Որոնել

среда, 19 декабря 2018 г.

Սեմ Գորյան․ Մի այլ աշուն
















Պոեզիա

Երբ դեմքիդ են քսվում շշուկները վհատ,
Եվ անձրևն է թափվում քո ունկերից.
Դու անցյալի փոշոտ ճամփաների վրա
Ինչ-որ բան ես թողնում վաղվա օրից:
Եվ քո մտքի ծլարձակող տարաժամին,
Դու ձոներ ես գրել, թողել թերի.
Եվ գիտեի՞ր արդյոք, որ քո դառը թույնից,
Ես պատրաստեմ պիտի քաղցր գինի:
Ու ես խմեմ պիտի, խմեմ անվե՜րջ, անհա՜գ,
Եվ քո թույնից թորեմ գինի ու երգ -
Որպես հոգեսատար սիրո մենանվագ,
Որպես գարուն փթթող ու աշնան բերք...
Ինձ տրված էր լինել խոնարհ աստվածամարդ...
Նախընտրեցի մնալ ըմբոստ եղեգ...

*
Իկարի հեքիաթը

Աստղերը փոքրիկ գառնուկներ են խենթ,
Լուսինը՝ կանաչ մի մարգագետին.
Գնամ ու խաղամ գառնուկների հետ –
Ծաղիկների մեջ ու ափին գետի:
Գնամ ու հովիվ դառնամ երկնքում,
Մոմե թևերով հասնեմ արևին.
Հետո սեր գտնեմ ծովերի գրկում –
Ու հեքիաթ դառնամ մի լուսարևիկ:

*
Իզաբել

«Իզաբե՜լ, Իզաբե՜լ, Իզաբե՜լ....»
Շարլ Ազնավուր

Երկուսով ենք նորից:
Մոմալույս է դալուկ:
Մոմալույսից դալուկ մի ստվեր կա պատին,
Որ անձնատուր աննինջ, անքնության դատին՝
Խենթանում է վերստին:
Իսկ սեղանին՝ թափված ցաքուցրիվ մտքեր,
Իսկ սեղանին՝ երկու դատարկ սուրճի գավաթ,
Երկու գավաթ գինու, էլ ավելի դատարկ՝
Երկու... բեկոր սրտի... Ու ծխապար աննինջ
Նույն խոհերով անհևք...
Եվ անիմաստ հևքով՝
Ինքնախռով,
Անզոր,
Աղեկտուր մի ճիչ:
«Իզաբել...» է ճչում ինչ-որ մեկը հոգնած,
Եվ շուրթերին հոգուդ ինչ-որ ցավ է իջնում,
Խելագար է, անշո՛ւշտ,
Իզաբե՛լը,
Եվ՝ Նա՛,
Որ ճչում է անվերջ
Ու «Իզաբել» կանչում...
Իզաբե՜լ... Իզաբե՜լ...
Անաստված սրտակեր,
Դու այս ի՞նչ ես անում, ես քեզ ի՞նչ եմ արել,
Ես քեզ ի՞նչ եմ արել, ա՜խ, սիրելուց բացի...
Տառապանքից բացի դու ինձ ի՞նչ ես տվել,
Ուրախ օրս, սե՛ր իմ, դու փոխեցիր լացի,
Ա՜խ, սիրելուց բացի՝ էլ առավել...
(Ամեն մեկը ունի մի Իզաբել կյանքում,
Որ գնում է ընդմիշտ, ետ չգալու համար.
Եվ խորհուրդը նույնն է՝ ցավի նման անքուն՝
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ վերադառնար...)
Երկուսով ենք նորից...
Աղոտ լույսի ներքո:
Այրվող մոմից կարծես բան չմնաց...
Իզաբելն էլ եկավ, փայլեց, ժպտաց, գնաց...
Որպես տեսիլք մնաց,
Որպես գինու շշեր
Պայծառ, ծաղկուն օրից մնաց մի մութ գիշեր.
Եվ այն սևազգեստ, բախտագուշակ կնոջ
Գուշակումը լուսե...
Երկուսով ենք նորից
Ու սենյակում ցուրտ է:

*
ահա նա
այն մարդը
որ գալիս է
կիսամերկ ու բոկոտն
ու պետք չունի ոչնչի
նա ապրում է անհոգ
ինչպես թռչունը
ուտում արմտիք ու հատապտուղներ
սնվում ինչով պատահի
ահա նա
Աստծո գառը
որի միակ հարստությունը
խոնարհությունն է և հեզությունը
առ Աստված և սուրբ հոգի
նա պետք չունի ոչնչի
չունի հոգս
ինչպես շուշանը դաշտի
և թռչունը վայրի
ահա նա
քո գառը
Տեր
որ քեզանից բացի ոչ ոք չունի
ոչինչ չունի
և դու ես նրա միակ հույսը
և ապավենը միակ
մինչդեռ
ժամանակ կար
որ նա ամեն բան ուներ
և այր էր հարգված և ունևոր
բարեկիրթ ու մեծահոգի
բարեպաշտ ու արդար
և սիրում էր իր կնոջն ու երեխաներին
մերձավորին ու օտարին
անտարբեր չէր այլոց ցավերին
օգնում էր աղքատներին ու տկարներին
չէր քաշվում նրանց հետ սեղան նստելուց
և ինքն էլ
սիրելի էր շատերին
այդպես շարունակվեց մինչև այն օրը
երբ նա իր ունեցվածքը բաժանեց աղքատներին
ի սեր
քեզ
ի սեր
խոնարհության ու հեզության
ի սեր
Գառի
նրա բաժանած ոսկիներով
աղքատներից շատերը հարստացան
իսկ նրանցից մեկը
խաբեությամբ տեր կանգնեց նրա կնոջը
վռնդեց երեխաներին
և իր չարությամբ ու ագահությամբ
հայտնի դարձավ բոլորին
կինը ամոթից ու հուսահատությունից կախվեց
երեխաները մնացին բախտի քմահաճույքին
ինչպես դաշտի շուշանները
և թռչունները վայրի
որոնք պետք չունեն կերի ու հագուստների
ահա նա
այդ թշվառը
որ գալիս է
կիսամերկ ու բոկոտն
և քեզանից բացի ոչ ոք չունի

*
Մարիամ Մագդաղենացի

Այսօր բառերը հացի համ ունեն,
Ջրերը նորից տխուր են հոսում,
Աստվածամա՞րդ էր դեմքդ համբուրել,
Թե՞ հնձվորների հիացքն էր խոսուն:
Ոչինչ չի փոխվել:
Պատկերը նույնն է:
Նույնն է վարսերիդ սրբիչը խավոտ:
Եվ կրունկների փոշին է նույնը,
Եվ տղամարդու երկունքը կավոտ:
Ասեղնագործված հուշերի թևին
Չի շրջագծում լուսինը ոչինչ,
Մի հավք էր թռչում՝ վիրավոր թևից,
Ու մոլոր էին աչքերը քո ջինջ...
- Ողջու՛յն քեզ,
Մարիա՛մ,
Հերարձա՜կ մշուշ,
Հրաշք օրերին քո փա՜ռք ու պատիվ.
Ե՛վ տառապանքիդ՝
Սիրո մեջ անուշ...
Ե՛վ մեղանչումիդ՝
Պայծառ ու պատիր...

*
Մի այլ աշուն

Տարականոն ձևվածքի մեջ իրերի,
Այս աշունը կոտրած ճյուղ է բալենու.
Երբ տղմոտ է խորքը վճիտ ջրերի –
Աչքն արցունքին անհաղորդ է մնալու:
Ու ծմրում է սիրտը ցավի կսկիծում,
Տափաստանի գայլի նման անընտել.
Ձևվածքի մեջ ինքդ քեզ ես կասկածում –
Թե չկար էլ... հարկավոր էր հորինել...
Ամեն կրակ կմոխրանա
Ու էլի,
Վարդն իր փուշը ու բուրմունքը կունենա.
Ե՛վ առավոտ, և՛ երեկո կլինի –
Վերքի բացը ցավ քաշողը կիմանա:
Այլոց համար,
Մի այլանուն վարկածում,
Տարականոն ձևվածքի մեջ իրերի.
Նույն չափերի ամենակուլ հատվածում –
Մի այլ Աշուն և Պատմություն կլինի:

*
Թախծոտ աչքերով աղջկան

Ես հիշում եմ հիմա քո բառերը վերջին
Եվ աչքերիս բաժին տխրությունը մանվող,
Եվ դողացող ձեռքս՝ վարանումից գրչի,
Եվ առաջին երգի ծխապարը աղոտ:

Մոռացության քամին հեքիաթներ է հյուսում
Եվ խճճվում այնտեղ՝ տագնապների ափին,
Եվ հիշվում ես նորից, որպես ոսկի մասունք,
Եվ ծավալվում մտքիս անքնության տապից:
Կորուստները հաճախ նույն ձանձրույթն են զգում,
Եվ օտար է թվում մոլորակի կորը,
Եվ նույն քարտեզների ուրվագիծն է զգոն,
Եվ նույն համրությամբ է շրջագծվում օրը:
Այս առավոտ մեկը մահացել էր դրսում
Եվ պաղ շրթունքներով ձյունն էր հպվել հողին,
Եվ տերևներ ընկան զառանցանքի փոսում,
Եվ մի վերջին անգամ ինձ պաշարեց օղին:
Ես ապրում եմ հիմա,
Ու ապրում ես և դու...
Եվ մեր Սերն է ապրում ծաղիկների վրա,
Եվ աստղերի մասին դեռ երգեր են գրվում,
Եվ ջրերն են երգում նայադների նման:

*
Հրաշք օր

Աստվածային մի օրհնանք կա օրվա մեջ,
Լուսայգի պես՝ արևաշո՜ղ, բոցավա՜ռ.
Արամազդի սերն ու բարին չունեն վերջ,
Հոգիներում՝ զուլա՜լ, անե՜ղծ, հուսավա՜ռ:
Եթերները եզերքներ են հեռավոր,
Ուր ճախրում են երազները թովչանքի,
Ուր թևում են հոգիները թևավոր,
Որ կարոտ են արծվաթև ճախրանքի:
Այնտեղ -
Կապույտ եզերքների ափերին,
Աստղացիրի ցնորքները աշխարհիկ,
Լուսայգի հետ ցող են շաղում վարդերին,
Հեքիաթների լույսը բերում աշխարհին:
Ու երգերը, որ գրվում են սիրավետ,
Շաղախված են Աստվածահոր օրհնանքով,
Որ ծնվում են արևացոլ օրվա հետ,
Աղոթքի պես ու սիրո պես հոգեթով:

*

«Իսպանական երգաշար» շարքից
Մադրիգալ

Ներեցեք ինձ, օրիո՛րդ.
ձեր աչքերի փայլը,
ձեր նազանքը այդ պերճ,
ձեր կոնքերի կորը՝
ես չեմ կարող, այնպես,
կողքից նայել...
Ձեր աչքերի փայլը
Հոռոմ պապին անգամ
հավատուրաց կաներ,
ձեր քայլերի երգը
և ձևերը ձեր թանկ,
ձեր շուրթերի հևքը...
Դուք այնպես չքնաղ եք.
ինչպես զամբիկ, ինչպես
դեռ չթամբած մի ձի,
եթե հաճո լիներ,
հավատացե՛ք, գիտե՛մ,
ոնց են բերում սանձի:
Ձեր կոնքերի կորը,
ձեր նազանքը այդ պերճ,
ձեր աչքերի փայլը -
ներեցեք ինձ, օրիո՛րդ,
ես չեմ կարող, այնպես,
կողքից նայել...

Комментариев нет:

Отправить комментарий