանոն
կեղտում կորած բռունցքներով:
Եվ շատերը դրա համար
չեն ցանկանում ինձ ճանաչել արդարացի,
բայց երգում եմ ինքնամոռաց
և առայժմ պայքարում եմ:

11
Իմ մեղեդին
ոչ դայլայլ է փայլուն տավղի,
ոչ թախիծ է մելամաղձոտ, հեգ ջութակի,
ոչ էլ լալկան, ղունղունացող
հոբոյի զուսպ քրքջոց է,
այլ սոսկալի ու խելահեղ սուլոց է նա
ընդարմացած շրթունքների:
Ու ես գիտեմ, որ շարժվում են
իմ սուլոցից յուրաքանչուր
ժամանակի մերկ ոտքերի մատներն ամեն:

*

ՏՈԼՍՏՈՅ

Այս մարգարեի դեմքն ակոսատված
խաղասպարեզ է բազում կրքերի,
մոլությունների, թողությունների:

Դու գիտեիր, որ ճորտն է հորինել
երգն ազատության:

Գիտեիր նաև, որ աստվածային
մոխրափոշի է այս բուսահողը,
գիտեիր նաև, որ քեզ է կանչում
երգը գութանի, աղոթքը մանկան,
և խիզախ հոգու մոլեգին ճիչը:

*
ԵՐԵԽԱ Է ԿՈՐԵԼ

Ամենից վատ բանն, իմ կյանքը վկա,
այն է, երբ այնքան գնում ես հեռու,
որ շուռ ես գալիս ու մտաբերում,
որ, ախր, ո՞ւր է, երեխան չկա:
Դառնում ես ճամփից,
դեսուդեն նետվում, և սակայն իզուր,
ու երբ երազում
հայտնվում է քեզ նա որպես տեսիլ,
դու մղձավանջից ճչում ես հանկարծ
ու վեր ես թռչում գիշերվա կեսին,
սակայն երեխան կորել է, չկա:
Եվ այդ երեխան հենց դու ես, որ կաս:

*
ԴԱՐՊԱՍՆԵՐԸ

Հավերժության դարպասները
խարխուլ ու հին –
այս տրորված ու փոշեպատ,
որոմների դաշտի եզրին:
Աշորայի անափ մի ծով,
հատ – հատ կապույտ տերեփուկներ,
և լազուրում մենակ մի ամպ,
որ հալվելով դանդաղորեն
լող է տալիս դեպի հեռուն:
Օ՜, ոչ ոքի ավելի բան
հարկավոր չէ այս աշխարհում:



















Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի

Комментариев нет:

Отправить комментарий