Որոնել

четверг, 3 января 2019 г.

Անահիտ Մխիթարյան. «Արևածագը գոգնոց է կապել»․ բանաստեղծություններ

Անահիտ Մխիթարյան (1981)























Աստղերը
փոքրիկ առավոտներ են,
նույն առավոտն է,
Հոբ Երանելի,
ես Աստծո տունն եմ
մաքրում ամեն օր
և լռությունն եմ
սիրում ավելի...


*

Լեռները
քնած պատուհաններ են,
Արմաղանից են
ջրերը ծնվում,
թե
պիտի ապրեմ
ես գլխաշորով'
ինձ խաչեք այնտեղ,
ուր ձյուն է մաղում...


*


Եվ լուսաբացը
գնում է հեռու ,
և
լուսաբացը
դառնում է գունեղ,
հեռավոր երկրի
ճամփորդի նման
ընդարմանում են
ոտքերս այստեղ...


Ես հաց եմ տալիս
որբ թռչուններին,
արարչական է
ամեն ինչ,
ձյունեղ,
ես հավատում եմ
որբ հեռուներին,
ես հավատում եմ
ջրերին անմեղ...


*
Արևածագը
գոգնոց է կապել,
քամին
լեռներին
եղեգն է փչում,
ես
ձյունն ու ջուրը
խառնել եմ
իրար
ու
գյուղ եմ գնում...
ես
հաց եմ տանում
որբ
թռչուններին.
մի
չբեր
կին է
ինձ որդեգրում...

*
Նախօրե

Ես առավոտը
քնքուշ
կարծեցի...
և ինձ կարծեցի
այնպես կարևոր...
ավերումներից
ես չմահացա:
վաղը կսրբեմ
ժամանակները
հայելիներից,
ներկայությունս
կփնտրեն
այնտեղ,
ուր
ստվեր կա
մի քիչ...
ձյուն կխմորեմ...
կապույտ
հաշտությամբ.
վաղը
տուն
կգաս:

*

Ձմեռնամուտ

Ես
նարցիսները ջնջեցի
ջրից,
բայց...
չանմահացա,-
օգնիր'
մոլորվեմ,
արևագալ է,
իջնեմ լեռներին,
իմ վերադարձը
ձյունը կկարդա...

*
Հետերազներ են
գծերը տանում,
հետաղմուկները մարում են
քիչ-քիչ...
կնոջ աչքերը ուղևորներ են,
որ մրսում են
միշտ...
ես ջերմությունն եմ չափում
բառերի.
լռություն է
ճիշտ...

*
Իմ երկրի նման
անձյուն եմ հիմա,
իմ երկրի նման ես գորշ եմ հագել...
փակ են դռները առավոտների,
հետգրություն են ծառերը
ասես...
ես ակնկոր եմ
այս լույսի առաջ,
այն ձյունի առաջ
ու այն նարինջի...
ձյու'ն իմ,կներես...

*
Հետլռություն է...
մենք հեռանում ենք,
մենք հեռանում ենք լուսաբացներից,
տարածությունը մեր մեջ է
շրջվել,
մենք վրիպում ենք ...
իրար հասնելիս,
հետխնամքով ենք բառերը
ընտրում.
մենք հետնորդներ ենք...
վերադառնալիս:

*
Գուցե
մայրանար քնքշանքը
վերջին...
քանի մանուկ էր ծնվում
այդ գիշեր.
ինձանից այն կողմ
ծննդատունն էր...
չկարողացա
առավոտների դռները
բացել...

*
Մեր քսան մատների օծումն ավարտվեց...
սրբերի նման նայում ենք իրար
և վախենում ենք աչքերը թարթել...
Մեծ լռությունը երկինք է դառնում։
Նավակատիք է,
մոմերը վառենք...

*
Անձրևը անցավ...
Ես տեսա ամառ,
ես տեսա գարուն,
ես տեսա աշուն...
իմ մատնեմատին...
Անմեղությունս
լեռանն եմ պատմում։
Քամի է ձյունի...

*
Ուղևորները
ճերմակ են հագել,
Ես սրթսրթում եմ
նոր մաղող ձյունից,
Մի ճնճղուկ ինձնից
փշրանք է փնտրում...
Ես ո'չ տուն ունեմ,
ո'չ էլ ՝ հայրենիք...
Տերողորմյա է
գնացքը քաշում,
Տեր ողորմյա է
հնչում գնացքից,
Ես վախենում եմ
աչքերս բացել.
Ո՞վ կողորմի
հաջորդ կանգառից...

*
Ուշ գիշեր է ցուրտ։
Ես գնացքում եմ...
Որբ թռչունները
լցվում են իմ մեջ,
Գծերից վերև
խազեր եմ քաշում,
Եվ բազմանում են
ձայները իմ մեջ...
Նույն շարականն եմ
լսում ես հեռվից,
Բանալիներ են
խազերը իմ մեջ...
Ինձ արգելել են
գրել ճերմակին,
զի նոյեմբեր է.
գծեր են...
ու վերջ։

*
Ութոտնուկներ են ճայերը դառնում,
Ես փաթաթվում եմ ջրիմուռներով,
Իմ նշտարաձև փոքրիկ կոնքերին
Գրում են ոտքով...
Նշտար ես դառնում,աշուն իմ դեղին,
Այս ինչ ես գրում ութոտնուկներով...
Ես հարս եմ թողել քո ակունքներին՝
Ոսկե ձկնիկի ձկնկիթներով...


Комментариев нет:

Отправить комментарий