Որոնել

вторник, 18 декабря 2018 г.

Գայանե Մկրտչյան․ Լիզա

Գայանե Մկրտչյան․ Լիզա (1972)




















Պատահել է՝ աննորմալի պես հեկեկալով լացել եմ: Պարտվելուց չէ, հիասթափվելուց: Հիմա սպանեք էլ, չեմ հասկանա այն ժամանակվա ինձ: Անգամ ծիծաղս է գալիս: Թող այդպես ագահաբար չլայնացնեի սպասելիքներիս հորիզոնը, որ հետո չնեղանայի ստացածիս ժլատությունից:

Լիզայից պահանջներս խելամտորեն սահմանափակ են, դրա համար էլ իրարից գոհ կիսում ենք նույն սենյակը, նույն անկողինը, նույն կերակուրը և անգամ նույն անունը: Անկեղծ ասած՝ ավելի հարազատ ու հարմար անուն չգտա՝ շանս կոչելու համար: Համ էլ այնքան հապճեպ կայացրի՝ նրան տուն բերելու վճիռս, որ անուն ընտրելու համար պատեպատ զարկվելն անհեթեթ կլիներ: Իրականում, իմը դառնալու որոշումն իրենն էր, երբ ոտքերիս քսմսվելով հետս եկավ խանութ, դռանը համբերատար սպասեց ու նույն հարազատությամբ քայլեց մինչև մեր շենք: Մուտքի մոտ գրկեցի իմ նվիրյալին, ու մինչև տուն մտնելը նա արդեն հասցրել էր մտնել սիրտս:
Լիզայի զգացմունքներին անհնար է չհավատալ, թեկուզ՝ լեզվով ու պոչով արտահայտված: Մարդկանց հետ՝ հակառակն է: Վստահությունս կորցրի ձախողումներիս ճանապարհին, չիմացա էլ՝ երբ, որտեղ: Ուզում էի բոլոր շենքերի պատերին ու վերելակների մեջ հայտարարություն փակցնել՝ «Կորել է վստահություն», բայց արտաքին նշաններից ոչ մեկը չէի մտաբերում, միայն հիշում էի, որ երիտասարդ էր ու միամիտ:
Դրանից հետո մտերմության ցանկացած փորձ մերժում եմ՝ համտեսած ու ծամածռվելով չհավանած խմիչքի պես:
Լիզուկիս զբոսանքի տանելիս երբեմն պապ ու թոռան եմ հանդիպում՝ իրենց սպիտակ, փափուկ խաղալիք հիշեցնող պուդելի հետ: Լսել եմ՝ շանը Կիկի են կանչում: Մյուս երկուսի անունները չգիտեմ, չեմ էլ փորձել իմանալ: Մտովի նրանց կոչում եմ՝ պուդել թոռնիկ, պուդել պապիկ: Հեռվից հիանում եմ այդ համերաշխ եռյակով ու հատկապես՝ պապիկով: Այնպիսի՜ հուզիչ հոգատարությամբ է թափ տալիս երեխայի հագուստը ընկնել-վեր կենալուց հետո: Եվ առանձին գրպաններում միշտ համեղ կեր ունի շան ու թոռնիկի համար: Հետևել եմ՝ երբեք չի խառնում:
«Կուզեի՞ր՝ մենք էլ էսպիսի մի պապիկ ունենայինք»,- հարցնում եմ Լիզային: Ուշադիր վրաս է նայում, աչքերը՝ համակ թախիծ, մեջն էլ հստակ գրված, որ ինձնից բացի իրեն ոչ ոք հարկավոր չէ: «Լավ, կներես,- ասում եմ,- հեչ կատակի չես դիմանում»: Ու ձեռքս խոնավանում է նրա վայրկենական ներման լեզվախառն ապացույցից:
Մեկ է, իմ Լիզան ամեն տեսակ թիթիզ պուդելներից ու ինքնագոհ հասկիներից սիրուն ու լավն է:
Ինձ թվում է՝ մենք նույն երազներն ենք տեսնում: Ավելի ճիշտ՝ ես հայտնվում եմ Լիզայի երազում, որտեղ այնքան զվարթ ու անբնական անհոգ եմ, ինչպես միայն ինձ նման հոգատար տիրոջ շունը կարող էր լինել: Արթնանալուն պես իմ այդ շնային երջանկության ծլեպներն անմիջապես այրվում-մոխրանում են ամենօրյա կարիքների բոցաշունչ հալածանքում:
«Լիզ,- ասում եմ,- երանի քեզ, որ չես ամաչում ամեն օր նույն հանդերձով տնից դուրս գալ»: Ու կրկին սկսում եմ փորփրել պահարանս՝ հին շորերից նոր համադրություններ մոգոնելու համառությամբ: Երբ բոլոր հնարավոր տարբերակները սպառվում են, ինձ մնում է Լիզայից օրինակ վերցնել ու չվհատվել այդպիսի՝ մարդու կյանքն արհեստականորեն ծանրաբեռնող մանրուքներից:
«Անկարգություն չանես, մինչև վերադառնամ»,- նույն հագուստով աշխատանքի գնալիս ամեն օր ձևական կարգադրում եմ շնիկիս: Գիտեմ, որ դռան հետևում խելոք պառկելու է: Նա առհասարակ պահանջկոտ չէ և երեկոյան ժամերին սիրով հետս հեռուստացույց է դիտում… մթության մեջ, առանց ընթրիքի: Հա, մենք չենք տրտնջում: Բա չէ, այն շփացած Կիկիի նման, որ մի պտույտ վազում է թե չէ, լեզուն դուրս գցած մոտենում է պուդել պապիկին ու հոտոտում նրա ձախ գրպանը:
…….
Մեր բաժնի նոր պետը ինձ կանչել է մոտը, գովում է՝ իր հանձնարարությունը գերազանց կատարելու համար:
-Ընդամենը իմ պարտականությունն եմ կատարել,- ասում եմ լրջմիտ դեմքով:
-Բայց Ձեզ նման բարեխիղճ աշխատող ունենալն ինձ համար շատ ուրախալի է, հավատացեք,- շարունակում է նա,- միասին մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Կրկին շնորհակալ եմ:
Մի քանի վայրկյան հապաղելուց հետո ինձ ստիպեցի սեղմել պետիս պարզած ձեռքն ու արագ դուրս եկա նրա աշխատասենյակից:
«Ոչ էլ հաճելի էր,- այդ երեկո կիսվում էի շանս հետ,- թող պարոն Օրդյանն իրեն պահի իր պաշտոնական դիրքի սահմաններում»:
«Միջանցքում ինձ տեսնելիս այնպես է ժպտում, կարծես հարյուր տարվա ընկերներ ենք, պատկերացնո՞ւմ ես, Լիզ»,- պատմում էի հաջորդ օրը:
Մի շաբաթ անց. «Առավոտները պարտադիր մտնում է մեր սենյակ, լավ աշխատանքային օր մաղթում, նոր անցնում առաջ: Աղջիկների խելքը գնում է պարոն Օրդյանի համար»:
«Էսօր տո՜րթ ենք ուտում, Լիզո՜ւկ, աշխատավարձս էս ամիս մի քիչ բարձրացրել են»:
«Պարոն Օրդյանն առաջարկեց տուն ուղեկցել, մերժեցի,- պատմում եմ արդեն երեք ամիս անց,- ճիշտ արեցի, չէ՞, Լիզ»: Ի նշան աջակցության՝ շնիկս անկշտորեն ձեռքերս է լպստում:
Իջնում ենք բակ զբոսնելու: Մթնշաղն ամեն կողմից մեղմորեն լցվում է քաղաք՝ պարտադրելով դիմավորել հեքիաթի ժամը: Ոմանց հրաշագործներ են հանդիպում՝ իմացության աղբյուրին հասնելու ճանապարհը ցույց տվող, ոմանց՝ բոլոր աղբյուրների ճանապարհը փակող յոթգլխանի դևեր: Դրանք ավելի շատ են և ավելի համոզիչ: Կեղծավորություն չեն անում, թե կգնան փոխզիջումների ու գործարքի մեջ չեն մտնում: Անշփոթ գիտես, որ ինչքան էլ գլուխները կտրես, նորից աճելու են: Այո, չարը նախանձելի կենսունակ է: Պայքարի ուրի՛շ միջոցներ պիտի գտնես՝ ո՛չ սովորական:
Ինձ մինչև հիմա ազնիվ դևեր չեն հանդիպել: Կիսադևեր են եղել՝ խիստ տարածված տեսակի՝ լայն ժպիտով ու գրկաբաց: Այդ բացը հետո խորը բացվածք է դառնում՝ պատրասատակամ՝ ծաղրելու անկումդ:
Հիմա ինչպե՞ս չզգուշանամ պարոն Օրդյանից: Շատ էլ, որ համակրելի է ու բարեկիրթ: Շատ էլ, որ… Ո՛չ մի արցունք, Լի՛զա, հավաքի՛ր քեզ: Նայիր, դիմացից հրաշալի եռյակն է գալիս. իսկը հեքիաթի պատկերազարդ գրքից կտրած հերոսներ: Պուդել Կիկին՝ ձյունաճերմակ մորթով, պուդել թոռնիկը՝ պլպլան աչքերով ու պլպլան շորերով, և պուդել պապիկը՝ կոկիկ ու խնամված: Երեքն էլ՝ նորաձև, թարմ ու անխազ՝ հենց նոր խանութից գնված, վերջին մոդելի սմարթֆոնի պես: Ես ու Լիզան արժանապատվորեն աջ ենք քաշում մեր վտիտ մարմիններն ու շարունակում լիաթոք շնչել մեր բաժին թթվածինը…

-Իմ հագուստը ռեստորանային չէր ախր, պարոն Օր…
-Տիգրա՛ն:
-Լավ, Տիգրան… Գոնե թույլ տայիք՝ մտնեի տուն, ինձ կարգի բերեի: Գործից հետո՝ միանգամից ռեստորան:
-Դու էստեղ ամենահմայիչն ես, Լիզա: Ու վե՛րջ տուր անընդհատ սեղանի տակ նայելուդ: Քեզ ազա՛տ զգա:

Շուրթերս թեթևակի ծռվում են երկիմաստ ժպիտից, իսկ Լիզան ավելի ամուր է փաթաթվում ոտքերիս: Իմ Լիզան…



Комментариев нет:

Отправить комментарий