Որոնել

воскресенье, 1 июля 2018 г.

Պոլ Էլյուար. Սիրահարված կինը

Պոլ Էլյուար (1895-1952 Ֆրանսիա)















Նա կանգնած է թարթիչների վրա,
Եվ նրա մազերը՝ մազերիս մեջ են:
Նա տեսքն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա կլանված է ստվերիս մեջ
Ինչպես մի քար՝ երկնքի վրա: 

Բաց են նրա աչքերը անդադար
Եվ թույլ չեն տալիս ինձ քնել:
Նրա երազները, վառ լույսերի մեջ
Գոլորշիացնում են արեգակներ,
Ստիպում են ինձ ծիծաղել,
Լացել և ծիծաղել
Եվ խոսել առանց ասելիքի:

Բացօթյա
Գետը, դողացող ձեռքերով
Իջնում էր անձրևի տակ
Ելարանը մշուշի:
Դու դուրս եկար բոլորովին մերկ,
Ալաբաստր դողահար,
Ներկված բոցով առավոտվա:
Մի գանձ՝ որ պահպանում են գազաններ հսկա,
Որոնք թաքցրել են արևը իրենց թևերի տակ
Քեզ համար:
Գազաններ՝ որոնց մենք ճանաչում ենք, բայց չենք տեսնում:
Մեր գիշերների պատերից անդին,
Մեր համբույրների հորիզոններից անդին
Բորենիների ծիծաղը վարակիչ
Կրծում է ծեր ոսկորները
Մենակյաց էակների:
Մենք խաղացինք արևի հետ, անձրևի հետ, ծովերի հետ,
Ունենալու համար միայն մի արև, մի երկինք, մի ծով:
Մե՛րը:

Մի նոր գիշերվա առթիվ
Կին, որի հետ ես ապրում եմ,
Կին, որի հետ ես ապրում եմ,
Կին, որի հետ ես կապրեմ.
Դու միշտ նույնն ես:

Քեզ պետք է կարմիր մի թիկնոց,
Կարմիր ձեռնոցներ, մի կարմիր դիմակ
Եվ սև գուլպաներ:
Պատրվակներ, չքմեղանքներ,
Քեզ բոլորովին մերկ ցույց տալու համար.
Մաքուր մերկությամբ,- օ՜հ, պաճույն պարուճաճված
Ստինքներ…

Օ՜հ, իմ սիրտ:
Թարգմանությունը՝ Զ. Միրզայանի

***











Ծղոտ

Ցորենին փաթաթված ծղոտ,
Կրակին փաթաթված ծուխ,
Ցավին փաթաթված ծիղճ:

Կնոջը, որը կրկնում է իմ բառերը,
Կին՝ հարություն առած մեն մի համբույրից:
Նա ծիծաղելի էր անչափ ու դրա համար էլ
Դարձավ կատարյալ մի կին,
Ու իբրև կին՝ նա զարդարվեց գույներով
Անկայուն ու նուրբ այս աշխարհի,
Գաղջ ու մեղմիկ այս աշխարհի:

Դյուրափոփոխ ու հավաք,
Գերված, անհավատարիմ ու թեթևամիտ,
Հարություն առած մեն մի համբույրից,
Եվ համբույրը շռայլող այդ կնոջ
Խորունկ աչքերի ներքո՝
Մի ժպիտ՝ ծնված մեն մի համբույրից:

Եվ սեր՝ անձրևին միաձույլ,
Չափազանց լավ եղանակի հետ միասին,
Եվ սեր՝ գիշերվան միաձույլ,
Ամենահպարտ ներկաների հետ՝ ներկա,
Ամենահեռու բացակաների հետ՝ առկա:

Ոչ մի բան ողջամտություն չէր ներարկում նրան,
Ու կինը ապրում էր սոսկ հավատալով
Հավիտենական ջահելությանը:

Թարգմանությունը՝ Ս. Գասպարյանի

Ալֆոնս Դոդե. Կորնել պապի գաղտնիքը

Ալֆոնս Դոդե (1840-1897 Նիմ, Փարիզ)

I

Ծերունի սրնգահար Ֆրանսուա Մամայը երբեմն երեկոյան գալիս էր ինձ մոտ՝ միասին մի-մի բաժակ հին գինի խմելու:
Մի անգամ նստած էինք գինին առաջներս, երբ այդ ծեր սրնգահարը մի այսպիսի պատմություն արավ:
Մեր երկիրը միշտ այսպես տխուր ու մեռած չի եղել, ինչպես հիմա: Առաջ նա ալյուրի մեծ առևտուր էր անում: Յոթ մղոն հեռվից ագարակատերերը հացահատիկ էին բերում աղալու: Մեր գյուղի շուրջը բոլոր բլուրների վրա հողմաղացներ կային: Աջ և ձախ միայն երևում էին թևերը: Նրանց շարժում էր Միջերկրական ծովից փչող քամին: Էշերը շարեշար, բեռնավորված գալիս էին ու գալիս: Շաբաթվա 6 օր լսվում էին օդում մտրակների շաչյունը և հողմաղացներում աշխատող բանվորների ձայները: Բայց ամենից աշխույժ աշխատում էր Կորնել պապի հողմաղացը:
Կիրակի օրերը մենք խմբերով ուղևորվում էինք բլուրները: Այնտեղ հողմաղացպանները մեզ հյուրասիրում էին գինի: Նրանց կանայք շատ լավ հագնված էին, ոսկե շղթաները վզներից կախ: Ես տանում էի հետս սրինգս և ամբողջ գիշերն ածում էի, նրանք էլ պար էին գալիս:
Եվ այսպես, հողմաղացները կենդանացնում և ուրախացնում էին մեր երկիրը: Եվ ահա փարիզեցի ֆրանսիացիները Տարասկոնի ճանապարհի վրա, դեպի մեր գյուղի կողմը, կառուցեցին մի մեծ շոգեաղաց:
Գեղեցիկ էր: Նոր էր: մարդիկ սկսեցին իրենց բնաղունը կրել այդ շոգեաղացը. նա և՛ արագ էր աշխատում, և՛ էժան. էլ խեղճ հողմաղացները մնացին բոլորովին անգործ: Այդ ծերուկ հողմաղացներն ուզեցին սկզբում կռվել նորի դեմ, բայց շոգին ավելի ուժեղ էր, և նրանք բոլորն էլ մնացին պարապ, առանց աշխատանքի:
Էշերի շարքերն այլևս չէին երևում մեր ճանապարհների վրա: Հողմաղացպանների գեղեցիկ կանայք ծախեցին իրենց ոսկե շղթաները: Անհետացավ քաղցր, հոտավետ գինին: Չկար այլևս խաղն ու պարը: Ինչքան ուզում է թող փչի ծովի քամին, հողմաղացներն այլևս իրենց թևերը չէին շարժում: Եվ ահա որոշեցին հողմաղացները մեջտեղից վերացնել: Նրանց տեղը խաղող և ձիթենի տնկեցին: Միայն մի հողմաղաց մնաց բարձր բլուրի գլխին և շարունակեց առաջվա պես կայտառ և աշխույժ շարժել իր թևերը՝ բանի տեղ չդնելով շոգեաղացը: Դա Կորնել պապի հողմաղացն էր:
Ծերուկ սրնգահարը լռեց և դատարկեց գինու բաժակը:

II

- Կորնելը,- շարունակեց սրնգահարը,- ջաղացպան էր: Նա ապրեց 60 տարի ալյուրի տոպրակների մեջ և շատ էր սիրում իր հողմահացը ու իր գործը: Շոգեաղացը հասցրեց նրան կատաղություն: Մի ամբողջ շաբաթ գյուղն ընկած՝ նա անդադար վազվզում էր դես-դեն, անլվա, գզգզված, աշխատում էր գյուղացիների միտքը պղտորել: Նա գոռում-գոչում էր, թե շոգեաղացները թունավորում են ալյուրը:
- Միք գնա այնտեղ,- աղաչում էր նա,- այնտեղ խաբեբա փարիզեցիք աղունն աղում են շոգու միջոցով. իսկ շոգին դևի հնարած բանն է: Հավատացե՛ք ծերուկ Կորնելին, որ դա այդպես է: Ամբողջ 60 տարի է, որ ես աշխատում եմ քամու օգնությամբ. իսկ ի՞նչ է քամի: Քամին աստծու շունչն է:
Եվ այդպես, երկար ու երկար նա գովում էր իր հողմաղացը, բայց նրան լսող ոչ ոք չկար: Այն ժամանակ սաստիկ կատաղած՝ ծերուկը փակվեց իր հողմաղացում և ապրում էր այնտեղ, ինչպես մի վայրի գազան, բոլորովին մենակ, մեն-մենակ: Նա մինչև անգամ հեռացրեց իրենից իր սիրելի թոռնիկ Իվետային: Ո՞վ էր Իվետան: Նա 15 տարեկան մի աղջիկ էր, որը հոր և մոր մահից հետո ոչինչ չուներ, բացի իր Կորնիլոս պապից: Պապն էր, որ նրան կերակրեց, խնամեց և այդ հասակին հասցրեց: Հիմա  այդ աղջիկը գյուղում գլուխ է պահում՝ սրա-նրա տանն աշխատելով: Հնձի եռուն ժամանակ, շերամի բոժոժը և ձիթապտուղը հավաքելիս նա միշտ էլ աշխատանք է ունենում:
Է՛, ի՞նչ, Կորնելը մոռացե՞լ է իր մեցրած թոռնիկին: Ո՛չ. նա հիմա էլ սաստիկ սիրում է Իվետային: Հաճախ, շոգ օրերին, արևի կիզիչ ճառագայթների տակ երեք-չորս մղոն ճանապարհ էր կտրում, որպեսզի գտնի Իվետային, նստի նրա հետ բաց դաշտում: Երբ Իվետան մոտն էր լինում, Կորնելը նստում էր ու լալիս էր:
Միայն թե իր մոտ՝ հողմաղացը գալու, թույլ չէր տալիս: Համագյուղացիները հաճախ խոսում էին իրար մեջ Կորնելի և նրա թոռնիկի մասին: Ծերունուն հայհոյում էին, ու ասում, թե նա ժլատությունից էր, որ վռնդեց Իվետային:
- Լսված բան է,- դատում էին նրանք,- որ այդպիսի մի հարգելի մարդ, ինչպիսին Կորնելն է, փողոցները չափչփի բոբիկ, հագին ցնցոտի, ծակծկված գլխարկով:

III

Կորնելն զգում էր, թե ինչ են ասում նրանց ծուռ հայացքները և երբեք, ոչ մի ժամանակ, համագյուղացիների հետ չէր նստում նստարանին: Ոչ ոք այլևս գյուղից աղուն չէր բերում Կորնել պապի մոտ: Թվում էր, թե նրա հողմաղացը վաղուց կանգնած պետք է լիներ: Այնինչ նա դեռևս համառ կերպով շարժում էր իր թևերը, անդադար շարժում:
- Ի՞նչ է աղում Կորնել պապին,- հարցնում էին համագյուղացիները:
Երեկոները տեսնում էին, թե ինչպես ծերունին իր բեռնավորված իշուկն առաջն արած քշում էր:
- Բարի իրիկուն, Կորնել պապի,- կանչում էին գյուղացիները: - Քո հողմաղացը կասես դեռ աշխատում է:
- Հա, քիչ-միչ,- ուրախ պատասխանում էր ծերունին,- աշխատանք կա:
Գյուղացիները զարմացած հարցնում էին:
- Ախր ո՞ւմ աղունն ես աղում: Չէ՞ որ մենք բոլորս աղունը տանում ենք շոգեաղաց:
Ծերունին մատը դնում էր շրթունքներին և լուրջ պատասխանում.
- Գրողը տանի, իմ հողմաղացն աշխատում է ոչ թե ձեզ համար, այլ ուրիշի գյուղերի համար:
Էլ ուրիշ ոչինչ չէր կարելի դուրս քաշել նրանից: Դռնից ներս նայել չէր լինում՝ տեսնելու, թե ի՛նչ է կատարվում հողմաղացում: Մինչև անգամ Իվետան էլ չգիտեր: Հողմաղացի փոքրիկ դռնակը միշտ փակ էր: Ահագին թևերը ճռճռալով պտտվում էին: Զառամյալ էշը հողմաղացի առաջ արածում էր, իսկ մեծ, լղարիկ կատուն նստած էր հողմաղացի լուսամուտում և չարացած նայում էր անցորդներին: Ինչպես երևում էր, Կորնել պապը մի գաղտնիք ուներ:
Ամեն մեկն իր գուշակությունն էր անում այն մասին, թե ինչ է կատարվում Կորնել պապի հողմաղացի ներսում: Սրանք բոլորն էլ այն կարծիքին էին, որ Կորնել պապի հողմաղացում փողի տոպրակներն ալյուրի տոպրակներից ավելի շատ են: Ահա թե ինչու այդ ժլատ ծերուկը փախչում է մարդկանցից և հողմաղացի դուռն էլ միշտ փակ է պահում:


IV

Ահա թե ինչպես վերջապես բացվեց Կորնել պապի գաղտնիքը: Մի անգամ, երբ ես սրինգս էի ածում, իսկ ջահելները պարում էին մարգագետնում, նկատեցի, որ իմ մեծ որդին ամբողջ ժամանակ պարում է Իվետայի հետ: Նույն իրիկունը նրանք պատմեցին ինձ, որ իրար սիրում են և ուզում են ամուսնանալ:
Ճիշտն ասած, ես գոհ մնացի, որովհետև, այսպես թե այնպես, Կորնել պապը հարգելի մարդ էր, Իվետան էլ լավ և աշխատող աղջիկ էր: Ինձ համար շատ դուրեկան կլիներ, որ այն գեղեցիկ, թռչնակ Իվետան իմ տան տնտեսուհին դառնար: Պետք էր այդ մասին խոսել Կորնել պապի հետ: Ես մտածեցի, մտածեցի և բռնեցի հողմաղացի ճամփան: Ա՜խ, այդ ծեր կախարդը: Պետք էր տեսնել, թե ինչպես նա ինձ դիմավորեց: Նա այդ անգամ էլ ինձ ներս չթողեց: Ես նրան ձայն տվի փականքի արանքից և հայտնեցի, թե ինչու եմ եկել: Քանի դեռ կանգնած էի դռան առաջ, անիծված կատուն դևի նման ֆշշացնում էր գլխիս վերևը: Ծերուկը մինչև անգամ թույլ չտվեց ասելիքս վերջացնեմ:
- Գնա՛, սրինգդ ածի,- բղավեց նա: Եթե այդքան շտապ է տղայիդ ամուսնացնելը, քեզ հարսնացու ճարի այնտեղ՝ շոգեաղացում:
Արյունը գլուխս տվեց, երբ ես լսեցի նրա այդ վատ խոսքը: Բայց ես զսպեցի ինձ: Ես թողի հեռացա  ծերուկից և գնացի պատմելու երեխաներին անհաջողությանս մասին: Բայց երեխաները հույսը չկտրեցին: Նրանք վճռեցին մի կերպ ներս մտնել պապի հողմաղացը: Եվ ահա իմ սիրելի ջահելներն ուղևորվեցին դեպի բլուր: Երբ նրանք մոտենում են հողմաղացին, Կորնել պապն այնտեղ չի լինում: Դուռը փակված է եղել երկու կողպեքով: Ծերունին գնալիս՝ մոռացել էր վերցնել շարժական սանդուղքը:
Երեխաները սանդուղքով վեր են բարձրանում, որ լուսամուտից ներս մտնեն և տեսնեն, թե այդ խորհրդավոր հողմաղացում ի՛նչ է կատարվում:

V

Տեսնե՜ն, ի՛նչ տեսնեն: Աղացող քարերը չեն շարժվում: Ո՛չ մի տոպրակ: Ո՛չ մի հացահատիկ: Ալյուրը փոշու ո՛չ մի հետք ո՛չ ալրատանը և ո՛չ պատերի վրա: Մինչև անգամ նոր աղացած ցորնահոտն էլ չի գալիս: Փայտե անիվը փոշու մեջ կորած և վրան լղար կատուն պառկած: Մյուս սենյակն էլ մերկ էր ու ավեր: Մահճակալը վատ, հատակի վրա ցնցոտիներ, հացի փշրանքներ: Միայն մի անկյունում ընկած են երեք չորս լեցուն տոպրակներ: Ի՞նչ կա նրանց մեջ ալյուր, թե հացահատիկ: Երեխաները նայում տեսնում են, որ վերևի տոպրակի ծակից մանր քարեր և ավազ է թափվում: Ահա Կորնել պապի գաղտնիքը: Այդ ավազը, աղբը նա ամեն իրիկուն տանում էր ճանապարհներով, որպեսզի ազատի, փրկի իր հողմաղացի պատիվը, և ուրիշներին մտածել տա, որ ինքը իսկական հացահատիկ է հողմաղաց տանում աղալու: Խե՜ղճ հողմաղաց: Խե՜ղճ Կորնել պապ: Վաղուց արդեն շոգեաղացը խլել էր նրանցից վերջին աշխատանքը: Թևերը շարժվում էին, բայց քարերը պտտվում էին դատարկ տեղը, անաղուն: Երեխաները լացակումած վերադարձան տուն, հայտնեցին ինձ, թե ինչ են տեսել հողմաղացում: Իմ սիրտն էլ ճմլվեց, երբ լսեցի այդ ամենը: Իսկույն, րոպե անգամ չկորցնելով, ես վազեցի հարևաններիս մոտ և մի երկու խոսքով պատմեցի բանի էությունը: Մենք որոշեցինք մխիթարել խելքը կորցրած ծերուկին:
Արինք, արինք: Ամբողջ գյուղը շտկվեց դեպի հողմաղացը՝ առաջն արած էշերի շարանը: Այս անգամ հացահատիկ տարանք: Հողմաղացի դուռը կրնկի վրա բաց գտանք: Ծերուկ ջաղացպանը տանն էր: Նա նստած էր աղբով տոպրակի վրա և լալիս էր՝ գլուխը ծնկներին սեղմած: Քիչ առաջ էր նա տուն եկել և նկատել էր, որ մեկը եղել է իր մոտ և բացել է իր գաղտնիքը:
- Ամո՛թ է, ամո՛թ է ինձ,- փնթփնթում էր նա: - Էլ ինչպե՞ս ես երևամ մարդկանց աչքին: Լավ է, որ ես այդտեղ մեռնեմ: Իմ խղճո՜ւկ հողմաղաց: Ժողովուրդը քեզ էլ, ինձ էլ կծաղրի:
Նա հեկեկում էր, տալով իր հողմաղացին զանազան փաղաքշական անուններ, խոսում էր նրա հետ, ինչպես մի կենդանի արարածի հետ: Հենց այդ ժամանակ մեր էշերի քարավանը կանգ առավ հողմաղացի առաջ, և մենք բարձրաձայն դուրս կանչեցինք ծերունի ջրաղացպանին այնպես, ինչպես կանչում էինք հին ժամանակը, երբ շոգեաղացներ դեռ չկային:

VI

Եվ ահա կրկին, ինչպես հնումն, աղունի տոպրակները դեզ են կազմում Կորնել պապի դռանը, և նա իր աչքով տեսնում է ոսկեգույն հացահատիկը: Ծերուկ ջաղացպանն աչքերը լայն բացեց, մի բուռ ցորեն վերցրեց և ծիծաղեց.
- Ա՛յ, ա՛յս է հացահատիկը, իսկական հացահատիկը: թողեք մի լավ տեսնեմ:
Հետո նա հանգստացավ, երեսը դարձրեց դեպի դուռը և ասավ.
- Ես լավ գիտեի, որ դուք էլի ինձ մոտ եք գալու: Բոլոր շոգեաղացների տերերը գողեր և ավազակներ են:
Մենք խնդրեցինք Կորնել պապին, որ մեզ հետ գյուղ գա, բայց նա մերժելով ասաց.
- Ո՛չ, ո՛չ, զավակներս, առաջ պետք է հողմաղացը կերակրեմ: Դուք լավ գիտեք, որ նրա ատամի տակ վաղուց է հատիկ չի ընկել:
Մեզ բոլորիս, համարյա թե լացացրեց: Լացակումած նայում էինք, թե ինչպես Կորնել պապը այս կողմ, այն կողմ, աջ ու ձախ էր ընկնում, բանում էր տոպրակների բերանները, հետևում էր քարերին հենց այն ժամանակ, երբ հացահատիկը վերևից կաթկթում էր քարերի տակ, և շարմաղ ալյուրի փոշին նստում պատերին՝ հասնելով մինչև առաստաղը: Այդ օրից սկսած մենք Կորնել պապի հողմաղացին աշխատանք էինք տալիս: Ահա մի առավոտ էլ Կորնել պապին մեռած գտանք: Նրա միշտ համառ հողմաղացի թևերը վերջապես դադար առան աշխատելուց և այս անգամ արդեն ընդմիշտ:

Ամեն բան աշխարհում իր վերջ ունի: Եվ պետք է ասել, որ հողմաղացների ժամանակն էլ անցել է և երբեք այլևս ետ չի դառնա:




Պոլ Կլոդել. Բանականությունը և ջուրը. հատվածներ

Պոլ Կլոդել (1868-1955 Փարիզ, Ֆրանսիա)
















Ողջո՜ւյն, ուրեմն, օ՜ աշխարհ, նոր՝ իմ աչքերին, օ՜ աշխարհ այլևս ամբողջական:
Օ՜, տեսանելի և անտես իրերի հավատք կատարյալ, քեզ ընդունում է սիրտն իմ կաթոլիկ:
Որ կողմ շրջում եմ դեմքս.
Անհուն ութօրյան եմ դիտում Արարչագործության:
Աշխարհն է բացվում, և թզաչափ լայնքով հայացքս հատում է այն ծայրեիծայր:
Ես կշռել եմ արևը, ինչպես երկու տղամարդ ուսերի միջև գցած մահակից խոյն են կախ տալիս:
Եվ քննել եմ ես բանակը Երկնից ու գրանցել եմ
Մեծ Կերպարներից, որոնք հակվել են ծեր Օվկիանոսին,
Մինչ ամենախոր անդունդի կլլած կրակն հազվագյուտ,
Ինչպես կապտաժեռ Խաղաղականում կետորսանավը, ասես սպիտակ մի աղվափետուր հասկավորվում է հսկա-դելֆինի շատրվանն ի վեր:
Բռնված եք Դուք, և ես աշխարհի մի ծագից մյուսը ձգել եմ Ձեր շուրջ
Հիմա ուռկանը իմ հիշողության:
Ինչպես մեղեդին, որ վերցնում է պղնձյա փողերն,
Ապա փայտյաներն ու հետզհետե նվաճում խորքը նվագախմբի,
Ինչպես ժայթքումներն արեգակնային
Արձագանքվում են երկրի վրա տագնապով ջրի, անհանգստությամբ մակընթացության,
Ինչպես հրեշտակն ամենահզոր, որ տեսնում է քեզ մինչև ճամփի սալն ու քո արարման մի ծայրից մյուսը,
Այն ընդհատվում է ոչ ավելի, քան հոգին՝ մարմնում:
Սերովբեների խռովքն անքնին բազմապատկվում է նոր օրենքներում Բանականության,
Եվ ահավասիկ, քամին՝ Հնձվորը և Սերմնացանը, որ Երկրի շուրջ պտույտի ելավ:
Եվ այսպես ջուրը շարունակում է Բանականությանն, աջակցում նրան և սնուցանում
Եվ քո
Բոլոր արարածների միջև՝ մինչև դու, առկա է որպես հեղուկ մի կապ:
***
Եվ ահա նորից՝ մի տարուց ի վեր,
Ինչպես սերմնացան Ամբակումին Հրեշտակը տարավ Դանիելի մոտ, մինչ սերմնացանը չէր էլ արձակել զամբյուղը վզից,
Աստծո բանականությունն ինձ հափշտակեց հանկարծ պատի ստվերից, և ահավասիկ ես այս երկրում եմ անծանոթ:
Ո՞ւր է այլևս քամին, ո՞ւր է ծովը, ո՞ւր է ճանապարհը, որ հասցրեց ինձ այստեղ:
Ո՞ւր են մարդիկ. չկա շուրջը ոչինչ, բացի երկնքից մշտապես ջինջ: Ո՞ւր է փոթորիկը հնօրյա:
Պատրաստ է ունկս, և չկա ոչինչ, բացի այս ծառից, որ դողդղում է:
Ես ունկնդրում եմ, և շուրջը՝ ոչինչ, բացի տերևից այս համառ:
Ես գիտեմ. պայքարը վերջացավ: Ես գիտեմ. հողմը հանդարտվեց:
Կար անցյալը դեռ, և այն էլ չկա: Զգում եմ երեսիս մի պաղ շունչ:
Ահա ներկայությունը նորեն, մենությունը սարսափելի, և հանկարծահայտ շունչը իմ դեմքին:
Իմ ամբողջ հույսը գոյությունն է իմ, և ես տեսնում եմ, որ չի խուսափի փրկությունս ինձնից:
Նա, ով ծանոթ է ազատագրմանն, հեգնում է այժմ բոլոր կապերը, և ով կիմանա ծիծաղը, որ նա իր սրտում ունի:
Նա նայում է իրերին ու ծիծաղում:
Տե՜ր դուրեկան է մեզ համար վայրն այս, որ ես չեմ շրջի մարդկանց հայացքին:
Աստվա՛ծ իմ, պատսպարի՛ր ինձ մարդկանց աչքերից, որ ես չտեսնեմ ոչ մի ծանոթ դեմք,
Եվ ինչպես աստղին հավիտենական՝
Առկայծումը իր, ինձ էլ կմնա ձայնը մեն միակ:
Բարբառը ողջամիտ և խոսքն արտաբերված և ձայնը, որ բանականություն է և ջուր:
Եղբայ՛ր, ես չեմ տա այլևս քեզ իմ սիրտը, որտեղ նյութն իսպառ կապանք չէ արդեն, որտեղ հորդում է խոսքը խիստ փխրուն,
Որը ես ինքս եմ՝ հավիտենական մտածողությամբ:
Անսա՛ ինձ, մանո՛ւկ, և խոնարհվի՛ր ինձ, և կշնորհեմ քեզ հոգիս այնժամ:
Այնքան աղմուկ կա երկրի վրա, մինչ սիրեկանը ծվատված սրտով ծառի վերևում լսում է մենակ հանելուկային տերևի դողը:
Ուրեմն ո՞րն է մարդկային բոլոր ձայների միջից այն մեկը, որը ոչ բարձր է, ոչ ցածր:
Եվ ինչո՞ւ ես այն լոկ դու ունկնդրում: Քանզի մեն-միայն հլուն է կրում չափն աստվածային:
Ու քանզի ինքն էլ չափն է միևնույն,
Չափը սրբազան, ազատ, զորեղ և արարչագործ:
Ա՛հ, ես զգում եմ բանականությունը, որը չի դադարում ջրերի վրա սավառնելուց:
Ամեն ինչն, իմ եղբա՛յր, ինչպես և ինքդ,
Գոյություն ունի մի անասելի համամասնությամբ, և ստույգ թիվը անսահմանորեն բաժանելի է ջրերի վրա: Անսա՛, իմ մանուկ և մի փակիր բնավ քո սիրտը իմ դեմ և ընդունի՛ր
Հորդումը բանական ձայնի, որով ազատ են ջուրը և բանականությունը, որով
Մեկնըված ու դատապարտված են կապերը բոլոր:
Այն բոլորովին դաս չէ ուսուցչի, ոչ էլ առաջադրանք տնային,
Այն կերակուր է անտեսանելի, այն չափն է, որ վեր է խոսքերից բոլոր,
Այն հոգին է, որ հոգիդ է ստանում, և ամեն բան քեզնով դառնում է լուսավոր:
Ահավասիկ այն՝ իմ տան շեմին, Բանը՝ մի աղջիկ հավիտենական:
Բաց արա դուռը և Տիրոջ Իմաստությունը քո առաջ է որպես թագուհի օծյալ:
Օ՜ բարեկամ, ես ոչ կին եմ, ոչ՝ տղամարդ, ես սերն եմ, որ վեր է բոլոր խոսքերից:
Ես ողջունում եմ քեզ եղբա՛յր իմ սիրելի,

Մի՛ հպվիր ինձ բնավ, մի փնտրիր ափս ձեռքսեղման համար:















Թարգմանությունը՝ Վ. Մարտիրոսյանի

Արամ Պաչյան. Վենեցիա. հպանցիկ սևեռումներ

Արամ Պաչյան (1983)























Նեղ անձնական մի գաղտնիք, որ կոչվում է Ծով: Գնացքը քայլում է ալիքներին, ինչպես հավերժը սուրող թափանցիկություն, պատուհանի պատնեշը հալչում է զմրուխտյա բիբի տամկությունից, ուր ծածանվում է անարյուն ջրալքերի վերջին նստավայր Ադրիատիկը: Մոտենում ենք Վենետիկին փրկչի ոտնաթաթերի փափկուն մեղմությամբ, հրաշագործ մեռելաքայլերով` տրվելով կապտականաչ կոհակների տատանումներին. կոհակներ ալեծփիկ հուզումներով, ջրալքերի երազները մատնող չարաճճի նյարդիկներ, երազներում թրթռուն ժպտափոսիկների պես, նրանք գիտեն անշշունջություն-գաղտնիքներ քաղաքը և լռակյաց հիշողություններ` նահանջաբեկյալների հառաչների, վեսգոթերի որոտների, ալիքների փրփուրները ճեղքող նավացռուկների, աղային ճահճուտներում առաջին ոտնահետքերի մեջ լցվող գորշ ջրերի պատմությունից: Դու չես կարող երևակայել ոչինչ, մինչև ջրի հոտը չընկղմի խմորե մարմինդ, ներծծելով բաղադրությունը, երանգավորելով ժամանակը, ազատագրելով ներկայությունը` քաշից, հասակից, ջրհուզմունքից, շոշափելիության աղետից: Ծովը, բարուրի մեջ փաթաթված, առաջին անգամ երկնքին նայող երեխայի բիբ է, թարթիչների ստվերները` դեպ ծովակի սուրբ կղզիները սավառնող թռչուններ, ասես անպատնեշ արգանդում ծնված վաղամեռիկ պեծերի պես հեռացող ակնթարթներ: Պատուհանի ապակուց արտացոլվող աչքի մեջ լողում է մի ջրիմուռ` թվում է թևերը լայն բացած մի աղջիկ է, որի անկենդան մարմինը նրբորեն լիզում են պաղ կալյակները, երևի  պոկվել է Տորչելոյի ափերից ու անզոր դիմադրում է մակընթացությանը` անկշռությունը փարելով հարազատ ծովակի ջրերին: Ծովի հատակին մխրճված շեղաթեք գլուխներով ստվերագույն գերանացցերը` Վենետիկի քաջ դոժերի ուրվական-հենասյուները, աներեր սևեռումներով գնացքն ուղեկցում են Սանտա Լուչիա կայարան: 28 տարեկան քայլեր, երբ նույն տարիքում խարտյաշ մազերով մի տղա, որ հիմա երևակայում է մեռյալների կղզում, երազում էր լինել այստեղ ու, ատրճանակի փողը քունքին դնելով, վերջ տալ իր կյանքին` մահը նվիրելով Վենեցիայի աստվածների հավաքածուին, հիմա գնում են անկշիռ պայուսակներով, որոնց մեջ առևտուր անող հռչակավոր նախնյաց կերպասների, համեմունքների, վիշապագորգերի, նրբին ապարանջանների, շեհրիմանների փայլատ ադամանդների, «Մալվազիա» գրությամբ արկղերի մեջ շարված սպիտակ գինիների փոխարեն մի քանի ձեռք մաքուր սպիտակեղեն է, ոչ մի կերպ չհարմարվող Միլանում գրախանութից գնված` լավագույններով լի Մոնտալեի հաստափոր հատորը և մեռոն-գինու շիշը, որ գգվել է Անտաշի  կարծր մեջքին:
Մտնել քաղաք. մտնել, որպես մթնշաղին տարրալուծված, ջրանցքներն ու կամուրջները շոյող անցավ փափկություն, որպես մեռնող քաղաքի մահը չընդհատող լռություն` անտեսելով զբոսաշրջիկների ոտնակոխ հոսքը, նրանց ծաման բերաններից մերթընդմերթ սպրդող զզվելի արձակն ու քրտնաթոր արմունկների հպանքները: Խելագարների հայացքներով վազել բաց կապույտ գույնով ողողված կամրջի թևին, կանգնել կենտրոնում, հենվել արմունկների վրա ու նայել պալացոների պատերը մերսող Գրանդ կանալեի երակին, որտեղ լողում են փրփուրներ ցայտող վապորետոները և ճոճվում` կոռնոս քթիկներով սևափայլ գոնդոլները` աշխարհի ամենաանհանգիստ դագաղները: Առաջանալով հայտնվել վանդակավոր մի հրապարակում և դատապարտված զոհերի պես շրջափակվել առյուծներով: Հետևից` ծոծրակդ ու մեջքդ պատառոտող, դիմացից` բերանդ ու կոկորդդ մխրճվող, շենքերի ճակտոններին կպած ու սյուներին թառած առյուծագլուխներ, որոնց ակնախոռոչների և բաց երախների մեջ ասես երկնքից ստվերների եռման շիթեր են թափել: Կկոցել աչքերն ու դուրս պրծնել` վստահելով անճանաչելի, բայց հարազատ սալարկին, ժպտալով, ժպտալով, հանկարծ թռչկոտելով, հետո ժպտալով, ժպտալով, հանկարծ թռչկոտելով, որ դու պարզապես մի զբոսաշրջիկ չես, որ չես եկել տեսնելու ու հեռանալու, եկել ես սահելու ու հրավառվելու, ինչպես ոտքերիդ տակ, սալարկին կպչած ձկան բանաստեղծելու պատրաստ արծաթափայլ այս թեփուկը: Ճայերը փակել են երկնքի տարածությունը և թռչում են այնքան մոտ, որ թվում է՝ ուր որ է կկտցեն անցորդների մազերը` շփոթելով նրանց հրեշտակների հետ: Կալլեներով անցնելիս ձեռնափդ շոյում  է շենքերի աղյուսները, մատներիդ ծայրերը քսվում են մարմարների կոնքերին. մատներիդ բարձիկները զգում են ծեփից պոկված թաց ավազահատիկները.
Դու հալչում ես:
Ձեռքը  հիշողության շոշափելիքն է: Ձեռքն է միակը, որին երևակայությունը հասանելի է. հրաշքը` իրակ: Քո հիշողությունն ամբողջական մտապահում չունի. նա կառչում է  ամբողջականության մեջ շաղված այն հազարավոր թեփուկներից մեկին, որին շիզոիդ կպչունությամբ ընտրում է աչքը, և այդ սևեռումն ընձեռում է երևակայելու բացառիկ հնարավորություն: Այն, ինչ հիշում ես, չի դառնում ներկա, մինչև որ ձեռքը չի վերականգնում հազարավոր թեփուկներից մեկի պատմությունը: Ճակատդ հենել ես Մուրադ-Ռափայելյան վարժարանի հոսթելի սենյակի բաց պատուհանի ժանգապատ ճաղերին. ահա կտուրների կղմինդրե աղյուսները, տեղ-տեղ բորբոսի ցայտերով, մի քանիսը փշատի գույն ունեն` ծալքավոր մռութներով, գոգերին` պսակաձև սպիներ, ասես մանկական երկար ականջուկներով ձմեռային գլխարկիդ մակերեսին վառարանի տաք խողովակից դրոշմված այրվածքների հիշողություններ և մի քանի ծաղկաման կավե, փոսիկ-եռանկյունու մեջ, սպիտակ ծեփով պատված վառարանի ծխնելույզի հարևանությամբ, հեռու ջրի շփումից, արևի տաք շողերին մերկացող: Ելնում ես միջանցք, որովհետև երկփեղկ դռնակներով պատշգամբը, որ տեսել ես հպանցիկ, հանգիստ չի տալիս քեզ: Բացում ես դռնակները, կքվելով դուրս գալիս լուցկու տուփի չափ պատշգամբը: Միաձույլ գվվում է նավակների ու անցորդների հոսքը: Նայում ես: Շենքերի այտերի վարդագունատ փլփլվող ծեփերը դողդողում են ծառից պոկվող տերևների պես: Թվում է՝ ծեփերի հյուսվածքները դեռ պահպանում են վենետիկցիների թափված արյունները ու շառագունվում արևի փաղաքշանքներից: Փետրե շենքերը սոսափում են ինչպես հանգչող երազատեսիլքներ:
Խոտի պես ալիքվում է Վենետը:
Պատրաստվում ես քնելու, սավանով ծածկում ես մարմինդ, ավելի շուտ՝ մարմինդ ծածկվում է քաղցր, մի փոքր սրտխփոց առաջացնող, փտած ջրիմուռների ու ծովից սահող մառախուղի շերտով: Ասես ջրանցքի պատերից մեկի խոռոչներում թավ մամուռի մեջ պառկած ձկնիկ լինես: Իսկ քնել չի ստացվում: Սրում ես ականջներդ. գուցե Մուրադ-Ռափայելյանի դրախտե պարտեզում հենց հիմա շրջում են նրա հռչակավոր աշակերտ-բանաստեղծների հոգիներն ու շշուկով զրուցում սիրած աղջիկներին ռիալտոյից նրբին թևնոցներ նվիրելու մասին, որ նրանք զգան իրենց ահեղ սիրո և Վենեցիայի մեղմ ու խորը համբույր-դրոշմի հավետությունը: Ուզում ես ըմբռնել այն ծավի բառերի ծնունդը, համոզվելով, որ այստեղից ոչ ոք չի հեռանում, որ այստեղից հեռացողները հապճեպ մահանում են, որ վերադառնան: Թեկուզ քնի մեջ ընթացքը` հիշելու, դադար չունի: Վերադառնում ես անավարտ ձեր սահումներին:
Մթնում է խոնավ:
Գլխիկոր կանթեղ-լապտերիկներից օձուկ ջրանցքներին սփռված լույսի շառայլները գուժում են ահագնացող լռության սկիզբը: Ցուցափեղկերից ծվատող քթերով դիմակների սպառնալիքների ներքո անհետանում եք քաղաքի նրբանցքներում, խնամքով, մեկը մյուսի հետևից բարձրանալով ու իջնելով կամրջակները, գնում եք ջրանցքների եզրերով` փորձելով չանհանգստացնել քուն մտած հոգնաբեկ նավակներին: Հետուառաջ եք անում ջրի լպրծուն շերտի տակ հազիվ թափանցող մարմարյա աստիճաններին. կոշիկները թացվել են ուզում: Մտնում եք չգիտես ուր. մսեղ տերևներով ծառեր, շենքից շենք կապված լվացքի պարաններից կախ ճերմակ սավաններ,  մոխրե, առանց բիբերի մի հրեշտակ: Ետ եք դառնում. կալլեներ, հռոմեական տոգաների կնճիռներով քրիստոսներ, աղավնու մի փետրիկ, կամրջի տակ` կոհակների կատարներին լողափուքսի պես ցատկոտող խնձոր, ստվերների ստվերներ, առյուծների պոկված գլուխներ` ցավից այլանդակված երախներով. կամրջակ. անշարժանում ես կամրջակի վրա, հայացքդ հոսում է ջրանցքի լուռ հետագծով. հեռվում` կռթնած ստվերի տակ, կանթեղ-լապտերիկի լույսի մեջ, հանկարծ հանդիպում ես քնքուշ դիմագծերով քեզ նայող ուրիշ կամրջակի: 

Թմրել ես քնության մեջ:
Կալլեներից հառաչներ են լսվում: Մեղմ շրշում են լվացքի պարաններից կախված ճերմակ սավանները, ճողփյունում` ջրանցքներում կայանված գոնդոլների կամակոր քթիկները: Լույսով հրապուրված մոծակները զարնվում են կանթեղ-լապտերիկներին` զրնգում: Կղմինդրե աղյուսները կտկտում են չաղլիկ աղավնիների վետվետումներից: Լռությունը երևակայում է:
Կրկին ջրանցքի այն խնձորը. վերադառնում ես նրան. անհանգիստ ցատկոտում է ալիքների մեջ. կրծած բիբ. կարմրաթուշ կճեպով. ժպտում է. հենց կամրջի տակ: Խնձորը հայրիկը զգուշորեն հանել էր վառարանի փռից: Տաքությունից տռզել էր, կճեպը տեղ-տեղ պայթել, արանքներից դեղնասեղ պղպջակներ էին ցայտել: Խորոված խնձորը ընտիր համ ունի,- ասում էր նա,- հիմա կկիսվենք: Ուտում էինք հրաժեշտից առաջ: Կենացդ, մանչուկս, բարի ճանապարհ: Նուրբ շորերով կմտնես Վենետիկ: Միշտ լավ հագնվիր, նուրբ շորերը քեզ երևակայելու հնարավորություն կտան: Վենետիկի ազնվացեղ դոժերը գեղեցիկ էին հագնվում: Բաժակը վեր ցցելով ու խմելով՝ ասում էր հայրիկն ու կծում խնձորի շերտիկից: Իմ մեկնումի և իր առաջադրանքների ոգևորությունից ինքնամոռաց՝ նա շիկացած վառարանի մեջ անընդհատ փայտ էր ավելացնում` սալորի ծառից կտրտված չոր ճյուղեր և խաղողի մատեր: Լավ տաքացիր մինչ գնալդ: Հերթական շերտիկը դնելով ափսեիս մեջ, շարունակում էր հայրիկը: Կկանգնես Սան Մարկո հրապարակի մեջտեղում: Կայսր Բոնապարտը Սան Մարկո մտավ ձիով: Ցեխի ոչ մի կտոր չթռավ ձիու պայտերից: Ձին վարգում էր գետնից կտրված: Իսկ դու գիտե՞ս, որ Բայրոնը Սուրբ Ղազար կղզի շատ ժամանակ լողալով էր հասնում: Ինձ նման` Բայրոնը կենդանիներ էր սիրում: Սուրբ Ղազար կղզի լողալիս նրա ուսին նստում էր թութակը: Բայրոնը իր նոր բանաստեղծությունը լավ չէր հիշում, ու թութակը ճանապարհին մինչև Սուրբ Ղազար հասնելը նրա ականջին արտասանում էր` անընդհատ հիշեցնելով բանաստեղծությունը.
Լավ էլի Պա
Ծիծաղում էինք
Ծիծաղում
Ջրե քաղաքն իմ աչքերի միջով զրնգում է նրա շաղված խնձորակների երազներում: Լույսը բացվում է: Արևի տաք երակը թափանցել է պատուհանից ներս: Զգում ես երեսիդ խայտող կալյակների չարաճճի համբույրները: Քնաթաթախ գոնդոլները ճեմում են շրթունքներիդ ծալքերում, և հանկարծ եկեղեցիների զանգերն են Վենետիկի ղողանջում` լեզվակներից պոկված անտեսություն հոգիների պես. մարմնին ու գիտակցությանը տառապանքի չափ երջանկություն պարգևող թախիծներ. զարկեր` փափկավեհ հեռացումներով, որպես գեղեցկության հավիտենականությունը փաստող բյուրեղիկներ: