Որոնել

среда, 16 января 2019 г.

Աուստրա Սկուինյա. «Ինչպես բոլորը»․ բանաստեղծություններ

Աուստրա Սկուինյա (1909-1932 Լատվիա)






















Ինչպես բոլորը,
ինչպես ոչ ոք՝
լացի մեջ ես մերկ եմ ծնվել։
Ես ծնվել եմ մերկ՝
կաթի մեջ,
ես կաթ եմ եղել
մերկության շուրթին։
Պճնամոլ կանայք
զգեստների տակ թաքցրել են
իրենց հրեշավոր սիրտը,
ես՝ բաց եմ եղել հրեշների դեմ,
ես խղճացել եմ սատանաներին․
ինչպես բոլորը,
ինչպես ոչ ոք՝
մեղքի սերմի մեջ 
ես երազել եմ
ազատությունը
կաթոտ 
մերկության․․․

*
Աշունը կգա միամտությամբ սիրահար կնոջ,
անձրևների մեջ կխեղդվի օրը։
Մրսող ծղրիդները կթափվեն վարսերիցս,
դու՝ չես գա։
Կյանքի մեջ կփնտրեմ հենց կյանք,
կարտասվեմ դատարկված Ռիգան,
տանից փախչելիս հետ կվերադառնամ՝
ճռռացող պարանից հավաքելու լվացքը,
համոզվելու, որ ինձ չեն սպասում․․․

*
Քամին, 
որ հաբուրում է մերկ կուրծքս
ու հետո ննջում ծակոտիներում մաշկիս՝
ինձ զգույշ պատմում է,
որ դու ամեն օր
քո հոգու դաշտից
կարմիր կակաչներ ես տանում կնոջն այն,
ով ամեն գիշեր 
մերկացնում է կուրծքն իր
մահճում ուրիշի․․․

*
Ամեն ինչ ավարտված է։
Փշրված։
Անհեթեթ։
Ծիծաղելի։
ԱՆԴԱՐՁ։
Հանում եմ ծաղկավոր զգեստս 
ու նետում ջրերի մեջ
ողբացող գետի։
Լեզուս թաթախում եմ 
աղաջրի մեջ արցունքի
ու կտրում մազերը
ողնաշարիս ձգվող աստղերի։
Ինչ տխուր է՝
դու այդպես էլ չսիրեցիր 
իմ մերկության առավոտը,
ինչ տխուր է՝
ես այլևս չեմ հավատա
արժանի շարունակությանը քո սերմի։













Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий