Որոնել

воскресенье, 20 января 2019 г.

Հովհաննես Ղազարյան․ բանաստեղծություններ

Հովհաննես Ղազարյան (1951)






















Քեզ


Ու չգիտես- իմ մեջ ի՜նչ ամպրոպներ մեռան,
Ի՜նչ մրրիկներ ընկան թևատարած,
Ես նման եմ, կարծես, հավերժաբար սառած
Գագաթներին անհաս ու խռոված:

Ես նման եմ հիմա մի խոլ սառցադաշտի,
Ուր ծաղիկներ չկան ու կարկաչներ նազուկ,
Ուր բուքեր են տնքում անկարեկիր վշտի
Եվ ուր թոքախտավոր քամիներ են հազում:
Ես նման եմ հիմա սիրուդ ապարանքում
Անհուսաբար հածող վտարանդի որբի,
Ինչո՞ւ խորտակեցիր առասպելս մաքուր,
Հեքիաթներս սիրուդ... կախարդանքի...

*
Իրիկնային ռոմանս


Երեկոն տաք էր քո կարոտի պես
Եվ ջինջ էր Աստծո խղճի հանգունակ,
Մանուշակաթույր անդորրում վսեմ
Ղողանջում էին կակաչներ զանգակ:

Լուրթ էր երեկոն քո աչքերի պես
Եվ հայացքիդ պես զով ու ներսուզող,
Եվ եթերային փերիներն ամպե
Անուրջներ էին օրորում նազուկ:
Եվ շուրջն ամեն ինչ լցվել էր հույզով,
Դարձել քո սիրով արբեցած տավիղ,
Ու ես, որպես մի փխրուն երազող
Թափառում էի փետրե ճամփեքիդ:
Աննյութ էի ես: Չկայիր և դո՜ւ,
Չկար աշխարհում ոչինչ իրական,
Լոկ երեկոն էր մեր տեղը մատնում
Անրջանքների պագշոտ մերկությամբ:
Իմ երազանքը կատարվե՞ց, թե՞ չէ,
(Գոց են շուրթերը մեղանչումներիս),
Իսկ ինձ մնում է... ցմահ ամաչել
Աղետյալ սիրուս... առնչումներից:
Իսկ ինձ մնում է կառչել կայմերիդ,
Որպես աննահանջ հույսի առագաստ,
Ավելի լավ է՝ տրվել հողմերին,
Քան լինել դավին անտեղյակ... գրաստ...
Պարզապես՝ տաք էր երեկոն այնպես,
Պարզապես՝ սերդ նման էր աստղի,
Որ ինձ առել էր լուսե թևերին
Ու փողփողում էր հրճվանքից... ցավի...

*
Առեղծված

Պատկերացրու՝ Լուսին ու գիշեր,
Եվ ձյուներ, ձյուներ, ձյուներ անբասիր,
Եվ ձյուների մեջ կրակներ աշխետ
Եվ Հարդագողի խրխինջներ անծիր:
Պատկերացրու՝ քեզ լուսնի ներքո-
Մերկ ու մեղավոր, մեղավոր ու մերկ,
Լուսնաշողերի ծփանքները զով
Թող, որ մեղքերիդ քավություն բերեն:
Բայց աննման է գիշերն այս պահին,
Ուր ամենից շատ դո՜ւ ես աննման,
Լուսնաշողերը աղոթքի տավիղ
Եվ արցունքներ են հոգեմաքրման:
Դու մի՛ հարցրու, թե ի՜նչ պատահեց
Սիրո փորձության մեր ճանապարհին,
Մի՛ հիշիր ոչ մի արհավիրք ու վերք,
Որ իմ մեջ ցավի բուրգեր հնարեն:
Ես քեզ սիրում եմ մեղքիդ… վեհությամբ
Եվ զղջումներիդ լռությամբ վայրի,
Դու ինձ «պատվել» ես դավաճանությամբ,
Ուստի, խնդրում եմ, մեղքերս… ների՜ր…
Ներել հանդգնիր, որ քեզ չունեցա
Հավատարմության անհույս պայմանով,
Սերը մնում է անպատիժ… հանցանք,
Եվ չկա ոչինչ… սերը սահմանող…

*
Լուսնի բրոնզե լույսով ողողվել
Ու ծփում էին դաշտերը խարտյաշ,
Կրքոտ գիշերը իսպառ ցնորվել
Եվ խունկ էր բուրում, քրքում ու խաշխաշ:
Ու ես սուզվեցի օրերի հեռուն,
Ուր մերկությունն էր քո... անկարելի,
Ուր շուրջն ամեն ինչ քեզնով էր եռում՝
Բռնկված ցոլք ու դողով կրծքերիդ...
...Հիմա մենակ եմ այս սարսուռներում,
Մենակ- բվի պես... անվերծանելի,
Եվ մի վիրավոր ալեբախություն
Տնքում է իմ մեջ ալիք առ ալիք...

*
Տաղ Եղերական

Իմ ցավի մասին խոսել չեմ ուզում,
Չեմ սիրում ցավս մատնել ուրիշին,
Զի մինչև վերջ է նա ինձ ներսուզում,
Խորտակում անդարձ խորշում հաշիշի:
Ո՞վ է իմ ցավը հիշել երբևէ-
Տարիների մեջ իմ եղերական,
Իմն է իմ վիշտը և ինձ ներեցեք,
Որ չեմ ցանկանում վերքիս... մոտենաք:
Վայելք է ցավի մտերմությունը
Մենության մեգում անխնկարկելի,
Եվ սոսկալի է անտիրությունը
Երբ սուգը շա՜տ է անփարատելի...

*
Խելացնոր իրիկունը մանուշակ էր բուրում
Եվ քաղաքը կամաց- կամաց ներփակվում էր իր մեջ,
-Այս ի՞նչ բան է, շան աղջիկը ինձ այս ո՞ւր է հրում
Բրոնզամորթ լեվանտուհու ձգողությամբ թեթև։
Անփութորեն քամուն տված կյանքս ափսոսում էր,
Ափսոսում էր անվերադարձ կարոտներիս ցավով,
Վխտում էին այս ու այնտեղ ինչ-որ սրիկաներ
Եվ ձանձրալի պարկեշտությամբ դեղձանիկներ անթով։
Իսկ նա ծփում- փողփողում էր լուսաբացի շուքով
Եվ ծանակում անսեթևեթ ազատությամբ անսանձ,
Թվում էր, թե կախարդանքը ինձ կսպանի շուտով,
Թվում էր, թե ես զրկվում եմ իմ կշռույթից իսպառ։
Թվում էր, թե անգոյության ամայության միջով
Ես սահում եմ երանության պատրանքներում տխմար,
Նա մերթ ցոլում, մերթ կորչում էր փաթիլի պես հալչող,
Թվում էր, թե նա՛ է վատնել կյանքն իմ անգթաբար։
Բայց ես, կարծես, համաձայն եմ փլուզմանը կյանքիս-
Հանուն հենց այս լեվանտուհու հմայությանն անգութ,
Հանուն նրա անմատչելի կրակների կրքի,
Հանուն սրտիս տրոհմանը վագրախանդով լեցուն…

*
Քաղաքի աշունը ինձ քեզ մոտ է կանչում,
Բայց դատարկ է քո տեղն… ամեն տեղ,
Այս ինչքա՜ն տխուր է աշունն ինձ առնչում
Հեռավոր օրերին ագաթե:
Կարծես, թե եկվոր եմ հարազատ քաղաքում,
Մի տեսակ օտար է ամեն բան,
Մենակ եմ քո հուշի ու ցավիս արանքում
Հանգչում է կարոտս արնաքամ:
Ուր որ է կմթնի, մրսում է աշունը,
Մրսում է քաղաքը, մի տեսակ անընկեր,
Կիսամերկ ծառերը աղեխարշ խշշում են,
Ի՜նչ որբ է ամեն ինչ առանց քեզ:
Չգիտեմ, այլևս քեզ որտե՜ղ որոնեմ,
Մի տեսակ հոգնած եմ, մի տեսակ փշրված,
Ինչ-որ ձայն կանչում է,- մո՛տ արի, ես քոնն եմ,
Իսկ շուրջս լալիս են տերևները դեղնած:
Իսկ շուրջս պատրանքը դառնում է սոսկալի,
Մի տեսակ դատարկ է քո տեղը… ամեն տեղ,
Անցնում են իմ կողքով սիրուններն աշխարհի-
Մի տեսակ անողոք, մի տեսակ անտարբեր…


Комментариев нет:

Отправить комментарий