Որոնել

среда, 9 января 2019 г.

Ջամիլա Նիշատ․«Քնքշանքների թիթեռ» գրքից

Ջամիլա Նիշատ (1955 Հնդկաստան)

















աշխարհի 
ամեն անկյունում 
սպանված կին կա
աշխարհի
ոչ մի անկյունում
չկա մահապատիժ
հիշողության 
համար

*

թախիծները
թրթռում են
պորտալարին
երկնքի
որ կապում է
իմ ու քո
երակը
ալիքով 
քամու

*
անունդ կթողնեմ
ուշացած լուսաբացի այտին
իբրև համբույր
ու կգնամ լվացվելու
երջանկության կաթով
ու կտանեմ կրակված սավանը
բերանբաց աստղերին
որ ամեն անգամ ցած են նետվում
կամուրջներից երկնքի
երբ բախտը թակում է դուռս

*
ես չգիտեմ
ինչ գույն ունի
դաղձ հավաքող կնոջ թախիծը
ես չգիտեմ 
ով է դաղձ դարձրել
թախիծը նրա
և թիթեռների երգը լռեցրել
ջարդված ողերում

*
եթե գաս
սարի ծաղիկները
աղավնիներ կուղարկեն
տանս շեմին

եթե գաս
ես կհանեմ 
փշե վերարկուս
ու կհագնեմ 
լռությունը լուսնի

եթե գաս
ես կհավատամ
քնքշանքների թիթեռի
հարությանը
ու կցանեմ 
ալ կակաչների դաշտեր
մարգագետնում
պարանոցիս

եթե գաս
աշխարհում կավարտվի
ևս մի արյունոտ
ու անհեթեթ 
պատերազմ






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

1 комментарий: