Որոնել

среда, 19 декабря 2018 г.

Ներսես Աթաբեկյան․ բանաստեղծություններ


Ներսես Աթաբեկյան (1960)















... մենք չենք հանդիպում,
և ամեն մի նոր ու չհանդիպում
միշտ նույն հեքիաթն է.
բոլորը գիտեն,
ոչ ոք չի հիշում...

*

Վեցերորդ եղանակը

Փարիզում նորից գարուն է,
իսկ մեզ մոտ՝ տարվա եղանակը նույն,
որ Բանաստեղծի խնդրանքով եկավ
ու չի հեռանում,-

առավոտները շուտ են ծերանում,
տգեղ են սմքում թփերը գաճաճ,
ու սեր չի դառնում ոչ մի դերանուն՝
թյուրիմացաբար ճամփեքիդ աճած,-

տասնմեկերորդ անգամ դեղձենին
մեռնում է՝ գարնան ճամփան պահելով,
անեծքի պես է իջնում կածանի
ծամը՝ քո հերվա ձյունից պաղելով,-

խոտը - հիվանդի մկրատած մազեր,
տենդի պես - ջրի կաթնագույն հեռուն,
և այն, որ սիրտը մի գիշեր ուզեց-
խելապակասի վախ է սևեռուն,-

ներսերո՞ւմ եմ դեռ, թե դուրս են կանչում
ծառերը ծաղկած ու պայծառատես,-
ու սպասում ես ինձ տողավերջում
տարվա վեցերորդ եղանակի պես...

*

Էսպիսի բաներ

Մալաթիայի փողոցներում հալվեց իմ առաջին սերը:

Անձրևներ էին-
Երևան-Վենետիկ տրանզիտ,
ու քաղաքը լողում էր տխրության դեղին ջրերում:
- Հալվում է,- ասաց Կոմայգու ծռված ստվերը
և անտուն շան աչքերով նայեց հեռուն...

Գարուն էր կարծեմ դեռ մի քիչ,
ու գոնդոլների երամը սև էր.
Երևանը հենել էր սանդուղքը երկնքին
ու մի փունջ թրջված սեր էր կրծքին սեղմել-
իր գժերի նման, որ շարվել էին շուրջը,
աչքերում՝ չասելիքը, որ հաստատ կսպաներ մեզ,
ու հեռվից հրաշք էր Ռիալտոյի կամուրջը-

հեռվից,
քեզ նման,
տառապանքի պես...

*

Ճեպանկար

Պատահական անցորդների իրիկնաժամ:
Թիկնոցների միանման մենակություն:
Դիտարժանը` կրպակն օղու և ծամոնի:
Ջրափոսում,- սատանեկան նախատոնի
նմանությամբ,- երևում է ամեն ինչ ծուռ կամ շուռ տված:
Մի խոսքով, զուտ մտավարժանք,
եթե անտես առնենք ողորկ ցուցափեղկում

ճերմակ ծունկը թանկաբազար մանեկենի,
մեկ էլ` նախկին թոշակառուն ինչ է երգում:
Կոդը գենի
(որը կարծեմ թե վերջերս նորից գտան),
նրան բերել ու դրել է մեռելատան
մուտքի առաջ, ուր դագաղի կափարիչն է
խոստանում նախ` լաց ու երդում,
ապա և` թարմ հողաթմբի զեհին թողած
հացուերշիկ և օղու շիշ կիսադատարկ:

Մնացյալը շրջանակից ընկնում է դուրս,
ոստիկանը – խանութպանի շարժուկերպով,
բանաստեղծը — ոստիկանի հայացքում խեթ,
անառակը — բանաստեղծի եզակի սեր,
առաքյալը — անառակի գին ասկարկող,
Աստծո Որդին, ում առաքյալն ամեն գիշեր
զինվորների ձեռքն է մատնում
այգիներում Գհթսեմանի.–

քանզի ստրուկն իր տիրոջն է սիրում միայն
և ատում է իր նմանին…

*

Եղեգնուտով դեղին քամի անցավ:
Ամիսն օգոստոս էր:
Օդից հմուտ հյուսված մի կերպարանք-
ջրահեղձի ոգի:
Միջով,- անդին,- հայացք:
Ջրիմուռի գենը - հիշողության պահոց:
Քայլ դեպի ներս,
ապա - շրջված երկինք:

Երևանյան լճի 80 եսիմ ո՞ր թիվ:
Ու եղեգներում կանչողի ձայնը:
Այստեղ եմ ու դեռ տխրության առթիվ
կարողանում եմ մի քիչ լաց լինել:

Մի տարի առաջ... Բայց անցավ տարին:
Ջրերում լուծվեց: Ափը հեռացավ:
Ու կնոջ նման անհավատարիմ
սիրելի է մեր բաժանման ցավը:

Անբազուկ դաստակ: Կիսադեմ աղոտ:
Լճափին թառած ձկնորսների չուն:
Պատկերը՝ պարապ, բառը՝ անհաղորդ,
անունը՝ ծաղիկ - ցամաքող լճում:

Միայն քամին էր՝ եղեգնուտն անցավ:
Ամիսն՝ իրական,- ու չկա նորից:
Ու ցուրտ ջրերից ահեղ բարձրացավ
վտառը կանչող հայելիների...

*

Քսանհինգ օրից գարուն է,
թեթևսոլիկ, ինչպես քսան տարի առաջ,
բերանբաց,
անառիթ ծիծաղի պատրաստ լրջությամբ,
մուշտակից ազատված կնոջ մեջք,
գուլպայից մաքրվող սրունքի պես
ճերմակ, հանկարծակի կեռման`
անծանոթ մայրուղում, որից նվաղում է
սիրտդ ու քեզ նորից դեպի քո անցյալն է հղում:

Ջրերը լցվում են ջրերի մեջ,
և ամեն ջուր գիտի որտեղից է գալիս,
և ամեն ինչ թվում է ինքնամատույց ու մերկ`
աղջիկները` մայթին,
ծառը` նախորդ դարից,
շարքը կրպակների
ու երկնագույն ներկած
երկինքն` իր ցած սահող նրբին ներքնաշորով,
որը թեթև քամուց դառնում է ամպ
և անձրև է դառնում օրոր-շորոր,

իսկ քեզ համար` արցունք,
որ գարուն է, ինչպես քսան տարի առաջ,
որ գարո՛ւնն է,- ինչպես քսան տարի առաջ,
որ գարունն է-
ոչ դու…

*
Իմ չտեսած ծովերի վրա
օրորվում են իմ չտեսած նավերը,
մի կանաչ ջրահարս
խոսք է գցում թխացած նավազներին,
վերևում ծով ու արև է,
ներքևում՝ նույնը թերևս,
ու նավազները տախտակամածին
սեր են ստեղծագործում,
ու քահ-քահ խնդում է
Դելփոսի երկկենցաղ կատարածուն:-
Այնքան պարզ ու մոտիկ տեսա երեկ գիշեր,
երբ խոհանոցում փորձում էի վառել
կեսից կոտրված ծխախոտը,
վերևում անծով, աննավազ ու անարև
մեկը իրեն երկինք էր կարծում,
ու նույնն էր ցածում՝
երևի որ անձրև էր ու անձրև,
ու ծիծաղից մեռել էր
Դելփոսի երկկենցաղ կատարածուն…

*

Կեսօրվա սեղմագիրը

Հիշողության մեջ եմ:
Տուն է:
Պատերն – անթափանցիկ,
գույնը – անձրև,
պատուհանները – ներս:
Նույնն է, թե քեզ հանձնես
գյուղամիջի առվի ընթացքին,
որ չի տանում
ոչ մի տեղ,
բայց հեղուկ դրախտ է,
մանավանդ
ջրխմոցի իջած
գոմեշների չփչփոցի հետ,
ամռան միջօրեին,
թթենու ծանր կեղծամի տակ,
շոգած տանիքներից հեռու –
մի տեսակ կյանք-չկյանք՝
վերևի շուռտիպ ներքևներում,
ուր կանք՝
անշարժո՛ւմ, անշարժո՛ւմ, անշարժո՛ւմ –
կատարյալ-զմռսված վերջնական…

*

Վերջնախաղ

Երբ ձմեռվա դառը մայրամուտի միջով
նայում ես ոչմիտեղ,
բառը եղյամերեն է հիշվում,
ու ոչ մի թեյ
չի արթնացնի մատներդ
գրելու թե գրկելու համար,
ամեն ինչ ավարտվել է,
ու չնայած էլի գարուն կգա,
ու կբացվի վարդը,
ու որևէ սիրեկան էլի կմնա իր յարին,
անշրջելի ցրտահարված տարին
չի հասնի ամառ,
մի տեղ ճանապարհին
կբռնի սիրտը,
ակամա
կնայի վեր,
աստղեր կտեսնի ցերեկվա երկնքում
ու անհավես
կնստի դեռ անհանգուցյալ քարին,
ու երևի մեռնի էլ էդտեղ
իրենից թաքուն՝
հետգրության աղոտ երազանքով…



Անտոնիո Մաչադո․ Միայնություններ

Անտոնիո Մաչադո (1875-1939 Սեվիլիա, Իսպանիա)

Անտոնիո Մաչադոյի դիմանկարը
Նկարիչ՝ Խոակին Սորոլյա





















II

Շատ ճամփաներ  եմ անցել ,
Բացել եմ շատ ուղիներ;
հարյուր ծովում եմ նավարկել
և հարյուր անգամ ափ ելել:
Ամենուր տեսել եմ
տխրության քարավաններ,
եսասեր  ու մռայլ,
Հարբեցողներին` սև  ստվերով…
և պեդանտներին,
որ նայում են, լռում  ու իմաստուն իրենց կարծում,
որովհետև չեն  խմում
գինին պանդոկների.
վատ մարդիկ, որ քայլում են
ու հողի գարշաբույրն է փչում …

Եվ ամենուր տեսել եմ
մարդիկ, որ պարում են, խաղ ասում
երբ կարող են, և իրենց բաժին
Չորս թիզ հողն եմ մշակում:
Երբեք, երբ մի տեղ են հասնում,
չեն հարցնում, թե ուր են հասել,
հեծնում են ծեր ջորին,
շտապել չունեն`
անգամ տոնական օրերին:
Որտեղ գինի կա, գինի են խմում.
որտեղ գինի չկա` սառը ջուր.
լավ մարդիկ, որ ապրում են,
աշխատատում, երազում, անցնում,
և օրերից մի օր
հանգստանում են հողի տակ:

 *

XII

Սիրելիս, զեփյուռն ասում է.
ճերմակ է քո հագուստը…
Աչքերս չեն տեսնի քեզ,
սիրտս քեզ սպասում է …

Քամին բերել է ինձ
քո առավոտյան անունը,
ու քայլերիդ արձագանքը
լեռը կրկնում է …
Աչքերս չեն տեսնի քեզ,
սիրտս քեզ սպասում է…

Մութ աշտարակներում
զանգերը ղողանջում են….
Աչքերս չեն տեսնի քեզ,
սիրտս քեզ սպասում է …

Մուրճի հարվածներն
ասում են՝ սև է արկղը,
և փոսի վայրը,
քլունգի հարվածները...
Աչքերս չեն տեսնի քեզ`
սիրտս քեզ սպասում է…

*

XVI

Միշտ փախչող ու մշտապես
ինձ մոտ,
սև ծածկոցով վատ քողարկած
գունատ դեմքիդ  քամահրանքը՝
Ո՞ւր ես գնում, չգիտեմ և թե
որտե՞ղ է գիշերի մեջ   առագաստ փնտրում
կուսական գեղեցկությունդ:
Չգիտեմ`
ի՜նչ երազներ են կոպերը քո փակում
և ո՞վ է կիսաբաց արել
անհյուրընկալ մահիճդ:
------------------------------------
Կա՛նգ առ, անորսալի գեղեցկություն
Կա՛նգ առ..
համբուրել  կուզեի դառը,
դառը ծաղիկը շուրթերիդ:

 *

Անցած գիշեր, երազիս մեջ

Անցած գիշեր, երազիս մեջ`
օրհնված պատրանք.
Մի շատրվան էր  հոսում
իմ սրտի ներսում:
Հարցրի. «ինչո՞ւ ես նոր կյանքի սկիզբ,
Գալիս, հասնում ինձ,
Թե երբևէ չխմեցի
Քո կենարար ջրից… »

Անցած գիշեր, երազիս մեջ`
օրհնված պատրանք.
Մի շատրվան էր  հոսում
Իմ սրտի ներսում:
Հին- հին  դառնությամբ
Ոսկե մեղուներն այնտեղ
Սպիտակ մոմ  էին հունցում 
Ու…  քաղցր մեղր:

Անցած գիշեր, երազիս մեջ`
օրհնված պատրանք.
Մի ջերմ արև  էր շողում
իմ սրտի ներսում:
Ջերմ էր` տալիս էր քանզի
կարմիր տաքություն,
Արև էր`  փայլում էր քանզի,
իսկ ես`արտասվու՜մ …

Անցած գիշեր, երազիս մեջ`
Օրհնված  պատրանք.
Աստծո պատկերն էի կրում
Իմ սրտի ներսում:

Անտոնիո Մաչադոյի դիմանկարը
Նկարիչ՝ Խոսե Մաչադո Ռուիզ





















Թարգմանությունը՝  Աղավնի Գրիգորյանի

Հակոբ Մովսես․ բանաստեղծություններ


Հակոբ Մովսես (1952)




















Ֆլորա

Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ:
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան...
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները: -
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: -
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:

Ում կորցրեցինք... Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ,
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում,
չգիտես ինչու, պահում ենք հավետ:

Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ,
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ:
- Բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով,
պիտի հեկեկանք:

 *

Աղբյուրը

Ես լսել էի նրա ձայնը
Եվ ելել էի որոնումի:
Ես սիրում եմ թուզ, սալոր, մորի
Եվ, ուրեմն, ծոցս լիքը բառեր էի լցրել, -
Իմ մասին ինչ ուզում են թող ասեն,
Բայց թող այն էլ ասեն,
Որ պահեր կան,
Երբ ինձ գնդակ չի բռնում,
Երբ ինձ վրա արձակված նետերը
Չեն դիպչում ինձ,
Եվ որ սուսերամարտի ու երգասացության մեջ
Ես ինձ հավասարը չունեմ:

Բայց ինձ ասել էին,
Թե մեկը կա:
Ես կարծում էի,
Թե նա դահլիճներում կլինի
Եվ փնտրում էի այնտեղ,
Սակայն հետո բլուրները ելա
Եվ, նրանց լանջերին թփերը հետ տանելով,
Տեսնեմ` մեկը պառկած,
Եվ անթառամը`
Կրծքին կքած: -

Այ թե
Որտեղ ես թաքնվել
Փոքրիկ սուսերամարտիկ
Այ թե
Ես ասացի
Որտեղ

 *

Օգոստոս

Ես սիրո համար եղա սիրելիս:-

Մինչև լուսաբաց... Մինչև լուսաբաց...
Խնձորենու տակ քո երակների,

քո սրտի վրա, բույրերի խորքում
կրծքերիդ բացված մանուշակների:

Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից:
Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:

Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,

կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:

Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ,
ցույց տուր մեզ տեսնենք`

որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:

Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:

Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա,
իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:

Դու նրանց ասա, որ առավոտյան,
երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,

երբ երեք անգամ հավը խոսեց, և
հանկարծ բացվեցին դռները լույսի,

նա վերջին անգամ
շուրթերս ծածկեց իր համբույրներով
և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`

ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի...

Սեմ Գորյան․ Մի այլ աշուն
















Պոեզիա

Երբ դեմքիդ են քսվում շշուկները վհատ,
Եվ անձրևն է թափվում քո ունկերից.
Դու անցյալի փոշոտ ճամփաների վրա
Ինչ-որ բան ես թողնում վաղվա օրից:
Եվ քո մտքի ծլարձակող տարաժամին,
Դու ձոներ ես գրել, թողել թերի.
Եվ գիտեի՞ր արդյոք, որ քո դառը թույնից,
Ես պատրաստեմ պիտի քաղցր գինի:
Ու ես խմեմ պիտի, խմեմ անվե՜րջ, անհա՜գ,
Եվ քո թույնից թորեմ գինի ու երգ -
Որպես հոգեսատար սիրո մենանվագ,
Որպես գարուն փթթող ու աշնան բերք...
Ինձ տրված էր լինել խոնարհ աստվածամարդ...
Նախընտրեցի մնալ ըմբոստ եղեգ...

*
Իկարի հեքիաթը

Աստղերը փոքրիկ գառնուկներ են խենթ,
Լուսինը՝ կանաչ մի մարգագետին.
Գնամ ու խաղամ գառնուկների հետ –
Ծաղիկների մեջ ու ափին գետի:
Գնամ ու հովիվ դառնամ երկնքում,
Մոմե թևերով հասնեմ արևին.
Հետո սեր գտնեմ ծովերի գրկում –
Ու հեքիաթ դառնամ մի լուսարևիկ:

*
Իզաբել

«Իզաբե՜լ, Իզաբե՜լ, Իզաբե՜լ....»
Շարլ Ազնավուր

Երկուսով ենք նորից:
Մոմալույս է դալուկ:
Մոմալույսից դալուկ մի ստվեր կա պատին,
Որ անձնատուր աննինջ, անքնության դատին՝
Խենթանում է վերստին:
Իսկ սեղանին՝ թափված ցաքուցրիվ մտքեր,
Իսկ սեղանին՝ երկու դատարկ սուրճի գավաթ,
Երկու գավաթ գինու, էլ ավելի դատարկ՝
Երկու... բեկոր սրտի... Ու ծխապար աննինջ
Նույն խոհերով անհևք...
Եվ անիմաստ հևքով՝
Ինքնախռով,
Անզոր,
Աղեկտուր մի ճիչ:
«Իզաբել...» է ճչում ինչ-որ մեկը հոգնած,
Եվ շուրթերին հոգուդ ինչ-որ ցավ է իջնում,
Խելագար է, անշո՛ւշտ,
Իզաբե՛լը,
Եվ՝ Նա՛,
Որ ճչում է անվերջ
Ու «Իզաբել» կանչում...
Իզաբե՜լ... Իզաբե՜լ...
Անաստված սրտակեր,
Դու այս ի՞նչ ես անում, ես քեզ ի՞նչ եմ արել,
Ես քեզ ի՞նչ եմ արել, ա՜խ, սիրելուց բացի...
Տառապանքից բացի դու ինձ ի՞նչ ես տվել,
Ուրախ օրս, սե՛ր իմ, դու փոխեցիր լացի,
Ա՜խ, սիրելուց բացի՝ էլ առավել...
(Ամեն մեկը ունի մի Իզաբել կյանքում,
Որ գնում է ընդմիշտ, ետ չգալու համար.
Եվ խորհուրդը նույնն է՝ ցավի նման անքուն՝
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ վերադառնար...)
Երկուսով ենք նորից...
Աղոտ լույսի ներքո:
Այրվող մոմից կարծես բան չմնաց...
Իզաբելն էլ եկավ, փայլեց, ժպտաց, գնաց...
Որպես տեսիլք մնաց,
Որպես գինու շշեր
Պայծառ, ծաղկուն օրից մնաց մի մութ գիշեր.
Եվ այն սևազգեստ, բախտագուշակ կնոջ
Գուշակումը լուսե...
Երկուսով ենք նորից
Ու սենյակում ցուրտ է:

*
ահա նա
այն մարդը
որ գալիս է
կիսամերկ ու բոկոտն
ու պետք չունի ոչնչի
նա ապրում է անհոգ
ինչպես թռչունը
ուտում արմտիք ու հատապտուղներ
սնվում ինչով պատահի
ահա նա
Աստծո գառը
որի միակ հարստությունը
խոնարհությունն է և հեզությունը
առ Աստված և սուրբ հոգի
նա պետք չունի ոչնչի
չունի հոգս
ինչպես շուշանը դաշտի
և թռչունը վայրի
ահա նա
քո գառը
Տեր
որ քեզանից բացի ոչ ոք չունի
ոչինչ չունի
և դու ես նրա միակ հույսը
և ապավենը միակ
մինչդեռ
ժամանակ կար
որ նա ամեն բան ուներ
և այր էր հարգված և ունևոր
բարեկիրթ ու մեծահոգի
բարեպաշտ ու արդար
և սիրում էր իր կնոջն ու երեխաներին
մերձավորին ու օտարին
անտարբեր չէր այլոց ցավերին
օգնում էր աղքատներին ու տկարներին
չէր քաշվում նրանց հետ սեղան նստելուց
և ինքն էլ
սիրելի էր շատերին
այդպես շարունակվեց մինչև այն օրը
երբ նա իր ունեցվածքը բաժանեց աղքատներին
ի սեր
քեզ
ի սեր
խոնարհության ու հեզության
ի սեր
Գառի
նրա բաժանած ոսկիներով
աղքատներից շատերը հարստացան
իսկ նրանցից մեկը
խաբեությամբ տեր կանգնեց նրա կնոջը
վռնդեց երեխաներին
և իր չարությամբ ու ագահությամբ
հայտնի դարձավ բոլորին
կինը ամոթից ու հուսահատությունից կախվեց
երեխաները մնացին բախտի քմահաճույքին
ինչպես դաշտի շուշանները
և թռչունները վայրի
որոնք պետք չունեն կերի ու հագուստների
ահա նա
այդ թշվառը
որ գալիս է
կիսամերկ ու բոկոտն
և քեզանից բացի ոչ ոք չունի

*
Մարիամ Մագդաղենացի

Այսօր բառերը հացի համ ունեն,
Ջրերը նորից տխուր են հոսում,
Աստվածամա՞րդ էր դեմքդ համբուրել,
Թե՞ հնձվորների հիացքն էր խոսուն:
Ոչինչ չի փոխվել:
Պատկերը նույնն է:
Նույնն է վարսերիդ սրբիչը խավոտ:
Եվ կրունկների փոշին է նույնը,
Եվ տղամարդու երկունքը կավոտ:
Ասեղնագործված հուշերի թևին
Չի շրջագծում լուսինը ոչինչ,
Մի հավք էր թռչում՝ վիրավոր թևից,
Ու մոլոր էին աչքերը քո ջինջ...
- Ողջու՛յն քեզ,
Մարիա՛մ,
Հերարձա՜կ մշուշ,
Հրաշք օրերին քո փա՜ռք ու պատիվ.
Ե՛վ տառապանքիդ՝
Սիրո մեջ անուշ...
Ե՛վ մեղանչումիդ՝
Պայծառ ու պատիր...

*
Մի այլ աշուն

Տարականոն ձևվածքի մեջ իրերի,
Այս աշունը կոտրած ճյուղ է բալենու.
Երբ տղմոտ է խորքը վճիտ ջրերի –
Աչքն արցունքին անհաղորդ է մնալու:
Ու ծմրում է սիրտը ցավի կսկիծում,
Տափաստանի գայլի նման անընտել.
Ձևվածքի մեջ ինքդ քեզ ես կասկածում –
Թե չկար էլ... հարկավոր էր հորինել...
Ամեն կրակ կմոխրանա
Ու էլի,
Վարդն իր փուշը ու բուրմունքը կունենա.
Ե՛վ առավոտ, և՛ երեկո կլինի –
Վերքի բացը ցավ քաշողը կիմանա:
Այլոց համար,
Մի այլանուն վարկածում,
Տարականոն ձևվածքի մեջ իրերի.
Նույն չափերի ամենակուլ հատվածում –
Մի այլ Աշուն և Պատմություն կլինի:

*
Թախծոտ աչքերով աղջկան

Ես հիշում եմ հիմա քո բառերը վերջին
Եվ աչքերիս բաժին տխրությունը մանվող,
Եվ դողացող ձեռքս՝ վարանումից գրչի,
Եվ առաջին երգի ծխապարը աղոտ:

Մոռացության քամին հեքիաթներ է հյուսում
Եվ խճճվում այնտեղ՝ տագնապների ափին,
Եվ հիշվում ես նորից, որպես ոսկի մասունք,
Եվ ծավալվում մտքիս անքնության տապից:
Կորուստները հաճախ նույն ձանձրույթն են զգում,
Եվ օտար է թվում մոլորակի կորը,
Եվ նույն քարտեզների ուրվագիծն է զգոն,
Եվ նույն համրությամբ է շրջագծվում օրը:
Այս առավոտ մեկը մահացել էր դրսում
Եվ պաղ շրթունքներով ձյունն էր հպվել հողին,
Եվ տերևներ ընկան զառանցանքի փոսում,
Եվ մի վերջին անգամ ինձ պաշարեց օղին:
Ես ապրում եմ հիմա,
Ու ապրում ես և դու...
Եվ մեր Սերն է ապրում ծաղիկների վրա,
Եվ աստղերի մասին դեռ երգեր են գրվում,
Եվ ջրերն են երգում նայադների նման:

*
Հրաշք օր

Աստվածային մի օրհնանք կա օրվա մեջ,
Լուսայգի պես՝ արևաշո՜ղ, բոցավա՜ռ.
Արամազդի սերն ու բարին չունեն վերջ,
Հոգիներում՝ զուլա՜լ, անե՜ղծ, հուսավա՜ռ:
Եթերները եզերքներ են հեռավոր,
Ուր ճախրում են երազները թովչանքի,
Ուր թևում են հոգիները թևավոր,
Որ կարոտ են արծվաթև ճախրանքի:
Այնտեղ -
Կապույտ եզերքների ափերին,
Աստղացիրի ցնորքները աշխարհիկ,
Լուսայգի հետ ցող են շաղում վարդերին,
Հեքիաթների լույսը բերում աշխարհին:
Ու երգերը, որ գրվում են սիրավետ,
Շաղախված են Աստվածահոր օրհնանքով,
Որ ծնվում են արևացոլ օրվա հետ,
Աղոթքի պես ու սիրո պես հոգեթով:

*

«Իսպանական երգաշար» շարքից
Մադրիգալ

Ներեցեք ինձ, օրիո՛րդ.
ձեր աչքերի փայլը,
ձեր նազանքը այդ պերճ,
ձեր կոնքերի կորը՝
ես չեմ կարող, այնպես,
կողքից նայել...
Ձեր աչքերի փայլը
Հոռոմ պապին անգամ
հավատուրաց կաներ,
ձեր քայլերի երգը
և ձևերը ձեր թանկ,
ձեր շուրթերի հևքը...
Դուք այնպես չքնաղ եք.
ինչպես զամբիկ, ինչպես
դեռ չթամբած մի ձի,
եթե հաճո լիներ,
հավատացե՛ք, գիտե՛մ,
ոնց են բերում սանձի:
Ձեր կոնքերի կորը,
ձեր նազանքը այդ պերճ,
ձեր աչքերի փայլը -
ներեցեք ինձ, օրիո՛րդ,
ես չեմ կարող, այնպես,
կողքից նայել...

вторник, 18 декабря 2018 г.

Մհեր Բեյլերյան․ Երկու պատմվածք





Մայորը

Մայորի աչքերը հազվադեպ են երևում հաստ հոնքերի տակից: Ընկերները նրան Ուղտ են ասում, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա կոտրատվելով քայլելը և մշտապես որոճալը, անկախ այն բանից` բերանը լի՞քն է, թե՞ դատարկ: Ընդհանուր առմամբ մայորը չափազանց անհետաքրքիր է` նրա մասին գրելու համար, բայց կա մի առանձնահատկություն, որը նրան տարբ երում է մյուսներից: Երբ մայորը խոսում է, ունկնդիրները հանկարծ արտասվելու ցանկություն են ունենում ` անկախ նրա ասածի
բովանդակությունից...
-Դու ինձ մի օր հասցնելու ես,-հեկեկալով ասաց վերադասը, այն բանից հետո, երբ մայորը զեկուցեց, որ հերթապահությունն անցել է առանց միջադեպերի:
-Հոգիս հանեցիր,-լացելով խոստովանեց կինը, երբ մայորը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով,-էլ ինձ հետ մի՛ խոսիր: Լացելուց հոգնել եմ:
Մայորը միայն թոթվեց ուսերը և հեռացավ: Աշխարհի բոլոր մայորների նման նա ևս թուլություն ուներ ամենայն խմիչքի և ուտելիքի նկատմամբ, և ես որոշեցի օգտագործել այդ թուլությունը և վերջապես բացահայտել նրա գաղտնիքը:
-Էսօր ի՞նչ ես անում. արի գնանք` մի քիչ նստենք:
Նա միայն թոթվեց ուսերն ու շարունակեց որոճալ, չնայած բերանում ոչինչ չկար:
Երբ զգացի, որ քեֆը տեղն է, առանց նախաբանի հարցրի.
-Լսիր, ինչի՞ց է, որ հետդ խոսելիս մի տեսակ հուզվում եմ:
Նա հոնքերն ավելի կիտեց, կոնծեց ու ասաց.
-Գիտե՞ս, պատերազմի ժամանակ ինչեր եմ տեսել: Կամ պիտի գժվես, կամ հոնգուրհոն
գուր լաց լինես: Բայց ո՞նց լացես, երբ զինվորներդ քեզ են նայում:
Նա երկար լռեց, հետո խմեց վերջին բաժակը, թոթվեց ուսերն ու հեռացավ:
Քիչ անց ինձ մոտեցավ մատուցողը: Նա բութ մատով մաքրեց աչքից ծորացող արցունքն ու ասաց.
-Ախպերս, մայորն ասավ հաշիվը դու ես փակելու:
Ես վճարեցի ու դուրս եկա: Մայորն արդեն հասել էր խաչմերուկին և հիմա փորձում էր անցնել փողոցը: Անցորդները չէին կռահում, որ նա խելագար է: Այդ մասին գիտեր միայն ինքը և ես: Նա չէր կարող արտասվել իր զինվորների մոտ և նախընտրել էր խելագարվել: Նա այնքան արցունք էր կուլ տվել, որ հիմա բոլորը լացում էին նրա փոխարեն: Բայց ոչ ոք չէր կռահում, որ նա խելագար է, քանի որ մայորը թաքցնում էր աչքերի ցնորքը թավ հոնքերի տակ:

Խուան Մորտեսի սխալը

Պատմվածքի նկարագրված դեպքը տեղի է ունեցել իրականում: Խուան Մորտեսը ներկայումս պատիժ է կրում լատինամերիկյան բանտերից մեկում:

Կինը շարունակում էր խոսել: Նայելով նրա ճերմակ մազերին ու անատամ ժպիտին` Խուան Մորտեսը թերևս իր մորն էր հիշում կամ գուցե տատիկին: Ամեն դեպքում նրան սկզբում հաճելի էր լսել այդ կնոջը, որն անընդհատ ավելացնում էր իր բաժակի թեյը, որպեսզի զրուցակիցը չձանձրանա և մինչև վերջ լսի իրեն: Խուան Մորտեսն արդեն հորանջում էր, որովհետև կնոջ պատմությունների վերջը չէր երևում: Կինը մերթ պատմում էր Սուրբ Կատերինայի, մերթ հարբեցող տղայի մասին, որին արդեն հոգնել էր հանել տարբեր պատմություններից: Երբ կինն ասաց, որ տղան տարբեր կանանցից չորս զավակ ունի, Մորտեսը հենվեց բազմոցին` հասկանալով, որ պատմությունը միայն նոր է սկսվում: Նա արդեն մոռացել էր, թե ինչու էր եկել, տարեց կնոջ միալար ձայնը նրան արդեն թմրեցրել էր: Թմբիրի մեջ ինչ-որ ոստիկան մահակով հարվածում էր նրա երիկամ ներին ու կրկնում․ «Ինչպե՞ս համարձակվեցիր մտնել այդ սուրբ կնոջ տունը»: Եվ Մորտեսը կռահեց, որ այդ կինը հենց Սուրբ Կատերինան է: Ուրիշ էլ ո՞վ կհյուրասիրեր իր տուն մտած գողին, կզրուցեր նրա հետ, կպատմեր իր մասին: Երբեք Խուան Մորտեսը նման ջերմություն չէր զգացել: Մայրը շուտ մահացավ, իսկ լուսահոգի տատը, երբ հարբում էր, սկսում էր ծեծել նրան ձեռնափայտով: Ժիր տատիկ էր, իսկը վհուկ: Մի օր փոքրիկ Խուանը դանակով սպառնաց տատին, և տանը նրան այլևս չէին հարվածում: Փոխարենը շան ծեծ էին տալիս բակում: Արդեն 15 տարեկանում հայտնի գող էր, հասցրել էր երեք անգամ դատապարտվել: Նույնիսկ ընկերներն էին նրանից վախենում, իսկ ոստիկանները պարզապես հրեշ էին համարում: Ճիշտ է դաժանություններ էլ է արել, բայց մի՞թե ստիպված չի եղել, մի՞թե երբևէ առաջինն է հարձակվել: Խուան Մորտեսի թշնամիները երկար չէին ապրում, և դա նրա ընտրությունը չէր: Եվ ահա տանից փախչելուց հետո առաջին անգամ նրան դիմավորում են հարազատի պես: Տարեց կինն, իհարկե, սկզբում վախեցավ, բայց երբ Մորտեսն ասաց, որ նրան ձեռք չի տա, կինը
միանգամից հավատաց: Նա չփորձեց փախչել կամ ճչալ, այլ երկար նայեց Խուանի հյուծված դեմքին և առաջարկեց իր հետ ճաշել: Կնոջը հավանաբար ոչ ոք չէր այցելում: Նա այնքան միայնակ էր, որ ուրախ էր նույնիսկ գողին: Նախքան ննջելը, Մորտեսը որոշեց, որ մի լավ կքոթակի այդ պառավի տղային, իսկ հետո պառավին կպահի, ինչպես ժամանակին իր տատիկին էր պահում...
Նա արթնացավ երիկամ ների սուր ցավից: Ոստիկանը մահակով հարվածում էր ու կրկնում. «Ինչո՞ւ մտար այդ սուրբ կնոջ տունը, այ...»: Նրան նստեցրին ոստիկանության մեքենան: Դեռ լրիվ չէր արթնացել և լավ չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում: «Քո մասին է»,-ասաց ոստիկանը և բարձրացրեց ռադիոյի ձայնը:
«...Երբ նա հասել է թոռներին, գողը վերջապես քնել է, և հնարամիտ տատիկը զանգել է ոստիկանություն: Գողի անունն է Խուան Մորտես»: