Որոնել

понедельник, 28 мая 2018 г.

էզրա Փաունդ. բանաստեղծություններ

էզրա Փաունդ (1885-1972 ԱՄՆ, Այդահո)



















Ալբա
Սառը, ինչպես գունատ ու թաց տերևները հովտաշուշանի,
Նա պառկեց իմ կողքին` լուսաբացի մեջ:

* Ալբա -«լուսաբացի բանաստեղծություն»

***
Ողջույն

Սերունդ լիապես ինքնագոհների
Եվ լիապես անճարակ սերունդ:
Ես տեսել եմ
Ձկնորսների խնջույքն արևի տակ,
Տեսել եմ նրանց` անփույթ ընտանիքներով,
Տեսել եմ նրանց ժպիտները` ատամներով լի,
Լսել եմ նրանց ծիծաղն անշնորհք,
Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք,
Իսկ նրանք ինձնից երջանիկ են,
Մինչ ձկները լողում են լճում ամբողջովին մերկ:

***
Envor

Գնա, խուլ ծնված գիրք,
Եվ ասա նրան, որ մի ժամանակ Լոսի երգը երգեց.
Թե ձայնի նման դու ունենայիր
Ճանաչելու ձիրք,
Ապա մի պատճառ կգտնեիր հար
Թողություն տալու մեղքերիս համար,
Որ հոգուս վրա ծանրացած են դեռ-
Կանմահանայիր դու փառքով անմեռ:

Ասա նրան, որ իր գանձը անվերջ
Թափում է այսպես իր երգերի մեջ,
Ցանկանում միայն
Կյանք տալ վայրկյանին:
Թող ապրեն նրա շնորհներն անեղծ,
Ինչպես վարդերը` սաթի մեջ դրված,
Ալ, նարնջագույն, հանց մի նյութ ու գույն`
Ժամանակից զերծ:

Ասա նրան, որ շրջվում է անվերջ`
Երգը շուրթերին,
Բայց չի գեղգեղում երգը իսկական
Եվ չի ճանաչում իր հեղինակին.
Որ է՛ ուրիշ ձայն, -
Գուցե նրա պես գեղեցիկ ու խոր, -
Որ նրա համար երկրպագուներ պիտի բերի նոր,
Երբ մեր երկուսի աճյուններն հանգչեն Ուոլլեսի կողքին,
Հանց մոռացության փոշու երկու շերտ,
Մինչև փոփոխումն հավետ կործանի
Հողագունդը այս` Պերճանքից բացի:

***
Ձեղնահարկ

Եկ խղճանք նրանց ովքեր մեզնից հարուստ են:
Եկ հիշենք, բարեկամ, որ հարուստները
ծառաներ ունեն բայց ոչ բարեկամներ,
Իսկ մենք ունենք բարեկամներ բայց ոչ ծառաներ:
Եկ խղճանք ամուսնացածներին և չամուսնացածներին:
Լուսաբացը ներս է մտնում փոքրիկ ոտքերով
որպես մի ոսկեզօծ Պավլովա,*
Եվ ես մոտ եմ իմ ցանկությանը:
Կյանքն ավելի լավ բան չի պարունակում
Քան այս ժամը զուլալ զովության-
միասին արթնանալու ժամը:
*Աննա Պավլովա (1885-1931). ռուս բալերինա: Լոնդոնում
առաջին անգամ ելույթ է ունեցել 1910-ին:










***
Նկարը
Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:
Այստեղ կար սեր, որը ջրասույզ չի լինում:
Այստեղ կար ցանկություն, որը չի ջնջվում համբույրով:
Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:
***
Աղջիկ
Ծառը մտել է ձեռքերիս մեջ,
Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով,
Ծառը կրծքիս մեջ է աճել
Դեպի ներքև,
Բազուկների պես` ճյուղերը դուրս են աճում ինձնից:
Ծառ ես դու,
Մամուռ ես դու,
Մանուշակներ ես հողմերի ներքո:
Երեխա ես դու – բարձր այնքան,
Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:
***
Տեսանող աչքը

Այլևս չկա մեզ համար հոգոցը փոքրիկ,
Այլևս հողմերը մթնշաղին չեն վրդովում մեզ:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս չեմ վառվում ես:
Այլևս մեզ համար չէ թևերի թափահարումը
Որ աղմկում էր մեր գլխավերևում:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս չի ձաղկում ինձ ցանկությունը,
Այլևս մեզ համար չէ դողը՝
Ձեռքերի հպման պահին:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս մեզ համար չէ շուրթերի գինին,
Այլևս մեզ համար չէ գիտելիքը:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս չկա հորձանքը,
Այլևս չունենք մեր հանդիպման վայրը
(Նայե՛ք չքնաղ մեռյալներին)՝
Թինթագյոլը:









Թարգմանությունը՝  Սամվել Մկրտչյանի



Անիզ Կոլց. բանաստեղծություններ

Անիզ Կոլց (1928 Լյուքսեմբուրգ)























Ինձ վրա շպրտված
քարերից
ես կառուցեցի
իմ տան պատերը


***

Բառը մեզ կախում է
ուրիշների հիշողության մեջ
ինչպես չղջիկներ


***
Մազերիս պես
իմ տխրությունը 
շարունակում է աճել

***
Հիշողությունը ծանր է 
ինչպես խորտակվող մի նավ

Ես նավարկել եմ 
աշխարհի բոլոր մասերում
աստվածները մորթում էին ինձ
ես մորթում էի նրանց

Գրելով նրանց բերաններում
նրանց ընդերքում
ես մոռացա պոեզիան-
ես դարձա բանաստեղծ

***

Բառեր կան
որ չես կարող արտասանել

Մերկ կյանքի ձգված տողերի վրա
նրանք բարձրանում են ու իջնում
ինչպես լարախաղացներ
ինչպես լուսնոտներ
որ ընկնում են
երբ նրանց անունն ես տալիս

***

Ամեն մի քարի մեջ
մի տան երազ կա

***

Ես անցնում եմ
դարերի միջով
իմ միջով
մշտանորոգ

Թափառում եմ մենակ
մերժված
ինչպես վայրի գազան
որին դիպել են
մարդիկ


***

Ռընե Կոլցին` ի հիշատակ

Մաշկս զգում է
խոնավ բակեր
լքված դաշտեր
Ես կռանում եմ
աշխարհի եզրին
դու ոչ մի տեղ չկաս


















Թարգմանությունը՝ Էդուարդ Թոփչյանի

Էնն Սեքսթըն. բանաստեղծություններ

Էնն Սեքսթըն (1928-1974 ԱՄՆ, Մասսաչուսեթս)




























Կորսված սուտը

Բերանումս ժանգ կա․
հին համբույրի հետքն է։
Իսկ աչքերս շառագունում են,
բերանս սոսինձ է,
ձեռքերս՝ զույգ քարեր
իսկ սիրտը
դեռ բաբախում է,
այն վայրը, ուր սերն էր բնակվում։
Բայց այն անշարժ է։
Այս տարօրինակության համար խիղճս չի տանջում,
զգացածս, ավելի շուտ, ատելություն է։
Քանի որ իմ միջի երեխան է դուրս ժայթքում,
իսկ ես մտմտում եմ, թե նրան ոնց սպանեմ:

Մի ժամանակ ես կին էի՝
լուսնաթատրոնի պես լի,
ու սիրուց սեր էր ծնվում,
իսկ երեխան, թաքուն նայելով,
ինքն իրեն չէր ատում մի ժամանակ։
Հիմար, հիմար սեր, ի՞նչ արեցիր։
Այսօր ես մեռած տնով եմ շրջում,
սառցե խոհանոցով, ննջասենյակով,
որ գազախցիկ է ասես ։
Մահճակալն ինքը վիրահատական սեղան է,
որի վրա երազներս մասնատում են ինձ։

Օ, սեր,
սարսափը,
այլանդակ կեղծամը,
որ քո գանգուր, սիրելի, սիրելի, սիրելի գլուխն էր։

***

Սիրերգ

Ես շղթայագրերի աղջիկն էի,
դագաղներից ու բանալու անցքերից շատախոսող աղջիկը,
հեռախոսային հաշիվների աղջիկը,
ճմրթված լուսանկարն ու կորցրած կապերը,
նա, որ անընդմեջ կրկնում էր՝
լսի՛ր, լսի՛ր,
մենք չպետք է, չպետք է,
ու նման բաներ․․․
նա,
որ կիսով չափ վերարկուով ծածկված աչքեր ուներ,
բրոնզակապույտ, մեծ աչքեր,
պարանոցով ձգվող վտիտ երակ,
որ թրթռում էր կամերտոնի պես,
շենքերի նման մերկ ուսեր,
նիհար ոտքերին նիհար մատեր,
հին, կարմիր կեռիկ բերանում,
բերան, որ շարունակ արնահոսում էր
հոգու ահարկու դաշտերի խորքում․․․
նա,
որ անընդհատ քնով էր անցնում,
որ քարի պես ծեր էր,
ամեն մի ձեռքը՝ մի կտոր ցեմենտ,
ժամեր ու ժամեր,
և ապա արթնացում
այդ փոքր մահից,
և ահա նա փափուկ էր ինչպես,
ու նուրբ էր ինչպես․․․
փափուկ ու նուրբ, ինչպես
լույսի ավելցուկը,
լիովին անվնաս,
ինչպես մուրացկանն ուտելիս,
ինչպես մուկը տանիքին`
առանց դռնանցքերի,
ու ոչինչ չկա առավել անկեղծ,
քան քո ձեռքը նրա ձեռքի մեջ․
բացի քեզնից ոչ ոք, ոչ ոք,
ու նման բաներ,
բացի քեզնից ոչ ոք, ոչ ոք։
Օհ, անթարգմանելի են
այն օվկիանոսը,
այն երաժշտությունը,
այն թատրոնը,
պոնիների այն դաշտը․․․
***
Անհաղորդության պոետը

Հավանաբար հողը լողում է,
չգիտեմ:
Հավանաբար աստղերը փոքրիկ
թղթե կտրտանք են՝
հսկա մկրատով արված,
չգիտեմ:
Հավանաբար լուսինը արցունքի սառած կաթիլ է,
չգիտեմ:
Հավանաբար Աստված ընդամենը խորունկ ձայն է,
որ լսելի է խուլերին,
չգիտեմ:
Հավանաբար ես ոչ ոք եմ:
Թեև, այո, մարմին ունեմ
ու դրանից չեմ խուսափի:
Կուզեի գլխիցս դուրս թռչել,
բայց անհնար է:
Ճակատագրի տախտակին գրված է,
որ պիտի մարդկային ձևում բանտարկված մնամ:
Քանի որ այդպես է ստացվել,
ուշադրությունը կուզեի իմ խնդրին հրավիրել:
Ներսումս կենդանի կա՝
սրտիս ամուր կառչած
մի հսկա խեցգետին:
Բոսթընի բժիշկներն
արդեն ձեռք են քաշել:
Նշտարներ են փորձել,
ասեղներ, թունավոր գազեր և այլն:
Խեցգետինը դեռ կա:
Այն ծանր է:
Փորձում եմ մոռանալ այն, գործերովս զբաղվել,
բրոքոլի եփել, բացել-փակել գրքերս,
ատամներս մաքրել ու կապել կոշիկներս:
Փորձել եմ աղոթել,
բայց հենց աղոթում եմ,
խեցգետինն ավելի ամուր է կառչում,
ու ցավն ընդարձակվում է:
Մի անգամ երազ տեսա,
հավանաբար երազ էր,
թե խեցգետինն իմ անհաղորդությունն էր Աստծուն:
Բայց ո՞վ եմ ես, որ հավատամ երազների:



























***

Կողպված դռներ

Այս քաղաքում բնակվող հրեշտակների համար,
թեև նրանք անդադար փոխում են իրենց ձևը,
ամեն գիշեր մենք սառը կարտոֆիլներ
ու մի աման կաթ ենք թողնում պատուհանին:
Սովորաբար նրանք բնակվում են երկնքում, որտեղ,
ի դեպ, արցունքներն արգելված են:
Այս ու այն կողմ են հրում լուսինը՝
եփված պալարի նման:
Ծիր Կաթինը նրանց թուխսն է՝
իր բազմաթիվ ճտերով:
Երբ գիշերն իջնում է, կովերը պառկում են,
իսկ լուսինը՝ մեծ ցուլը,
ոտքի է կանգնում:
Սակայն, վերևում մի կողպված սենյակ կա՝
երկաթյա դռնով, որը չի բացվում:
Այն բոլոր տեսակ մղձավանջներն է պարունակում:
Դա դժոխքն է:
Ոմանք ասում են՝ սատանան է դուռը կողպում
ներսից:
Ոմանք ասում են՝ հրեշտակներն են կողպում
դրսից:
Ներսի մարդիկ ո՛չ ջուր ունեն,
ո՛չ հպվելու թույլտվություն:
Նրանք ճաքում են խճաքարի պես:
Նրանք համր են:
Նրանք օգնություն չեն կանչում`
բացառությամբ իրենց ներսում,
որտեղ նրանց սրտերը թրթուռներով են պատված:
Կուզեի բացել այդ դուռը,
ժանգոտ բանալին պտտել
ու ամեն ընկածի իմ գիրկը առնել,
բայց չեմ կարող, չեմ կարող:
Կարող եմ միայն նստել այստեղ՝ Երկրի վրա՝
սեղանի մոտ իմ տեղում:

***

Հիշում եմ

Օգոստոսի մեկին
անտեսանելի բզեզները սկսեցին
խռմփացնել ու խոտը
կանեփի պես հաստ էր ու ոչ
մի գույնի, ոչ ավելի, քան
ավազը գույն ունի ու
մեր մերկ ոտքերը
բոբիկ էին հունիսի
տասներկուսից ու լինում էին օրեր,
որ մոռանում էինք զարթուցիչդ
լարել ու լինում էին գիշերներ,
որ ջին էինք խմում՝ ջերմ, մտերմիկ,
դոնդողի հին բաժակներից, մինչ
արևը մարմրում էր տեսադաշտից
կարմիր լայնեզր գլխարկի նման ու
մի օր ես մազերս հետ էի հավաքել
ժապավենով ու դու ասացիր,
որ գրեթե նմանվել եմ
պուրիտանուհու ու ամենաշատը
հիշում եմ այն,
որ քո սենյակ տանող դուռը
իմ սենյակ տանող դուռն էր:
















Թարգմանությունը՝ Ռուզաննա Սուքիասյանի





Հովհաննես Գրիգորյան. "Երգեր առանց երաժշտության " գրքից, 1975թ

Հովհաննես Գրիգորյան (1945-2013)





























Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ
քեզ նվիրելու, որովհետև
ամեն ինչ բաժանված է
ու նվիրված:
Իսկ ես քեզ հիշում եմ ամենուրեք,
և այնպես պարզ եմ հիշում,
ինչպես որ անունդ եմ հիշում –
սիրելիս,
ս-ի-ր-ե-լ-ի-ս,
իսկ ես քեզ հիշում եմ ամենուրեք:
Եվ այս նամակը, որը քեզ երբեք չի հասնելու,
և այս գիշերը օտար աստղերով,
և շրջմոլիկը կոտրված կիթառով,
և փողոցները առանց երգերի,
կիսել են իմ հետ իմ տխրությունը
և երբեք չեն բողոքել:
Իսկ ես քեզ որոնել եմ ամենուրեք
և դու հիմա իմ հետ ես ամենուրեք
ինչպես որ քո անունն է իմ հետ –
սիրելիս,
ս-ի-ր-ե-լ-ի-ս,
իսկ ես քեզ որոնել եմ ամենուրեք:
Եվ սրճարանը գուցե սառը ջերմոց,
և այս բառերը – օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են և անչափ օտար,
որովհետև այս նամակը երբեք
քեզ չի հասնելու,
որովհետև
քեզ փնտրելու եմ նորից ամենուրեք,
որովհետև
քեզ հիշելու եմ նորից ամենուրեք,
և քայլելու եմ նորից նույն փողոցներով,
որտեղ նույն շրջմոլիկն է իր կոտրված կիթառով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

***

Հրաժեշտի երգեր

I
Լուսամուտի գոգին դրված են երկու կապույտ աչքեր:
Դրանք ինձ նվիրել է գնչուհին:
Նա ինձ խաբեց
և խաբելով ասաց,
որ դրանք երջանկության թալիսմաններ են:
Լուսամուտի գոգին դրված են
երկու կապույտ աչքեր:
Ես ամեն գիշեր քնելուց առաջ
երկար աղոթում եմ
նրանց առաջ ծունկի իջած:
Գնչուհի,
մի կույր աղջիկ կա աշխարհում,
նա թափառում է և ոչինչ չի տեսնում,
ասա նրան,
որ գա վերցնի այդ աչքերը,
և ասա նրան,
որ նա թաքուն գա և ոտքերի մատների վրա,
որովհետև
ես ախր շատ եմ հոգնած:
Պետք չի,
պետք չի
ինձ արթնացնել:

II

Փողոցներով
անցնում են
կույր աղջիկներ:
Նրանք գավազան ունեն ձեռքերում
և քայլում են քսվելով պատերին:
– Եթե դու ինձ սիրեիր
ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:
Փողոցներում
առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,
նրանք գլուխները կախել են,
իսկ կույր աղջիկները քայլում են
և չեն տեսնում նրանց:
– Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,
և դու կտեսնեիր ինձ:
Փողոցներում
կամաց-կամաց իջնում են վարագույրները,
և կամաց-կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց-կամաց հեռանում են
կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է:
Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.
վարագույրից այն կողմ
բոլորովին ուրիշ աշուն է:

***

Քեզ հետ և քեզ համար


Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որովհետև դու նա ես,
հենց նա, որին ասում են միակ,
որին կարոտում են հեռվից,
որի համար արտասվում են օտար սրճարաններում
և նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:

Դժվար է խոսքով ասել այն, ինչ որ սրտում է պահված,
Առավել ևս դժվար է լռել:
Լուսամուտներից թափվող լույսերի հորդացումի հետ
իմ մտքի հոսքը պարզվում է ու դառնում հստակ:
Ես որոնում եմ կապը, որն իր հետ
ճշմարտության լույս կտա խոսքերիս,
ու շաղախելով ես այս ամենը
հարազատության տաք զգացումին
վերադարձնում եմ մահա նորից քեզ:

Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով,
որովհետև երգը, որ պիտի ուղղվի քեզ
պիտի նոր լինի քո նման,
որովհոտև դու նոր ես ամեն օր
և պիտի լինես այդպես շարունակ:

Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ,
որովհետև այս երգը չպետք է վերջանա,
որովհետև ես ու իմ երգը
միշտ քեզ հետ ենք
և միշտ քեզ համար:

***

Հոգեհանգիստ

Դու այս դատողությունը կհամարես պարզունակ:
Թող այդպես լինի:

Վ.Վան-Գոգ

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր – ես ոչինչ չէի հիշում,
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
ոչ ոք չի խոցի ինձ մեջքից:
Այդ ե՞րբ էր` առաջին անգամ վառեցին գրքերը,
կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքերն էին սուրում 
երջանկությունից խելագարված:
Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
ամենահեշտը քեզ գտնելն էր – ես ոչինչ չէի հիշում:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:
Իսկ անտառը կամաց, կամաց սափրվում է երկրի երեսից,
կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ելք չի մնում:
Օ՜, անխելք կենդանիներ, զգո՞ւմ եք ձեր անխոհեմ քայլը,
դուք վեպերի հերոսներ կդառնաք,
դուք վերարկուներ կհագնեք,
ինտրիգներ կսարքեք,
կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:
Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
կապիկները վառվելով` թիթեռների թեթևությամբ
կթափվեն ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:



























***

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով,
քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում
ամենաանսպասելի անկյուններից
իր ետևից տանելով
ցնծությունից խելակորույս երեխաների
հրոսակախումբը`
 ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:
Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռու է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն,
ինչը չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ  մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
Իսկ  նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր հետևից տանելով
ցնծությունից ոչինչ չնկատող երեխաների
հրոսակախումբը.
Ի՜նչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում:

***

Մի տխրիր, երբ նստած ես սեղանի առաջ
և մի արտասվիր, երբ գինի ես խմում
կամ Աստված գիտե, թե ինչ,
և մի գրիր բանաստեղծություններ,
երբ հեռու ես քո երկրից:
Փողոցով քայլող այն երեք մարդուց
դու նա ես, որը չի գնում առաջ,
և չի օրորում գլուխը
կամ էլ` չի ճոճվում տեղում.
դու նա ես,
որը վճռական ու ողբերգական
շարժումներով
խրվում է հողի մեջ`
անվերադարձ վշտի կնիքը դեմքին:
Իսկ քո մշուշոտ աչքերի առաջ,
չափից դուրս հուզված,
ճչում են, թռչկոտում
նավթոտ, կնճռապատ ծովահարսերը…

…Էլի նույն խոսքերի և նույն քամու և ավազի վրա
դու վերջացնում ես քո օրը,
և լուռ նստում ես մութ սենյակի մեջ
և ծերացող տղամարդու հուսահատությամբ
անհեթեթ ժպտում…

***

Քեզանից հեռու աշուն է

Երջանկությունը այն է,
ինչ մենք կորցնում ենք ամեն օր
և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,
երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ
անհրաժեշտ բառեր ես որոնում
արցունքներդ մեկնաբանելու համար:
Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.
անմոռանալի թափառումներ
երաժշտության փողոցներում,
և քրտինք,
որ հեղեղի նման հոսում է ներքև,
և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,
արև ու անապատ ու չվերջացող քայլեր…
Երջանկությունը…
դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,
որովհետև երջանկությունը հենց այն է,
ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,
որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում
և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,
պիտի մոռանանք  արևի տակ շուռումուռ գալով,
ցատկոտելով ջրի մեջ,
հիանալով փողոցների անթերիությամբ,
աղջիկների հետևից նետելով կոպիտ ու
աններելի բառեր
և խոսելով, անվերջ խոսելով:
Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,
գուցե անձրև լինի, և դու կծկվես շենքի մուտքի մոտ,
և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,
ինձ մոտենալիս – թրջված ու ողբալի,
կիմանաս, որ երջանկությունը այն է,
ինչ հեռվից մոտենում է քեզ
և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,
անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր
մեկի պատմած
ձանձրալի ու տխուր մի իրողություն:
   Օ՜, ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ
կենտրոնում,
բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն
դնելով
աղավնիներից ազատ տարածության վրա:
Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ
և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,
բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն
գտնելու հույսով, որտեղ կարելի է նստել
մենակ ու հանգիստ,
ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի
կյանքի  մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`
հանկարծակի հայտնված արցունքներդ
մեկնաբանելու համար…

***

Վաղը ձյուն կգա

Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով,
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ…
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա…





















***

Նա գնում էր նավով հեռու հեռավոր երկրներ:
Քամին փչում էր և կապույտ էր ջուրը:
Երկնքում աստղեր կային և լուսին կար նույնպես:
Նա գնում էր նավով՝ ոչ տխուր և ոչ էլ ուրախ էր,
իր խցիկում նստած ծխում էր, թերթ կարդում,
կոշիկները հանել դրել էր մահճակալի տակ,
շարժում էր ոտքի մատները,
թերթ կարդում,
ծխում:

Իսկ հենց այդ նույն պահին
ես պառկած իմ տանը
երազ էի տեսնում, որ գնում եմ նավով
հեռու հեռավոր երկրներ:
Քամին փչում էր և կապույտ էր ջուրը:
Երկնքում աստղեր կային և լուսին կար նույնպես:
Ես գնում եմ նավով՝ ոչ տխուր և ոչ էլ ուրախ,
իմ խցիկում նստած ծխում էի՝ թերթ կարդում:
Կոշիկներս հանել և դրել էի մահճակալի տակ,
շարժում էի ոտքիս մատները,
թերթ կարդում
ծխում:

Աստված իմ՝ ես ինչքան եմ սիրում քեզ:
Ու արագ նետում եմ մի կողմ,
դադարեցնում եմ շարժել ոտքիս մատները,
մահճակալի տակից հանում
և արագ-արագ հագնում եմ կոշիկներս,
լուսինը նետում եմ մի կողմ,
աստղերը նույնպես,
սեղմում եմ քամու կոկորդը
և նա դադարում է փչել
և արագ փոխում ջրի կապույտ գույնը,
իսկ ամենավերջում
տախտակ առ տախտակ քանդում եմ նավը.
և ամենավերջին տախտակը պոկելիս
արթնանում:

***

Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու
կամ գոնե մարմինդ:
Նրանք ամուր փակեցին առասպելների դռները
և դու ստիպված հավատացիր,
որ գոյություն չունեն նրանք:
Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց
որպես հարգանք:
Դու նայեցիր ավազին և մտածեցիր՝
ի՜նչ երկար է ճանապարհդ:
Դու հենց այդպես մտածեցիր նաև
երբ քայլում էիր ծովի երկայնքով:

Հետո ճայերի անտանելի ձայներն հասան քեզ:
Իսկապես ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:

Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:
… Բայց դու ամեն օր
բաց ես թողնում քո լուսամուտները,
որովհետև հաստատ հավատում ես,
որ կգան նրանք
որոնց գոյությանն էլ ես
հաստատ հավատում…

***

Գարնանային թեթև ներկայացումներ

Սա իմ փողոցն է:
Ես քայլում եմ նրա երկայնքով
ետ ու առաջ:
Ես այսօր շատ եմ զբաղված՝
ծաղիկներ եմ դասավորում շենքերի պատերին,
թիթեռներին ներկում եմ բոլոր գույներով
և անձրևի համար ջուր եմ հավաքում:
Եվ ահա ես ամբողջովին ներկոտված եմ,
թրջված եմ և ինձանից ծաղկի հոտ է գալիս:
Եվ ահա քաշելով բերեցին դաշնամուրը,
ես արագ ցույց եմ տալիս
որտեղ է հարմար և պետք է դնել:
Եվ ահա ամեն ինչ պատրաստ է,
քիչ հետո դուրս կգա արևը,
կնվագի դաշնամուրը,
սրճարանի լույսերը պայծառ կվառվեն,
գույնզգույն թիթեռները կթռչկոտեն,
կբուրեն ծաղիկները,
անձրևը կգա,
և կլինի գարուն: