Որոնել

воскресенье, 7 октября 2018 г.

Արամ Պաչյան․ Actus Tragicus. էսսե

Արամ Պաչյան (1983)









Երիտասարդության միակ պատրանքը անմահությունն է, որն ավարտվում է պարտությամբ… և ուրեմն պարտությունը անմահության սկիզբն է: Պարտությունը չունի բարոյականություն և չունի հայրենիք, ինչպես` քաոսը համակարգ. այն ընդունում է երիտասարդությանը գրկաբաց` փաթաթելով նրան մենակության սառը սավանով: Մենք չունենք մտքեր, սոսկ զգացմունքների առկայծումներ, որոնք տեսանելի են միայն խավարին: Մենք չենք գալիս ավանդույթներից ու չենք գնում դեպի ավանդույթները. բնությունը չի կարող ավանդույթ ունենալ, ինչպես` Աստված չի կարող հայր ունենալ: Պարտությունը անմիտ է, բայց ոչ անզգա. ավելի լավ է երիտասարդ լինել, քան մարդ և ավելի բարոյական է պարտվել, քան հաղթել այս կյանքում, եթե այ կյանքը կա առհասարակ: Իսկ ո՞վ է զգացմունքից զուրկ միտքը, ողորմելի մի կմախք, որ հավետ պարտվում է քամուն: Հասուն ու հղկված միտք` կենսափորձով լեցուն, կենտրոն և երկհայացք` ուղղված անցյալին ու ապագային. ահա սա է հաղթանակի ծեծված թիրախը. պետք է մեկ անգամ դիպուկահարել թիրախը, այլ ոչ ողջ կյանքի ընթացքում լայնացնել նույն անցքը` կորցնելով խանդավառությունը:
Իսկ ներկա՞ն. արդյոք ներկան չի ձևավորում գեղեցկությունը, և ակնթարթը չի նույնանում հավերժությանը: Անցյալն ու ապագան սոսկ ներկայի թափոններն են, ուրեմն կենսափորձով բթացած կյանքը խաբնվում է ժամանակի սլացքին, իսկ ժամանակը երբեք չի իմաստացնում մարդուն, ընդհակառակը` տարիների ընթացքում քամում է նրա ողջ իմաստնությունը: Երիտասարդությունը ներկան է. մեր երակներով հոսում է Փրկչի արյունը, և նրա երազանքի խիզախությունը: Երեսուներեքամյա Հիսուսը փորձում է փրկել մարդկային հոգին, և այդ փորձը շրջում է պատմության ողջ ընթացքը: Փորձը գիտակցված էր ի ծնե որպես միտք, բայց ինչքան հույզ ու խիղճ կա ամփոփված այդ մտքի մեջ, ինչքան կամք ու մղում, որ պայթում է հանուն կյանքի շարունակության: Ես մտածում եմ նրա երիտասարդական ոգու մասին և ոգևորվում այդ պարտությամբ:
Մենք եկել ենք, և սա ճշմարտություն է. ուզում ենք փոխել անփոփոխ աշխարհը, չէ, ավելի ճիշտ, ՓՈՐՁՈւՄ ենք փոխել. մենք փորձում ենք պարտվել և պարտվում ենք, ոչ թե հաղթանակին, տիեզերքին կամ ոգուն, այլ պարտվում ենք ինքներս մեզ և պատասխանատու ենք միմիայն մեր ՓՈՐՁԻ առջև, ուստի գրականությունը ընտրել ենք որպես փորձի ճանապարհ` ընդունելով նրա անիմաստ իմաստնությունը: Գրականությունը մեզ համար տագնապ է և ալեկսիա**: Գեղեցկությանը հպվելու տենչանքը կուրացնում է լույսը. գրում ենք տաղանդավոր և անշնորք, սենտիմենտալ և պաթետիկ, ողբերգական և կծու հեգնանքով, և ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, չի կարող ընդդիմանալ, կանգնեցնել մեր ընթացքը: Այգում աճող նորատունկ ծառը անիծվելուց չի չորանում, արևի շողերը չեն գոլորշիացնում ծովը. պիտի կտրել ծառը, ցամաքեցնել ծովը լցվող բոլոր գետերը: Իսկ նրանք, ովքեր ջրում են երիտասարդության ծառը, թող չսպասեն երախտիքի. շնորհակալ լինելու ժամանակ չունենք. մենք տարված ենք փառքի փիլիսոփայությամբ ու մահվան գայթակղությամբ: Մահը մեր հավատարիմ ընկերն է, և ցանկացած պահի կյանքը ընդհատելու մեր գլխավոր խաղաթուղթը: Տարիների ընթացքում մարդը կորցնում է մահը զգալու կարողությունը, մահվան հետ երկխոսելու բացառիկ ունակությունը, և կյանքը գնալով գերակայում է մահվանը. երիտասարդությունը միակն է, ով խաղում է նրա հետ. կտրում է երակները, սրտապնդվում է` կախվելու համար, օրերով սովահար է լինում, խեղդում է գիտակցությունը թմրադեղերի մեջ, ժամերով նստում է բաց պատուհանի գոգին, ծխում է անպահանջ, խմում է, որ խմի. մահը սպասում է` տարված այս մանկական խաղով: Մահը մանուկ է:
Արթյուր Ռեմբոյին տանում են Վիկտոր Հյուգոյի մոտ. հանճարը կանգնած է տաղանդի դիմաց. դժվար է պատկերացնել զգացողությունները որոնք ապրել են այդ պահին գրողները: Իրականում Հյուգոյի համար հերթական հանդիպում, իսկ Ռեմբո՞ն, Ռեմբոյի համար ևս հերթական հանդիպում:
Երիտասարդությանը չեն սպասում. ցավոք երիտասարդությունից են միշտ սպասում` մի փոքր վախով, կասկածանքով, բերանները արհամարհանքով ծռմռելով, սպասում են նոր խոսքի, առանց հասկանալու, որ երիտասարդությունը ինքնին խոսք է: Սկզբում սպասում են լռությամբ (փոթորիկից առաջ միշտ էլ լռություն է), հետո, երբ փոթորիկը շրջանցում է տեղանքը, հաղթանակն իր հիշողության մեջ սղագրում է ևս մեկ պատմական պարտություն: Նրանք, ովքեր հրճվում են երիտասարդության պարտությամբ, դատապարտված են հաղթանակով: Իսկ մենք շարժվում ենք` անտեսելով պարտությունը. մեզ պետք է շարունակական պարտություն. կանգնած կյանքի զարկերակին մենք պարան ենք խաղում, թռչկոտելով աշխատում պահել ռիթմը. գնում ենք աշխատանքի, դուրս ենք գալիս, ու անվերջ նոր աշխատանք փնտրում, օրվա մեջ հանդիպում ենք չգիտես ում, չգիտես ինչի համար, ատում ենք միմյանց ու սիրում, հուսահատվում ենք միանգամից ու անակնկալ ոգևորվում, մոռանում ենք, որ չունենք անձնական կյանք, հայելուն համոզում ենք, որ գեղեցիկ ենք: Ունենք անթիվ գաղափարներ, որ այդպես էլ մնում են, որպես… անթիվ գաղափարներ, հարմար տեղ ենք փնտրում սեքսի համար, սիրահարվում ենք, ամուսնանում ու փոշմանում կամ` սիրահարվում ենք, ամուսնանում ու երջանկանում, ուզում ենք մեռնել, հետո ապրել, բայց մեռնելուց հետո ոչ ոք չի ապրում, իսկ ապրելուց հետո ոչ ոք չի մեռնում, ուզում ենք տառապել և ի ցույց դնել տառապանքը, մենք ապրում ենք, երբ ապրում ենք և գրում ենք, երբ գրում ենք, ի վերջո սա զգացմունքների մի պարահանդես է, որտեղ միտքը հրավիրված չէ, բայց համբերությամբ սերտում է ապագայի իր վալսը:
Գեղեցկությանը հասնելու համար պետք է գեղեցիկ լինել: Երիտասարդությունը գեղեցկություն է` վայրի փշաթփերով, որ տալիս է քիմքին անծանոթ թթվաշ պտուղներ. մարսում են քչերը: Հասուն պտուղները հյութեղ են, աչք շոյող, բայց միայն թթվաշ պտուղներն են ստիպում շարժվել ստամոքսահյութը:
Ես ատում եմ երիտասարդությունը միայն այն բանի համար, որ մի օր նա տրվելու է մտքին, կորցնելու է զգացմունքները և հոգու այդքան ցավոտ ու հաճելի մելամաղձությունը, չնայած, եթե ակնթարթը հավերժություն է, ուրեմն մենք ՓՈՐՁԵԼՈւ ենք ՓՈՐՁԵԼ առանց պատասխանատվության, առանց հեռուն տեսնելու` զգայուն, ինչպես ծառը և ազատ ինչպես թռչունը:
Բախն իր լավագույն կանտատներ գրել է երիտասարդ տարիքում: Նրա մատներն աղեղվում են ու կծկվում: Ահարկու ստվերը թրթռում է մոմի լույսի ներքո, կեղծամը ընկել է հատակին, ոտքերի մկանները ուր որ է կպայթեն, եկեղեցու պատերը դղրդում են երգեհոնի խելահեղ տեմպից. հանկարծ ամեն ինչ թաղվում է լռության մեջ. Բախի մատները քարանում են օդում ու հետո դանդաղ ու մեղմ հպվում ստեղներին. սկսվում է երիտասարդության ձայնը, որն այնքան մոտ է Աստծո ձայնին:

Հարուկի Մուրակամի․ Սառցե մարդը

Հարուկի Մուրակամի (1949 Կիոտո, Ճապոնիա)















Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Մենք ծանոթացել ենք մի հյուրանոցում` լեռնադահուկային հանգստավայրում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի նախասրահում էր, որը մարդաշատ էր` լի երիտասարդների բազմությամբ: Նա նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքով կլանված: Գրեթե կեսօր էր, սակայն թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը ամբողջովին պարուրել է նրան: «Տե՛ս, Սառցե մարդն է»,- շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող օգնել ինձ: Նա միայն գիտեր, որ գոյություն ուներ մեկը, ով կրում էր Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, պատրաստված է սառույցից»,- ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին էր:
Սառցե մարդը երիտասարդ էր, թեև նրա կոշտ, լարանման մազերի մեջ տեղ-տեղ կարելի էր նկատել կիսահալ ձյուն հիշեցնող ճերմակ մազափնջեր: Նա բարձրահասակ էր, սառած ժայռաբեկորներ հիշեցնող ցցված այտոսկրերով, մատները ծածկված էին երբեք չհալվող սառցաշերտով: Մնացած ոչնչով չէր տարբերվում սովորական մարդուց: Ճիշտ է` գեղեցիկ նրան չես համարի, թեև ոմանց, գուցե, նրա արտաքինը բավականին գրավիչ թվար: Նրա մեջ կար մի բան, որ ստիպում էր փշաքաղվել: Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառցալեզվակները ձմռան առավոտին. կյանքի միակ նշույլը` այդ ժամանակավոր մարմնում: Որոշ ժամանակ ես կանգնած էի նախասրահում` հեռվից հայացքս հառած Սառցե մարդու վրա: Նա կլանված էր գրքով, չէր շարժվում և գլուխն անգամ չէր բարձրացնում` ասես փորձելով համոզել ինքն իրեն, որ բոլորովին մենակ է:
Հաջորդ օրը` կեսօրին, նա նույն տեղում էր, գիրք էր կարդում: Երբ ես ճաշասենյակ գնացի ճաշելու, և երբ երեկոյան ընկերներիս հետ վերադարձա դահուկասահքից, նա նույն աթոռին նստած և դեմքի նույն արտահայտությամբ թերթում էր նույն գրքի էջերը: Նույնը կրկնվեց նաև հաջորդ օրը: Արևածագից արշալույս նա միայնության մեջ գիրք էր կարդում, հանգիստ, ինչպես ցուրտ ձմեռը` պատուհանից այն կողմ:
Չորրորդ օրվա կեսօրին ես, արդարացում հորինելով, չգնացի դահուկներով սահելու: Փոխարենը մնացի հյուրանոցում` թափառելով նախասրահում: Նախասրահը կարծես լքված քաղաք լիներ, քանի որ բոլորը գնացել էին սահելու: Օդը տհաճորեն տաք էր` լի տարօրինակ ծանր հոտով` ձյան հոտով, որ կպել էր մարդկանց կոշիկներին և աննկատ հալվել բուխարու դիմաց: Ես նայեցի պատուհաններից դուրս, թերթեցի ամսագրի էջերը: Ի վերջո, քաջություն հավաքեցի, մոտեցա Սառցե մարդուն և սկսեցի խոսել նրա հետ: Ես բավականին ամաչկոտ եմ և դժվար թե երբևէ խոսակցություն սկսեմ անծանոթ մեկի հետ: Սակայն այդ պահին, ինչ էլ լիներ, պիտի խոսեի Սառցե մարդու հետ: Սա իմ վերջին օրն էր հյուրանոցում, և եթե բաց թողնեի հնարավորությունը, հավանաբար, այլևս երբեք նրա հետ խոսելու առիթ չէր լինի:
«Դուք չե՞ք սահում դահուկներով»,- հարցրեցի ես` փորձելով հնարավորինս անտարբեր թվալ:
Սառցե մարդը դանդաղ բարձրացրեց գլուխն այնպես, կարծես զգուշորեն լսում էր հեռվից փչող քամու ձայնը: Նա մի ուշադիր հայացք նետեց ինձ վրա, ապա դանդաղ օրորեց գլուխը:
«Ոչ,- ասաց,- ինձ բավական է պարզապես ընթերցել և նայել դրսի ձյանը»: Նրա բառերը կախվեցին օդում սպիտակ ամպի տեսքով` մանգայի կոմիքսի երկխոսության նման: Ես բառացիորեն իմ աչքերով տեսա նրա բառերը: Նա մատների վրայից նրբորեն թափ տվեց սառույցը:
Ես չգիտեի` էլ ինչ ասել: Շիկնած մնացի անշարժ նույն տեղում: Սառցե մարդը նայեց աչքերիս մեջ և կարծես թեթևակի ժպտաց: Իսկապե՞ս ժպտաց: Գուցե պարզապես ինձ թվաց:
«Կցանկանա՞ք նստել,- ասաց նա: ” Գիտեմ, որ հետաքրքրվում եք ինձնով, այնպես որ` կարող ենք զրուցել: Ցանկանում եք իմանալ, թե ով է Սառցե մարդը, այո՞,- նա կրկին ժպտաց:- Ամեն ինչ կարգին է: Մի՛ վախեցեք. միայն ինձ հետ խոսելով չեք մրսի»:
Մենք նստեցինք բազմոցին` նախասրահի անկյունում` սկսելով անվճռականորեն զրուցել և հետևել պատուհանից այն կողմ պտտվող ձյան փաթիլներին: Ես տաք կակաո պատվիրեցի, իսկ Սառցե մարդը ոչինչ չցանկացավ: Ամաչկոտությամբ նա բոլորովին չէր զիջում ինձ: Ի լրումն այս ամենի` մենք խոսելու ընդհանուր ոչինչ չունեինք: Խոսեցինք եղանակի, ապա` հյուրանոցի մասին:
«Դուք մենա՞կ եք եկել այստեղ»,- ասացի ես:
«Այո: Ձեզ դո՞ւր է գալիս դահուկներով սահել»,- հարցրեց նա:
«Ոչ այնքան,- պատասխանեցի ես: ” Ընկերուհիներս են ինձ այստեղ բերել: Ես վատ եմ սահում»:
Ես շատ էի ցանկանում ավելին իմանալ Սառցե մարդու մասին. իսկապե՞ս նրա մարմինը սառույցից է պատրաստված, ի՞նչ է ուտում, որտե՞ղ է ապրում ամռանը, ընտանիք ունի՞ և նմանատիպ հարցեր: Դժբախտաբար, Սառցե մարդը բոլորովին չէր խոսում իր մասին, իսկ ես չէի համարձակվում ուղղել նրան այն հարցերը, որ պտտվում էին իմ գլխում: Կարելի էր ենթադրել, որ նա ցանկություն չուներ այդ մասին խոսելու:
Փոխարենը, նա խոսում էր իմ մասին: Դժվար է հավատալ, սակայն նա ամեն ինչ գիտեր իմ մասին՝ իմ ընտանիքի, տարիքի, հետաքրքրությունների, առողջական վիճակի, դպրոցի և ընկերների մասին: Նա ամեն ինչ գիտեր: Նույնիսկ այն բաները, որոնց մասին ինքս վաղուց մոռացել էի:
«Ոչինչ չեմ հասկանում,- շիկնելով ասացի ես: Ինձ ասես մերկացրել էին բոլորի աչքի առաջ: ” Որտեղի՞ց այսքան բան գիտեք իմ մասին: Դուք մտքե՞ր եք կարդում»:
«Ոչ,- պատասխանեց Սառցե մարդը,- մտքեր չեմ կարդում: Ես պարզապես գիտեմ այս ամենը: Ամեն ինչ պարզ է, ինչպես սառույցի խորության մեջ նայելիս: Երբ այսպես Ձեզ եմ նայում, ամեն ինչ պարզ է դառնում»:
«Իսկ տեսնո՞ւմ եք իմ ապագան»,- հարցրեցի ես:
«Ոչ,- պատասխանեց նա ոչինչ չասող հայացքով` ճոճելով գլուխը,- ապագան ինձ չի հետաքրքրում: Ինձ համար գոյություն չունի նման հասկացություն: Սառույցն ապագա չունի, միայն` հեռվում մնացած անցյալ: Նրա ներսում կարելի է տեսնել աշխարհի ցանկացած բան, այնքան պարզ ու հստակ, ասես այդ ամենը կենդանի է: Սառույցն, այդպիսով, կարող է պահպանել ցանկացած բան մաքուր և հստակ: Դա է սառույցի էությունը, նրա դերը»:
«Հիանալի է»,- պատասխանեցի ես ժպտալով: Ես թեթևություն զգացի, քանզի ցանկություն չունեի իմանալ իմ ապագան:
Մենք հանդիպեցինք մի քանի անգամ Տոկիո վերադառնալուց հետո, ի վերջո, սկսելով ժամադրվել ամեն շաբաթ-կիրակի: Մեր հանդիպումները սովորական ժամադրություններ չէին. մենք չէինք գնում կինոթատրոն կամ ժամանակ անցկացնում սրճարաններում: Նույնիսկ չէինք ընթրում միասին: Սառցե մարդը գրեթե ոչինչ չէր ուտում: Փոխարենը, կողք-կողքի նստում էինք այգում` նստարանին, և զրուցում: Մենք զրուցում էինք ամեն ինչի մասին, սակայն Սառցե մարդը երբեք չէր խոսում իր մասին: «Ինչո՞ւ,- մի անգամ հարցրեցի ես,- ինչո՞ւ երբեք չես խոսում քո մասին: Ուզում եմ քո մասին ավելին իմանալ. ե՞րբ ես ծնվել, ովքե՞ր են ծնողներդ, ինչպե՞ս ես դարձել Սառցե մարդ»:

Սառցե մարդը հայացքը հառեց վրաս, ապա դանդաղ օրորեց գլուխը: «Ես չեմ կարող տալ այս հարցրերի պատասխանները,- պատասխանեց նա հանդարտ ու վճռական` ծանր արտաշնչելով: «Ես անցյալ չունեմ: Ես միայն գիտեմ և պահպանում եմ մնացյալ ամեն ինչի անցյալը: Սակայն ինքս անցյալ չունեմ: Ես չգիտեմ` որտեղ եմ ծնվել, չգիտեմ` ինչպիսին են իմ ծնողները կամ ունեցե՞լ եմ արդյոք ծնողներ: Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ, կամ արդյո՞ք ես տարիք ունեմ»:
Սառցե մարդը միայնակ էր, ինչպես լողացող այսբերգը մթության մեջ:
Ես անկեղծորեն սիրահարվեցի նրան, իսկ նա սիրեց ինձ, հենց ինձ` անցյալից ու ապագայից դուրս: Իսկ ես սիրեցի Սառցե մարդուն այնպիսին, ինչպիսին նա կար` անցյալից ու ապագայից դուրս: Եվ դա հրաշալի էր: Մենք սկսեցինք մտածել ամուսնանալու մասին: Իմ քսան տարին նոր էր լրացել, և Սառցե մարդն առաջինն էր, ում երբևէ իսկապես սիրահարվել էի: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ էր նշանակում սիրել Սառցե մարդուն: Սակայն մի՞թե այդպես չէր լինի, եթե նույնիսկ Սառցե մարդու փոխարեն մեկ ուրիշին սիրահարված լինեի:
Մայրս և քույրս դեմ էին մեր ամուսնությանը: «Դու չափազանց երիտասարդ ես ամուսնության համար,- պնդում էին նրանք,- դու չգիտես` ում հետ ես ամուսնանում, չգիտես նույնիսկ` որտեղ և երբ է ծնվել նա: Ինչպե՞ս ենք դա բացատրելու մեր հարազատներին: Ավելին` չէ՞ որ նա Սառցե մարդն է. իսկ ի՞նչ կլինի, եթե նա հալվի: Դու չես հասկանում այս ամենը, սակայն ամուսնությունը որոշակի պարտականություններ է ենթադրում: Մի՞թե Սառցե մարդը կարող է իր վրա վերցնել այս պարտականությունները որպես ամուսին»:
Այնուամենայնիվ, նրանց մտավախություններն անհիմն էին: Սառցե մարդը պարզապես սառույցի պես սառն է, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է հալվել ջերմությունից: Նա սառն է, այո, սակայն նրա սառնությունը չի կարող խլել ուրիշի մարմնի ջերմությունը:
Այսպես մենք ամուսնացանք: Առանց որևէ մեկի օրհնության: Ոչ իմ ընկերները, ոչ հարազատները, ոչ ընտանիքի անդամները չուրախացան մեր ամուսնությամբ: Ամուսնացանք առանց հարսանեկան արարողության: Ամուսնությունը գրանցնելու համար Սառցե մարդը փաստաթղթեր չուներ, ուստի նույնիսկ քաղաքացիական արարողություն չունեցանք: Պարզապես երկուսով որոշեցինք, որ ամուսնացել ենք: Գնեցինք մի փոքրիկ տորթ և երկուսով կերանք այն: Ահա և մեր հանդիսավոր արարողությունը: Վարձակալեցինք մի փոքրիկ բնակարան, իսկ Սառցե մարդն աշխատանքի անցավ սառեցված մսի պահեստում: Ցուրտը, բնականաբար, նրան նեղություն չէր պատճառում, և նա չէր հոգնում` որքան էլ աշխատեր: Նա երբեք շատ չէր ուտում: Տնօրենը բարյացակամ վերաբերմունք ուներ նրա նկատմամբ և նրան մյուս աշխատակիցներից շատ էր վճարում: Մենք երկուսով հանգիստ կյանք էինք վարում` առանց անհանգստություն պատճառելու որևէ մեկին, մեզ նույնպես ոչ ոք չէր խանգարում:























Երբ մենք սիրով էինք զբաղվում, ես միշտ պատկերացնում էի միայնակ, լուռ սառցաբեկոր` հեռավոր ինչ-որ տեղում: Պինդ սառույց, ամենապինդ սառցաբեկորն աշխարհում: Սառցե մարդը պետք է որ իմանար դրա գտնվելու վայրը: Նա իր ողջ էությամբ փոխանցում էր սառցաբեկորի մասին հիշողությունը: Ես ինձ կորցնում էի նրա գրկում, սակայն աստիճանաբար սովորեցի սիրել նրա գրկախառնությունները: Նա շարունակում էր ոչինչ չասել իր մասին, ոչ էլ նույնիսկ այն մասին, թե ինչու էր դարձել Սառցե մարդ, ես նույնպես հարցեր չէի տալիս: Մենք պարզապես գրկախառնվում էինք մթության մեջ` կիսելով այդ անծայրածիր սառույցը, որի ներսում ամփոփված էր աշխարհի միլիոնավոր տարիների անցյալը:
Մեր ամուսնական կյանքը հարթ էր ընթանում: Մենք սիրում էինք իրար, մեզ ոչ ոք չէր խանգարում: Շրջապատի մարդկանց համար դժվար էր ընտելանալ Սառցե մարդուն, սակայն աստիճանաբար սկսեցին հաշտվել նրա գոյության հետ և նույնիսկ խոսել նրա հետ: Ի վերջո, եկան այն եզրակացության, որ Սառցե մարդն այնքան էլ չէր տարբերվում մյուսներից: Սակայն հոգու խորքում, իհարկե, ես գիտեի, որ նրանք չէին ընդունում նրա հետ իմ ամուսնությունը: Մենք տարբերվում էինք նրանցից, և մեզ նրանցից բաժանող անդունդը երբեք չէր վերանալու:
Երեխա ունենալ նույնպես չէր հաջողվում. թերևս, սովորական և սառցե մարդկանց գեների անհամապատասխանությունը դժվարացնում էր երեխաներ ունենալը: Ի վերջո, երեխայի բացակայության կամ մեկ այլ պատճառով ես աստիճանաբար սկսեցի ժամանակի ավելցուկ զգալ: Առավոտյան տնային գործերը վերջացնելուց հետո զբաղվելու որևէ բան չունեի: Չունեի ընկերներ, ում հետ կարող էի խոսել կամ ինչ-որ տեղ գնալ, հարևաններից նույնպես ոչ ոքի չէի ճանաչում: Մայրս և քույրս դեռևս բարկացած էին վրաս և հրաժարվում էին շփվել ինձ հետ: Ես ընտանիքի խայտառակությունն էի, և նրանք ամաչում էին ինձ համար: Չկար որևէ մեկը, ում հետ, թեկուզ հեռախոսով, կարող էի զրուցել: Մինչ Սառցե մարդն աշխատում էր պահեստում, ես տանը մենակ էի մնում, կարդում էի կամ երաժշտություն լսում: Չնայած նրան, որ ես տան մարդ էի և այնքան էլ դեմ չէի տանը մենակ մնալուն, այնուամենայնիվ, ես երիտասարդ էի և չէի կարող հաշտվել նման երկարատև միօրինակության հետ: Ձանձրույթն ու յուրաքանչյուր օրվա անփոփոխ կրկնությունը սկսեցին անհանգստացնել ինձ: Անփոփոխ առօրյայի մեջ ես պարզապես կրկնվող ստվեր էի:
Այսպես, մի օր ամուսնուս առաջարկեցի ուղևորության մեկնել`շեղվելու ամենօրյա ռեժիմից: «Ուղևորությո՞ւն,- հարցրեց Սառցե մարդը` աչքերը կկոցելով,- ինչո՞ւ ես ուզում գնալ ուղևորության: Մի՞թե մենք երջանիկ չենք միասին»: «Բանը դրանում չէ,- պատասխանեցի: ” Ես երջանիկ եմ: Մենք որևէ խնդիր չունենք: Պարզապես ձանձրանում եմ: Ուզում եմ գնալ հեռավոր մի տեղ, տեսնել բաներ, որ երբեք չեմ տեսել, նոր բաներ փորձել: Հասկանո՞ւմ ես` ինչ նկատի ունեմ: Եվ, բացի այդ, մենք մեղրամիս չենք ունեցել: Մենք բավական գումար ունենք, իսկ դու դեռ չես օգտագործել քո արձակուրդը: Հանգիստ կարող ենք վայելել այն»:
Սառցե մարդը խորը, սառը հոգոց հանեց, որ պարզորոշ բյուրեղացավ օդում, ապա իր երկար, սառցապատ ձեռքերը խաչեց ծնկների վրա:
«Լավ,- ասաց նա,- եթե այդքան շատ ես ուզում, ես դեմ չեմ: Ճիշտ է` իմ կարծիքով դա այնքան էլ լավ գաղափար չէ, սակայն ես ամեն ինչ կանեմ քեզ երջանկացնելու համար: Կգնանք ուր ուզում ես: Ես պահեստում շատ եմ աշխատել և ցանկության դեպքում կարող եմ արձակուրդ վերցնել: Պետք է որ խնդիր չլինի: Ի դեպ, ո՞ւր ես ցանկանում գնալ»:
«Ի՞նչ կասես, եթե գնանք Հարավային բևեռ»: Ես դիտմամբ ընտրեցի Հարավային բևեռը, քանի որ վստահ էի՝ Սառցե մարդը շահագրգռված կլինի գնալ այնտեղ: Բացի այդ, ես նույնպես վաղուց ցանկանում էի գնալ այնտեղ, տեսնել բևեռափայլը, պինգվիններին: Ես արդեն պատկերացնում էի ինձ գլխարկով ու վերարկուով` բևեռափայլի տակ պինգվինների հետ խաղալիս:
Սառցե մարդու աչքերն անթարթ նայում էին իմ աչքերի մեջ: Նրա հայացքը սուր սառցալեզվակի պես ծակում էր ուղեղս: Որոշ ժամանակ լռելուց հետո թրթռացող ձայնով նա ասաց. «Լավ: Եթե դու այդքան շատ ես ուզում գնալ Հարավային բևեռ, ապա կգնանք: Համոզվա՞ծ ես, որ հենց այնտեղ ես ուզում գնալ»:
Ես գլխով համաձայնության նշան տվեցի:
«Մի քանի շաբաթից ես կարող եմ երկար արձակուրդ վերցնել,- ասաց նա: ” Այդ ընթացքում դու կպատրաստվես ուղևորությանը: Համաձա՞յն ես»:
Ես չէի կարողանում պատասխանել: Նրա սառցե հայացքի ներքո կորցրել էի մտածելու կարողությունը:
Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի զղջալ, որ առաջարկել եմ ամուսնուս գնալ Հարավային բևեռ: Ինքս էլ չգիտեմ` ինչու: Ամեն դեպքում, այն օրվանից, երբ նա լսեց Հարավային բևեռի մասին, ինչ-որ բան փոխվեց: Նրա աչքերն ավելի ծակող ու սառը դարձան, քան երբևէ, շնչառությունը` ավելի պաղ, մատները ծածկող սառցաշերտը` ավելի հաստ: Նա ավելի հանդարտ ու ավելի համառ դարձավ, վերջնականապես դադարեց ուտել, ինչը չէր կարող չանհանգստացնել ինձ: Մեկնումից հինգ օր առաջ ես որոշեցի ինչ-որ բան անել: «Արի չգնանք Հարավային բևեռ,- ասացի,- այնտեղ պետք է որ շատ ցուրտ լինի. դա վտանգավոր է առողջության համար: Ավելի լավ է մեկ այլ տեղ ընտրենք` Եվրոպա կամ ցանկացած այլ տեղ: Կարող ենք Իսպանիա գնալ, գինի խմել, պաելյա ուտել, ցլամարտ դիտել»: Սակայն ամուսինս ինձ չէր լսում. նրա անթարթ հայացքն ուղղված էր դեպի հեռուներ: Իսկ որոշ ժամանակ անց շրջվեց դեպի ինձ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ այնպես, որ ինձ թվաց` նրա սուր հայացքի ներքո մարմինս սկսեց աստիճանաբար վերանալ: «Ոչ, ես չեմ ցանկանում Իսպանիա գնալ,- կտրուկ արտաբերեց նա,- Իսպանիան ինձ չի հետաքրքրում: Ցավում եմ, սակայն այնտեղ չափազանց շոգ ու փոշոտ է, ուտելիքն էլ շատ կծու է: Բացի այդ, ես արդեն գնել եմ Հարավային բևեռի տոմսերը, մորթյա վերարկու ու կոշիկներ` քեզ համար: Չենք կարող այդ ամենը ջուրը գցել: Այլևս ետդարձի ճանապարհ չկա»:
Անկեղծ ասած` դա ինձ վախեցրեց: Ես համոզված էի, որ եթե մենք գնայինք Հարավային բևեռ, ինչ-որ սարսափելի բան էր պատահելու մեզ: Ամեն գիշեր ես միևնույն սարսափելի մղձավանջն էի տեսնում. քայլում եմ ու ընկնում խորը փոսի մեջ և սառչում` աննկատ բոլորի աչքից: Սառույցների մեջ խրված` ես նայում եմ երկնքին: Գիտակցությունս տեղն է, սակայն անգամ մատս չեմ կարողանում շարժել: Սարսափելի զգացողություն է: Ամեն անցնող րոպեի հետ ես վերածվում եմ անցյալի: Ես ապագա չունեմ, միայն անցյալ: Բոլորի աչքերում ես այդպիսին եմ: Նրանք հետևում են` ինչպես եմ ես դանդաղ սահում ավելի ու ավելի հեռու:
Հետո ես արթանում եմ. Սառցե մարդը քնած է կողքիս: Քնած ժամանակ նա ոչ մի ձայն չի հանում. անշարժ պառկած է, կարծես մահացել ու արդեն սառել է: Ես սիրում եմ նրան: Անկախ ամեն ինչից: Ես արտասվում եմ: Արցունքներս հոսում են նրա այտերի վրայով: Նա արթնանում է և գրկում ինձ: Ես պատմում եմ նրան երազս: Մթության մեջ նա դանդաղ օրորում է գլուխը: «Երազները պատկանում են անցյալին, ոչ թե ապագային: Չպետք է թույլ տաս, որ դրանք կառավարեն քեզ. դո՛ւ պետք է դրանց կառավարես»:
«Ճիշտ ես…»,- ասում եմ ես` ինքս չհավատալով իմ խոսքերին:
Ի վերջո, ես ու ամուսինս նստեցինք Հարավային բևեռ տանող ինքնաթիռը: Ուղևորությունը չեղյալ համարելու համար չկարողացա որևէ պատճառ գտնել: Մեր ինքնաթիռի օդաչուներն ու ուղեկցորդուհիները ողջ թռիչքի ընթացքում գրեթե ոչ մի բառ չարտաբերեցին: Ես հույս ունեի թռիչքի ժամանակ վայելել տեսարանը, սակայն ամպերի խտության պատճառով ամեն ինչ անտեսանելի էր: Շատ շուտով պատուհանը ծածկվեց սառույցի հաստ շերտով: Ողջ ընթացքում ամուսինս հանգիստ գիրք էր ընթերցում: Ուղևորության միտքն ինձ ոչ ոգևորություն, ոչ էլ երջանկություն էր պատճառում: Ես պարզապես անում էի այն, ինչ պլանավորված էր:
Զառիվայրով իջնելով և ոտք դնելով Հարավային բևեռի հողի վրա` ես զգացի` ինչպես ամուսինս ցնցվեց ողջ մարմնով: Այս ամենը մի ակնթարթ տևեց. նրա դեմքի արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց, ուստի ոչ ոք ոչինչ չնկատեց: Սակայն իմ աչքից դա չէր կարող վրիպել: Ամուսնուս մարմնի ներսում ինչ-որ բան շատ արագ, բայց, միևնույն ժամանակ հանգիստ դողում էր: Ես նայեցի նրա դեմքին: Նա կանգնեց, նայեց երկնքին, ապա՝ իր ձեռքերին և խորը շունչ քաշեց: Հետո նայեց ինձ և ժպտաց:
«Այս վայրի մասին էիր երազում, այո՞»,- հարցրեց:
«Այո»,- պատասխանեցի ես:
Ես գիտեի, որ Հարավային բևեռը լքված վայր էր, սակայն իրականությունը շատ ավելի վատ էր, քան ես կարող էի պատկերացնել: Այնտեղ գրեթե բնակիչներ չկային: Ընդամենը մի անդեմ քաղաք էր` ոչ պակաս անդեմ հյուրանոցով: Հարավային բևեռը հեռու է զբոսաշրջության ուղղություն լինելուց: Այնտեղ նույնիսկ պինգվիններ չկան, ուր մնաց`բևեռափայլ: Երբեմն ես կանգնեցնում էի անցորդներին և հարցնում, թե որտեղ կարող էի տեսնել պինգվինների, սակայն նրանք միայն օրորում էին գլուխները: Նրանք չէին հասկանում ինձ, ուստի ես փորձում էի նրանց համար թղթի վրա մատիտով պինգվին նկարել, սակայն պատասխանը նույնն էր` լուռ թափահարում էին գլուխներն ու հեռանում: Ես միայնակ էի: Քաղաքից դուրս միայն սառույց էր: Ոչ ծառեր, ոչ ծաղիկներ, ոչ գետեր կամ լճակներ: Միայն և միայն սառույց` անծայրածիր սառցե անապատ:
Իսկ ամուսինս` իր սառը շնչով, ցրտաշունչ մատներով և սառցե աչքերի` դեպի հեռուներ ուղղված հայացքով, առանց հոգնածության այս ու այն կողմ էր գնում: Նա անմիջապես սովորեց տեղացիների լեզուն և խոսում էր նրանց հետ նույն ծանր, սառը տոնով: Ես գաղափար անգամ չունեի` ինչի մասին էին խոսում նրանք այդպես ոգևորված: Ամուսինս, ակնհայտորեն, գլուխը կորցրել էր այս վայրում: Նրա համար այստեղ ինչ-որ հրապուրիչ բան կար: Դա տխրեցնում էր ինձ. ես ինձ անտեսված, դավաճանված ու լքված էի զգում:
Այս լուռ, սառցե աշխարհում ես աստիճանաբար ուժասպառ էի լինում: Ի վերջո, կորցրեցի նույնիսկ սեփական վիճակիս վրա զայրանալու կարողությունը: Իմ բոլոր զգացողությունները բթացել էին: Ես կորցրել էի տարածության ու ժամանակի, սեփական գոյության զգացումը: Ես չգիտեի` երբ էր սկսվել այս ամենը և երբ կավարտվեր: Մինչ կհասցնեի գլուխ հանել, արդեն միայնակ ու լքված՝ փակված էի սառցե աշխարհի անծայրածիր ձմռան մեջ: Սակայն նույնիսկ բթացած զգայարաններով` հասկանում էի. Հարավային բևեռում իմ ամուսինն այլևս իմ ճանաչած մարդը չէր: Չգիտեմ` կոնկրետ ինչպես էր փոխվել, քանզի նա առաջվա պես մտազբաղ էր, սակայն միշտ ուշադիր` իմ նկատմամբ: Իսկ ամենակարևորը` ես հավատում էի նրա խոսքերի անկեղծությանը: Հասկանում էի նաև այն, որ Սառցե մարդն այլևս նա չէր, ում հետ ծանոթացել էի լեռնադահուկային հանգստավայրում: Սակայն ո՞ւմ կարող էի բողոքել: Հարավային բևեռում բոլորը սիրում էին Սառցե մարդուն, մինչդեռ ինձ ոչ ոք չէր հասկանում: Նրանք միևնույն սառը շունչն ու սառցե դեմքերն ունեին: Նրանք զրուցում էին, կատակում և երգում իրենց հոգեհարազատ լեզվով: Իսկ ես, ինչպես վանդակում փակված թռչուն, միայնակ նստում էի հյուրանոցի սենյակում, նայում ամիսներ շարունակ չպարզվող գորշ երկնքին և փորձում սովորել Հարավային բևեռի լեզվի բարդագույն քերականությունը, որ դժվար թե երբևէ յուրացնեի:
Օդանավակայանում այլևս ինքնաթիռներ չէին երևում: Մեզ բերող ինքնաթիռի հեռանալուց հետո օդանավակայանը դատարկվել էր: Թռիչքուղին թաղվել էր սառույցի հաստ շերտի տակ: Ճիշտ այնպես, ինչպես իմ սիրտը:
«Արդեն ձմեռ է,- ասաց ամուսինս,- երկա՜ր, շա՜տ երկար ձմեռ: Մինչև ձմռան ավարտը ոչ ինքնաթիռներ կլինեն, ոչ նավեր կգան: Ամեն ինչ սառած է: Ստիպված ենք սպասել գարնանը»:
Հարավային բևեռ գալուց երեք ամիս հետո ես հայտնաբերեցի, որ հղի եմ: Ես միայն մի բան գիտեի. այն երեխան, ում ես կյանք էի տալու, փոքրիկ Սառցե մարդ էր լինելու: Իմ արգանդը ամբողջովին սառել էր, սառույցի բարակ շերտը խառնվել էր իմ պտղային ջրերին: Այդ սառնությունը ես զգում էի իմ փորի ներսում: Ես գիտեի՝ իմ երեխան նույն սառցե աչքերն է ունենալու, ինչ իր հայրը, նույն սառցապատ ձեռքերը… Գիտեի նաև, որ մեր նորաստեղծ փոքրիկ ընտանիքն այլևս երբեք չէր լքելու Հարավային բևեռը: Հավերժական անցյալը` իր անհեթեթ ծանրությամբ, ընդմիշտ կապել էր մեր ձեռքերն ու ոտքերը: Մենք երբեք ազատություն չէինք գտնելու:
Իմ սիրտն արդեն քարացել է: Նրա ողջ ջերմությունը անհետացել է ինչ-որ հեռավոր տեղ: Երբեմն նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե ինչ է ջերմությունը: Բայց դեռ կարող եմ արտասվել: Ես մենակ եմ, ամբողջովին միայնակ` աշխարհի ամենացուրտ ու մենավոր վայրում: Երբ ես արտասվում եմ, իմ ամուսինը համբուրում է այտերս` սառույցի վերածելով արցունքներս: Նա հավաքում է սառցե արցունքները և դնում լեզվի վրա: «Ես սիրում եմ քեզ»,- ասում է նա: Ես հավատում եմ նրան: Սառցե մարդը սիրում է ինձ: Քամին նրա սառցե բառերը քշում-տանում է դեպի հեռավոր անցյալ: Ես արտասվում եմ: Սառցե արցունքներս շարունակվում են թափվել մեր փոքրիկ սառցե տանը` հեռու-հեռավոր Հարավային բևեռում…

















Թարգմանությունը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

пятница, 5 октября 2018 г.

Մարգարետ Ասլանյան․ Նամակ Ուսուցչիս

Մարգարետ Ասլանյան ( Երևան 1990)






















Թռչունները տանում են աշունը հոկտեմբերի անլաց երկնքով,
թռչունները գրկում են նվաղող դողը հիվանդացած արևի։
Քաղաքները լցվում են պատահական սերերով,
քաղաքները դատարկվում են անսերությունից եկող օրերի։
Անձրևներն ուշանում են այս տարի,
հողն ապրում է ողբերգությունը՝ չջնջվող ոտնահետքերի:
․․․Իսկ նա էլ չկա։
Ես հիմա ամեն օր արթնանում եմ ուրիշ՝ նույն հիշողություններով։
Չգիտեմ՝ քանի կյանք խառնվեց ավազին,
չգիտեմ՝ երբ ճերմակեցին դեկտեմբերի ծառերը․․․
Հայացքիս ժայռերում հաշտության իրիկնամուտ է։
Օրը փարվել է համբերանքիս ծովին։
Քամին թափառում է լռության քարափներով, 
քամին սրբում է ոսկորներիս նստած կարոտի փոշին։
Աշխարհում ոչինչ չփոխվեց նրանից հետո,
նրանից հետո իմ մեջ փոխվեց ողջ աշխարհը։
Պատահում էր՝ սարսափած ձիեր էին անկանգ սլանում ծիրով գիշերվա,
պատահում էր՝ սարսափի ձիեր էին ահեղ թնդյունով թափվում երկնքից։
Ինձ պաշարում էր միանվագ լացը հասկերի, 
ծառերի ճիչը՝ կեսգիշերի անթափանց թախիծներում,
սերը՝ փշրվող ապակի․․․
Ամեն բան անցավ։ Տարեդարձիս ինձ սարյակ նվիրեցին,
մի քանի վայրկյանից բաց թողեցի՝ ընտելացնելով երկնքին․
ես դադարել եմ պատասխանատու լինել նրանց համար,
ովքեր ինձ չեն ընտրում։
Ձյուների մեջ ձնծաղիկ տեսա՝ հիշեցի ձեռքերդ։
Հավատիս մասրենի է ծաղկել,
աչքերս ճանաչել են անկրկնելին։
Այս նամակը տարիների մեջ խունացած 
երկարաթև թախիծների լացն է թղթի սպիտակին,
այս նամակը հիշեցումն է, որ աշխարհի հեռավոր մի անկյունում
երկրի վրա մնացած միակ սուրբն ես դու,
եկեղեցին, ուր մտնում եմ առանց գլխաշոր,
տունը, ուր անհնազանդությունս փուլ է գալիս
ամենատաք հեկեկանքի մեջ,
հասցեն, որ միշտ հետադարձ է․․․
Անձրևներն ուշանում են այս տարի,
չգիտեմ՝ քանի կյանք դեռ պիտի խառնվի ավազին,
չգիտեմ՝ երբ կծաղկեն դեկտեմբերի ծառերը․
ես հավատում եմ, որ աշխարհում ապրում է
ինձ հետ չպատահած հրաշքը, 
ճիշտ այնպես, ինչպես դու երբեք չես մոռանում
ձյուների մեջ քեզ համար աճեցրած ձնծաղիկներս․․․





















четверг, 4 октября 2018 г.

Ֆյոդոր Սվարովսկի. Ինձ ասացին

Ֆյոդոր Սվարովսկի (1971 Մոսկվա)























Ինձ ասացին,
որ դու դեռ սիրում ես ինձ

որ զանգում ես
երբ տանը չեմ

կարդում ես իմ սիրելի գրքերը
որ ներքուստ ավելի մոտ լինես

հետևում ես ինձ ամեն քայլափոխին՝
գրասենյակ և խանութ
ծանոթների մոտ

Ասում են՝ քեզ նույնիսկ տեսել են ինձ հետ
գարնանը
զբոսախնջույքին
քաղաքից դուրս
ու նույնիսկ անշարժ գույքի կոնֆերենցին Փարիզում

և այս ամենը
ի հակառակ այն փաստի,
որ մենք իրար հետ գրեթե չենք խոսել

և հայտնի պատճառներով
ես մոտ ապագայում քեզ, ինչպես թվում է ինձ, չեմ տեսնի

ուզում ես իմանալ ինչու

որովհետև Ռիգայի թաց ճանապարհին
դու մասնատվեցիր, ջարդվեցիր, լղոզվեցիր
և միանման մեկ ամբողջ զանգված դարձան
մազերդ, միսդ, ոսկորներդ
ինչ-որ ճարպամաս անգամ
առանձին փռված գլուխդ

որովհետև ես ներկա էի թաղմանը
որպես կարգ
գնում էի ծաղիկներ

որովհետև արդեն երկու տարի է
դու մահացած ես
բայց
գուցե, այնուամենայնիվ, դա ճիշտ է

որովհետև ինչ-որ տարօրինակ
խոտաբույսերի բույր է
գալիս լոգարանից

վաղ առավոտյան
ես երբեմն մտնում եմ խոհանոց

այնտեղ
հանկարծ
լվացած են բոլոր ափսեները
և ծխած է
և կերել են ամբողջ հալվան...















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Մարիանե Գրուբեր. Ես քեզ կհիշեմ՝ թե չմոռանամ

Մարիանե Գրուբեր (1944 Վիեննա, Ավստրիա)























Ես կհիշեմ քեզ փոթորկից հետո,
երբ անվերադարձ լինեն
ճանապարհները զղջումների
ու դու ցած իջնես 
բլուրից կապույտ:

Ես քեզ կհիշեմ անձրևից առաջ,
երբ հնարավոր չեն լինի
կարոտների արտասուքները,
ու ես կելնեմ 
դաշտերով հույսի:

Ես քեզ կհիշեմ՝ թե չմոռանամ...

***

Պատերազմները 
լքեցին քաղաքը,
բայց ոչ մեկ չհաղթեց
կռիվն իր ներսի.
մի բան սխալ է աշխարհի վրա,
մեզանից անդին մի բան շատ սուտ է...

***


Հիմա, երբ այլևս չեմ մտածում 
ծիծաղելի երևալու մասին,
երբ ամեն շունչս ասք է 
իմ ու Աստծո սիրավեպի մասին՝
կարող ես չվերադառնալ,
որովհետև դու չես կարող լինել
նույնիսկ սատանա...

***

Եվ որտեղի՞ց այսքան նարնջագույն աշխարհում
այսչափ սգավոր իրականություն...

***

Ես ծրարել եմ մենակությունս
և առաջին պատահած գնացքով 
ուղարկել Փարիզ.
այնքան տաք է տեղը,
որ հետադարձ նամակներ չեմ ստացել
արդեն կյանքուկես...

***


Ուշ աշնան կեսին
մի տերև ընկավ 
արտասվող ծառից.
թե չմոռանամ՝ մի օր կհիշեմ՝
ո՞վ է ինձ դավել փոթորկից առաջ...


















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Գրիգ․ Նկուղը

Ինչ ինձ հիշում եմ` հորս հետ էի, ամբողջ մանկությունս անցավ ետևից շտապելով. նա սովորություն ուներ արագ քայլելու, ասես միշտ ուշանում էր, ու ես ստիպված էի հետը ուշանալ: Ժամերով շրջում էինք քաղաքով, նա մտնում էր այս կամ այն ծանոթի մոտ` տեսնելու արդյոք իր համար աշխատանք չի ճարվի, իսկ ես սպասում էի մուտքի մոտ: Երբ ավարտվում էին մեր ամենօրյա ապարդյուն փնտրտուքները, գնում էինք նկուղ, որտեղ նրանք էին: Երկար եմ մտածել, թե ի վերջո ովքե՞ր էին նրանք և ի՞նչն էր միավորում այդ տարբեր մարդկանց, երևի աղքատների միակ հարստությունը` հույսը: Հիմա երբ փորձում եմ մտաբերել ամեն հիշողություն, ամեն մանրուք, որ խնամքով թաքցված է իմ ներսում, աչքիս առաջ միայն մի գույն է գալիս` սևը, այդ մարդկանց արտաքինը, նկուղը և մնացած ամեն ինչը սև էր, բացի նոր ներկված գազարագույն հատակից:
Նկուղը հսկայական էր, բարձր, շատ բարձր առաստաղով և ճաղապատ պատուհանով, որ առաստաղից քիչ ներքև էր, ու որին նայելով հաճախ կարելի էր անցորդների ոտքեր տեսնել: Նկուղի մասին շատ բան ասել չեմ կարող, հիշում եմ` Սամվելը ծիծաղելով ասում էր. «Կռիսների ձեռքից ենք խլել»…
Ամենքս ունեինք մեր տեղը. ես նստում էի ճռճռան աթոռին, որը միայն իմն էր: Քիչ հեռու` համակարգչի դիմաց, Սամվելն էր, հիսունն անց մի տղամարդ, ով այնքան նիհար էր, որ այտերը ասես ափսեներ լինեին` միշտ փոս ընկած, իսկ երբ ոտքը ոտքին էր գցում, թվում էր` մեկ ոտք ունի ընդամենը: Վերին աստիճանի հանգիստ մարդ էր, խոսում էր քնատ ու մատների արանքում պարտադիր սիգարետն էր ծխում: Նա տարբերվում էր նկուղի մյուս անդամներից` փողի պակասություն չուներ. ասում էին` կինը հարուստ է…
Սամվելը, այսպես ասած, նկուղի «հիմնադիրն էր ու կենտրոնական դեմքը», բոլորը կապված էին նրան, բոլորի գործերին մասնակից էր և վերջապես բոլորը պարտք էին նրան, բայց այդ հարցի շուրջ խոսակցություն գրեթե չէր լինում: Դժվար է ասել, թե ինչին էր պետք նկուղը կամ կոպեկները, որ օրվա ընթացքում վաստակում էր համակարգչով սրա-նրա համար ինչ-որ գործ անելով, կարծես թե այդ ամենի կարիքը չուներ… Սիրում էի նստել կողքին ու ժամերով նայել` ինչպես են մատները ճարպկորեն սահում ստեղների վրայով, ու ինչպես են էկրանին հայտնվում տառերը: Ոչինչ չէի հասկանում, բայց հետաքրքիր էր, համակարգիչը անհասանելի երազ էր ինձ համար, ուրիշ աշխարհ…
Ինձնից ձախ` անմիջապես պատուհանի տակ, նստում էր Երանյան Աշոտը, տարօրինակ մարդ էր. միս առհասարակ չէր ուտում, բուսակեր էր, արտաքինն էլ նման էր ֆիլմերից մեզ ծանոթ Հիսուսի արտաքինին. կապույտ աչքեր ու շեկ երանգ ունեցող գանգուր մազեր: Ասում էին, որ շատ հավատացյալ մարդ է, իսկ երբ հորս հարցրի, թե դա ինչ է նշանակում, ասաց, որ դրանք Հիսուսին մոտ կանգնած մարդիկ են: Երևի հենց այս խոսքն էլ ազդեց, որ նրան նմանեցնեմ Հիսուսին:
Երանյան Աշոտը ճարտարապետ էր, ինչպես ծիծաղելով ասում էին` «էժան ճարտարապետ», սեղանը միշտ լիքն էր հսկա թղթերով, որոնց վրա անթիվ գծեր էին խաչվում ու բաժանվում: Նրա մասին գիտեմ այն, ինչ ինքն էր պատմում, իսկ ինքը գրեթե չէր խոսում, միշտ լուռ էր, երբեմն միայն հիշում էր իր պատմությունը, ասում էր, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ինքն ու կինը երեք որբ երեխա են որդեգրել, որոնցից երկուսը հաշմանդամ են եղել, որ դժվարությամբ մեծացրել են, սակայն երբ վերջնականապես աղքատացել են, ստիպված են եղել երեխաներին մանկատուն հանձնել, ասում էր` կինը չդիմանալով այդ ամենին, հեռացել է, ու ինքը մնալով կատարելապես միայնակ` հայտնվել է այստեղ` նկուղում:
” Տունը ինչի՞ս է պետք,- երբ հարցնում էին, թե ինչո՞ւ հեռացավ տնից, պատասխանում էր ու կիսաձայն ավելացնում,- շատ է տանջվել հետս, թող երջանիկ լինի հիմա, տունն էլ իմ կողմից իրենց նվեր:
Այս խոսքերի իմաստը երկար ժամանակ չէի հասկանում, չէի հասկանում, թե ինչո՞ւ է վարձու տանը բնակվում, եթե սեփականն ունի: Հետո, շատ ուշ միայն հասկացա, որ կինը իրենից հեռանալով` կապվել է այլ տղամարդու հետ…
Դռնից քիչ հեռու նստում էր Կառոբկա Աշոտը,տարօրինակ մականունը վաստակել էր աշխատանքի բերումով` տուփեր էր պատրաստում ծաղիկների համար և հանձնելով ծաղկավաճառ կրպակներին` վաստակում հանապազօրյա հացը: Հագուկապն ու այլ մանրուքները չեն մնացել հիշողությանս մեջ, միայն դեմքն եմ հիշում և այն, որ ցածրահասակ էր: Իսկ նրա դեմքը մոռանալն անհնար է, առնվազն մեկ անգամ տեսնողները կհավաստեն` այնքան տպավորիչ էր, որ հետո, երբ փորձում էիր նրան հիշել, դեմքից բացի այլ բան հնարավոր չէր լինում, ասես նա միայն այդ դեմքը լիներ:
” Երկու կոտոշ ավելացնես, լրիվ սատանա ես ,- ասում էր հայրս, երբ ուզում էր հոգու հետ խաղալ,- քո տեղը իմանան, հաստատ կհրավիրեն հոլիվուդյան ֆիլմում խաղալու:
Կառոբկա Աշոտը չէր նեղանում իր դեմքի վերաբերյալ կատակներից, ընդհակառակը` կարծես ինքն էլ այդ կարծիքին էր: Ասես կրակ լիներ` միշտ շարժման մեջ էր, իսկ փախչող հայացքն ու արագ խոսքը ստիպում էին հավատալ, որ իրոք ինչ-որ սատանայական բան կա մեջը: Մեկ-մեկ կանգնում էի կողքին, փորձում սովորել, թե ինչպես է թղթերից մի քանի վայրկյանում տուփ ստանում, հեշտ էր թվում…
Կառոբկա Աշոտը բոլորին պարտք էր, բոլորից փող էր վերցնում այն հույսով, որ իր մտածածը այս անգամ կստացվի. նա միշտ հետաքրքիր մտքեր էր ունենում` կարճ ժամանակում միլիոններ վաստակելու ուղղությամբ, սակայն վերջին պահին ինչ-որ բան պարտադիր խանգարում էր:
-Էս անգամ ստացվելու է, ամեն ինչ մտածել եմ…,-ամեն անգամ ասում էր ու ոգևորված բացատրում իր հերթական «հանճարեղ» ծրագիրը:
Մի անգամ մտքին դրել էր ավտոմեքենաների համար նախատեսված այն հոտազերծիչներից պատրաստել, որ կարելի է տեսնել դիմապակիների հայելիներից կախված: Եվ, գիտե՞ք, ստացվեց, նա թղթերը թաթախում էր լիմոնադի էսենցիայի մեջ, ու դրանք սկսում էին բուրել, իհարկե առանց հետևանքների չանցավ նոր հայտնագործությունը. բոլորս մոտ մեկ շաբաթ կիտրոն էինք բուրում, քանի որ փորձարկումները անցնում էին նկուղում, իսկ ամենաշատը բնականաբար բուրում էր հայտնագործության հեղինակը և այնքան ուժեղ, որ ստիպված էր որոշ ժամանակ չօգտվել երթուղային տրանսպորտից, քանի որ մի քանի անգամ արդեն վռնդել էին: Ստիպված ոտքով էր տեղաշարժվում և աշխատում էր փակ տարածություններում երկար չմնալ… Նրա ընտանեկան գործերը նույնպես բավականին խճճված էին. ուներ կին ու երկու դուստր, սակայն երկար ժամանակ է` չէր տեսել նրանց:
-Նոր էի պադյեզդից դուրս եկել, մեկ էլ կիռպիչը ուղիղ գլխիս,- ոգևորված պատմում էր,- կնիկս էր, ուզում էր ինձ սպանել, հիմա էլ է ուզում…
Ի տարբերություն Երանյանի` մեծ ոգևորությամբ ու հաճույքով էր նկարագրում իր ընտանիքի կործանումը, հաճախ թվում էր` հորինում է, այնքան գունեղ ու այնքան պատկերավոր էր պատմում: Անընդհատ կրկնում էր, թե իբր կինը ցանկացել է իրեն սպանել, քանի որ փող չի կարողանում աշխատել, և որ երեխաներին էլ իր դեմ է տրամադրել և այսպես շարունակ: Լսելով այդ պատմությունը`փորձում էի պատկերացնել նրա կնոջը. մտածում էի, այդ ինչ սատանա է այդ կինը, որ կարողացել է նրան այս օրը գցել: Սամվելի թույլտվությամբ Կառոբկա Աշոտը քնում էր նկուղում` մի քանի աթոռ իրար էր միացնում ու պառկում վրան…
Նկուղի հաջորդ «բնակիչը»` Օպոզիցիա Տիգրանն էր, միջին հասակի ու միշտ սոլիդ հագնված տղամարդ, կարծում էի` գրող է. ձեռքին միշտ թղթերով լի փոքրիկ ճամպրուկ էր, արծաթե կազմով մի բլոկնոտ ուներ, որի մեջ գրառումներ էր կատարում, երբ հետաքրքիր մտքեր էր լսում:
” Լևոնական է, էլի,- պատասխանեց Սամվելը, երբ հարցրի, թե ի՞նչ է նշանակում օպոզիցիա, բայց բացատրությունը նույնքան անհասկանալի էր, ինչքան օպոզիցիա բառը: Չէի հասկանում ինչով է զբաղվում, բայց կարծում էի` շատ կարևոր մարդ է, քանի որ հազվադեպ էր այցելում նկուղ, իսկ երբ գալիս էր, միշտ ինչ-որ անախորժություն էր հետը բերում:
Մի օր, երբ հերթական անգամ գնացել էինք նկուղ, նկատեցի, որ համակարգիչը չկա, այդպիսի բան չէր եղել, ոչինչ չէի հասկանում:
” Ախր Սամոյին ինչի՞ տարան,- ասում էր Կառոբկա Աշոտը ու ինքն իրեն ծիծաղում, մյուսները ծիծաղելու տրամադրություն չունեին: Պարզվում էր` ոստիկանները եկել ու բռնի տարել են Սամվելին ու համակարգիչը` ասելով, թե կասկած կա, իբր հակակառավարական նյութեր է պահում համակարգչում: Սամվելի կնոջ բարեկամների միջամտությունից հետո միայն բաց թողեցին նրան, սակայն համակարգիչն այդպես էլ չվերադարձրին: Բոլորի համար պարզ էր, որ Տիգրանի մատը խառն է ոստիկանների հայտնվելու ու առգրավումներ կատարելու հարցում, բայց նա իր սովորության համաձայն` չկար: Օպոզիցիա Տիգրանը թունդ հարբեցող էր, այնպես էր հարբում, որ ընկնում էր աչքից հեռու մի տեղ ու քնում, հաճախ աղբանոցներից էին գտնում, բայց երբ փող չուներ, վերին աստիճանի ինտելիգենտ էր և երբեք մտքովդ չէր անցնի, թե կարող է հարբեցող լինել:
Նա խմում էր մինչև վերջին դրամը և արդեն բոլորը գիտեին, եթե բռնած գործը հաջողվել է, ու գրպանը դատարկ չէ, նրան մի քանի շաբաթ հնարավոր չէ գտնել: Տիգրանը գումար էր վերցնում արտասահման մեկնել ցանկացող մարդկանցից և գրանցում կուսակցության շարքերը, մի քանի կրքոտ հոդված էլ տպագրում էր թերթում, իբր այսինչ այսինչյանը իր քաղաքական հայացքների համար հալածվում է և այլն, և այլն, ու այդ մարդը կարողանում էր մեկնել երկրից: Նրա հերթական գործարքի պատճառով էր նաև անակնկալ բռնագրավումը. ինչպես հետո պարզ դարձավ, տեքստը, որ ոստիկանների այցից մի քանի օր առաջ Սամվելին խնդրել էր հավաքել, հակակառավարական արտահայտություններ է պարունակել… Այն ժամանակ չէի հասկանում ինչն ինչոց է, չէի էլ ուզում հասկանալ, գիտեի միայն, որ համակարգիչը չեն վերադարձնելու և դա բավական էր, որ տխրեի: Կարճ ժամանակ անց Սամվելը, իհարկե, նոր համակարգիչ բերեց` ավելի լավը, քան նախորդը, ուրախությունս աննկարագրելի էր, շուտով ամեն ինչ առաջվանը դարձավ, միայն` Տիգրանը այդպես էլ չկար…
Միակը, որ իր կայուն տեղը չուներ նկուղում, հայրս էր: Նա միշտ նստում էր տարբեր տեղեր, ասես չէր կարողանում նույն աթոռին մնալ: Խոսելիս երբ ոգևորվում էր, անմիջապես նստում էր այլ աթոռի, իսկ երբ ազատ տեղ չէր լինում, կանգնում էր…
Հայրս նկարիչ էր և Երևանի գրեթե բոլոր նկարիչների պես` աղքատ: Նա դիմանկարներ նկարելով էր վաստակում հանապազօրյա հացը: Որպես նմուշ` ճանաչված հայերի դիմանկարներ էր նկարում և թողնելով ծանոթների մոտ` սպասում, որ կհայտնվի դիմանկար ունենալ ցանկացող մեկը, և մենք մի քանի ամիս էլ կձգենք մեր գոյությունը: Ես ու հայրիկը շարունակ շրջում էինք քաղաքով, շատ էինք քայլում և չձանձրանալու համար նա հորինել էր մի խաղ. հայտնում էր փողոցի անունը, որտեղ գտնվում էինք տվյալ պահին, իսկ հետո իմ հերթն էր գալիս հայտնելու և այդպես խաղը տևում էր այնքան ժամանակ մինչև մեզնից մեկը չէր կարողանում պատասխանել, կամ վրիպում էր: Հաճախ դիտավորյալ պարտվում էր, որ ուրախանամ: Հայրս գրպանում պարտադիր շուշա կոնֆետներ ուներ, շատ էր սիրում, և երբ նկատում էր, որ հոգնել եմ, տալիս էր: Մի սովորություն էլ ուներ, նկատել էի, երբ անցնում էինք սրճարանների կամ խանութների ցուցափեղկերի կողքով, հայացքը միշտ փախցնում էր, նայում էր հակառակ ուղղությամբ, ասես չէր կարողանում նայել ցուցափեղկերին, իսկ երբ հարցնում էի, թե ինչու է այդպես անում, ժպտում էր ու ոչինչ չէր պատասխանում:
Մանկությանս բոլոր հիշողությունները կապված են հայրիկի ու նկուղի հետ. միշտ ինչ-որ հետաքրքիր դեպք էր պատահում ու սովորական օրը դառնում էր հիշարժան: Մի անգամ հայրիկը Շառլ Ազնավուրի դիմանկարն էր նկարել և բերել նկուղ.
” Ի՞նչ կասեք,- նկարը հանելով տոպրակից ու հենելով պատին` հպարտ հարցրեց,- նման է, չէ՞:
Նկարը գեղեցիկ էր` Ազնավուրը բարի ժպտում էր: Հայրս ոգևորված բացատրում էր, մատնանշում այս կամ այն հատվածը, որի վրա շատ էր աշխատել…
” Սամ, լավն է չէ՞,- անընդհատ հարցնում էր` վստահ, որ եթե Սամվելը հավանի, ուրեմն բոլոր գումարի խնդիր չունեցողները կհավանեն:
Երանյանն ու Սամվելը հիացած էին, իսկ ես հպարտ էի հայրիկիս համար, ասես իմն էին գովասանքի խոսքերը, որ հնչում էին նկարի հասցեին: Բայց այդ ամենը տևեց մինչև Կառոբկա Աշոտի գալը.
” Նախագահիդ էնքան ես սիրում, որ նկարո՞ւմ ես,- տեսնելով նկարը` իրեն հատուկ անփութությամբ ասաց:
Բոլորս ծիծաղեցինք` կարծելով կատակ է, սակայն Աշոտը իրենն էր պնդում.
” Ի՞նչ ես ասում, է՛,- հասկանալով, որ չի կատակում, զայրացած ասաց հայրս,- Շառլն է, չե՞ս տեսնում:
Աշոտը մինչ այդ նկարին մոտ էր կանգնած, լսելով հորս խոսքերը` սկսեց քայլել մեր ուղղությամբ և հեռավորությունից ուշադիր զննելուց հետո շրջվեց ու ծիծաղելով ասաց.
” Հեռվից Շառլն է, մոտիկից` նախագահը:
Պարզվեց` իրոք այդպիսի տպավորություն կար. երբ նկարին նայում էիր մոտ կանգնած` նախագահն էր, իսկ երբ հեռվից` Շառլ Ազնավուրը: Բոլորս զարմացած էինք, անընդհատ մեկ մոտենում, մեկ հեռանում էինք և դիմանկարը փոփոխվում էր, հայրս չուներ բացատրություն.
-Էսպիսի բան առաջ չէր եղել,- զարմացած նկատում էր:- Այ քեզ փորձանք, էդքան էլ ներկ ծախսեցի:
Մոտ մեկ շաբաթ հայրս փորձում էր նախագահին ջնջել նկարից` կնճիռներ էր ավելացնում, մաշկի գույնն ու լույսի-ստվերի դիրք էր փոխում, անգամ խմած էր նկարում, բայց նախագահը մնում էր: Մի աչքը փակ կանգնում էր նկարից քիչ հեռու ու բութ մատը պարզելով` ծածկում էր նկարի այս կամ այն հատվածը, ասես փորձում էր գտնել, թե որ հատվածում է թաքնված նախագահը.
” Դու պատկերացնո՞ւմ ես, ամենը վերցրել է` նկարս էլ է ուզում,- ասում էր կիսահարբած,-չէ, չեմ հանձնվելու, կռվելու եմ, պիտի փրկեմ նկարս:
” Կկարողանա՞մ հանել միջից,- հարցնում էր ինձ: ” Երևի ինքը կյանքում շատ է նախանձում Շառլին, հա, հաստատ, երևի իրար հետ հարցեր ունեն… Հլը իմ դիմանկարը նկարեմ, տեսնես ի՞նձ ով է նախանձում…
Որքան ժամանակ է, նկուղի գլխավոր թեման նկարն էր: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ եղավ վերջը, իսկ հայրս ծիծաղելով պատասխանում էր, թե նախագահը համառորեն չի ցանկանում հեռանալ: Նա ամեն կերպ ձգտում էր բացատրել տարօրինակ երևույթը, ասում էր, իբր Ազնավուրի ճակատի ու հոնքերի մեջ է նմանությունը, իսկ մոտիկից նայելիս` Շառլի դեմքը տափակ է երևում` նմանվելով նախագահի դեմքին, և որ ոչ մի արտասովոր բան չկա:
” Երկերեսանի նկար է,- խոսակցություններից մեկի ժամանակ ասաց Կառոբկա Աշոտը, և նկարի անունը մնաց «Երկերեսանի»:
Ինչքան էլ հայրս փորձեց հանել նախագահին, չստացվեց: Ի վերջո, Սամվելը այնքան էր ոգևորվել, որ գնեց նկարը ու կախեց նկուղի պատին, հենց իր գլխավերևում:
Ժամանակը թռչում էր, այտերիս արդեն մազածածկ էր հայտնվել: Թվում էր` շուրջն ամենը շարժվում է, փոխվում, միայն ոչ նկուղն ու մեր կյանքը: Նկուղում սովորականի պես երկու Աշոտները նստած էին իրենց սեղանների առաջ, Սամվելն իր տեղում էր` «Երկերեսանի» նկա­րը վերևում, Տիգրանը չկար, իսկ ես շրջում էի քաղաքով` դիմանկարի պատվեր գտնելու հույսով: Վերջին ժամանակները միայնակ էի շրջում. հորս առողջությունն այն չէր, երկար քայլելուց հոգնում էր: Երբ ավարտում էի գործս, շտապում էի նկուղ:
Այդ օրը անձրև էր եկել, արդեն սկսում էին վառվել լապտերները, հատուկենտ անցորդներ կային: Քայլում էի զգուշությամբ, որ կոշիկներս ջուր չլցվեն: Արդեն գրեթե հասել էի նկուղին, պատրաստվում էի մտնել, հանկարծ բղավոց լսվեց, իսկույն ճանաչեցի` Կառոբկա Աշոտն էր.
” Բա՛ց թողեք, թողե՛ք ինձ,- բղավում էր:
Երբ ներս մտա, Աշոտը գետնին էր, հայրս ու Երանյանը փորձում էին հանգստացել, բարձրացնել գետնից, սակայն ապարդյուն, նա դիմադրում էր` հարվածելով թե մեկին, և թե մյուսին.
” Դու՛րս գնա,-նկատելով ինձ` բղավեց հայրս:
Չէի հասկանում` ինչ է կատարվում, Աշոտը արտասվում էր, անհասկանալի բաներ էր ասում.
” Թողե՛ք, դուք չեք հասկանում, քաղաքը կառոբկա է` մեծ կառոբկա, իմ աչքերով եմ տեսել,- մատնանշելով պատուհանը բղավում էր,- շուտով բոլորս կհայտնվենք ներսում ու էլ երբեք, երբեք չենք կարողանա դուրս գալ…
Կանգնել էի և չգիտեի ինչ անել, տեսարանը սարսափելի էր, նա անվերջ կրկնում էր, թե տեսել է, որ քաղաքը մեծ տուփ է, որը գնալով ավելի է մեծանում` կլանելով ճանապարհին պատահած ամեն ինչ, և որ իր ետևից է ընկել…
Շուտով շտապօգնության աշխատակիցների հետ եկավ Սամվելը և Աշոտին տարան: Մինչև շտապօգնության մեքենային հասնելը նա համառորեն դիմադրում էր` կրկնելով նույնը…
Այդ օրվանից իմ ներկայությամբ Աշոտի մասին չէին խոսում, իսկ նկուղում լինելուս ժամանակ ձևացնում էին, իբր ոչինչ չի եղել.
” Աշոտը չի խելագարվել, չէ, քաղաքը իրոք մարդասպան է,- լսեցի հորս խոսքերը, երբ գաղտնալսում էի:
Կարճ ժամանակ անց նկուղը անհասանելի դարձավ մեզ համար, Սամվելը չվճարեց վարձակալման գումարը` պատճառաբանելով, թե ավելի հարմար տեղ է գտել, սակայն իրականությունն այն էր, որ այլևս անհնար էր նկուղում գտնվելը. ամեն ինչ Աշոտին էր հիշեցնում:
Աբովյան փողոցի շենքերից մեկի հետևում մինչև օրս կուչ է եկած շինությունը, որի նկուղային հարկում մի ժամանակ հավաքվում էինք: Նկուղի տեղում ատամնաբուժարան է, և ոչինչ չի մնացել հնից, սակայն կողքով անցնելիս տարօրինակ զգացողություն եմ ունենում: Ինչ-որ անբացատրելի, ձգող ուժ ստիպում է միշտ մի պահ կանգնել, ասես այդ վայրը հայացքներ կանգնեցնել իմանա: Իրականում այդպիսի բան, իհարկե, չկա, նկուղը միայն ինձ համար գոյություն ունի, միայն ես եմ տեսնում…
Հիմա հաճախ եմ թրևում քաղաքով, սովորությունը չխախտելով` սկսում եմ Աբովյան փողոցից, հետո իջնում Օպերա… Փողոցները հաջորդում, խաչվում-բաժանվում են ոտքերիս տակ, անցնում եմ այն նույն տեղերով, ուր ժամանակին հորս հետ էի քայլում, ուր անցավ մանկությունս, հաճախ թվում է հայրս հետս է, կողքիս… Հիմա գիտեմ` ինչու էր հայացքը միշտ փախցնում ցուցափեղկերից, ինչու ասաց, որ քաղաքը մարդասպան է… Ես անշտապ շրջում եմ քաղաքով` հայացքս փախցնելով խանութների ցուցափեղկերից ու վախենում, անչափ վախենում եմ, որ կշրջվեմ և վարդագույն շենքերի փոխարեն կտեսնեմ դեպի ինձ շտապող հսկա տուփը: